Պարզվում են Գյումրիում կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: 

Դեպքի առթիվ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: 

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով