Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|
09:32 - 19 հուլիսի, 2022

Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները, հակառակը:

«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների», - անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է՝ համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն:

Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա:

Նախարարն ընդգծեց՝ իր ներկայանալը այդ միջոցառմանը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը:

Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում, պարզել էր «Ազատության» նկարահանող խումբը: Նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Իսկ եթե այս տարածքը բացառվի, կգտնեն այլ լուծումներ, հավաստիացրեց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև անկանխիկ գործարքներին անցնելուն. հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտել է շրջանառության մեջ, և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

«Մենք խոսում ենք նրա մասին, որ կառուցենք երկիր, որ արժանի տեղ կլինի մեր երեխաների համար ապրելու», - նախ ասաց նախարարը՝ հավելելով, որ վաղուց պետք է ընկերություններում սովորած լինեին անկանխիկ գործարքներին:

Քերոբյանը կոչ արեց բոլորին մտածել, թե ինչպես թափանցիկ աշխատելով կարողանան աշխատել եկամտաբեր. «Հաճախ աշխատում ենք ցածր արտադրողականությամբ, և բիզնեսների խնդիրների մեծ մասը ցածր արտադրողականության մեջ է թաղված, և շատ ժամանակ ընկերությունների հիմնադիրները փոխանակ google անեն և տեսնեն, թե աշխարհի մյուս երկրներում իրնց գործընկերներն ինչպես են բարձր արտադրողականությամբ աշխատում նույն բիզնեսն անելիս, մտածում են, որ հարկերից խուսափելը կամ հարկերը թաքցնելը ամենալավ ձևն է փող աշխատելու: ՀՀ միջին բիզնեսը մոտ 7-8 անգամ ավելի ցածր արտադրողականություն ունի, քան նույն բիզնեսը տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ երկրների մեջ», - հավելեց նա:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ եթե դրամն էլի արժևորվի, Կենտրոնական բանկը պե՞տք է թույլ տա անվերջ լողալ, թե՞ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ԿԲ-ն հիմա ոչինչ չի անում, այնպես չէ, որ այս աշխատանքը միայն ԿԲ-ն պիտի անի: Մեր կարծիքով՝ 450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է մի շարք արտահանմանը միտված ոլորտներ»:

Հարցին, թե ունե՞ն ծրագրեր՝ ՀՀ տեղափոխված ռուս մասնագետներին երկրում պահելու համար, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք ՄըքՔենզի ընկերության հետ բավական լուրջ աշխատանք ենք կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք այն անելիքների ցանկը, որը անելու պարագայում կկարողանանք երկար պահել այս մարդկանց Հայաստանում:

Ամբողջ աշխարհում շատ սուր պայքար է նորարարական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդկանց համար, և աշխարհի քաղաքները սուր մրցակցության մեջ են այդ պայքարում: Այս պայքարին միացավ նաև Հայաստանը, և մենք տեսնում ենք շատ լավ հնարավորություններ»:

Ըստ նրա՝ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխած շատ ընկերություններ են խոստացել մնալ Հայաստանում:

Օգտատերերից մեկի հարցին՝ կո՞ղմ է արդյոք հայ - թուրքական սահմանի բացմանը՝ հաշվի առնելով առկա մտավախությունները, մասնավորապես՝ թե Հայաստանի տնտեսությունը «կուլ կգնա» այդ մեծ տերության տնտեսությանը, տեղական արտադրողները կտուժեն, հաշվարկվա՞ծ են արդյոք վտանգները, նախարարն արձագանքեց. «Մենք ժամանակին շատ դեմ էինք, որ հայ - թուրքական սահմանը բացվի, թուրքական ապրանքների արգելքը հանվի, բայց մեր գործընկերների հետ, կառավարության գործընկերների հետ տնտեսական և քաղաքական շահերը համադրելու արդյունքում որոշվեց, որ պետք է բացվի, հանվի թուրքական ապրանքների էմբարգոն: Եվ հիմա, ըստ էության, շուկան աշխատում է միակողմանի, առևտուրը աշխատում է միակողմանի՝ մենք միայն գնում ենք: Եվ հիմա հայ - թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով նշանակելու է, որ մենք ոչ միայն գնում ենք, այլ նաև վաճառում ենք, և դա էապես լավացնելու է այսօրվա իրավիճակը, ոչ թե վատացնելու»:

«Այսօր մենք արդեն որևիցե սահմանափակում չունենք թուրքական ապրանքներ գնելու առումով, և մեր ընկերությունները, ինչքան իրենց անհրաժեշտ է, այդ ապրանքները գնում են», - նշեց Քերոբյանը՝ տեղական արտադրողների վերաբերյալ հարցին պատասխանելով. - «Տեղական արտադրողները որոշ չափով արդեն տուժում են, որովհետև թուրքական տնտեսությունը հզոր է, թուրքական լիրան կտրուկ ձևի արժեզրկվում է, իսկ մերը՝ արժևորվում, բազմաթիվ դժվարություններ կան: Բայց, էլի եմ ասում՝ եթե հայ - թուրքական սահմանը բացվի, մենք կկարողանանք գնելու հետ մեկտեղ նաև վաճառել, այսօր մենք միայն կարողանում ենք գնել»:

«Հայ - թուրքական սահմանի բացվելը միայն մեզ է օգուտ՝ այս պարագայում», - վստահեցրեց նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել