Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն

 |armenpress.am|
16:19 - 22 հունիսի, 2022

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:

Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ:

«Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», - ասել է Զախարովան:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության կայքի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում արգելափակվել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել