Հակասակա՞ն, թե՞ հետևողական որոշումներ․ ԱՄՆ-ում աբորտի և զենք կրելու իրավունքների վերաբերյալ որոշումների մասին․ AP
16:41 - 29 հունիսի, 2022

Հակասակա՞ն, թե՞ հետևողական որոշումներ․ ԱՄՆ-ում աբորտի և զենք կրելու իրավունքների վերաբերյալ որոշումների մասին․ AP

ԱՄՆ Գերագույն դատարանը օրերս չեղարկել է սեփական ցանկությամբ հղիության ընդհատման կանանց իրավունքի մասին 1973 թ-ի «Ռոուն՝ ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը։ Այժմ աբորտի հարցը որոշվելու է երկրի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակում։ Դատարանը ևս մեկ որոշում է կայացրել հանրային վայրերում զենք կրելու իրավունքի մասին՝ համարելով, որ ամերիկացիներն այդ իրավունքն ունեն։ Այս որոշմամբ չեղարկել է ավելի վաղ Նյու Յորքում ընդունված օրենքը, որը սահմանափակում էր զենք կրելու քաղաքացիների իրավունքը։ Դրա համաձայն՝ նրանք, ովքեր ցանկանում էին զենք կրելու թույլտվություն ստանալ, պետք է ապացուցեին, որ իրենց կյանքին որևէ բան է սպառնում։ Գերագույն դատարանը այս պահանջը հակասահմանադրական է ճանաչել։ Associated Press-ը գրում է դատարանի այս երկու որոշումների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ամերիկյան կյանքում ամենասուր բևեռացումն առաջացնում են աբորտի և զենքի հարցերը։ Եվ վերջին մի քանի օրում այս հարցով Գերագույն դատարանի կարևորագույն վճիռներն ամեն ինչ արեցին՝ բացի այս բևեռացման հարցը լուծելը։ Այս որոշումները վեճեր են առաջացրել․ արդյո՞ք դատարանի պահպանողական անդամները հավատարիմ ու հետևողական են երկրի պատմության և սահմանադրության հարցում, թե՞ հղում են անում դրանց՝ իրենց քաղաքական նախապատվություններն արդարացնելու համար։

Որոշ քննադատների կարծիքով՝ այս որոշումներն ակնհայտ և խորապես վնասակար հակասություն են պարունակում։ Ինչպե՞ս կարող է դատարանն արդարացնել զենք կրելու կարգավորումների հարցում նահանգների որոշումների սահմանափակումը, բայց ընդլայնել նրանց իրավունքները աբորտի կարգավորումների պարագայում։

«Երեսպաշտությունը մոլեգնում է, իսկ վնասն անսահման է», - նախորդ շաբաթ հայարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոլոսին այն բանից հետո, երբ դատարանը հրապարակել է աբորտների մասին իր որոշումը։

Այս որոշման կողմնակիցների կարծիքով՝ դատարանը հավատարիմ է երկրի հիմնարար սկզբունքներին և ուղղում է անցյալի սխալները։

Դատարանն ուղղել է պատմական սխալը՝ չեղարկելով աբորտի իրավունքը, որը գործել է շուրջ 50 տարի, հունիսի 24-ին հայտարարել է նախկին փոխնախագահ Մայք Փենսը։

«Ռոուն ընդդեմ Ուեյդի» օրենքի՝ աբորտի իրավունքը հաստատող 1973 թ-ի վիճելի որոշման կողմնակիցներն ասում են, որ Գերագույն դատարանն այն ժամանակ արել է մի բան, ինչի համար այժմ ոմանք մեղադրում են դատավորներին՝ հարմարացրել և խեղաթյուրել է իրավաբանական փաստարկները՝ դրանք համապատասխանեցնելով քաղաքական դիրքորոշումներին։

Սակայն շատերն են համաձայն, որ, չնայած որոշումների հակասական լինելուն, դատավորներն աբորտների և զենքի վերաբերյալ որոշումները կայացնելիս, համենայնդեպս, հետևել են իրավունքի տեսությանը։

«Ես հասկանում եմ, որ ասածս կարող է երեսպաշտություն թվալ, սակայն դատարանի պահպանողական մեծամասնության համար, սա հետևողական մոտեցում է երկու գործերին էլ», - ասում է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ալբերտը։

Սակայն հետևողականությունը չի կարող քողարկել այն փաստը, որ դատարանում տեղաշարժ է տեղի ունեցել այն օրվանից, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեք պահպանողականների է նշանակել։ Եվ սա, հավանաբար, էլ ավելի կխճճի հասարակության կողմից այս ինստիտուտի ընկալումները, որն իրեն քաղաքականությունից բարձր է համարում, ասում են փորձագետները։

Երկու որոշումներն էլ «գալիս են նույն դատարանից, որի լեգիտիմությունը կտրուկ նվազում է», - ասում է սահմանադրական իրավունքի մասնագետ Լոուրենս Թրայբը։

Այս շաբաթ ընդունված երկու որոշումներն էլ իրավաբանական առումով շատ ավելի հետևողական են, քան կարծում են քննադատները, կարծում է Քլիվլենդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոնաթան Էնթինը։

«Մենք կարող ենք վիճել Երկրորդ լրամշակման իմաստների մասին, սակայն դրանում ուղղակիորեն խոսվում է զենքի պահպանման և կրման իրավունքի մասին, մինչդեռ աբորտի հասանելիության իրավունքը հստակ արձանագրված չէ սահմանադրությունում», - ասում է նա։

Ոչ բոլորն են համաձայն այս կարծիքի հետ։

«Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք երկակի ստանդարտների հետ», - ասում է Փեփերդայնի համալսարանի պրոֆեսոր Բարրի Մաքդոնալդը՝ մեկնաբանելով դատավորների փաստարկներն այն մասին, որ երկու որոշումներն էլ հիմնված են օրենքի և պատմության ճշգրիտ ընկալման վրա։

Սակայն սովորական ամերիկացիների մեծ մասը ծանոթ չէ այս խճճված իրավաբանական տեսությանը։ Փոխարենը շատերը դատարանի գործողությունները գնահատելու են՝ հիմնվելով դատավորների շարժառիթների սեփական ընկալման և իրենց կյանքում այս որոշումների ացդեցության վրա, ասում են փորձագետները։

Շատերն այս որոշումները, հավանաբար, ընկալելու են՝ որպես Թրամփի նշանակումների անմիջական արդյունք և նրա օրակարգին հետևելու վճռականություն, ինչը դատարանը դարձնում է «ավելի շատ քաղաքական ինստիտուտ, քան օրենքի», - ասում է Մաքդոնալդը։

Թրայբի խոսքով՝ դատավորները կարող են պնդել, թե իրավաբանական առումով հետևողական են եղել։ Սակայն զենքի և աբորտի մասին այդ որոշումները իրարամերժ են թվում, քանի որ դատարանը պնդում է, թե պաշտպանում է անհատի իրավունքները, սակայն հետո սահմանափակում է սեփական մարմնի նկատմամբ ամերիկացիներից շատերի վերահսկողության իրավունքը»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել