Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ երկրի զինված ուժերը չեն կարող ռազմական ճանապարհով արգելափակումից հանել Մարիուպոլը: Այս մասին, ինչպես գրում Unian-ը, Ուկրաինայի նախագահն ասել է ֆրանսիական BFM TV-ին տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները ամեն բան անում են Մարիուպոլը արգելափակումից հանելու համար:
«Հարցն այն է, որ խոսքը ժամերի մասին է, որովհետև մենք չգիտենք, թե քանի ժամ կամ մի քանի օր նրանք կարող են այնտեղ դիմանալ: Ինչ վերաբերում է մեր բանակին. այդ օկուպացված 120 կիլոմետրն անցնել մեզ թույլ չի տալիս ՌԴ տեխնիկան, որ այսօր հասնենք Մարիուպոլի ռազմական ազատագրման: Ճիշտ է, մենք այս պահի դրությամբ դա անել չենք կարող»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի կարծիքով ՌԴ-ի՝ Մարիուպոի շրջափակումը ավելի շատ նման է ոչ թե պատերազմի, այլ «Ռուսաստանի Դաշնության կողմից ահաբեկչական գործողության», քանի որ քաղաքում, բացի ուկրաինացի պաշտպաններից, արգելափակված են նաև երեխաներ և տարեց մարդիկ:
«Այնտեղ ոչնչացված է ամեն ինչ՝ շինությունների 95-98%-ը»,- ընդգծել է Զելենսկին ու հավելել, որ խոսքը դպրոցների, մանկապարտեզների, բնակելի թաղամասերի, գործարանների և այլ շինությունների մասին է:
«Եթե այնտեղ կենդանի 3-4% որևէ բան մնացել է, ապա դա առավելագույնն է, որ կարող է լինել»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։
Լուսանկարը՝ Reuters
comment.count (0)