Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել
15:02 - 27 ապրիլի, 2022

Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել

Պետությունների ճանաչման վերաբերյալ հասարակության մեջ որոշակի թյուրընկալումներ կան։ Իշխանության որեւէ օղակի կամ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով արված հայտարարություններին երբեմն ավելի մեծ նշանակություն է հաղորդվում, քան դրանք ունեն իրականում։ Այդ թյուրընկալումներն ակնառու են դառնում հատկապես Արցախի ճանաչման թեմայի համատեքստում։

Նմանօրինակ մի դեպք տեղի ունեցավ նաեւ վերջերս։ Եվրոպական կուսակցության փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում ոչ ճշգրիտ հայտարարություն արեց։

Խոսելով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումների մասին՝ նա նշեց, թե Ֆրանսիայի սենատը անցյալ տարի ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդպիսի ձեւակերպումներով հրապարակումներ, ի դեպ, առկա են նաեւ մամուլում, մասնավորապես՝ Irates.am, pastinfo.am, arcakh24.info եւ այլ կայքերում։ 

Իրականում, սակայն, Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, եւ ոչ թե անցյալ տարի, այլ  2020 թվականին։ 

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր բանաձեւ, որով Կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այն նաեւ դատապարտում էր Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան, պահանջում ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից եւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար։

Դրանից մեկ շաբաթ անց էլ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր մեկ այլ բանաձեւ, որում հաստատում էր հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ճանաչման գործընթացի իրականացման միջոցով։ Դրանում խոսվում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման մասին։

Բանաձեւերի մեջ Սենատը հղում էր կատարել Սահմանադրության 34-1-րդ հոդվածին, ըստ որի՝ Խորհրդարանի պալատները իրավունք ունեն ընդունել բանաձեւեր, սակայն անթույլատրելի են այն բանաձեւերի օրակարգ ներառումը, որոնք Կաառավարության համար վստահության խնդիր կառաջացնեն կամ կպարունակեն Կառավարությանն ուղղված որեւէ հրաման։ Ըստ էության, բանաձեւերը անթույլատրելի չեն որակվել եւ ներառվել են օրակարգում, որից հետո դրանց վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։

Նոյեմբերի 25-ին՝ առաջին բանաձեւի քննարկման ժամանակ, սակայն, Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախութունը՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պարտավորությունն է աշխատել ԼՂ հակամարտության բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ, հատկապես՝ կարգավիճակի հարցում, եւ այդ բանակցությունների վերջնարդյունքը չի կարող որոշվել նախապես եւ միակողմանիորեն։ Նա հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որեէ պետություն, այդ թվում եւ՝ Հայաստանը․ «Երեկ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն էր, եւ Հայաստանը վերահաստատեց, որ ցանկանում է, որ Մինսկի խումբը շարունակի ներգրավված մնալ այս հարցի կարգավորման մեջ, ուստի ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին, ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովորդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս անդամներին, սա մեր քաղաքականությունը չէ»,- ասել է նա։

Օրեր անց էլ զանգվածային լրատվության միջոցների հարցերին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն էր հաղորդագրությամբ վերահաստատել Լեմուանի խոսքերը։

Ըստ էության, ընդունված բանաձեւերը որպես բանաձեւեր էլ մնացել են, իսկ դրանց ընդունման փաստն ինքնին բավարար չէ՝ ասելու, որ Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այդ բանաձեւերը իրավաբանական ուժ չունեն, դրանցով ընդամենը առաջարկ է արվել երկրի գործադիր իշխանությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությանը, ինչը, փաստացի, չի արվել։ Ուստի Զեյնալվանդյանի եւ որոշ կայքերում տեղ գտած ձեւակերպումները իրավական առումով սխալ են եւ իրականությունը չեն արտացոլում։ 

Ի՞նչ է ենթադրում պետությունների ճանաչումն առհասարակ

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ  միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի, կամավոր ակտն է, որոշումը, որով տվյալ պետությունը ցանկություն է հայտնում իրավաբանական հարաբերությունների մեջ գտնվել ճանաչվող կողմի հետ, եւ դա օգնում է պետությունների միջեւ փոխադարձ լավ հարաբերությունների զարգացմանը, ինչը ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավաբանական նշանակություն․ «Եթե օրինակ, չճանաչված պետությունը իրավաբանական հարաբերությունների մեջ չի գտնվում, եւ մեկուսացված է, ապա ճանաչման գործընթացի միջոցով ապամեկուսանում է, եւ կարողանում է զարգացնել իր քաղաքական, տնտեսական, առեւտրային, ռազմական եւ այլ հարաբերությունները այլ սուբյեկտների հետ»։

Ըստ Սահակյանի՝ ճանաչումը լինում է պետության կողմից, եւ ներպետական օրենսդրությունը, որպես կանոն, կարգավորում է, թե որոնք են իրավասու ատյանները, որ նման լիազորությամբ են օժտված։ Դրանք հիմնականում կարող են լինել Կառավարությունը եւ Պառլամենտը․ «Արտաքին քաղաքականությունը, դասական առումով, գործադիր իշխանության ֆունկցիա է, ուստի այդ տրամաբանությամբ ճանաչման լիազորությունը գործադիր թեւին է պատկանում, քանի դեռ չկա հատուկ պատվիրակում այն մասին, որ այս տեսակի ակտերի համար անհրաժեշտ է պառլամենտի վավերացումը, այսինքն՝ եթե հատուկ նորմը բացակայում է, ուրեմն՝ դասական առումով սա գործադիր իշխանության ֆունկցիա է՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող, եւ պետք է իրացվի Կառավարության կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի ցածր մակարդակի ճանաչումները չեն համարվում պետության անունից ճանաչում։ Այդպիսի ճանաչման օրինակ է հենց Ֆրանսիայի որոշ քաղաքների՝ Փարիզի, Մարսելի, Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ճանաչումը։ 

Միեւնույն ժամանակ Սահակյանն ընդգծեց, որ ճանաչումը պետության որոշելիքն է, եւ ինքը չի կիսում այն տեսակետը, թե դա պետք է համաձայնեցվեր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ․ «Քանի որ Ֆրանսիան համանախագահ երկիր է, միգուցե դա կարող էր վտանգել Մինսկի խմբի կենսունակությունը եւ սպառնալիքի տակ դնել Ֆրանսիայի ներգրավվածությունը վեճի քաղաքական լուծման գործընթացում, բայց դա բացառապես քաղաքական նպատակահարարության հարց է, իրավական տեսանկյունից ճանաչող պետությունը որեւէ կոնսուլտացիա, որեւէ համաձայնեցում չպետք է իրականացնի»։ 

Միջազգային իրավունքի տեսության մեջ որպես միջազգային ճանաչման ձեւեր առանձնացվում է փաստացի (de facto) ճանաչումը եւ իրավապես (de jure) ճանաչումը։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ֆրանսիայի դեպքում, երբ Կառավարությունը ճանաչման մասին իրավաբանական ուժ ունեցող ակտ չընդունեց, Սենատի կողմից այդպիսի բանաձեւի ընդունումն ինքնին չի կարող մեկնաբանվել նաեւ որպես փաստացի ճանաչում․ «Փաստացի ճանաչման պարագայում պետք է իրավական հետեւանքներ առաջանան ճանաչող եւ ճանաչվող պետությունների միջեւ, եւ դրա ուժով պետք է ձեւավորվեն հարաբերություններ, այսինքն՝ մենք տնտեսական, առեւտրային, դիվանագիտական, քաղաքական, ռազմական եւ այլ հարաբերություններում պետք է տարբերություն տեսնեինք, եւ եթե այդ հարաբերությունները ձեւավորված չեն Սենատի բանաձեւի հիման վրա, այսինքն՝ փաստացի գործողություններ չկան, չենք կարող ասել, որ տեղի է ունեցել փաստացի ճանաչում»,- նշեց նա։

Տվյալ դեպքում բանաձեւերի ընդունմանը պիտի հաջորդեր կամ Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչման վերաբերյալ ակտի ընդունումը, կամ Ֆրանսիան առնվազն պետք է վերանայեր Արցախի Հանրապետության հետ իր հարաբերությունները եւ փոփոխեր դրանց ծավալը, որպեսզի գոնե փաստացի ճանաչման մասին կարելի լիներ խոսել․ «Շատ տարածական եւ ուռճացված է մեկնաբանությունը, որ եթե կոչ է արել, ուրեմն ճանաչել է, պետք է նկատի ունենալ, որ ճանաչման իրավասությունը պատկանում է գործադիր իշխանությանը, իսկ եթե Սենատը պետք է ազդեցություն ունենար փաստացի ճանաչման տեսքով, ապա այս առումով եւս դրական տեղաշարժ չկա, քանի որ իրավաբանական հարաբերությունների ծավալը Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ Սենատի բանաձեւից հետո չի փոփոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաձեռնությունն ինքնին, իհարկե, դրական է, հանրային քննարկումը եւ խնդրի միջազգայնացումը եւս չափացանզ կարեւոր քայլեր են, պարզապես դա չի կարող հավասարեցվել Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ։

Իրավաբանն ընդգծեց նաեւ, որ միջազգայնորեն չճանաչվելը որեւէ կերպ չի խոչընդոտում ինքնիշխանությանը, այսինքն՝ ինքնիշխան պետության կայացումը կարող է լինել իրողություն, եւ եթե անգամ չկա միջազգային ճանաչում կամ այն հապաղում է, դա որեւէ կերպ կասկածի տակ չի դնում պետության ինքնիշխանությունը․ «Իսկ այն դեպքերի համար, երբ որեւէ պետության անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին, հատուկ գործիք է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունը։ Մասնավորապես, Անվտանգության խորհուրդը կոլեկտիվ չճանաչման պահանջ է ներկայացնում (collective non-recognition), որից հետո որեւէ պետություն չի կարող միակողմանի ճանաչման ակտ ընդունել, որովհետեւ դա կհակասի ԱԽ բանաձեւին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սրա նպատակը միջազգային իրավունքը խախտող գործողությունները արգելափակելն է»,- ասաց նա՝ հիշեցնելով Օդեսիայի, Հյուսիսային Կիպրոսի միջադեպերը, երբ ՄԱԿ-ը արգելափակեց ճանաչման քաղաքական գործընթացը․ «Բարեբախտաբար, Արցախի կոնտեքստում նման բան չի եղել, ինչը հավելյալ ապացույց է, որ Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը կայացված փաստ է, եւ պարզապես մնում է քաղաքական, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հասնել նաեւ միջազգային ճանաչման»։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել