Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
12:07 - 29 ապրիլի, 2022

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ,  նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին:

«Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ, հույս ունենք, հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի: Ահա նաև այդ թիմի անդամներից մեկը՝ պարոն Խաչատրյանը, պարոն Խաչատուրյանին փոխարինում է նախարարի կարգավիճակով: Եվս մեկ անգամ, պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Պարոն Խաչատրյան շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով և համոզված եմ, որ կապահովեք ծրագրերի շարունակականությունը, արդյունավետությունը:

Պարոն Խաչատուրյան, պարոն նախագահ, համոզված եմ, որ Դուք էլ կշարունակեք ոլորտի նկատմամբ Ձեր ուշադրությունը և կնպաստեք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որը մենք գործնականում միասին ենք կազմում, միասին ենք իրականացնում և միասին ենք դառնանում անհաջողություններից և միասին ենք ուրախանում  հաջողություններով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի պարտավորեցնող են:

«Նշանակված նախարարը թիմից է, և  համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի սկսված  ծրագրերը շարունակելու համար, համոզված եմ, որ նաև Ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ  այս 7 ամսվա աշխատանքների  ընթացքում՝ որպես նախարար: Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել, որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝ զգալով, որ այն, ինչ-որ անում ենք, անում ենք Կառավարության հետ միասին, Կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է լինի:  Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր ձեռքբերումներ ունենանք: Ձեր հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝ կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի  հնչեցրած գնահատականների արդյունքը կլինի այն, որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների», - ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար.

«Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ դերակատարություն են  ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգաները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը՝ շարունակենք սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել