Սպառազինության ձեռքբերման ավելի մեծ ծախսերի պատկեր՝ չկիրառված «ՍՈՒ-30»-ների հաշվին
10:51 - 27 ապրիլի, 2022

Սպառազինության ձեռքբերման ավելի մեծ ծախսերի պատկեր՝ չկիրառված «ՍՈՒ-30»-ների հաշվին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, հայտարարեց, որ իրենց կառավարման 3 տարիների ընթացքում Հայաստանը երկուսուկես անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում։ Ըստ Կոնջորյանի՝ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված զենքերն էլ իրենց կառավարման օրոք ձեռք բերվածից ավելի քան 30 մլն դոլարով պակաս են։ Այս ամենը ներկայացնելիս պատգամավորը հղում կատարեց Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալներին:

«Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 121 մլն դոլարի զենք, Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 280 մլն դոլարի զենք։ Այսինքն՝ մեր կառավարությունը երեք տարում երկուսուկես անգամ ավելի շատ զենք է առել, քան Քոչարյանը 10 տարվա ընթացքում։ Սերժ Սարգսյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում ձեռք է բերել 247 մլն դոլարի զենք։ Մեր կառավարությունը 3 տարվա ընթացքում ավելի քան 30 մլն դոլարով ավելի շատ զենք գնել, քան Սերժ Սարգսյանն իր ամբողջ կառավարման տարիների ընթացքում»,- նշեց Կոնջորյանը։

Նմանատիպ մի հայտարարություն դեռ անցյալ տարի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, արել էր այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ միայն 2019-ին Հայաստանը ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն, կամ [վերջին] 10 տարվա կտրվածքով ներկրվածի 62․3%-ը։

Infocom-ն անդրադարձել էր Փաշինյանի հայտարարությանը և պարզել, որ Հայաստանը 2019-ին 248-ից 190 մլն դոլարը ծախսել էր  ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Իսկ 2019-ին Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ձեռք էր բերել 4 միավոր «ՍՈՒ-30» կործանիչ։

Այսպիսով, 2019-ին սպառազինության ձեռք բերման ծախսերն իրոք աճել էին, սակայն ձեռք էին բերվել «ՍՈՒ-30» կործանիչներ, որոնք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ չէին կիրառվել։

SIPRI-ն 2020-ի համար Հայաստանի ձեռք բերած սպառազինության ծախսերի մասին տվյալներ չի ներկայացրել, իսկ ահա 2021-ին այդ ծախսերը կազմել են 32 մլն դոլար։ 2016-ին, օրինակ, Հայաստանը ձեռք է բերել 110 մլն դոլարի սպառազնիություն, 2004-ին՝ 118 մլն դոլարի, 1996-ին՝ 70 մլն դոլարի։ Այլ տարիների ևս սպառազինության ձեռքբերման ծախսերը գերազանցել են 2021-ի ծախսերը (ամբողջական տվյալները կարող եք տեսնել այստեղ

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ SIPRI-ի ներկայացրած տվյալները կարող են չարտահայտել ողջ պատկերը, քանի որ կան տարիներ, որոնց վերաբերյալ տվյալներն առհասարակ բացակայում են։

Փաստորեն, սպառազինությունների ձեռքբերման համար ծախսերն էականորեն աճել են միայն 2019-ին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, 2019-ին ծախսված գումարների մեծ մասն ուղղվել է «ՍՈՒ-30» կործանիչների գնմանը, որոնք պատերազմի ժամանակ չեն կիրառվել։ Իսկ 2021-ին սպառազինության ձեռքբերման ծախսերը նվազել են ինչպես 2019-ի, այնպես էլ 2016-ի, 2004-ի, 1996-ի և այլ տարիների համեմատ։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել