Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»
20:36 - 23 մայիսի, 2022

Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Չնայած Ռուսաստանում 2022 թ-ին ցորենի ակնկալվող ռեկորդային բերքին՝ երկիրը փորձում է շարունակել հացահատիկի արտահանման նկատմամբ խիստ վերահսկողությունն, այս անգամ՝ ԵԱՏՄ մակարդակով, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

««Կոմերսանտի» տվյալներով՝ վերաարտահանումից խուսափելու համար Ռուսաստանն ուզում է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները քվոտաներ և տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար, նա կարող է երկարաձգել նաև ԵԱՏՄ-ին մատակարարումների սահմանափակումները, որոնք գործում են դեռևս մինչև հունիսի 30-ը։ Դրան դեմ է Ղազախստանը, որը շահագրգռված է դեպի արտասահման մատակարարումների զարգացմամբ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին մայիսի 20-ին Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները քվոտաներ և տուրքեր սահմանեն երրորդ երկրներ հացահատիկի արտահանման համար, ասել են «Կոմերսանտի» աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն այս միջոցն անհրաժեշտություն է համարում սահմանափակումների շրջանցմամբ ԵԱՏՄ միջոցով ռուսական հացահատիկի վերաարտահանման կանխարգելման համար։

Նախարարությունում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում «Կոմերսանտի» հարցումներին չեն պատասխանել։

Ռուսաստանում 2021 թ-ի հունիսից լողացող տուրք է գործում ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ գնային ինդիկատորների միջին արժեքի և բազային մասի միջև տարբերության 70%-ի չափով։ Այսպես, մայիսի 20-ից զորենի արտահանման տուրքը սահմանվել է մեկ տոննայի դիմաց $110,5, գարունն ու եգիպտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց $76,5։ Փետրվարի 15-ից մինչև հունիսի 30-ը հացահատիկի արտահանումը նույնպես սահմանափակված է 11 մլն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։ Այս գարուն Ղազախստանի կողմից Սիբիրում ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ մինչև հունիսի 30-ը։ Սա Ղազախստանի դժգոհությունն է առաջացրել, որը ՌԴ-ին կասկածում է խտրականության համար։ Ի պատասխան՝ նա նույնպես քվոտաներ է սահմանել ցորենի և ալյուրի արտահանման համար։

«Կոմերսանտի» աղբյուրների խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցության ժամանակ ռուսական կողմը նշել է, որ ընդունված միջոցները բավարար չեն, քանի որ Ղազախստանում գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ չկան և բացակայում են արտահանման տուրքերը։ Արդյունքում՝ երկու երկրների ներքին գների միջև զգալի տարբերություն է գոյացել։

«Կոմերսանտի» զրուցակցի խոսքով՝ սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է տոննայի դիմաց միջինում 18 հազար ռուբլով՝ ներառյալ ԱԱՀ-ն, ինչը շուրջ 5 հազար ռուբլով ավելի էժան է ղազախականից։

ԵԱՏՄ անդամները դեռևս 2021 թ-ի օգոստոսին էին պլանավորում միասնական մոտեցում ներդնել ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի և մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակման վերաբերյալ։ Սակայն այս գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այսօրվա դրությամբ ցորենի արտահանման լիակատար արգելք է սահմանել Բելառուսը։ Հայաստանն ու Ղրղզստանը որոշումներ են նախապատրաստում տուրքերի և քվոտաների վերաբերյալ, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը։ Իսկ Ղազախստանը դեմ է տուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին կատարել միջազգային պարտավորությունները, հավելել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններից չեն պատասխանել թերթի հարցմանը։

Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռիլկոն ասում է, որ «վերացական տեսակետից» ԵԱՏՄ արտաքին ուրվագծով հացահատիկային կուլտուրաների արտահանման կարգավորումը ճիշտ միջոց է։ Սակայն մոտեցման ներդրման հարցում կարող են խնդիրներ առաջանալ առանձին պետությունների անհամաձայնության պատճառով, ընդգծում է փորձագետը։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլաչևսկին կարծում է, որ դեմ կարտահայտվի միայն Ղազախստանը։

«Սովէկոնի» տնօրեն Անդրեյ Սիզովը Ղազախստանի համար պատճառներ չի տեսնում ռուսական կողմի պայմաններն ընդունելու։

Նրա կարծիքով՝ դա չի համապատասխանելու երկրի ֆերմերների շահերին, երկիրը խոշոր արտահանող է․ ալյուրի հետ միասին հացահատիկի մատակարարման ընդհանուր ծավալը սեզոնին հասնում է 7-8 մլն տոննայի։ Ինչպես նշում է փորձագետը, ԵԱՏՄ նպատակը հենց ազատ առևտուրն է, և Ղազախստանը կարող էր դառնալ ռուսական հացահատիկի կարևոր գնորդը հավանական ռեկորդային բերքի նախաշեմին՝ աշնանացանի գերազանց վիճակի և գարնանացանի ցանքատարածությունների ավեացման ֆոնին։ 2021 թ-ին ցորենի բերքը Ռուսաստանում կազմել է 76 մլն տոննա։

«Կոմերսանտի» աղբյուրը վստահ է, որ համանման միջոցներ ձեռնարկելու հարցում Ղազախստանի հավանական մերժումը ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը կդրդի երկարաձգել հացահատիկի ՝ ԵԱՏՄ արտահանման ժամանակավոր արգելքը։ Մինչդեռ, «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով, Ղազախստանի համար կարևոր է ռուսական հացահատիկը ստանալ հուլիսից․ երկիրն աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն ակտիվանում է միայն օգոստոսին»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել