Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան
14:06 - 15 հունիսի, 2022

Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում՝ 2021 թ․-ի պետական բյուջեի հաշվետվության կատարողականի ընթացքում ասաց՝ ցավոք, բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին խորհրդարանական ընդդիմությունը ներկա չի եղել․

«Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական, պառլամենտական երկրում բյուջեի կատարման հաշվետվությունը համարվում է ընդդիմության ամենակարևոր վերահսկողական գործառույթներից մեկը, որ ընդդիմությունը գա, մասնակցի, իշխանությանը քննադատի, իշխանությանը փորձի վերահսկել, բերել հաշվետվողականության դաշտ, բայց, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով»։

Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ միասին պատշաճ կերպով իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները, ըստ էության կատարելով ոչ միայն իշխանության, այլ խորհրդարանական ընդդիմության գործառույթները՝ փորձ անելով վեր հանել բոլոր խնդիրները։ 

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Կոնջորյանն ասաց՝ կարելի է փաստել, որ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ «Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում․ չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում,չի կարողանում սպասարկել իր պարտականությունները իրենց քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել պարտականությունները խորհրդարանական դիվանգիտության հարթակում՝ տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանգիտության խրամատը, չի կարողանում իր պարտականությունները սպասարկել փողոցում, որովհետև տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որը ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով ընդդիմության կողմից»։

Կոնջորյանն ասաց՝ ընդդիմությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «փորձում է Արցախյան հարցը օգտագործելով զավթել իշխանությունը»։ «Մի բան, որ ընդդիմությունը դա արել էր 1998 թ․-ին, մի բան, որով ընդդիմությունը 20-ամյակ պահել է Հայաստանում իշխանությունը, և մի բան, որ ընդդիմությունը պատերազմից հետո տևական ժամանակ փորձում է անել ՀՀ-ում։ Կարող ենք արձանագրել, որ ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»։

ՔՊ-ի ղեկավարը հավելեց՝ ընդդիմության պարտությունը և ժողովրդավարության հաղթանակը պատերազմից հետո արձանագրում ենք երրորդ անգամ․ «Նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը նույն գործիքակազմով փորձեց Հայաստանում զավթել իշխանությունը, իշխանությանը սադրելով գնալ ոչ օրինական ճանապարհների, իշխանությունը չտրվեց դրան, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում նորից ընդդիմությունը պարտվեց և իշխանությունը ստացավ ժողովրդի հաղթանակը, դա ժողովրդավարության երկորդ հաղթանակը և ընդդիմության պարտությունն էր, և սա արդեն ՀՀ-ում ընդդիմության երրորդ պարտությունն ու ժողովրդավարության երրորդ հաղթանակն է միայն պատերազմից հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել