Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից
 |hetq.am|
13:41 - 07 մայիսի, 2022

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից |hetq.am|

hetq.am: style="text-align: justify;">Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը (լիազորությունները կասեցված են) երեք ամիս ազատազրկված լինելուց հետո  քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Դատավորին դիմավորելու համար քրեակատարողական հիմնարկի դիմաց դատավոր ու փաստաբաններ էին հավաքվել:

Դատավորը,հիշեցնենք,մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ օրինական որոշում է կայացրել:

Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանին ազատ արձակելու մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին:

Պատշաճ ծանուցված լինելով՝ դատական նիստին մասնակցելը մեղադրյալի պարտականությունն է, դատավոր Բախշիյանը Մկրտչյանի բացակայությունը գնահատել է անհարգելի ու որոշել նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխել ավելի խիստով ու նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Ըստ ԱԱԾ-ի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում Մկրտչյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի նախկինում տված ցուցմունքը փոխի, այսինքն՝ հրաժարվի Փարամազյանի դեմ տված ցուցմունքից: Հենց այս հանգամանքն է գնահատվում որպես ծանր հետևանք: Բախշիյանի պաշտպանները պնդում են, որ, Մկրտչյանն, ըստ էության, ցուցմունք չի փոխել, նա դատական նիստի ընթացքում նախ ցանկություն է հայտնել ցուցմունք տալու, ապա հրաժարվել է ցուցմունք տալուց, հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Նույն օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, այսինքն՝ կալանավորելուց 14 օր անց, Բորիս Բախշիյանը որոշել է Մկրտչյանին կալանքից ազատ արձակել:

Նշենք, որ Բախշիյանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել իրավական համայնքում: Նրա խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության քննության ժամանակ դատարանի դիմաց մեծ թվով դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ էին հավաքվել:  Այս հանրությունը համոզմունք ուներ, որ Բախշիյանի  նկատմամբ սկսված հետապնդումը կապված է նրա վարույթում մի քանի  հնչեղություն ունեցող գործերի՝ այդ թվում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի, Փարամազյանի գործերի առկայության հետ: Հատկանշական է նաև այն  հանգամանքը, որ դատախազությունը Մկրտչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք չէր ներկայացրել, սակայն մոտ մեկ ամիս անց դատավորի որոշումը ակնհայտ ապօրինի էր որակել ու քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել