Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան
12:16 - 04 օգոստոսի, 2022

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և Ադրբեջանը դա նույնպես պետք է կատարի։ Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։ 

«Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- նշեց նա։ 

Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովելու պայմանավորվածությանը․ «Մենք ամեն օր պատրաստ ենք այդ կապը ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց այսօր։ Նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ․ և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։

Ընդ որում՝ ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, և մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը․

«Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է հենց մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղազախով չէ, Ղախազ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Փաշինյանը ընդգծեց՝ բոլոր գործողությունները ուղղված են խաղաղության օրակարգի դեմ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել