ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա
19:18 - 17 հունիսի, 2022

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետեւողական բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման գործում իրագործվել են, այդ թվում` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

«Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա չլուծված հումանիտար խնդիրներին: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցի վրա: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կգտնվի այս մարդկանց հայրենադարձման հարցում:

Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին, նշել, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները: Նա ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Նշվում է, որ կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել