ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու նախագիծը ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Վահե Հակոբյանը Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։ Ընդ որում, Ազգային ժողովը 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը»։
Վարդանյանը տեղեկացրեց՝ ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր։ «Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, այնուհետև քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել։ Վահե Հակոբյանի կողմից չեն ստորագրվել նաև քարտուղարության հանձնվող օրակարգերի արձանագրությունները, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը և մի շարք այլ փաստաթղթեր»։
Նա նաև նշեց, որ հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան։ «Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին չի փոխանցել տնտեսվարողների կողմից ուղարկված մի շարք միջոցառումների մասնակցելու հրավերները՝ խոչընդոտելով պատգամավորների լիազորությունների իրացումն ու քաղաքացիների իրավունքները»։
comment.count (0)