Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված
18:20 - 23 ապրիլի, 2022

Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը՝ Արամ Գրիգորյանը, թղթադրամներ է տալիս մի քանի տիկնանց, որոնցից մեկը, դիմելով Գրիգորյանին, ասում է՝ «բա տաքսուս փողը, տաքսու փողը, Արա՛մ», ի պատասխան՝ լսվում է՝ «Էդ էլ մերսին է՞ր»։

Այս տեսանյութն ակտիվորեն տարածում են կառավարող ուժի  քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը՝ կասկած հայտնելով եւ կամ ներկայացնելով, որ այդ կանայք, հավանաբար, ընդդիմադիրների հավաքներին են մասնակցում՝ դրա դիմաց վճարվելով։ Տեսանյութը, մասնավորապես, տարածել են Medianews, Freenews, Armenianews հարթակները, ֆեյսբուքյան տարբեր էջեր՝ կից գրելով «Ինչպես է Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող բաժանում հանրահավաքի գալու համար» եւ նմանատիպ այլ տեքստեր։ 

Համացանցում որոնումը նախկինում հրապարակված այսպիսի տեսանյութ չի ցուցադրում, թեեւ տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է ավելի վաղ՝ հաշվի առնելով, որ գործող անձինք տաք վերարկուներով են։ 

Սա առիթ է տալիս եզրակացնելու, որ ժամանակահատվածում, երբ նկարահանվել է տեսանյութը, եղանակը ցուրտ է եղել։ 

Ինչ վերաբերում է պնդումներին, թե «մարդիկ բերվել են՝ հանրահավաքի մասնակցելու», նշենք, որ այս օրերին «Հայրենիք» կուսակցությունն ու իր համակիրները բողոքի գործողություններ են անում Ազատության հրապարակում, մասնավորապես նստացույց։ Տարածված տեսանյութում լսվում է հանրահավաքային ելույթ, կադրում էլ երեւում է Բաղրամյան պողոտայից մի հատված՝ Սիրահարների այգուց։  

 Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեսանյութն առնչություն չունի վերջին օրերի հավաքների հետ։ Իսկ կայքերն ու հարթակները, որոնք հրապարակել են տեսանյութը, որեւէ կերպ չեն նշել, թե այն երբ է նկարահանվել, ինչից կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը կապ ունի այս օրերին ընթացող բողոքի գործունեությունների հետ։ 

Վանեցյանի աջակիցները տարածվող տեսանյութն ու դրան կից մեկնաբանություններն անարձագանք չեն թողել։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է, որ տեսանյութը հին է, Ազատության հրապարակից բավականին հեռու, եւ որ Արամ Գրիգորյանին մոտեցել են ապրուստի խնդիր ունեցող մարդիկ, որոնց էլ վերջինս օգնել է.

«Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել։

Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել: 

Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել:

Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու: 

Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,- գրել է Բաբայանը։ Իսկ Վանեցյանի օգնական Սոս Հակոբյանը հայտարարել է, որ եթե չհեռացվեն Ազատության հրապարակ փողոց մարդ բերելու վերաբերյալ նյութերը, հարցը կլուծեն դատական կարգով։  

Ի դեպ՝ որեւէ անդրադարձ չի կատարվել «բա տաքսու փողը, Արա՛մ» արտահայտությանը. անհասկանալի է, թե ինչ տաքսու մասին կարող էր խոսել ուղղակի օգնության դիմած քաղաքացին, որը, ինչպես ակնհայտ է տեսանյութից, անվանապես ճանաչում է տղամարդուն։

Այսպիսով, Վանեցյանի օգնականին առնչվող տեսանյութը հին է, սակայն այն հրապարակվել է նոր, իսկ կառավարող ուժի քարոզչամեքենան փորձել է տպավորություն ստեղծել, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաներին մարդկանց գումարով են տանում։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունների արձագանքներում տրվում է մի մեկնաբանություն, որում շրջանցվում է տաքսու գումարի մասին արտահայտությունը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել