Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico
21:27 - 20 մայիսի, 2022

Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Politico առցանց թերթը գրում է աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ճիշտ այն պահին, երբ աշխարհը սկսեց մտածել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, հայտնվեց մեկ այլ վարակ, որը գիտնականների անհանգստությունն է առաջացնում։

«Կապկի ծաղիկ» վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։

«Կապկի ծաղիկը» սովորաբար հանդիպում է Աֆրիկայում և այն անձանց մոտ, որոնք արտերկրում են եղել։ Սակայն, ԵՄ հիվանդությունների վերահսկման գործակալության տվյալներով, Եվրոպայում վերջերս արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ վարակը, կարծես, առաջին անգամ է մի մարդուց մյուսին փոխանցվում՝ առանց Աֆրիկայի հետ որևէ կապի։

 

Ի՞նչ է «կապկի ծաղիկը» 

«Կապկի ծաղիկ» վարակը պատկանում է հարուցիչների նույն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։

Ախտանիշներն են բարձր ջերմությունը, մկանացավը, լիմֆատիկ հանգույցների այտուցը և գլխացավը։ Որպես կանոն՝ առաջին երեք օրվա ընթացքում մարդու մարմնի վրա ցան է հայտնվում, սկզբից՝ դեմքին, այնուհետև՝ տարածվում ձեռքերի և ոտքերի վրա։

«Կապկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան ծաղիկը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը մինչ օրս մահվան չեն բերել, սակայն այս հիվանդությունը վարակվածներին օրերով կարող է մահճակալին գամել։ Սովորաբար այն տևում է 2-4 շաբաթ։

 

Ի՞նչն է մտահոգում մասնագետներին

Վարակաբան Մարիոն Քուփմանսի խոսքով՝ մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ «կապկի ծաղիկ» վարակի դեպքերն արձանագրվել են մի քանի տարբեր երկրներում այն դեպքում, երբ այն սովորաբար այդքան վարակիչ չէ։

«Սա շատ անսովոր է», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքել։

Իտալիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իտալական լաբորատորիաները հույս ունեն եկող շաբաթ առանձնացնել վարակը։ Նրա խոսքով՝ դա նաև թույլ կտա հասկանալ, թե արդյոք ծաղիկի դեմ պատվաստանյութի առաջացրած հակամարմինները կարող են պայքարել նոր վարակի դեմ։

Իսկ Սաութհեմփթոնի համալսարանի ավագ գիտաշխատող Մայքլ Հեդն ասում է․

«Հնարավոր է՝ հետհամավարակային փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք լասսա, «կապկի ծաղիկ», էբոլա և մյուս հազվադեպ, բայց լուրջ պաթոգենների տեղային և գլոբալ  հետևանքները հասկանալուն», - ասել է նա։

 

Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները

Հանրային առողջապահության ոլորտի պրոֆեսոր Ջիմի Ուիթվորթի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում հիվանդության տարածումն «աննախադեպ» էր։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե դեպքերը հայտնաբերվեն, մեկուսացվեն և բուժվեն, ինչպես նաև հայտնաբերվեն վարակվածի սերտ շփումները, իրավիճակն «արագ կարելի է վերահսկողութան տակ առնել»։

Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ, եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։ Մեծ Բրիտանիայում որոշ բուժաշխատողների և ռիսկի խմբում գտնվողներին առաջարկվում է ծաղիկի դեմ պատվաստվել։ Իսպանիայում, ինչպես հայտնում է El País թերթը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր գնել՝ հիվանդության բռնկումը զսպելու համար։

Իտալիայում, ինչպես նշել է Վրանչեսկո Վայան, հակավիրուսային դեղամիջոցներ կան, որոնք կարող են փորձնական կիրառություն ստանալ «անհրաժեշտության դեպքում»»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել