Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին

 |armenpress.am|
14:51 - 22 հունիսի, 2022

Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցեց Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և արագացում․ նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ թեմայով պանելային քննարկմանը։ 

Սահակյանը կարևորեց նման գագաթնաժողովը, որը, նրա համոզմամբ, ոլորտի հետ շփվելու, առկա խնդիրները հասկանալու և միասին դրանց լուծումները գտնելու հարթակ է։

«Գագաթնաժողովը հնարավորություն է տալիս տեղեկացնել այն  ծրագրերի մասին, որոնք նախարարությունը պլանավորում է իրականացնել և իրականացնում է ոլորտի զարգացման համար»,- ասաց փոխնախարարը։

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանն անցում է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ճանաչողությունից դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը։

«Պանելային քննարկմանը խոսվել է այն նախաձեռնությունների մասին, որոնք  մենք իրականացրել ենք, այդ թվում՝ դասընթացները, որոնք հինգն են․ կիբերանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ձեռներեցություն։ Մենք այսօրվա Հայաստանը դիրքավորում ենք ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ՝ ապագա կարիքներից»,- նշեց Սահակյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը ՏՏ ոլորտում հաջողելու համար մեծ ներուժ ունի։ Գագաթնաժողովը նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով գնում է այդ նպատակի իրականացմանը։  

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: 

Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ 

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել