Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|
13:59 - 10 հունիսի, 2022

Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը:

«Այդ գործողությունները միայն խորացնում են իրադրությունը եւ դժվարացնում իրանական ատոմի շուրջ համաձայնագրի լրիվ կատարումը վերականգնելու մեր ջանքերը: Նրանք նաեւ կասկածի տակ են դնում Իրանի հակվածությունը բանակցությունների (համաձայնագրի գործողությունների վերսկսման շուրջ) դրական արդյունքներին»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ:

Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը Թեհրանին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին դրված է «կենսունակ գործարք», որը Իրանին կվերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների պահպանմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքի:

«Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այդ գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից: Մենք համառորեն նրան կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք»,-նշել է երկրները: Հունիսի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի իշխանություններն սկսում են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ ՄԱԳԱՏԷ-ն վերջնականապես կորցնում է իրանական միջուկային օբյեկտներին հետեւելու հնարավորությունը, սակայն, հավելել է նա, գործակալության մասնագետները «մոտ են այդ կետին»:

Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե տեսախցիկների ապամոնտաժումը նշանակում է արդյոք, որ Իրանը ցանկության դեպքում այժմ կկարողանա գաղտնի կերպով ուրանի հարստացման ցենտրիֆուգներ կառուցել: Տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը հետեւել է այն բանին, երբ հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւին, որով Իրանին քննադատում են իր միջուկային ծրագրի շուրջ տեղեկատվության ոչ բավարար բացահայտման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել