Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին
12:36 - 10 մայիսի, 2022

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»:

Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»

Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։

Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»:

«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա:

Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»:

«Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել