Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք․ Աղավնոյի բնակիչ
17:42 - 07 օգոստոսի, 2022

Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք․ Աղավնոյի բնակիչ

Յոթ տարի առաջ Թամար Դումբալյանի ընտանիքը Լիբանանից տեղափոխվեց Արցախ՝ Աղավնո գյուղ։ Յոթ տարի է՝ նա ապրում է Աղավնոյում։ Իսկ երկու օր առաջ Թամարն ու Աղավնոյի մյուս բնակիչներն իմացան, որ օգոստոսի 25-ին պիտի լքեն գյուղը։

«Եկավ Խանումյանը (Հայկ Խանումյանը- խմբ․), ասեց, որ ամսի 25-ին ռուսը հելնում ա էս պոստերից, գալու ա ազերին։ Ժողովուրդը, անշուշտ է, որ չի կարա ազերի հետ ապրի, ոնց կարաս վստահես դու ազերիին»,- պատմում է նա:

Մի քանի օր է, ինչ Արցախում լարված իրավիճակ է։ Ադրբեջանը սադրանքի է դիմել՝ խախտելով հրադադարը և պահանջելով ազատել Լաչինի միջանցքը։ Երկու օր առաջ պարզ դարձավ, որ Արցախի երեք բնակավայրերի՝ Աղավնոյի, Բերձորի ու Ներքին Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց տները, իսկ Արցախի ու Հայաստանի միջև կապը պիտի ապահովվի նոր ճանապարհով, որը դեռ պատրաստ չէ։

Ժամանակին Լիբանանից ևս երկու ընտանիք է եկել Աղավնո․ նրանցից մեկն էլ գյուղապետի՝ Անդրանիկ Չավուշյանի ընտանիքն է։

«Էնտեղ Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ, զրոյից սկսեցինք, էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք։ Գժվելու վիճակ ա, չես իմանում՝ ինչ անես, որին մեղադրես»,- ասում է Թամարը։

Աղավնոյում հիմա ամեն մեկն իր հոգսով է․ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես են իրենց իրերը տեղափոխելու, ուր են գնալու, բնակություն հաստատելու։

Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասում է՝ ցուցակներ են կազմում, որ ներկայացնեն Արցախի կառավարություն, մարդկանց տարհանման պլանը կատարվի։ Ժամանակավոր բնակություն հաստատելու համար մարդիկ որոշակի աջակցություն կստանան, հետո հավասագրեր, որոնց հիման վրա կառավարության աջակցությամբ կկարողնան տուն գնել։ 

Գյուղում 50 ընտանիք է ապրում։ Նրանց մի մասը ցանկություն է հայտնել բնակություն հաստատելու Արցախի Հանրապետությունում։ Մյուսները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Դեռ անորոշ է, թե մարդիկ որտեղ են ժամանակավոր բնակություն հաստատելու, ինչպես են աշխատանք գտնելու։ 

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ իրենք այս օրերին տարբեր զանգեր են ստանում․ «Սյունիքի մարզպետի կողմից քիչ առաջ ստացանք, որ ով որ Սյունիք գա, կփորձեն տան հարց լուծել, բեռնափոխադրամիջոցների, նաև աշխատատեղեր։ Ասում է՝ Սյունիքը ձեր հետ է»։

Թամարն ասում է, որ ինքը երկու օր առաջ ներկա էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը։ Նա պատմում է՝ բնակիչներ են եղել, որ հադիպման ժամանակ ասել են՝ ես տան եղածս կվառեմ, թուրքին չեմ տա։ 

«Խանումյանը ասում ա՝ ով որ տունը քանդի, 10 միլիոնից զրկվում ա»,- նշում է Թամարը։ 

Խոսքը հավաստագրի մասին է, որով պիտի տեղահանված բնակիչներն իրենց համար նոր բնակարաններ ձեռք բերեն։ Երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությունն էլ հաստատեց, որ բնակարան ձեռ բերելու համար հավաստագրեր կտրամադրվեն այն պայմանով, որ բնակիչներն իրենց տները թողնեն անվնաս։

Անդրանիկ Չավուշյանը նշում է՝ Աղավնոյում կան մարդիկ, որոնք այս որոշմանը համաձայն են, մարդիկ էլ կան, որ համաձայն չեն, քանի որ այս իրավիճակն անընդունելի է նրանց համար։

«Ամեն մեկս էստեղ ապրել ենք, շենացրել ենք, աշխատել ենք, տունը սարքել ենք, բայց էս տունը մենք չենք սարքած, չէ՞, պետությունն ա տվել։ Ոչ մի տան վրա քարի քարին չենք դրած էստեղ, մեզի պետությունը տված է, դուռը բացել, նստել ենք, խի՞ պիտի քանդեմ։ Ազերին թող չմտնե, բայց կարող ա մի տարի հետո ետ ազատագրված եմ, ու էս հողերը ետ եկանք։ Էդ էլ պիտի մտածվի։ Խի՞ ծառերը կտրեմ»,- ասում է Թամարը։ 

Նա նշում է՝ կան բնակիչներ, որոնք Երևանում հարզատներ ունեն, կարող են գնալ, բայց շատերն էլ չունեն և չգիտեն ինչ անել․ «Հիմա, օրինակ, ես հաշմանդամ ամուսին ունեմ, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Աումսինս չի կարա շենքի մեջ ապրի, չի կարա քայլի, ես չեմ կարա շենքին մեջ առնեմ իրեն ամեն անգամին հանեմ, իջացնեմ ներքևից վերև։ ․․․ Շատ դժվար ա հողից ջրից զրկվիլ։ Երկրորդ անգամն է՝ էս ցավն եմ զգում, իմ տեսածս զավակներս թող չտեսնեն»։ 

Անդրանիկ Չավուշյանն էլ նշում է՝ գյուղի բնակիչներն արդեն սկսել են տեղափոխվելու հարցերը լուծել, բայց դեռ հույս ունեն, որ հրաշք կլինի։ 

Գլխավոր լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել