«Մենք ոչ թե իշխանություն, այլ այս կուրսը կասեցնել ենք ուզում»․ ընդդիմադիր պատգամավոր
 |azatutyun.am|
11:12 - 20 մայիսի, 2022

«Մենք ոչ թե իշխանություն, այլ այս կուրսը կասեցնել ենք ուզում»․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Որպես ձախորդ կառավարություն Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ստեղծվի անցումային կառավարություն ու նշանակվեն ընտրություններ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ պնդեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով՝ իրենք ոչ թե իշխանություն, այլ «այս կուրսը կասեցնել են ուզում»։

Թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, Խաչատրյանը չպարզաբանեց, փոխարենը խորհուրդ տվեց չփորձել դիմադրության շարժումը վերածել նախընտրական պայքարի։

Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Խաչատրյան, արդյոք այս հանրահավաքները չարտացոլեցին մեկ տարի առաջվա ընտրությունների պատկերը, որ դուք ունեք հազարավոր համակիրներ, բայց այնուամենայնիվ մնում եք փոքրամասնություն։

 - Ո՛չ, որովհետև մենք ունենք մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կա՛մ չենք մասնակցել ընտրություններին, կա՛մ մասնկացել ենք և սխալվել ենք, որովհետև չմոռանանք, որ Փաշինյանի ընտրական ծրագիրը իր մեջ ենթադրում է Արցախի դեօկուպացիա, որը նեթադրում է առնվազն Շուշին և Հադրութը, ենթադրում է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրականացում։ Այսինքն՝ Փաշինյանը էդ խոստումը տալով, ընտրվելով խաբել է իր 680 հազար հետևորդներին, և էդ հետևորդներից բազմաթիվ մարդիկ, ընդունելով որ սխալվել են, միանում են նաև մեզ։

Բայց ո՞ւր են նրանք, ինչո՞ւ Երևանի փողոցներում չեն հարյուր հազարներ, նույնիսկ ձեր ընտրողների քանակը չէ, այսինքն՝ 200-300 հազարը։

 - Ակնհայտ է, որ Դուք չեք կարող ակնկալել, որ 280 հազար մարդը դուրս գա փողոց միաժամանակ, որովհետև մասնակցել ընտրություններին և մասնակցել բողոքի ակցիաներին դրանք տարբեր բաներ են։

 Միևնույն է դուք չեք պահանջում արտահերթ ընտրություններ, որ մարդիկ դրա դիմաց ձեզ քվե տան, այլ ասում եք՝ «տվեք մեզ իշխանություն»։

 - Նման բան չկա, մենք ասում ենք հետևյալը՝ «որպես ձախորդ կառավարություն ինքը պետք է հեռանա, պետք է ստեղծվի անցումային կառավարություն, հետո պետք է նշանակվեն ընտրություններ»։ Դա մարդկության ստեղծած միակ տարբերակն է։

Կասեք ո՞վ է այդ ժամանակավորը՝ դատելով հարթակի կորիզից՝ Դաշնակցություն, «Հանրապետական», Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։

 - Ազգային համաձայնության կառավարությունը հենց նրանով է կոչվում ազգային համաձայնության, որ այնտեղ կարող են նաև լինել մարդիկ, ում ես չէի ուզենա տեսնել, բայց մարդիկ են, որոնք ազգային, այսինքն՝ մի շերտի ներկայացուցիչ են։ Այնպես որ, ես տենց կատեգորիկ չէի ասի։

Եթե ես դա անվանեմ նախկիններ, ինչպես շատ հնչում է իշխանական ճամբարից։

- Նախկիններ, ինչպես Գագիկ Ջհանգիրյա՞նն է, Վիգեն Խաչատրյա՞նը, էդ տիպի նախկիննե՞ր։ Ուրեմն Գագիկ Ջհանգիրյան, Վիգեն Խաչատրյան, էլ ովքեր կային, որոնք նախկին պառլամենտի անդամներ էին, Հովիկ Աղազարյան, Գուրգեն Արսենյան, Խաչատուր Սուքիասյան, էդ ձևի նախկիններ, հավանաբար, չէ։ Մյուսները, բայց էլի եմ ասում, ես էդքան կատեգորիկ չէի գնա և չէի ասի, որ գիտեք, մենակ էս մարդիկ։ Ազգային համաձայնությունը հենց նրան է, որ հանուն երկրի պետք է իրար կողք նստեն մարդիկ, ովքեր իրար էդքան էլ շատ չեն սիրում։

Բայց պիտի ասեք՝ ովքեր, որ մարդիկ իմանան, օրինակ, վարչապետի թեկնածուն ով է։

 - Եկեք մի փորձեք դիմադրության շարժումը վերածել նախընտրական պայքարի։

Բայց իշխանություն եք չէ ուզում, պարոն Խաչատրյան։

Մենք իշխանություն չենք ուզում, մենք ուզում ենք որպեսզի այս կուրսը կասեցվի, որպեսզի ստեղծվի անցումային կառավարություն, որովհետև մենք չենք վստահում Փաշինյանի հրաժարականին, ինքը հրաժարական տվեց սկի արձակուրդ էլ չվերցրեց, մենք ուզում ենք, որ հրաժարական տա, հետո քաղաքական կոնսուլտացիաների արդյուքնում կձևավորվի անցումային կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն և դրանից հետո կնշանակվեն ընտրություններ։

 Ամբողջական հարցազրույցը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել