Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը
14:04 - 03 օգոստոսի, 2022

Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները:

Ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:

Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք:

Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին»,  «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին»  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը:

Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով:

Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում:

Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը:

Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով էլ առաջարկվում է զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին զենք և ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտման համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար):

Նույն գործողությունները իրավաբանական անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով և համապատասխան լիցենզիայից զրկում մինչև 3 տարի ժամկետով։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Նշենք, որ նախագծերն օրակարգ ներառվելու համար նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան:

Լուսանկարում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել