Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը
12:30 - 26 ապրիլի, 2022

Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի միջեւ հեռահար բանավեճը, օրերս թյուրըմբռնման տեղիք տվող մի հայտարարություն է արել։

Նախկին եւ ներկա պաշտոնյաների բանավեճը վերաբերում է ՀՀ զինված ուժերի սպառազինության վիճակին։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա։ Մինչդեռ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, հակադարձելով Փաշինյանի այս հայտարարությանը, ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Անդրադառնալով այս թեմային՝ ժամեր անց «Հրապարակ»-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ի թիվս այլնի, ասաց, որ ե՛ւ Փաշինյանը, եւ՛ Տոնոյանը ստում են․ «Տոնոյանը՝ որպես պաշտպանության նախարար, պիտի հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ»։

Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ խոսում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, իսկ Մովես Հակոբյանը պարզապես նշում է զարգացման պլան։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ զարգացման որոշ պլաններ Անվտանգության խորհրդի լիազորությունների տիրույթում են, սակայն կոնկրետ Տոնոյանի կողմից մատնանշված զարգացման ծրագիրը դրանց թվում չէ։

Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ԱԽ-ն, ի թիվս այլնի, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը եւ այլ պլաններ։ Մինչդեռ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում է։

Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կառավարության՝ այդ տարի հաստատված ծրագրի «Զինված ուժերը» ենթաբաժնում նշված է, որ քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։ 

Այսինքն՝ իշխանափոխությունից հետո Կառավարությունը իսկապես մտադրված է եղել վերանայել եւ/կամ վերահաստատել «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»։

Այնուհանդերձ, հնարավոր չէ ասել, թե ինչ փոփոխություններով եւ երբ է այն ի վերջո վերահաստատվել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ առկա չեն։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է ոլորտի գաղտնիությամբ։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի, մարտական կիրառության հնարավորությունների եւ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ կարող են դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ «ՀՀ ՊՆ համակարգի գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանով էլ՝  այդ տեղեկությունները դասվել են պետական գաղտնիքի շարքին։

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի» վերանայման մասին Տոնոյանը խոսել է նաեւ պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին՝ Մեդիամաքսին տված իր հարցազրույցում։ Նա, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «․․․ Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։ 

Տոնոյանի այս խոսքից էլ պարզ է դառնում, որ ԶՈՒ զարգացման պլանը խմբագրվել եւ ընդունվել է ԱԽ-ի կողմից, այնինչ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» այդ պահի դրությամբ Կառավարության կողմից վերանայման փուլում է եղել։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատելու լիազորությունը Կառավարությունից փոխանցել Անվտանգության խորհրդին։ Սակայն սա ընդամենը նախագիծ է, եւ առայժմ իրավական որեւէ ուժ չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում այն ներառված չէ ո՛չ ամբողջությամբ ընդունվածների, ո՛չ օրակարգում ընդունված նախագծերի, ո՛չ էլ դեռեւս չընդունվածների ցանկում։ Հրապարակված օրակարգերի համաձայն՝ այն դեռեւս չի քննարկվել նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Կառավարության նիստերում։

Այսպիսով, Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանը պետք է իմանար, որ զարգացման պլանը հաստատում է ոչ թե Կառավարությունը, այլ ՊՆ-ն, միանշանակ չէ։ Եթե Հակոբյանը նկատի է ունեցել հենց «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», որի մասին խոսում էր Տոնոյանը, ապա նա սխալ է, որովհետեւ այդ ծրագիրը օրենսդրական գործող կարգավորումների շրջանակում իսկապես Կառավարությունն է հաստատում։ Իսկ եթե Հակոբյանը նկատի է ունեցել ԶՈՒ զարգացման պլանը, ապա նա ճիշտ է, որ դա հաստատում է ԱԽ-ն։ Սակայն այդ պարագայում էլ ճիշտ չէ պնդել, թե Տոնոյանը ստում է, որովհետեւ Տոնոյանը այդ պլանի մասին չէր խոսել։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել