Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան
16:18 - 08 հունիսի, 2022

Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդիներից Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ հրավիրվելով լրատվամիջոցների եւ Գլխավոր դատախազության ուշադրությունը։
 
Նա գրել է, որ Վերաքննիչ դատարանն արդեն 2 օր է՝ հրաժարվում է իրեն հայտնել Խաչատուրովի ձերբակալման որոշման իրավաչափության եւ վերջինիս կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության օրը եւ ժամը՝ այն պարագայում, երբ բողոքները Վերաքննիչ դատարան են մուտք եղել հունիսի 6-ին, իսկ օրենքի համաձայն՝ դրանց դատական ստուգումը պետք է տեղի ունենա նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։ Պաշտպանը միջնորդությամբ դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Նրա գրառումը եւ կից միջնորդությունը ներկայացնում ենք ստորեւ․

«Հրավիրում եմ լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա...
 
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։
 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։

Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։
Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։

Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով», - գրել է Միհրան Պողոսյանը։

Իգոր Խաչատուրովը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել