Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի գրոհը չեղարկելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։
«Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն», - Liga.net-ի փոխանցմամբ՝ ասել է Արեստովիչը։
Սակայն, նրա խոսքով, ռուսական ղեկավարության այս հայտարարությունը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ Ռուսաստանն ուզում է իր զորքերի մի մասը տեղափոխել դեպի հյուսիս՝ ուժերն ամրացնելու համար, որոնք ուզում են դուրս գալ դեպի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահման։
«Միանգամից ասեմ՝ նրանց դա չի հաջողվի։ Դեռ մինչև Զատիկն ու Մայիսի 9-ը «հաղթանակներ» հայտարարելը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները գիտակցել են իրենց վերջին ակտիվ գործողության անհեռանկար լինելը պատերազմի այս փուլում», - ասել է Արեստովիչը։
Հետագայում արդեն, Արեստովիչի կանխատեսմամբ, դիրքային պատերազմ է սկսվելու, իսկ Ռուսաստանը փորձելու է ուժեր կուտակել։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Իսկ Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն: Պուտինը «Ազովստալի» գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։
Նորա Վանյան
comment.count (0)