Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը
12:40 - 23 հունիսի, 2022

Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց նախագիծ, որի ընդունմամբ սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքները կսկսվեն նախորդ տարվա հուլիսից, ոչ թե տվյալ տարվա փետրվարից։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ պարբերաբար այդ քննարկումները ունեցել են և վարչապետի կողմից ունեցել են հանձնարարական՝ այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային, նախագծման և այլ աշխատանքները կատարվեն այս տարի, որպեսզի շինարարական աշխատանքները իրականության մեջ սկսվեն ավելի վաղ․ «Վերջապես կարողացանք այդ փոփոխություններին հասնել և առաջարկվող նախագիծը հետևյալն է․ մեր համայնքները մինչև այս տարի հուլիսի 10-ը սուբվենցիոն հայտեր են ներկայացնելու մարզպետարաններին, մարզպետարանները մինչև հուլիսի 15 կներկայացնեն նախարարություն, մենք արդեն գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք, այդ ամբողջ պրոցեսը կսկսի աշխատել և նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կլինի մինչև նոյեմբերի 30-ը»։

Նա հավելեց՝ նոյեմբերի 30-ից  փոխվարչապետի գլխավորությամբ նիստերը կգումարեն․ «Այսինքն՝ ամենաուշը, որ ծրագիրը կգնա համայնք և մրցույթ կհայտարարվի, փետրվարի 1-ն է կամ 2-ը։ Կլինեն ծրագրեր, որոնք դեկտեմբերին հաստատված կտանք համայնքին, համայնքը այդ ամիսներին մրցույթ կհայտարարի, կունենա շինարար և եղանակների բարենպաստ լինելուն պես կարելի է արդեն շինարարական աշխատանքներ իրականացնել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գյուղական փողոցների սալարկման խնդիրներին անդրադարձավ՝ նշեով, որ տվյալ սուբվենցիոն ծրագրերում բարձրացրել են կառավարության տոկոսը․ «Այն, ինչ պետական միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը։ Մանկապարտեզների դեպքում մենք այդ խնդիրը լուծել ենք, նույնը պետք է փողոցների դեպքում անենք, մենք փողոցում համայնք ենք կառուցում, բա համայնքին հարց չենք տալիս՝ հարգելի համայքն, այս փողոցը ոնց ենք սպասարակելու, դրա համար իրենց բյուջեում պետք է լինեն համապատասխան միջոցներ»։

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ երկրի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և կառավարության նիստին քննարկված խնդիրնեչրը իրար հետ գենետիկ կապ ունեն․ «Մենք միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում, լավ ենք անում, և պիտի շարունակենք, բայց միևնույնն է, անձրևը գալիս է, կամ քամին բերում է ինչ-որ բան, դա հետո պետք է մաքրել, եթե չանենք, 6 ամիս հետո, 1 տարի հետո լավ արած ասֆալտի վրա 10 սանտիմետր ցեխ է առաջանալու։ Ես երբեմն մտածում եմ՝ կառավարության նիստում այսպիսի հարցեր ենք քննարկում, մարդիկ կասեն՝ ինչից են խոսում, նայեք մեր երկիրը ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց իմ խորը համոզմունքն այն է, որ այս ու այն բևեռները իրար հետ գենետիկ կապ ունեն։ Որովհետև դա ընդհանուր հայացք է, ընկալում է, մտածելակերպ է։ Այն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել