ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
09:40 - 15 ապրիլի, 2022

ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նույնկերպ հիմա մենք ողջունում ենք ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը, ինչպես նաև խաղաղ բանակցություններ նախապատրաստելու և Սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ձևավորելու դրական տեղաշարժը»,- նշել է Փրայսը:

Նրա խոսքով ինչպես ընդգծել է պետքարտուղարը երկու ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներում, ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները. «Մենք կրկնել ենք, և պետքարտուղարն էլ կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով օգնելու երկրներին գտնել համապարփակ երկարաժամկետ խաղաղություն»:

Նշենք, որ երեկ Ռուսաստանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է. «Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են [Մինսկի խմբի] համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է՝ ՌԴ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել