Սա ոչ ստանդարտ հրդեհ է․ ԱԻ փոխնախարարը անդրադարձավ հարցին, թե ինչու բռնկված հրդեհը վերջնական չի մարում
10:44 - 15 օգոստոսի, 2022

Սա ոչ ստանդարտ հրդեհ է․ ԱԻ փոխնախարարը անդրադարձավ հարցին, թե ինչու բռնկված հրդեհը վերջնական չի մարում

Ամբողջ գիշեր շատ մեծ ուժերով շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Այս մասին դեպքի վայրում «Հանրային հեռուստաընկերության» լրագրողին հայտնել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա իրավիճակին։

«Հրշեջ-փրկարարական ծառայության 350 աշխատակից և ղեկավար կազմ է ընդգրկված եղել երեկոյան և գիշերվա ընթացքում, ինչպես նաև մտցրել ենք օգնող ուժեր, մասնավորապես Կարմիր Խաչի փրկարար կամավորներից 16 հոգի, ՀԿ-ներից 30 հոգի, և 60 կամավորներ, ովքեր մասնակցել են աշխատանքներին»,-ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ գիշերը հիմնականում կենտրոնացած են եղել որոնողափրկարարական աշխատանքների, ինչպես նաև հրդեհի օջախները վերահսկողության տակ պահելու վրա։ 

Համբարյանը անդրադարձել է նաև հարցին, թե ինչու հնարավոր չի լինում մարել հրդեհը։ 

«Սա ոչ ստանդարտ հրդեհ է, որովհետև գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որ մինչև վերջին փլատակի տակ չարվեն հրդեհաշիջման աշխատանքներ, չենք կարող խոսել հրդեհի մարման մասին։ Անգամ առավոտյան  դեռ  ճայթյուններ կային, այդ բարդությամբ է պայմանավորված, և մենք չենք կարող ստանդարտ կամ տեսանելի նյութերի հետ կապված հրդեհի պարագայում խոսել նույնի մասին։ Հիմա բացառապես այլ իրավիճակ է»։

Նրա խոսքով՝ ուժերը բավարար են, այս պահին նույնիսկ կամավորներին ներգրավելու կարիք չունեն․ «Կան հատվածներ, որոնք միայն ձեռքի աշխատանքով, հատուկ ուժերի միջոցով է արվում, և հետևաբար դա դանդաղություն է մտցնում։ Տեխնիկայի, մարդկային ուժի պակաս չկա, չի եղել ու հիմա էլ չկա։ Այս պահին անգամ կամավորներին ներգրավելու կարիք չունենք, դրա դեպքում անպայման կդիմենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել