Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico
14:22 - 03 հունիսի, 2022

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Politico  պարբերականը գրում է Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության նվազման և դրա  պատճառների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով

«Տարիներ շարունակ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն էր, ԵՄ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ձայնը, որոնք փնտրում էին Բեռլինի հովանավորությունը, առաջնորդությունը, երբեմն էլ՝ ցանկանում հստակ հրահանգներ լսել։ 

Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ խաթարել են Բեռլինի հեղինակությունը և ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, որ ավելի կարևոր է, Եվրախորհրդի գագաթնաժողովում հավաքված առաջնորդների շրջանում։ Դրա պատճառներից են անցյալ տարի կանցլեր Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման ավարտը, Բեռլինում ավելի բարդ եռակուսակցական իշխող կոալիցիայի կազմավորումը և մի շարք քաղաքական սխալներ, Ռուսաստանի քաղաքականության և ուկրաինական պատերազմի հետ կապված հակասական հայտարարությունները։

Այս ամենի արդյունքը Բեռլինի ազդեցության զգալի թուլացումն է և մյուս երկրների՝ իրենց ճանապարհով գնալու պատրաստակամությունը, որոշ դեպքերում էլ ֆրանս-գերմանական դաշինքին բացահայտ մարտահրավեր նետելը, որն, ըստ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների և դիվանագետների, տարիներ շարունակ եղել է ԵՄ որոշումների կայացման կենտրոնում։

«Մեզ պետք չէ Գերմանիայի հովանավորությունը, - ասում է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը։ - Լեհաստանն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանի հարցում, [ուկրաինացի] փախստականներին ընդունելու, գազից աստիճանաբար հրաժարվելու հարցերում։ Բալթյան երկրները խելացի ղեկավարություն ունեն։ Բուլղարիայում նոր, ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն է ձևավորվել։ Ռումինիայում իրավիճակը կայուն է»։

Գերմանիայի հեղինակության նսեմացումը վառ ձևով արտահայտվեց այս շաբաթ, երբ ԵՄ պետությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ և հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրությունը։

Նախկինում, երբ Օրբանը խոչընդոտում էր ԵՄ առաջարկներին, հաճախ Մերկելին  խնդրում էին միջնորդել։ Եվրամիությունում Մերկելի և Բեռլինի ազդեցությունը կասկածներ չէր առաջացնում։

Այս անգամ Գերմանիային մեղադրում էին այն բանի  համար, որ նա փորձում է օգուտ քաղել խողովակաշարով մատակարարվող նավթի նկատմամբ էմբարգո չսահմանելու առաջարկից։ Բեռլինը բազմիցս հերքել է այս առաջարկին իր մասնակցությունը և վերջնարդյունքում խոստացել է մինչև այս տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի ներկրումից՝ որպես հստակ նշան, որ ոչինչ չի շահելու խողովակաշարով նավթի մատակարարման շարունակումից։

Սակայն այն փաստը, որ ԵՄ մյուս անդամ երկրներն այդիպի կասկածներ ունեին, ընդգծում է Բեռլինի նկատմամբ խաթարված վստահությունը։

Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բուդապեշտ ոչ մի բեկում չէր մտցրել նավթի ներկրման արգելքի շուրջ առկա անհամաձայնությունում։ 

Փոխարենը Եվրախորհրդի նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին էր բաժին ընկել փոխզիջում գտնելը, որը Հունգարիան, ի վերջո, ընդունեց, իսկ Միշելը հիմքեր գցեց ոչ միայն նավթի արգելքի, այլև պատժամիջոցների ամբողջ վեցերորդ փաթեթի ընդունման համար։ Մերկելին փոխարինած Օլաֆ Շոլցն այս հարցում առանցքային դեր չխաղաց։

«Շոլցն իսկական խնդիր է։ Նա պարզապես շահախնդիր գերմանացի է, փոխզիջում ձևավորող չէ, ինչպես Մերկելը։ Ոչ ոք չի փոխարինի Մերկելին», - ասում է ԵՄ դիվանագետներից մեկը։

Սակայն գերմանացի պաշտոնյաներից մեկը դեմ է արտահայտվում այս պնդումներին՝ ասելով, որ «ան փաստը, որ քննադատությունը գալիս է այսքան մեծ քանակությամբ երկրներից, վկայում է այն մասին, որ Գերմանիան առաջատար դեր է խաղում» այս դժվար պահին ԵՄ մակարդակով փոխզիջումների հասնելու գործում։

Թեև ոչ մի պետության ղեկավար չի ստանձնել Մերկելի՝ որպես ազդեցիկ միջնորդի դերը, Իտալիայի վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, որը հայտարարել էր, թե բանկը կանի «հնարավոր ամեն ինչ» եվրոգոտու ճգնաժամի ժամանակահատվածում, այն առաջնորդն է, որն այժմ մեծ կշիռ ունի։

Սակայն Իտալիան տասնամյակներով անկայուն քաղաքականության և ֆինանսական կառավարման բեռ ունի, ինչը սահմանափակում է Իտալիայի ազդեցության շրջանակն՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա համարվում է, որ նա չի կարողանում մի կողմ թողնել իր էգոն և մեծությունն՝ աննկատ, բայց ազդեցիկ մեկը դառնալու համար, որը փոխզիջումների վրա հիմնված քաղաքականություն կձևավորի և կազդի որոշումների կայացման վրա։

Որոշ արևելաեվրոպական դիվանագետներ և պաշտոնյաներ ասում են, թե դեռ հույս ունեն, որ Բեռլինը վերադարձնելու է իր դիրքերը՝ վերականգնելով իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում արտգործնախարար Աննալենա Բերբոկի միջոցով, որը նրանց վրա ավելի խարիզմատիկ և ինքնավստահ մարդու տպավորություն է թողել, քան Շոլցը։

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դեմ է արտահայտվել Ֆրանսիային ձայնի ավելի մեծ իրավունք տրամադրելուն՝ դրա փոխարեն Գերմանիային կոչ անելով վերադարձնել իր առաջատար դիրքը։ «Մեր տեսակետից շատ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան ավելի առաջատար դեր խաղար։ Իմ հայացքները չեն փոխվել Գերմանիայի կառավարության փոփոխման հետևանքով»,- ասել է նա Politico-ին։

Որոշ պաշտոնյաների համար միայն ժամանակի հարց է այն, թե երբ Բեռլինը կվերահաստատվի ԵՄ ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքի դերում»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել