Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ |armenpress.am|
12:58 - 14 մայիսի, 2022

Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան և Ֆինլանդիան պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ էֆքան Ալյան:

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը շատ հստակ է ու հասկանալի: Այս երկրները պետք է հստակորեն վերանայեն իրենց վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական տարրերի նկատմամբ: Թուրքիայում ևս կա ահաբեկչության խնդիրը, որին մենք արդեն երկար տարիներ է՝ բախվում ենք: Կա կարծիք, որ այս խնդիրը վերոնշյալ երկրներն անհրաժեշտ մակարդակով չեն ընկալում, բավարար ուշադրության չեն արժանացնում»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալյան:

Նա նշել է, որ շվեդ նախարարը վերջերս այցելել է մի միջոցառում, որը կազմակերպված է եղել Քրդական բանվորական կուսակցության կողմից: «Ակնկալում ենք, որ նրանք մեր անվտանգային խնդիրներին կվերաբերվեն նույնքան լուրջ, որքան մենք ենք վերաբերում այդ երկրների անվտանգային հարցերին»,- հայտարարել է Ալյան:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել