Կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը
11:41 - 09 հունիսի, 2022

Կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման 2022-2024 թթ․ ծրագիրը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Նարեկ Մկրտչյանն ասաց՝ վարկային բեռը թեթևացնելու միջոցով ընտանիքներին հնարավորություն ենք ընձեռում բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Նախարարի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է, և ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը․ «Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 12 միլիոն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար»։ 

Մկրտչյանը նաև պարզաբանեց, թե ովքեր կարող են լինել շահառու․ «ՀՀ բնակչության  ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի, չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման՝ անկախ այդ հանգամանքներից նրանք կարող են դառնալ այս ծրագրի շահառու, և, ըստ էության, այս ծրագրի հիմնական թիրախը նաև նոր ստեղծվող ընտանիքներն են, զույգերը, որոնք կկարողանան իրենց իսկ սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել