Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian
23:14 - 05 մայիսի, 2022

Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Այս շաբաթվա սկզբին CNN ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Ի՞նչ է գործնականում նշանակում պատերազմ հայտարարելը, և ինչպե՞ս կարող է Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

«Ինչպես պնդում են CNN-ի աղբյուրները, Պուտինը կարող է օգտվել Հաղթանակի օրվա խորհրդանշական իմաստից, որպեսզի կամ հայտարարի Ուկրաինայում ռազմական հաջողությունների, կամ ռազմական գործողությունների սրացման, կամ էլ թե մեկի, թե մյուսի մասին։ Նրանց կարծիքով, առավել հավանական է Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։

Ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, սակայն ռուսական իշխանությունը պնդում է, որ դա «հատուկ ռազմական գործողություն է»։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։

Ինչպես գրում է CNN-ը, պաշտոնապես պատերազմ հայտարարելը կարող է ուժեղացնել հանրային աջակցությունն՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև ռուսական իշխանությանը թույլ կտա մոբիլիզացիա հայտարարել, որի կարիքը Ռուսաստանն այժմ շատ է զգում։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավոր հայտարարումը երեկ անվանել է «սուտ և անհեթեթություն»։

Փետրվարի 20-ին՝ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ, հաղորդագրություններն այն մասին, որ պլանավորվում է ռուսական զորքերի ներխուժում Ուկրաինա, Պեսկովը սադրանք և հիսթերիայի ուժգնացում էր որակել։

«Հիշեցնում ենք, որ Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ ոքի վրա չի հարձակվել։ Եվ Ռուսաստանը, որն այդքան պատերազմներ է վերապրել, Եվրոպայի վերջին երկիրն է, որն ընդհանրապես ուզում է խոսել, անգամ արտաբերել «պատերազմ» բառը, - ասել էր Պուտինի խոսնակը։

Ենթադրությունը, որ մայիսի 9-ին Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել, ինչպես նաև «համաշխարհային նացիզմի դեմ» լայնամասշտաբ պատերազմի մասին խոսել, ավելի վաղ առաջ էր քաշել Բեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Միաժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլի 21-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ հայտնել է իրեն, որ ռուսական իշխանությունը մայիսի 9-ին պլանավորում է ավարտել ռազմական գործողությունները

Պուտինը մարտի սկզբին ասում էր, որ Ռուսաստանի համար նախադրյալներ չկան ռազմական կամ որևէ այլ դրություն մտցնելու, քանի որ այն մտցվում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում։

Ըստ «Ռազմական դրության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի՝ արտաքին ագրեսիա կարող են համարվել մի շարք գործողություններ, այդ թվում․

  • օտարերկրյա պետության բանակի հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, դրա տարածքի կամ մի մասի ռազմական օկուպացիան, ցանկացած բռնակցում;
  • Ռուսաստանի դեմ զենքի կիրառումը։ Օրինակ՝ տարածքի ռմբակոծումը;
  • նավահանգիստների կամ ափերի արգելափակումը;
  • օտարերկրյա բանակի հարձակումը ռուսական զորքերի վրա՝ անկախ դրանց տեղակայման վայրից։

 

Պատերազմի վիճակ և ռազմական դրություն

Ռազմական դրություն կարող է մտցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Պատերազմի վիճակը փաստացի հանգեցնում է ռազմական դրության հաստատման, թեև իրավական տեսակետից դրանք տարբեր բաներ են․ «պատերազմի վիճակ» եզրը վերաբերում է միջպետական հարաբերություններին, «ռազմական դրությունը» հատուկ իրավական ռեժիմ է պետության ներսում։

«Պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածում ասվում է, որ «պատերազմի վիճակը հայտարարվում է դաշնային օրենքով՝ ՌԴ վրա այլ պետության կամ մի խումբ պետությունների զինված հարձակման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՌԴ-ն պետք է կատարի  միջազգային պայմանագրերը»։

Պատերազմ հայտարարելու հասկացությունն ամրագրված է միջազգային իրավունքում։ «Ռազմական գործողություններ սկսելու մասին Կոնվենցիայում», որն ընդունվել է Հաագայում 1907 թ-ին, ասված է, որ  ռազմական գործողությունները «չպետք է սկսվեն առանց նախապես և ոչ երկիմաստ զգուշացման, որը կունենա կամ պատերազմի փաստարկված հայտարարման ձև, կամ վերջնագրի ձև՝ պատերազմի պայմանական հայտարարմամբ», որից հետո պետությունները մտնում են «պատերազմի վիճակի մեջ»։

Ռազմական դրությունը Ռուսաստանում կարգավորվում է մի քանի օրենքներով՝ «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Մոբիլիզացիայի մասին», «Կապի մասին», «Զինապարտության և զինվորական ծառայության մասին»։

Այն վերաբերում է պետության գրեթե բոլոր ոլորտներին՝ հանրային կյանքին, իշխանության մարմիններին, տնտեսությանը, բիզնեսին, մամուլին, քաղաքական կարգավորմանը և այլն։

Նախագահն ու գործադիր իշխանությունը նման իրավիճակում կստանան բացառիկ լիազորություններ։ Կարող է դադարեցվել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, արգելվել հանրահավաքները, հավաքները, ցույցերը, գրաքննություն սահմանվել, սահմանափակվել մարդկանց տեղաշարժը և այլն։

 

Մոբիլիզացիա

Ռազմական դրության պայմաններում կարող է մոբիլիզացիա հայտարարվել։ Այն կարող է լինել համընդհանուր կամ մասնակի, այսինքն՝ մտցվել երկրի ողջ տարածքում կամ դրա առաձին հատվածներում։ Մոբիլիզացիան կապված չէ ռազմական դրության սահմանման հետ․ այն կարող է հայտարարվել նաև առանց ռազմական դրության, ինչպես նաև չհայտարարվել ռազմական դրության ժամանակ։

Այս հասկացությունը բանակ զորակոչվողներին չի վերաբերում։ Մոբիլիզացիան վերաբերում է իշխանական մարմիններին, արդյունաբերությանը և  ընդհանրապես ողջ տնտեսությանը։

Սակայն, նախևառաջ, այն կապված է զինված ուժերի հետ, որոնք կարող են համալրվել պահեստային զինծառայողներով։

Պատերազմ և մոբիլիզացիա հայտարարելը կարող է նվազագույն երկու խնդիր լուծել, որոնց, ինչպես նշում են շատ փորձագետներ, բախվել է ռուսական բանակը՝ պատերազմում անձնակազմի պակասի և Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելուց հրաժարման խնդիրը։

Ներկա պահին Ուկրաինայում ռուսական բանակի գրոհն, ինչպես նշում են դիտորդները, ոչ մեծ տեմպերով է զարգանում։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերն աննշան հաջողություններ ունեն ուկրաինական Իզյում և Պոպասնայա քաղաքներից դեպի արևելք, սակայն առաջընթացը եղել է «դանդաղ և անհավասար»։ Բացի այդ, Պենտագոնը նշել է, որ ռուսական ուժերն, ըստ ամենայնի, վախենում են ռիսկից և աշխատում են խուսափել զոհերից։

Այն մասին, որ ռուսական բանակում մարդկային ուժի պակաս է զգացվում, անուղղակիորեն վկայում է նաև այն, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի սկզբից փորձում է պայմանագրային զինծառայողների հավաքագրել աշխատանքի որոնման HeadHunter և SuperJob քաղաքացիական կայքերի միջոցով։

Ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարումը լայնորեն քննարկվում է սոցցանցերում։

Մոբիլիզացիայի կողմնակիցների կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթել՝ կենդանի ուժի բազմակի առավելություն չապահովելով։

Սակայն բլոգային միջավայրում շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական դրությունը, իրավունքների և ազատությունների ավելի շատ սահմանափակումը, քան հիմա է, տնտեսական միջոցները՝ հարկադիր մոբիլիզացիայի հետ միասին հղի են հասարակությունում սոցիալական դժգոհությունով, որն, առանց այդ էլ, զրկանքներ է կրում։

 

Տնտեսություն

Ռազմական դրությունը կարող է լուրջ ազդեցություն գործել երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ ընկերությունները պարտավորվում են իրենց գույքը տրամադրել պաշտպանական կարիքների համար։ Կազմակերպությունները նաև պարտավոր են կատարել պատվերներ և առաջադրանքներ՝ պաշտպանական նպատակով։

Ըստ օրենքի՝ քաղաքացիներին կարելի կլինի ներգրավել պաշտպանական կարիքների համար արվող աշխատանքներում։ Նրանք պետք է մասնակցեն զենքի կիրառման հետևանքների չեզոքացմանը, տնտեսական օբյեկտների վերականգնմանը, պայքարեն հրդեհների դեմ և այլն։

«Ռազմական դրության մասին» օրենքի 8-րդ հոդվածը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ կիրառել փաստացի ցանկացած միջոց, որը կարող է ազդել տնտեսական գործունեության վրա, մասնավորապես, կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել «տնտեսական և ֆինանսական գործունեության, գույքի շրջանառության, ապրանքների, ծառայությունների և ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի համար»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել