#Կարճասած
#Մանրամասն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավարում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։
Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը
Նախորդ դատական նիստին ավարտվել էր գործում առկա ապացույցների հետազոտումը, այժմ դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Դատակոչված վկաների հարցաքննությունը սկսելուց առաջ դատավոր Ջոն Հայրապետյանը նրանց նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ պարզաբանեց, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունք տալ, եթե ողջամտորեն ենթադրում են, որ իրենց հայտնած տեղեկությունները կարող են գործածվել իրենց կամ իրենց մերձավոր ազգականների դեմ։ Նման ցանկություն վկաներից ոչ ոք չհայտնեց։
Ըստ Արսեն Ղուկասյանի՝ ամբաստանյալը ավելի վաղ ստացած վերքը քչփորել է, որպեսզի ենթադրյալ դեպքի օրը մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի
Հարցաքննված առաջին վկան Արսեն Ղուկասյանն էր։ Նրա եղբայրը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ եղբորորդին անհետ կորած է առ այսօր։ Դատավորի հարցին, թե իր աջ ու ձախ կողմում նստած անձանցից ում է ճանաչում, Ղուկասյանը պատասխանեց՝ խուսափելով տալ ամբաստանյալի անուն-ազգանունը․ «Այս անձնավորությանը»,- ասաց նա․ «Բարեկամական, ազգակցական հարաբերություններ չկան, թշնամական էլ չեմ ասի, բայց անձնական հակակրանք կա»։
Ղուկասյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը՝ 2020 թ սեպտեմբերի 27-ին, իր եղբայրը մեկնել է ռազմաճակատ՝ որդու մոտ, որը ժամկետային նորակոչիկ էր, ծառայում էր Ջաբրայիլում։ Մի քանի օր Ղուկասյանն իր եղբոր հետ կապի մեջ է եղել, սակայն հոկտեմբերի 3-ից սկսած՝ կապը կորել է, եւ հասկանալով, որ մի բան այն չէ՝ ինքը սկսել է նախապատրաստվել եւ հոկտեմբերի 6-ի առավոտյան մեկնել է Արցախ՝ եղբորը գտնելու։ Նրա խոսքով՝ այդ օրը Հադրութում իրեն դիմավորել է նույն զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը, որը հայտնել է, որ Ջաբրայիլի զորքը Հադրութի դպրոցում է, քանի որ Ջաբրայիլը, որպես այդպիսին, արդեն հանձնած էր։ Այդ օրը փորձել է գտնել եղբորորդուն, բայց չի հաջողվել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին միայն, տղայի նկարը զինվորներին ցույց տալով, գտել է, խոսել են իրար հետ, լուսանկարվել։
Նույն հոկտեմբերի 7-ին, ըստ Ղուկասյանի ցուցմունքի, ինքը դպրոցում հանդիպել է նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանին, որը, իր տպավորությամբ, արդեն իսկ վիրավոր էր․ «Երբ ես Հադրութի դպրոցում էի, էրեխուն նկարում էի, էնտեղ երեւում է, որ ինքը (նկատի ունի՝ ամբաստանյալը,-հեղ․) նստած է հետույքի մի այտի վրա, ամբողջությամբ նստած չէ, այսինքն՝ ավելի շուտ է վիրավորված եղել, ես հետո իմացել եմ, որ գործի ընթացքում ասել է, թե ամսի 10-ին է վիրավորված եղել, բայց ոչ, ամսի 10-ին ինքը իր հին վերքը քչփորել է, ասել է՝ վիրավոր եմ, ու դա որպես պատրվակ ներկայացնելով՝ թողել, փախել է»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ մեկ հոգի չէ, որ ասել է այս մասին, ինքը բազմաթիվ զինվորների հետ է զրուցել։ Դատավորը հետաքրքվեց՝ ավելի վաղ վիրավորում ստանալու մասին կոնկրետ ո՞վ է հայտնել, ինչին ի պատասխան՝ վկան զինվորների անունները մտաբերել չկարողացավ, նշեց միայն Գարիկ Վարդերեսյանի անունը․ վերջինս ամբաստանյալից առաջ եղել է նույն այդ գումարտակի հրամանատարը․ «Երբ ես Գարիկի հետ խոսեցի, ինքն ասաց` բա պիտի մի թշի վրա լիներ, բա ինքը վիրավորվել էր դրանից առաջ, ասում էին՝ ամսի 2-ին, բայց ես դա հաստատ չեմ կարող ասել»,- նշեց նա։
Դատավորը հետաքրքրվեց՝ լուսանկարի հետ կապված այդ տեղեկությունն ինքը քննիչին հայտնե՞լ է, ինչը Արսեն Ղուկասյանը դժվարացավ մտաբերել՝ ենթադրելով, որ կարող է եւ բաց թողած լինի։ Դատարանն արձանագրեց, որ լուսանկարի եւ դրանում ամբաստանյալի երեւալու մասին տեղեկությունները նախաքննական ցուցմունքում առկա չեն։
Լուսանկարում՝ վկա Արսեն Ղուկասյանը
Շարունակելով իր ցուցմունքը՝ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ քանի որ տեսել է, որ եղբորորդու հետ ամեն ինչ նորմալ է, գնացել է եղբոր հետեւից․ իր խոսքով՝ այդ օրը իրեն զանգահարել էին՝ ասելով, թե ոմն Անդո Սոնասարում տեսել է իր եղբորը, տեղն էլ գիտի։ Այնտեղ, սակայն, եղբորը գտնել չի հաջողվել (հետագայում պարզվել է, որ նա զոհվել է հոկտեմբերի 2-ին, իսկ դին հայտնաբերվել է դեկտեմբերի 15-ին), եւ Ղուկասյանը հոկտեմբերի 9-ին նորից վերադարձել է Հադրութ։
Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին արդեն, եղբորորդին է զանգահարել իրեն՝ հայտնելով, որ շրջափակման մեջ են։ Նշենք, որ այդ խոսակցության ձայնագրությունը Ղուկասյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, եւ առաջին դատական նիստին դատարանն այն հետազոտել է․ «Անելանելի վիճակի մեջ են եղել, կապի միջոց չեն ունեցել, եթե ունենային, կկապվեին ԱԱԾ-ի զորքերի հետ, որպեսզի կարողանային իրենց տեղը ասել, միակ միջոցը եղել է հեռախոսը, որով կապվել են ինձ հետ՝ իմանալով, որ ես մոտակայքում եմ, ես էլ իմ հնարավորության սահմաններում արել եմ ամեն ինչ, որ ինչ-որ ձեւ օգուտ տամ, բայց ստացվել է այնպես, որ չի ստացվել, քանի որ իրենք եղել են առանց վերադասի»։ Ղուկասյանի խոսքով՝ իր եղբորորդու հետ վերադաս անձնակազմից եղել է դասակի հրամանատար, որը, ըստ իր տեղեկությունների, զանգից կես ժամ անց զոհվել է դիպուկահարի կրակոցից․ «Ու էրեխեքը մնացել են առանց սպայի, զինվորներ, որոնք եղել են նորակիչներ․․․»- ասաց նա։
Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ հեռախոսազանգը ստանալուց հետո ինքն ի՞նչ գործողություններ է իրականացրել․ «Զանգից հետո դիմել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, հաղորդումը տրվել է մինչեւ ՊՆ, դրանից հետո զանգել եմ իմ զարմիկին, որը ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում, ասել եմ, որ էսպիսի իրավիճակ է, դրանից հետո ինքն էլ է կապվել նրանց հետ, ուղղություն է տվել, բայց թե դրանից հետո ինչ է եղել․․․»։ Ըստ Ղուկասյանի՝ վերջին տեղեկություններով՝ շրջափակման մեջ հայտնված 13 տղաներից 11-ը փրկվել են Վանաձորի հատուկ ջոկատայինների շնորհիվ, մեկը՝ Գեւորգը, զոհվել է, իսկ մյուսը՝ իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը, առ այսօր անհետ կորած է․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդը հայկական համազգեստ կրելիս է եղել, խոսել է հայերեն, դրա համար էրեխեքը արդեն չեն իմացել՝ հայը որն է, թուրքը որն է, անգամ, երբ Գեւորգին խփել են, նա ասել է՝ արա, հայ եմ, մի խփեք, այսինքն՝ չի էլ հասկացել՝ հայ է եղել թե թուրք, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ եղել է թուրք, որը համազգեստը փոխած է եղել»։ Հետագայում զինվորները իրենց ցույց են տվել, թե կոնկրետ որտեղ է Գեւորգը սպանվել, որտեղ՝ Սարգիսը կորել․ «Դա Հադրութի ամենաներքեւի հատվածն է եղել, իրենց համարյա բան չէր մնացել հասնելու, էդ ամբողջը քարտեզի վրա ես ունեմ»։
Վկան պատմեց նաեւ, որ պատերազմից հետո իրենք ծնողներով ընդգրկվել են որոնողական աշխատանքների մեջ, որի ժամանակ եւս ինքը հանդիպել է ամբաստանյալին․ «Քանի որ ինքն է եղել այդ գումարտակի հրամանատարը, մեր պահանջով եկել է Ստեփանակերտ, փախել-փախել էր, գոնե գար, որոնողական աշխատանքներին մասնակցեր, դիակները հաներ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տղերքի հետ գնացել է որոնողականի, իսկ երեկոյան, երբ վերադարձել են, ես տղերքից հարցրել եմ՝ ի՞նչ արեց, պատասխանեցին՝ բացարձակ ոչ մի բան, անգամ մեքենայից չիջավ, այսինքն՝ բոլորին էլ արդեն հայտնի է, թե ինքը ով է, ինչ է»,- ասաց Արսեն Ղուկասյանը։
Ըստ վկա Վազգեն Վարդանյանի՝ ենթադրյալ դեպքի ժամանակ բեկորային վնաս հասցնող զինատեսակներ չեն կիրառվել, այնինչ ըստ ամբաստանյալի հիվանդության պատմագրի՝ նա բեկորային վնասվածք է ստացել
Դատակոչված մյուս վկան Վազգեն Վարդանյանն էր, որը, պատերազմի օրերին որպես վաշտի հրամանատար, ծառայել է ամբաստանյալի ղեկավարած գումարտակի կազմում, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։
Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին, երբ Հադրութի դպրոցում հանդիպել է ամբաստանյալին, նկատել է, որ նա ինչ-որ վիրավորում ունի, ծանր է շարժվել, եւ ինքը լսել է, որ ամսի 2-3-ի մոտակայքում վիրավորում է ստացել, բայց մանրամասներին տեղյակ չէ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, ուղեւորվել են Խուռհատ սար՝ փոխարինելու այնտեղ գտնվող 3-րդ գումարտակին։ Դատավորի հարցին, թե ինչպիսին է եղել ամբաստանյալի քայլվածքն այդ ժամանակ, վկան պատասխանեց, որ նորմալ է քայլել, կիսակաղալով։
Ըստ նրա՝ այդ օրը, երբ դիրքավորվել են, հեռակա մարտ է եղել, մեծ վնասներ են հասցրել հակառակորդին, իսկ հաջորդ օրը՝ արդեն հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Վահանյանն իրեն շատ մոտ է գտնվել, ու ինքը նկատել է, որ «վախ-վախ» ասելով՝ նա հեռացել է, դրանից հետո նրան էլ չի հանդիպել․ «Որ վազեց ճանապարհի կողմ, մենակ էր, «վախ-վախ» էր ասում, դա եմ լսել միայն, ինձ ոչ մի բան չի ասել, մտածեցի՝ վիրավորվել է երեւի»։ Արյան հետքեր եղել են թե ոչ՝ վկան ուշադրություն չի դարձրել։
Լուսանկարում՝ վկա Վազգեն Վարդանյանը
Դատախազը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջադրանք է տրվել Խուռհատ սարում, եւ ով է այն ղեկավարել․ «Գումարտակի հրամանատարի ղեկավարությամբ անցել ենք պաշտպանության, հարձակում գործելուց հետո ղեկավարել է գումարտակի հրամանատարը եւ գնդի հրամանատար Նելսոն Հակոբջանյանը, երբ մարտական գործողությունները սկսվել են, Նելսոնը առաջ է մղվել, էդտեղ զոհվել է, դրանից հետո գործողությունները ղեկավարել սկսել է ամբաստանյալը»։ Վկան չմտաբերեց, որ Վահանյանը կոնկրետ որեւէ առաջադրանք տված լինի։ Դատախազի մյուս հարցին, թե այդ ընթացքում ինչ զինատեսակներով է թշնամին կրակել, նա պատասխանեց․ «Տարբեր զինատեսակներ եղել են, այդ պահին կոնկրետ հրաձգային զենքեր են եղել»։ Հարցին՝ դրանցից բեկորային վնաս հնարավո՞ր էր ստանալ կամ ականներ, այլ պայթյուններ, որոնցից հնարավոր կլիներ բեկորային վնասվածք ստանալ, եղե՞լ են, վկան բացասական պատասխան տվեց։
Վազգեն Վարդանյանի խոսքով՝ ամբաստանյալի հեռանալուց հետո դեռ 20-30 րոպե շարունակել են կռվել, բայց հետո արդեն չեն կարողացել այդտեղ մնալ, եւ քանի որ կապի միջոց չեն ունեցել, չեն կարողացել նաեւ վերադաս հրամանատարության հետ խոսել․ «Հետո արդեն անձնակազմն անկանոն ներքեւ էր իջնում, իրենք էլ երեւի չգիտեին, թե ուր, մենք չենք կազմակերպել նահանջ, զորքը իր ոտքով, ինքնըստինքյան է հետ քաշվել, մենք՝ սպաներով՝ ես եւ Հայկազ Գրիգորյանը, փորձել ենք էդ անձնակազմին ավելի անվտանգ ճանապարհով դուրս հանել, մեզ մնում էր պահել էդ էրեխեքին, որպեսզի մինչեւ վերջին զինվորը դուրս գա ճանապարհ, հասնի մնացած զորքին»։ Ի պատասխան դատախազի հարցին՝ այդ խուճապային իրավիճակը Վահանյանի գնալուց հետո՞ ստեղծվեց, վկան նշեց, որ ե՛ւ գնալուց հետո, ե՛ւ մինչ դա։
Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը
Դատախազ Գեւորգ Ավետիսյանը նաեւ հարցրեց՝ կարո՞ղ են եզրահանգել, որ այդ անձնակազմը ավելի շատ ղեկավարման եւ ուշադրության կարիք ուներ, քանի որ նրանց շարքում նաեւ նորակոչիկներ կային․ «Բնականաբար, նորակոչիկը ավելի շատ կարիք ունի, պատրաստված չէին»,- ասաց նա․ «Իմ վաշտում էլ բացի սերժանտներից մնացածը նորակոչիկ էին, զինվոր կար՝ 20 օրվա ծառայող էր»։ Նա նշեց, որ ժամանակը շատ քիչ է եղել, չեն հասցրել նորմալ պատրաստել նրանց։ Հարցին՝ Վահանյանը տեղյա՞կ էր այդ մասին, նա պատասխանեց․ «Բոլորն էլ տեղյակ էին»։
Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը փորձեց թվային մոտավոր պատկեր ստանալ՝ ասելով․ «370-ից ավելի նորակոչիկ եք ունեցել, նրանցից մոտ 150-ն են տուն եկել, 250-ը չեն եկել, ո՞ւմ թեթեւ ձեռքով այդ հրամանը տրվեց»,- վրդովվեց նա։
Վազգեն Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ից հետո, երբ տեղակայվել են գյուղերի մոտակայքում, իրենց գումարտակի հրամանատար են նշանակել Տիգրան Թովմասյանին։ Նրանից եւ Վահանյանից առաջ գումարտակը ղեկավարել են նախ Սամվել Սահակյանը, ապա՝ Գարիկ Վարդերեսյանը։ «Իսկ Վարդերեսյան Գարիկը ասում էր՝ Վահանյան Իշխանը էրեխեքին գցեց մսաղաց, բերեցին, իմ գլխին սարքեցին, ինձ դրեցին հրամանատար»,- տեղից բղավեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ բացականչելով․ «Ո՞ւմից ես վախենում, Վազգեն»։
Ծնողները պարբերաբար դժգոհում էին, որ վկան դատարանին չի ասում այն, ինչ նախկինում իրենց է հայտնել, նախագահող դատավորն էլ հորդորում էր նրա վրա ճնշումներ չգործադրել։
Վազգեն Վարդանյանից հետաքրքրվեցին նաեւ՝ գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, ըստ կանոնակարգի, ի՞նչ ձեւ պետք է իրականացվեր գումարտակի հրամանատարի լիազորությունների փոխանցումը․ «Կարգը այսպիսին է․ ինքը պետք է նշանակի իրեն փոխարինողին, խնդիրը տա, նոր գնա, այդ պարագայում կապի միջոցների հանձնում շատ պետք էր, վերադաս հրամանատարության հետ միակ կապը դրանով էր հնարավոր, բայց դա մեր մոտ չի եղել, ենթականերից որեւէ մեկին լիազորությունների փոխանցում էլ չի եղել»,- ասաց նա։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը մարտի դաշտը լքելիս կապի սարքն իր հետ տարել է։
Բժշկի խոսքով՝ Խնձորեսկի բուժկետում, որտեղ մեկ շաբաթ մնացել է ամբաստանյալը, պահում էին այն վիրավորներին, որոնց վիճակը ծանր չէր
Դատակոչված հաջորդ վկան բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանն էր, որը պատերազմի սկզբնական օրերին եղել է Իշխանաձորի շարժական հոսպիտալում, հետագայում տեղափոխվել է Խնձորեսկ՝ աշխատելով այնտեղ որպես բժիշկ։ Չախոյանը, սակայն, Վահանյանին ընդունող կամ բուժող բժիշկը չի եղել, մի քանի անգամ միայն բուժզննում է իրականացրել, եւ հանգամանքները հիշում է այնքանով, որքանով արձանագրված է ամբաստանյալի հիվանդության պատմագրում։
Դա հաշվի առնելով՝ դատավոր Ջոն Հայրապետյանը պատմագիրը տրամադրեց Չախոյանին՝ խնդրելով իրենց համար պարզաբանել այնտեղ կատարված նշումները։ Ըստ դրանց՝ հոկտեմբերի 10-ին Վահանյանը ընդունվել է աջ ազդրի վերին երրորդի կույր բեկորային վիրավորում ախտորոշմամբ, եւ հայտնել է, որ այդ օրը մարտական գործողությունների ժամանակ է վիրավորում ստացել։ Կատարվել է առաջնային մշակում, դրվել է ռետինե խողովակ։ Դրանից հետո Չախոյանը զննում իրականացրել է հոկտեմբերի 13-ին եւ 15-ին։ Առաջին օրը նշել է, որ վիճակը նորմալ է, վերքը հանգիստ վիճակում է, իսկ երկրորդ անգամ նշել է, որ հետագա բուժման տակտիկան որոշելու համար ուղեւորվում է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Առկա նշումներից, սակայն, պարզ է դառնում, որ Վահանյանը այդտեղից դուրս է գրվել ոչ թե այդ օրը, այլ միայն հոկտեմբերի 17-ին։
Լուսանկարում՝ բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանը
Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հարցրեց վկային, թե հոկտեմբերի 13-ին վերքը ի՞նչ վիճակում է եղել, դա նոր վերքի նմա՞ն է եղել, ինչին նա դժվարացավ պատասխանել․ «Ես այդ ժամանակ չեմ գնահատում, նպատակ, միջոց էլ չունեմ ենթադրելու՝ գուցե ամսի 10-ի չէ, 6-ի է»։ Համենայն դեպս, վկան նշեց, որ եթե գրել է, որ վերքը հանգիստ է, հավանաբար լավ վիճակ է եղել, վատթարացում չի եղել։ Հարցին՝ արդյո՞ք այդ վնասվածքը կարող էր նրան զրկել իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, վկան դարձյալ դժվարացավ պատասխանել, քանի որ վիրավորների մեծ հոսք է եղել, եւ ինքը չէր հիշում, թե կոնկրետ դեպքում վերքը ինչ աստիճանի է եղել․ «Վերքը ինքնին ենթադրում է շարժումների սահմանափակում, բայց թե ինչ աստիճանի, դժվարանում եմ ասել, դրան պետք է մի քիչ ավելի մանրամասն գնահատական տրվի»։
Հիվանդության պատմագրում հոկտեմբերի 27-ի գրառումը կատարված էր մի ձեւաթղթի վրա, որի վերեւում գրված էր «Վիրահատության հիմնավորում»։ Դատավարության մասնակիցները խնդրեցին բժշկին մեկնաբանել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ նա վիրահատվել է․ «Կարծում եմ՝ չէ, դա կապ չունի, դա պատմագրի ձեւն է, գրառումը պարզապես այդտեղ են արել, կարող էին այլ թուղթ կպցնել, թղթի վրա անել, բայց իմ պրակտիկայում շատ հաճախ գրառումները խառն են լինում»։ Ըստ նրա՝ եթե վիրահատություն կատարված լիներ, ենթադրվում է, որ վիրաբույժն էլ, անասթազիոլոգն էլ մանրակրկիտ գրառումներ կանեին այդ մասին։ Նշենք, որ դեռ առաջին դատական նիստին պատասխանելով այդ ձեւաթղթի վերաբերյալ դատավորի հարցին՝ Իշխան Վահանյանը հաստատել էր, թե ինքը հոկտեմբերի 27-ին վիրահատվել է։
Չախոյանի խոսքով՝ ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ իրենց մոտ՝ Խնձորեսկում տեղակայված բժշկական կետում, որպես կանոն, պահել են նրանց, որոնց վիճակը ծանր չի եղել, իսկ այն տուժածներին, որոնց կյանքին վտանգ է սպառնացել, շտապ վիրահատել են կամ տեղափոխել համապատասխան հոսպիտալներ։ Ըստ հիվանդության պատմագրի՝ Վահանյանն այդ բուժկետում մնացել է մեկ շաբաթ, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս ենթադրելու, որ նա առաջնային պլանում չի եղել։
Իշխան Վահանյանը կապիտան Կարեն Գրկիկյանին ասել է, թե իր զինվորներին է փնտրում
Հարցաքննված հաջորդ վկան ՊԲ ինժեներասակրավորային ծառայության սպա, կապիտան Կարեն Գրկիկյանն էր, որը ծառայելիս է եղել Ջաբրայիլի զորամասում, իսկ պատերազմի օրերին կոնկրետ առաջադրանքներ կատարելու նպատակով շրջել է տարբեր հատվածներում, այդ թվում եւ՝ Հադրութում։
Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին, երբ անցնելիս է եղել Հադրութից դուրս եկող ճանապարհով, տեսել է միայնակ քայլող Իշխան Վահանյանին, հարցրել է՝ ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, թե զինվորներին է ման գալիս։ Այլ հարցեր չի տվել, իսկ նրա քայլվածքում արտասովոր բան չի նկատել, իր մեքենայով նրան իջեցրել է «9 կիլոմետր» կոչվող հատված, եւ բաժանվել են։ Դատավորը հարցրեց՝ չի՞ հետաքրքրվել, թե ում նկատի ունի՝ զինվորական անձնակազմ ասելով, արդյո՞ք զինվորներին, թե՞ օրինակ, ՄՈԲ-ի անձնակազմին․ «Այո, զինվորներին, բայց ես երկար ժամանակ չեմ ունեցել, որ խոսենք, կրակում էին ահավոր, ասաց՝ իջնում եմ, ասացի՝ արի՝ իջեցնեմ»։ Դատավորի ճշտող հարցին՝ ի՞նչ է նշանակում անձնակազմին ման գալ, արդյո՞ք զինվորները չպիտի զորամասում կամ դիրքերում լինեին․ «Դե եթե էդպես են ասում, ուրեմն՝ փախել են»,- պատասխանեց վկան։ Նրա այս արտահայտությունը զայրացրեց դահլիճում ներկա ծնողներին, որոնք տեղից սկսեցին բղավել․ «Էդ արտահայտությունը էլ չանես»,- ասացին նրանք։
Շարունակելով իր ցուցմունքը՝ կապիտանը պատմեց, որ Վահանյանին հանդիպել է մեկ էլ Հադրութի դպրոցում։ Օրը հստակ հիշել չկարողացավ, միայն նշեց, որ հոկտեմբերի 7-10 ընկած ժամանակահատվածում է եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ զրուցե՞լ է հետը, ի՞նչ վիճակում է եղել ամբաստանյալն այդ ժամանակ․ «Տեսել եմ, բարեւել եմ, գնացել եմ, չեմ հետաքրքրվել առողջությամբ, առերեւույթ նորմալ է եղել, արտասովոր բան չեմ տեսել»,- ասաց վկան՝ ընդգծելով, որ իր անմիջական պետը Վահանյանը չի եղել, ինքը նրա հետ կապ չի ունեցել։
Լուսանկարում՝ կապիտան Կարեն Գրկիկյանը
Դատախազը հարցրեց՝ իրեն ի՞նչ է հայտնի Խուռհատում տեղի ունեցած դեպքերից, ինչին ի պատասխան՝ Գրկիկյանն ասաց, որ իմացել է, որ հոկտեմբերի 10-ից հետո վիրավորներ, զոհեր եղել են, բայց կոնկրետ շրջափակման մեջ հայտնված ողջ զինծառայողների մասին չի լսել։ Տուժողի իրավահաջորդներից մեկը դարձյալ վրդովվեց․ «Ո՞նց է ձեր բախտը բերել, դուք պատերազմի մեջ փրկվել եք, մեր էրեխեքը զոհվել են»,- ասաց նա։ Դատավորն արձանագրեց, որ հարցը մեղադրանքի հետ կապ չունի, ուստի հանվում է։
Դատավորը նաեւ հարցրեց՝ եթե ինքը, որպես զինծառայող, վիրավորում ստանա, իրավունք ունի՞ լքելու ծառայության վայրը․ «Նայած ինչ վիրավորում․ եթե կյանքիդ վտանգ է սպառնում, ոչ պիտանի ես դառնում․․․»։ Ճշտող հարցին, թե ո՞վ պետք է դա գնահատի, վկան պատասխանեց․ «Դե, օրինակ եթե թեւդ կտրվի, արդեն ոչ պիտանի ես, եթե ջերմում ես, գրիպ ես, միանշանակ ոչ, թեթեւ հիվանդության դեպքում՝ միանշանակ ոչ»։ Դատավորը ճշտեց՝ ինտուիցիայո՞վ է պատասխանում թե՞ ըստ Կանոնագրքի․ «Առաջինը՝ ինտուիցիայով, հետո էլ՝ Կանոնագրքով»,- պատասխանեց նա․ «Ինքս էլ պատերազմի ժամանակ ավտովթարի եմ ենթարկվել, բեկոր եղել է ձեռքի հատվածում, բայց չնչին, զորամասի հոսպիտալում բուժել են, 5 օր արձակուրդ գրել, բայց ես շարունակել եմ ծառայությունս»։
ԳՇ գնդապետը պարզաբանեց Մարտական կանոնադրության դրույթները
Երեկ հարցաքննված վերջին վկան Գլխավոր շտաբի գնդապետ, պատերազմի ժամանակ Կրակային խոցման պլանավորման խմբի պետի տեղակալ Նորայր Կարապետյանն էր, որը դատավարության մասնակիցներին չէր ճանաչում, դատակոչվել էր մարտական կանոնադրության դրույթները պարզաբանելու նպատակով։
Պատասխանելով դատախազի եւ դատավորի հարցերին՝ նա հայտնեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ գումարտակի հրամանատարության գործողությունները կանոնակարգվել են Մարտական կանոնադրության 2-րդ մասով՝ հաստատված Պաշտպանության նախարարի կողմից։ Ընդհանուր առմամբ, գումարտակի հրամանատարի պարտականությունը մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների հմուտ ղեկավարումն է՝ մարտական խնդրի բարեհաջող իրականացման համար, իսկ նահանջի ժամանակ, ըստ Կարապետյանի, գումարտակի հրամանատարը այդ մասին պետք է զեկուցի վերադաս հրամանատարությանը, եւ հաստատում ստանալուց հետո միայն դա իրագործվի․ «Այդ ժամանակ նշանակվում են պահպանվող ստորաբաժանումներ, որոնք մարտով ապահովում են հիմնական ուժերի նահանջը կամ հետքաշումը նոր բնագիծ, այնուհետեւ այդ ուժերն են հետ քաշվում, միանում իրենց ստորաբաժանումներին»։ Ստորաբաժանումների ղեկավարումը, ըստ նրա, իրականացվում է կապի միջոցներով՝ գծալարային կապով կամ ռադիոկապով կամ ծայրագույն դեպքում սուրհանդակափոստային կապի միջոցով։
Գնդապետի խոսքով՝ մարտական կանոնադրության համաձայն՝ հրամանատարական կետի շարքից դուրս գալու դեպքում հրամանատարը իր որոշման մեջ պետք է ի սկզբանե հայտնի, թե ով է ստանձնելու ընդհանուր ղեկավարումը՝ նշելով իր տեղակալներից կամ վաշտի հրամանատարներից այն մեկին, որը ավելի հմուտ է եւ պատրաստված։ Կարգադրությունները կարող են տրվել բանավոր՝ հետագայում գրի առնելու պայմանով։ Դատախազը հարցրեց՝ իսկ պարտադի՞ր է, որ վերադաս հրամանատարությունը կամ գումարտակի անձնակազմը այդ փոփոխության մասին տեղեկանա, ինչին նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հակառակ դեպքում ղեկավարումը խաթարվում է։
Լուսանկարում՝ գնդապետ Նորայր Կարապետյանը
Դատախազն առաջարկեց հայտնել նաեւ, թե ինչ կարգով պետք է իրականացվի վիրավորների տարհանումը։ Վկան դժվարացավ մտաբերել, ասաց՝ կարող է Կանոնադրությունը բերել, միասին նայեն, հասկանան․ «Իսկ առհասարակ թեթեւ վիրավորում ստանալուց հետո արձակուրդ պատերազմի ժամանակ տրվո՞ւմ է»,- հարցրեց դատախազը։ Կարապետյանը հայտնեց, որ մարտական կանոնադրություններում նման բանի չի հանդիպել, մի գուցե այլ ակտերով է նախատեսված, ինքը չի կարող ասել։
Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը հարցրեց․ «Մարդկային տեսակետից, եթե վիրավորվածությունը վտանգ չի սպառնում, հրամանատարը կարո՞ղ է փախչել մարտի դաշտից թե՞ ոչ»։ Հարցին արձագանքեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ ասելով․ «Ձեր դիմաց կանգնած է ՊՆ ԳՇ գնդապետ, ով եկել է այստեղ ոչ թե բարոյական հարցերից խոսելու, այլ զինվորական»։ «Լավ, դուք լինեիք՝ կփախչեի՞ք»,- շարունակելով իր ելույթը՝ հարցրեց Ղազարյանը․ «Կներեք, որ հարցս սենց եմ տալիս, 18 տարեկան տղերքին կթողնեիք մարտի դաշտում, կփախչեի՞ք»։
Նորայր Կարապետյանը չմտաբերեց, թե որ ակտով է դա կարգավորվում, բայց նշեց, որ ցանկացած պարագայում, եթե հրամանտարը ունակ է ղեկավարելու մարտը, պետք է մինչեւ վերջ ղեկավարի»։
Տուժողի իրավահաջորդ Գարիկ Մխիթարյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք Կանոնադրությամբ սահմանված է, որ զինվորական երդում դեռ չտված նորակոչիկներին կարող են տանել առաջնագիծ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմի ժամանակ նորակոչիկը մարտի դաշտ դուրս գալի՞ս է թե՞ ոչ»։ Կարապետյանը նշեց, որ չի կարող հարցին պատասխանել։ Նիստերի դահլիճում իրավիճակը փոքր-ինչ լարվեց․ «Ո՞նց կարելի է չիմանալ», «Գնդապետ մարդը այդ հարցին պետք է պատասխանի»,- դժգոհեցին ծնողները։ Այնուհետեւ Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ 5-րդ գումարտակը համարվում էր ոչ մարտական, ուսումնական գումարտակ, որտեղ կային թե՛ մի քանի օր, թե՛ մի քանի ամիս ծառայող ժամկետայիններ․ «Ո՞նց եղավ, որ էդ օրը օրենք դուրս եկավ, եւ բոլորը հավասար համարվեցին մոտոհրաձգային գումարտակ, ու բարձրացան դիրքեր՝ այն դեպքում, երբ շատերը ծանոթ չէին զենքի հետ վարվելու կանոններին»։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով՝ ոչ մարտական զորամիավորումը մոտոհրաձգային դարձնելու կարգ կա՞․ «Մեր ղեկավար փաստաթղթերում սահմանված է, որ ուսումնական գումարտակները մարտական պատրաստության բարձր աստիճանների մարտական ռեժիմի անցնելուց վերափոխվում են, որոշակի ժամանակ հետո դրանք մարտական են, 2020 թ զորակոչը եղել է հուլիս-օգոստոս, այդ ընթացքում պետք է ստորաբաժանումը սկսեր համապատասխան ծրագրով պատրաստություն անցնել, ծանոթանալ զինվորի պարտականություններին, զինվորի գործողություններին մարտի դաշտում, առնվազն հրաձգային զենքին տիրապետեր»։
Հարց հղեց նաեւ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք մարտական գործողությունների մեջ գտնվող երկու եղբայրներից մեկը պետք է 100 կմ հեռավորության վրա գտնվի, որպեսզի տան ծուխը չմարի։ Դատավորը դարձյալ վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմական դրության ժամանակ հարազատ եղբայրների միաժամանակ մարտական գործողությունների մասնակցելու արգելքի վերաբերյալ նորմ կա՞», ինչին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց․ «Մարտական հերթապահության կրման համար կա, բայց ռազմական դրության ժամանակ չեմ հիշում, պետք է որ լինի»,- պատասխանեց նա։ Նշենք, որ Ղազարյանի երկու որդիները զոհվել են պատերազմում։
Նորայր Կարապետյանը միակ վկան էր, որին պաշտպանական կողմը հարցեր հղեց։ Մասնավորապես, պաշտպան Գեւորգ Պարունակյանը հետաքրքրվեց՝ զինվորական երդում չտված երեխաներին ո՞ւմ հրամանով կարող էին տանել, գումարտակի հրամանատարը նման իրավունք ունի՞․ «Ես չեմ հանդիպել այդպիսի բանի»,- պատասխանեց ԳՇ պաշտոնյան։ Այնուհետեւ պաշտպանը հարցրեց՝ պատերազմական դրության ժամանակ ո՞վ պետք է որոշում կայացներ հարազատ եղբայրների իրարից հեռու գտնվելու վերաբերյալ․ «Դա կարգավորող փաստաթղթեր կան, որտեղ նշված են, թե ով ինչ պարտականություններ իրավունքներ ունի»,- ասաց Կարապետյանը։ Պարունակյանը հարցրեց նաեւ՝ եթե դիվերսիոն խմբեր կան, ռմբակոծության հատվածում ապահով վայր ո՞րն է համարվում, ինչին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Եթե մարտի դաշտում են, խրամատը կամ խրամաճեղքերը կամ ապաստարանները, իսկ եթե քաղաքում են՝ նկուղային հարկը, ապաստարանը»։
Դատավորը հիշեցրեց, որ իրենք քննարկում են ոչ թե 44-օրյա պատերազմի ընդհանուր դեպքերը, այլ կաշկանդված են մեղադրանքի սահմաններով․ «Այսինքն՝ հարցերը այն ամենի շուրջ պետք է լինեն, ինչը վերաբերում է մեղադրանքին, թե երբ ով ինչ է արել, բոլորիս հետաքրքրում է, բայց դա այս դատաքննության սահմաններից դուրս է»։
Վկա Նորայր Կարապետյանը պարզաբանեց նաեւ, որ գումարտակները հաստիքային բուժակներ եւ սանիտարներ են ունենում, բայց տվյալ դեպքում հաստիքը լրացված եղել է թե ոչ, ինքը տեղյակ չէ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 2-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)