«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ
18:47 - 06 մայիսի, 2022

«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

Այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության, կրթության, արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որը կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։

Նախկինում այն անցկացվել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։

Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 6-րդ STARMUS-ին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու Նոբելյան մրցանակի 8 դափնեկիրներ, հայտնի երաժիշտներ։ STARMUS-ին մասնակցելու համար Հայաստան կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի բիոքմիկոս Թիմ Հանտը, հայտնի տիեզերագնաց Քրիզ Հադֆիլդը։ Փառատոնին կմասնակցեն ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, հայտնի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը,  Ռիք Վեյքմանը, Sons of Apollօ խումբը։ «Այնպիսի մարդիկ են հետաքրքված STARMUS-ին մասնակցելով, ինչպես Բրայան Մեյը, Փիթեր Գեբը, ու ես համոզված եմ, որ մասնակցելու են։ Շատ մեծ հետաքրքրություն կա Իլոն Մասկի, Բեզոսի գալու վերաբերյալ, ինչպես ասում են` Աստված տա, ամեն ինչ լավ լինի, որ իրենք էլ գան»,-ասաց Գարիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում՝ որոշ պարբերականությամբ նաև մյուս հյուրերի անունները կհրապարակեն։

STARMUS-ի նպատակը ոգեշնչելն է

Գարիկ Իսրայելյանը պատմեց, որ STARMUS փառատոնի գաղափարը Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյինն ու իրենն է եղել․ «Մենք միասին գաղափարը սինթեզեցինք ու 10 տարի տևեց, մինչև եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել այսպիսի փառատոն։ STARMUS-ի ամենակարևոր նպատակը ոգեշնչելն էր՝ ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարևոր է, առանց գիտության, առանց տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության իմաստը գոյություն չունի»։

Աստղաֆիզիկոսը նշեց՝ իրենք ցանկանում են, որ գիտության և հասարակության միջև եղած անջրպետը նվազի․ «Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Լուսնի և արևի խավարումները, այսինքն՝ գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից։ Այդ անջրպետը  շատ անգամ արհեստականորեն է պահվել, իսկ հետո  գիտությունը այնքան բարդացավ, որ սկսեցին զարգանալ քվանտային ֆիզիկան, բիոտեխնոլոգիաները, ու այդ բարդությունը սկսեց այդ անջրպետը ստեղծել գիտության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունը չհասկանա, թե գիտությունը ինչի համար է պետք, այն չի գնահատվի  ու գիտությունը կմահանա։ Մարդիկ պետք է անպայման հասկանան դրա կարևորությունը։ Ես չեմ ասում, որ նրանք հասկանան քվանտային մեխանիկան, բայց կարևոր է իմանալ  հիմնական գիտական բազան․ ինչու է արվում է, ինչպես է արվում,  ինչ է գիտական մեթոդիկան»։

Նա նշեց, որ STARMUS-ում փորձել են ներգրավել այն արվեստագետներին, ովքեր ուզում են գիտնականների հետ աշխատել, ովքեր ուզում են ստեղծագործել, ովքեր ուզում են համագործակցել ու ովքեր ուզում են աջակցել, որպեսզի գիտությունը հասանելի լինի հանրությանը․ «Պարզվեց, որ այդպիսի արվեստագետները շատ են, կան արվեստագետներ, որոնք պատրաստ են ձեռք մեկնել գիտնականներին, օգնել իրենց, որպեսզի գիտության հարգանքը, գիտության պոպուլյարիզացիան հասարակության մեջ մեծանա»։

Ինչո՞ւ  Հայաստանում 

Աստղաֆիզիկոսն ասաց՝ STARMUS-ը որոշել են անցկացնել Հայաստանում, որովհետև այստեղ վերջին 30 տարում գրեթե ոչինչ չի արվել գիտության մասսայականացման համար․  «Զրոյական աշխատանք է կատարվել, որպեսզի գիտությունը հասցվի հասարակությանը։ Հիմա ես գիտեմ, որ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե Գիտության կոմիտեն առաջին անգամ  սկսել են քայլեր տանել այդ ուղղությամբ, որի վառ օրինակն է STARMUS փառատոնը Հայաստան բերելը։ Հայաստանում եղել է շատ լավ գիտություն, շատ մեծ գիտնականներ են եղել, շատ տրադիցիաներ են եղել  թե՛ գիտության, թե արտադրության, թե՛ տեխնոլոգիաների։ Ցավոք, այդ ամեն ինչը շատ թուլացել էր, և փորձելու ենք վերականգնել դա»։

Գարիկ Իսրայելյանը նաև պարզաբանեց, թե ինչու է փառատոնն այս անգամ կրում «50 տարի Մարսի վրա» խորագիրը․ «Հիմա մենք սկսել ենք ուրիշ դարաշրջան, որի տեխնոլոգիաները գնալու են մարդկությանը դեպի Մարս հասցնելը, բայց որը փոխելու է ամբողջ մարդկությանը։ Ինչպես 60-70 թվականները փոխեց մարդկությանը, այնպես էլ այդ խնդիրները, որ մեզ պետք է փորձեն հասցնել Մարս, էլի փոխելու են մարդկությանը, ու շատ են փոխելու։ Մեր փառատոնին կխոսենք այդ մասին․ ինչպես կլիմայի դեմ պայքարել, ինչպես նոր տեխնոլոգիաները արվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ ստեղծել, դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա, լավացնելու է կյանքը, բոլոր տեղական խնդիրները լուծվելու են դրա ուղղությամբ»։

Փառատոնը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի վայրէջքի 50-ամյակին։ Մարս 3-ը դեպի կարմիր մոլորակ է տեղափոխվել հայ հայտնի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։


Գարիկ Իսրայելյանը

 

Ի՞նչ է սպասվում փառատոնի ընթացքում

Գիտնականի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, և իրենց նպատակն է լինելու ոգեշնչել դպրոցականներին, ուսանողներին, հասարակությանը։  Փառատոնի շրջանակներում գիտնականները դասախոսություններ կկարդան դպրոցներում ու բուհերում, հանդիպումներ կլինեն Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների,  նորարարների հետ։ Հանդիպումներ կլինեն գիտական համայնքի հետ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով․ «Փորձելու ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել,  դրա համար դիալոգ է պետք։ Ի տարբերություն այլ գիտական փառատոնների, մենք չենք թաքցնելու մեր գիտնականներին կամ ինեժեներներին ժողովրդից։ Մեր փառատոնը փակ չի լինելու, մենք չենք փակվելու համալիրում, այնտեղ սկսենք ու այնտեղ էլ վերջանա, STARMUS-ը բացվելու է ու նույնիսկ պլաններ կան թե՛ Գյումրիի, թե՛ Լոռիի հետ կապված, այսինքն՝ կփորձենք մաքսիմում բացել, որ ամբողջ Հայաստանում հետաքրքիր բաներ լինեն»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը․ «Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք՝ համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները։Փառատոնի կազմակերպումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում, այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը կարևորում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը․ «STARMUS փառատոնը այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերին սկիզբ տալու համար։ STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փատելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։ Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս․ այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական ու մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք»։ 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել