«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը
11:48 - 01 օգոստոսի, 2022

«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը

«Սա կանանց ակումբ չէ, սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է, որը չի կարող գոյություն ունենալ առանց տղամարդկանց մասնակցության ու որոշումների,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը, որը միավորել էր ավելի քան 30 խոսնակների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները կոնֆերանսի ընթացքում ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, ինչպես նաև խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։

Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնֆերանսի գաղափարը կար դեռ 2020-ին․ «Մենք հինգ տարի շարունակ «Girls in Tech» Հայաստանն ենք ներկայացնում և շատ բան ենք սովորել ու հասկացել Հայաստանում էկոհամակարգի մասին։ Դեռ 2020-ին որոշել էինք, որ ժամանակն է ունենալ  կանանց շուրջ  և նորարարության, տեխնոլոգիաներում նրանց մասնակցության շուրջ միջազգային կոնֆերանս։ Բայց 2020 թ․ իրադարձությունները՝ COVID-ը, հետո պատերազմը, թույլ չտվեցին իրագործել, ու հետաձգվեցին մեր պլանները։ Հիմա վերջապես հասանք դրան»։


Սեդա Պապոյանը

Կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին (Ann Makosinski) կոնֆերանսի խոսնակներից էր։ Նա իր ելույթում պատմեց, թե ինչպես էր փոքր տարիքում ձեռքն ընկած իրերից խաղալիքներ պատրաստում և ինչպես ավագ դպրոցում ստեղծեց լապտեր, որն աշխատում է՝ օգտագործելով մարդու մարմնի ջերմային էներգիան։

Էնն Մակոսինսկին նշում է՝ ֆենոմենալ է, որ «FemInno»-ի շրջանակում միասին հավաքվել են այդքան երիտասարդ կանայք Հայաստանից և աշխարհից․ ««FemInno»-ն կհամախմբի շատ երիտասարդ կանանց, որոնք հետաքրքրված են գիտությամբ՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն, կան նաև այլ աղջիկներ, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում, գիտությամբ են զբաղվում։ Հուսով եմ [կոնֆերանսը] նաև կօգնի կոտրելու գիտությամբ զբաղվող կանանց մասին կարծրատիպերը»։


Էնն Մակոսինսկին

Մինչև կոնֆերանսի մեկնարկը հյուրերը հասցրել էին այցելել «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

«Ես իսկապես տպավորված եմ նրանով, ինչ տեսել եմ Հայաստանում։ Մենք եղանք «Թումոյում»․ ես կցանկանայի փոքր ժամանակ այպիսի ծրագրի մասնակցած լինել։ Ես նաև շատ ոգևորված եմ, որ այստեղ ինձ հանդիպած բազմաթիվ երիտասարդ մարդիկ ցանկանում են մնալ Հայաստանում և դարձնել այն ավելի լավ պետություն»,- նշում է Էնն Մակոսինսկին։

Կոնֆերանսի ընթացքում, բացի հյուրերի ելույթներից և պանելային քննարկումներից, անցկացվում էին դասընթացներ։ Մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվում էր կոնֆերանսը, կարելի էր հանդիպել  շախմատի պատանի չեմպիոն աղջիկների, ինչպես նաև աղջիկ ֆուտբոլիսների, որոնց հետ իրենց ուժերն էին փորձում կոնֆերանսի մասնակցիները։ Կար նաև գիտական անկյուն, որտեղ աղջիկները գիտական փորձեր էին անցկացնում։

«Մենք փորձել ենք ցույց տալ աղջիկների ու կանանց ուժը, ոչ միայն ներուժը։ Այս բոլոր բաղադրիչները գալիս են նորից ցույց տալու, որ ոչինչ սեռերի շուրջ չէ․ խոսքը մասնագիտության և կարողությունների մասին է՝ անկախ սեռից»,- ասում է Սեդա Պապոյանը։

«FemInno»-ին աջակցում են մի շարք կազմակերպություններ, որոնք կոնֆերանսի ընթացքում մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։ 

«Աշխատանքի տոնավաճառի շուրջ բավական հետաքրքիր նախաձեռնություն ենք սկսել, որը կդառնա օնլայն հարթակ՝ կանանց տարբեր աշխատանքներ առաջարկելու և ոլորտում ներգրավված կանանց գտնելու»,- նշում է Սեդա Պապոյանը։

«FemInno»-ին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաև Սոնա Մնացականյանը, որն ապրիլին զոհվեց ավտովթարից։ Նրա մահից հետո հարազատները որոշեցին Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ սահմանել։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք էր կազմակերպվել, որին այժմ էլ հնարավոր է միանալ։ Կոնֆերանսի առաջին օրը Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հայտարարեց այն տասը աղջիկների անունները, որոնց կրթաթոշակ կտրամադրվի։ 

«FemInno»-ի շրջանակում նաև ստարտափ մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթին կարող էին մասնակցել հայաստանյան և արտասահմանյան այն ստարտափները, որոնց հիմնադիրներից առնվազն մեկն իգական սեռի ներկայացուցիչ է։ Կոնֆերանսի երկրորդ օրը ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները և հայտարարեց հաղթողների անունները։

«FemInno»-ի խոսնակների թվում էին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Կոնֆերանսին ներկա էին նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, իսկ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդես եկավ բացման խոսքով։

Կոնֆերանսի խոսնակներից էր Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը։

«Վերջին տարիներին կանայք շատ ակտիվ ներգրավված են տարբեր ոլորտներում։ Երբ ԱՄՆ-ից, տարբեր երկրներից պրոֆեսորներ են գալիս, շատ հետաքրքրված են, որ բուհերի ինժեներական, գիտական [բաժիններում] շատ կանայք են ներգրավված։ Բայց վերջերս կառավարությունը շեշտը դնում է մարզերի զարգացման վրա, որ մարզերում կանայք ավելի ակտիվ ներգրավված լինեն»,- նշում է նա։


Հայկ Մարգարյանը

Հայկ Մարգարյանի խոսքով՝ կառավարությունը պիլոտային ծրագիր է սկսել և դասընթացներ է կամզակերպում Երևանի ու մարզերի կին ձեռներեցների համար։ Այժմ նախագիծն են ամբողջացնում, որ ծրագիրը ավելի լայն մասշտաներով իրականացնեն։

Խոսելով «FemInno» կոնֆերանսի նպատակների մասին՝ Սեդա Պապոյանը նշում է․ «Ուզում ենք ստանալ համերաշխ ու համագործակցային մթնոլորտ, ուզում ենք, որ մարդիկ նորովի սկսեն վերաբերվել կանանց մասնակցությանը ոչ կանացի ոլորտներում, թեև պիտի հպարտությամբ ասեմ, որ Հայաստանում մենք բավական լավ ցուցանիշներ ունենք։ ․․․․ Պարզապես այստեղ մի շատ կարևոր բան կա․ շարունակաբար կանանց նկատմամբ վստահությունը, միևնույնն է, շատ ցածր մակարդակ ունի, շատ դժվար են կանանց տալիս առաջնորդող դերեր, շատ դժվար են թույլ տալիս միանգամից անցնել գործի։ Կանայք ստիպված են լինում ապացուցել շատ բան, որ կարող են, և հետո նոր պիտի անցնեն գործի»։

Նրա խոսքով՝ կոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկը ձևավորելն է մի միջավայր, որի շուրջ կարող են հավաքվել տարբեր խաղացողներ՝ կազմակերպություններ, անհատներ, հասարակական նախաձեռնություններ, ինչպես նաև պետությունը․ «Միանգամից ոչինչ չի փոխվում, իհարկե, բայց մենք կոնֆերանսի շուրջ էս բոլոր կողմերին հանդիպելու, իրար հետ խոսելու, թեմաներ քննարկելու հնարավորություն ենք տալիս, ինչը միանշանակ իր արդյունքները տալու է եթե ոչ առաջիկայում, ապա երկարաժամկետ ապագայում»։

«FemInno»-ն դառնալու է ամենամյա կոնֆերանս․ յուրաքանչյուր տարի ամռանը միջազգային կոնֆերանսի շրջանակում հավաքվելու են կանայք, ինչպես նաև տղամարդիկ։ Իսկ մինչև հաջորդ կոնֆերանսը իրականացվելու են տարբեր նախաձեռնություններ, որոնք կկապեն մի կոնֆերանսը մյուսին։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել