Աղետի գոտում բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրեական գործով
19:25 - 17 հունիսի, 2022

Աղետի գոտում բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրեական գործով

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ Շիրակի մարզպետից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի և 2021թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որոնք վերաբերում են Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին:

«Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն ՀՀ դրամ:

Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310 մլն 156 հազ. 400 ՀՀ դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և ՀՀ Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից:

Նշվում է՝ բացի այդ, պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն:

Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

«Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ):

Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել