Նոյեմբերյանցի աշակերտները «վերակենդանացում են» դպրոցի ջերմոցը
14:07 - 16 հունիսի, 2022

Նոյեմբերյանցի աշակերտները «վերակենդանացում են» դպրոցի ջերմոցը

Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտները որոշել են պերմակուլտուրայի սկզբունքներին հետևելով «վերակենդանացնել» իրենց դպրոցի մոտ գտնվող ջերմոցը։ 

«Climate Uturn» ծրագրի օգնությամբ աշակերտները համապատասխան գիտելիքներ են ստացել և անցած տարվա նոյեմբերից սկսել են աշխատանքը ջերմոցի վրա։ 

Պերմակուլտուրան գյուղատնտեսության մեջ նորարարական մոտեցում է, որի միջոցով շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս պատճառելով աճեցնում են բույսեր, մշակաբույսեր և այլն։ Այն վերականգնվող գյուղատնտեսության ուղղություններից մեկն է։

Ջերմոցի աշխատանքների մասնակիցներից Սյուզաննան պատմում է, որ ինքը և՛ ջերմոցում է աշխատում, և՛ ինֆորմացիոն  բնույթի աշխատանքներին է մասնակցում․ 

«Ջերմոցի աշխատանքին մասնակցում է մեր դասարանը ու մեր զուգահեռ դասարանը։ Բոլոր աշակերտները որոշ չափով ներգրավված են, որոշները՝ ինֆորմատիվ մակարդակով, որոշները հենց ջերմոցում են աշխատում։ Մեր առաջին քայլը տերևներ հավաքելն է եղել․ հողի վրա ստվարաթուղթ ենք փռել, դրա վրա՝ տերևներ, ու հողը պարարտացրել ենք։ Դա հենց պերմակուլտուրայի մի քայլ է։ Երկու շաբաթ առաջ մենք մեր առաջին բերքն ենք հավաքել՝ բոլոկին, և դպրոցի ուսուցիչներն էլ գնել են այդ բերքը»։


Ջերմոցի առաջին բերքը

Այս պահին երեխաները հիմնականում կանաչեղեն են աճեցնում ջերմոցում, սակայն հետագայում միտք ունեն նաև զեյթունի, կիտրոնի ծառեր աճեցնել։

Սյուզաննան պատմում է, որ ջերմոցը այս պահին անբարենպաստ վիճակում է, և այն վերանորոգելու համար դրաաշնորհների են դիմել․ մի քանի կազմակերպություններ աշակերտներին տրամադրել են դրամաշնորհներ, այդ թվում՝ Քեմբրիջի համալսարանի «Tizard» հիմնադրամից։

Նա կարծում է, որ ջերմոցը իրենց համայնքին առողջ սնունդ է տալու․ «Մենք նաև  որոշել ենք ջերմոցի բերքի մի մասը տրամադրել դպրոցի աշակերտներին, տարրական դասարաններին, նրանք սնվում են դպրոցում ու  պետք է առողջ ուտելիք ունենան։ Նաև ասեմ, որ մեր համայնքում պատանիները հողի հետ այդքան սեր չունեն, ինձ թվում է՝ մեր աշխատանքը նրանց համար մոտիվացիա կլինի, և ամենքը իրենց այգում մի անկյուն կունենան ու հենց իրենք դրա վրա կաշխատեն, թեկուզ պերմակուլտուրային ձևով»։

Պերմակուլտուրային ջերմոցը ֆեյսբուքյան խումբ էլ ունի․ դրա պատասխանատուներից մեկը Սյուզաննայի համադասարանցին է՝ Արաքսյան։ Նա պատմում է, որ իրենց ֆեյսբուքյան խմբում կարելի է պերմակուլտուրայի մասին հայերեն նյութեր գտնել․ «Պերմակուլտուրայի մասին հայերեն նյութեր հիմնականում չկան, մենք թարգմանություններ ենք անում ու տեղադրում մեր խմբում, հետաքրքրվողներ կան, նույնիսկ մեզնից խորհուրդներ են հարցնում։ Ես նաև ազատ ժամերին աշխատում եմ ջերմոցում»։

Արաքսյայի կարծիքով՝ Նոյմեբերյանում չկա ներքին շուկա, և այս ջերմոցը ինչ-որ առումով կարող է լրացնել այդ բացը․ «Մեր համայնքում ներքին շուկա չկա, այստեղ բանջարեղենի արտադրություն չկա, ու վաճառողները այդ ամենը ներկրում են ուրիշ քաղաքներից։ Մենք ինչ-որ չափով և՛ այլ վայրեր գնալու ճանապարհածախսն ենք կրճատում, և՛ մաքուր արտադրանք ենք տալիս։ Եթե այնտեղի արտադրանքը  վստահելի չէ, մարդիկ չգիտեն՝ որտեղից են այն  բերել, ապա մեր արտադրանքի դեպքում գիտեն, այդ ամենը հենց իրենց աչքի առջև ենք աճեցնում, երևի թե ինչ-որ տոկոսային չափով կկարողանանք ապահովել ներքին շուկան»։

Նա նաև պատմում է, որ իրենց մարզի մյուս գյուղերում այս ջերմոցի «մասնաճյուղերը» բացելու և այդ եղանակով իրենց համայնքում պերմակուլտուրան զարգացնելու գաղափար ունի․ «Նաև գաղափար ունեմ, որ երբ ջերմոցն ամբողջությամբ պատրաստ  լինի, մենք կողքի գյուղից էքկուրսիա կազմակերպենք մեր ջերմոց, առաջարկենք, օգնենք, որ իրենք էլ մեր ջերմոցի մասնաճյուղը բացեն իրենց գյուղում»։

Արաքսյան ու Սյուզաննան պատմում են, որ ջերմոցում ամեն օր 4-5 աշակերտներով աշխատում են․ «Այստեղ աշխատելը հետաքրքրել է նաև այն աշակերտներին, որոնք ի սկզբանե ներգրավված չեն  եղել ծրագրում․ նրանք նույնպես օրական մի քանի ժամով գալիս են ջերմոց, աշխատում այնտեղ»։ 

Եվ Արաքսյան, և Սյուզաննան այս ջերմոցի աշխատանքներից ոգեշնչվելով որոշել են նաև իրենց այգում նմանատիպ ջերմոց հիմնել, ասում են՝ սա իրենց համար հոբբի է, որից մեծ հաճույք են ստանում։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել