ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, զոհված զինծառայողների ծնողները մուտք գործեցին շենք |news.am|
13:54 - 10 օգոստոսի, 2022

ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, զոհված զինծառայողների ծնողները մուտք գործեցին շենք |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության դիմաց քիչ առաջ իրավիճակը լարվեց, երբ առավոտից բողոքի ակցիա իրականացնող՝ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտան շենք։ Մի քանի րոպե ռազմական ոստիկանության հետ բանակցելուց հետո ծնողները շենքից դուրս եկան՝ հայտնելով, որ ներսում իրենց տեղեկացրել են՝ նախարար Պապիկյանը ՊՆ-ում չէ։

«Մեզ ասեցին, որ չի կարելի, այսինքն մենք իրավունք չունենք նախարարություն մտնել»,-ասաց պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը:

Ծնողները վրդովված են, որ շուրջ 2 ժամ է՝ իրենց հրաժարվում են ընդունել։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ավելի քան մեկ ժամ է՝ սպասում էին Պաշտպանության նախարարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ:  Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած անգամ իրենց ասել են, որ նախարարը  չի ընդունի իրենց, քանի որ ժամանակ չունի: «Պապիկյանը պարտավոր է մեզ ընդունել, քանի որ մենք այս երկրի համար զոհել ենք մեր ամենաթանկը: Մենք որքան պետք է՝ սպասելու ենք: Պապիկյանն ու Սարգսյանը պետք է պատասխան տան՝ ո՞ւմ հրամանով է Մարտակերտի 5-րդ պաշտպանականը տեղափոխվել Մարտունի 2»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:  

Վահրիդ Սահակյանը նշեց, որ իրենք պահանջում են նաեւ հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ. «Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետնահանջի հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է գումարտակը 5-րդ պաշտպանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական եւ այլն»,- ասաց նա: Ծնողները ասացին, որ իրենք կհեռանան այստեղից, երբ ստանան իրենց հարցերի պատասխանները:  «Մեզ այստեղից հանգստացնում, ուղարկում են տները: Բայց մենք մինչեւ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել