Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով
15:55 - 21 ապրիլի, 2022

Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Չնայած նրան, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում ուկրաինացի զինվորականներ են արգելափակված՝ քաղաքը «պատրաստ է խաղաղ կյանք սկսելուն», «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները հնարավորություն ունեն՝ վայր դնելու զենքն ու դուրս գալու հումանիտար միջանցքներով։

«Դուք գիտեք, որ զենքը վայր դնելու և միջանցքներով դուրս գալու հնարավորություն ուկրաինացի զինծառայողներն ունեցել են և դեռ ունեն։ Այդպիսի հնարավորություն եղել է դեռևս նախագահ Զելենսկու հայտարարությունից առաջ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «Ազովստալն» առանձին օբյեկտ է, «որտեղ ամբողջությամբ արգելափակված է ուկրաինացի ազգայնականների մնացած խումբը», և նրանց այնտեղ գտնվելը չի խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանք վարել։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է փոխանակել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում գտնվող ուկրաինացիներին ռուսաստանցի գերիների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրահանգել է չեղարկել «Ազովստալի» պլանավորված գրոհն ու արգելափակել կոմբինատը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել