4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ
23:30 - 06 սեպտեմբերի, 2022

4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

#Կարճասած

  • Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ վեց ժամից ավելի՝ մինչ ուշ երեկո, ընթացավ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից առանցքային վկաներ։
  • Մասնավորապես, նույն գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, ցուցմունք տալով, պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում թշնամու լայնածավալ հարձակման ժամանակ, երբ վիրավորներին օգնություն ցույց տալիս են եղել, Իշխան Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ վիրավորների մեքենա նստելով՝ հեռացել։ Արտաքինից, սակայն, վիրավորման մասին վկայող ոչինչ Գրիգորյանը չի տեսել։ Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Վահանյանը հայտարարեց, որ վկան ստում է․ հենց նա է իրեն գետնից բարձրացրել եւ օգնել մեքենա նստել։
  • Հայկազ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, եւ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանեց, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել․ ամեն մեկը մի կողմ էր վազում, թաքնվում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, եւ հորդորեց առանձին քրեական գործ հարուցել՝ խոստանալով հակառակ դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
  • Մյուս վկան՝ Գարիկ Վարդերեսյանը, պատմեց, որ դրանից օրեր առաջ Իշխան Վահանյանը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել, մի քանիսին վերցրել է եւ նրանց հետ միասին՝ գնացել հոսպիտալ, թեեւ ինքը նաեւ դրա թույլտվությունը չէր տվել։
  • Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ինքը Վահանյանին նույն այդ հարձակման օրն է տեսել միայն․ վերջինս զանգել է իրենց, հանդիպել, իր մեքենայի բանալիները փոխանցել՝ խնդրելով հնարավորության դեպքում հանել այն Հադրութից։ Ըստ վկայի՝ Վահանյանը իրենց է փոխանցել նաեւ իր մոտ եղած ռադիոկապը, որի մեջ, ըստ Վահանյանի, լիցքավորում չի եղել։

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը, որն անցավ լարված մթնոլորտում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է։ Գործով շուրջ 40 վկա կա, որոնցից ընդհանուր առմամբ հարցաքննվել է 10–ը։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդներին, նրանց թիվը, ըստ գործի նյութերի, 15-ն է, սակայն ենթադրվում է, որ դատարանը նոր տուժողներ եւ տուժողների իրավահաջորդներ է ներգրավելու, ինչը, ըստ Դատախազության մեկնաբանության, նախաքննության փուլում չի արվել ժամկետների սղությամբ պայմանավորված։

Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ Իշխան Վահանյանն ի վիճակի է եղել մարտի ղեկավարումը շարունակելու, սակայն «վախ-վախ» ասելով՝ վիրավորների մեքենայով հեռացել է

Երեկ հարցաքննված առաջին վկան պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար, այն ժամանակ կապիտան, ներկայումս՝ մայոր Հայկազ Գրիգորյան էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ, ընկերական կամ թշնամական՝ ոչինչ։

Դատարանում ցուցմունք տալով՝ Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը եղել է պատասխանատու գումարտակում, եւ երբ հակառակորդը հարձակվել է, հրաման է ստացել բարձրանալ պաշտպանության շրջանները եւ դիրքավորվել, ինչն էլ արվել է։ Կոնկրետ իր վաշտը եղել է «Չռիկներ» կոչվող հատվածում՝ բլրի վրա։ Վաշտում եղել են 1-2 ամսվա զինծառայողներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, չեն հասցրել կրակային մարտավարության դասընթացներ անցնել, եղել են նույնիսկ այնպիսիք, որոնք երդում դեռ չեն տվել։ Այնուհանդերձ, բոլորը ստացել են իրենց հասանելիք զենքերը եւ դիրքավորվել անհրաժեշտ կետում։ Վկայի կարծիքով՝ այդ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։

Լուսանկարում՝ վկա Հայկազ Գրիգորյանը

Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարը՝ Սամվել Սահակյանը, որը պատերազմի երրորդ-չորրորդ օրը զոհվել է, նրա զոհվելուց հետո՝ Գարիկ Վարդերեսյանը։ Այդ ընթացքում կապը վերադաս հրամանատարության հետ պահել են ռադիոկապի միջոցով, որի մարտկոցի հետ խնդիրներ են առաջացել․ մեկ-երկու անգամ բերել, փոխել են, սակայն հետագայում դրա հնարավորությունը չի եղել։ Մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չկարողացավ ասել։ Նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։

Հադրութի դպրոցում բանակի հրամանատարը անձնակազմի փոփոխություններ է արել․ Իշխան Վահանյանին նշանակել է գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ գումարտակի շտաբի պետ․ «Բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, ես իմ պաշտոնին եմ մնացել, իմ ստորաբաժանման հետ»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ում հրամանով վկան չի ստանձնել իր նոր պաշտոնը, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրամանը անգամ չեն ասել, որ նշանակվել եք, ոչ մեկը ոչ մի բան չի ասել»։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր, վկան պատասխանեց․ «Բավարար էր, բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, անձնակազմի հետ եմ մնացել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ անձնակազմի հետ մնալը անորոշ պատասխան է, այնինչ մեղադրողը  հարցնում է, թե այդ հրամանից հետո վկան կոնկրետ որ պաշտոնում է պաշտոնավարել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»,- արձագանքեց Գրիգորյանը։

Հոկտեմբերի 8-ի մոտակայքում արդեն Գրիգորյանը Վահանյանի հրամանով երկու դասակի հետ գնացել է հայկական գերեզմանների հարակից տարածք, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել, ունեցել՝ զոհեր եւ վիրավորներ, ապա դուրս գալով՝ բջջայինով զանգահարել է Վահանյանին, ներկայացրել իրավիճակը եւ հարցրել, թե ինչ անի։ Վահանյանը մեքենա է ուղարկել նրանց հետեւից՝ ասելով, որ կբարձրանան Խուռհատ սար։ Նույն գիշեր այլ անձնակազմի հետ այդտեղ բարձրացել է նաեւ հենց Վահանյանը։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը

Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ այդ գիշեր հանգիստ է եղել, խոսակցություններ կային, թե առավոտյան հրադադար է սպասվում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, եւ հակառակորդը լայնածավալ հարձակում գործեց․ «Հրետակոծում էին հենց սարը ե՛ւ հետեւից, ե՛ւ դիմացից, լիքը տեխնիկա է խոցվել, շատ վիրավորներ ենք ունեցել, որոնք տարհանվել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդտեղ մնալ»։ Վկան պատմեց, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, նստեցրել մեքենա, եւ այդ խառը պահին ինքը լսել է, որ Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ նրանց հետ մեքենա նստելով՝ հեռացել է։ Հանրային մեղադրողի հարցին՝ ինքը տեսե՞լ է Վահանյանի վիրավորվելը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ մարդ վիրավորվում է, արյուն է գալիս կամ ինքնազգացողությունն է վատանում, բայց նման բան տվյալ դեպքում չի եղել։ Միայն տեսել է, որ Վահանյանը զանգել է գնդի հրամանատարին, հայտնել իր վիրավոր լինելու մասին, բայց թե ինչ պատասխան է ստացել, տեղյակ չէ։ Ըստ սահմանված կարգի՝ գումարտակի հրամանատարի հեռանալու դեպքում վերջինիս գործառույթները պետք է փոխանցվեին Հայկազ Գրիգորյանին, ինչը եւս, ըստ նրա, չի արվել․ «Ինքը նստել ու գնացել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց վկան՝ կարծիք հայտնելով, որ Վահանյանն ի վիճակի է եղել մնալու եւ մարտի ղեկավարումը շարունակելու։

Ամբաստանյալ Իշխան Վահանյանը հայտարարեց, թե որոշ դեպքերում վկան ստում է

Արձագանքելով Գրիգորյանի այս հայտարարություններին՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանն ասաց, որ վիրավորվելիս Գրիգորյանը իր կողքին է եղել եւ սկսեց երկխոսել նրա հետ․ «Ինձ ընկած հիշո՞ւմ ես»,- հարցրեց նա վկային։ «Չէ, լսել եմ, որ ասել ես՝ վիրավոր եմ, ես զինվորներին էի օգնում»։ «Ինձ ո՞վ է օգնել՝ կամազ նստեմ»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չգիտի։ Ամբաստանյալը նշեց, որ հենց Հայկազ Գրիգորյանն էլ եղել է օգնողը, իրեն գետնից բարձրացնողը․ «Գնդի հրամանատարի ասածը փոխանցե՞լ եմ քեզ»,- հարցրեց նա Գրիգորյանին․ «Չէ, ես հետո եմ իմացել, որ գնդի հրամանատարն ասել է, որ դու այն վիճակում չես, որ վիրավորների հետ իջնես»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Ռացիան տվե՞լ եմ քեզ»,- դարձյալ հարց հղեց Իշխան Վահանյանը, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց։

Ավելի ուշ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ նրա խոսքերում որոշ բաներ իրականությանը չեն համապատասխանում․ «Բաներ կան, որ սուտ է ասում, զորամասի հրամանատարն էլ է գալու, կգա, պարզ կդառնա, որ տենց բաներ չկան։ Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, ինքն էլ նշեց, որ մեզ ոչ էլ հասցրել են, ես գնդի հրամանատարի հետ խոսել եմ, ասել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է՝ հանձնի Գրիգորյան Հայկազին, հանձնել եմ իրեն, ինքն անձամբ է ինձ նստեցրել մեքենան, ես դա չէի հիշում, բայց առերեսման ժամանակ զինվորներ են եղել, իրենք են ասել»։ Ըստ Վահանյանի՝ Հայկազ Գրիգորյանը ստում է նաեւ, երբ ասում է, թե չի ստանձնել նոր պաշտոնը։

Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսին է եղել, որ իրենք 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը

Շարունակելով իր ցուցմունքը՝ մայոր Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի գնալուց հետո, երբ ամեն ինչ արդեն անվերահսկելի է եղել, եւ ըստ էության, գտնվել են շրջափակման մեջ, 4 սպաներով նահանջի որոշում են կայացրել․ եղել են ինքը, Վազգեն Վարդանյանը (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․), հականետային դասակի հրամանատարը եւ վաշտի ավագը։ Թեեւ վերջինս հադրութեցի էր եւ տեղանքին ծանոթ էր, այնուհանդերձ, չեն իմացել՝ որ ճանապարհով գնալ, քանի որ ուշ են տեղեկացել, որ Հադրութ քաղաքը արդեն գրավված է, եւ ոչ մի ուղղություն այլեւս անվտանգ չէ․ «Մենք, անորոշ իրավիճակում սարի գլխին նստած, մտածում էինք՝ ինչ անենք, որ կողմ գնանք․ որ ուղղությամբ գնում էինք, հակառակորդը կրակում էր, միայն Գոշով որ բարձրացել ենք դեպի Հադրութ, այդտեղ չի կրակել, դուրս ենք եկել անտառի մեջ, արդեն ցրիվ ենք եղել, ամեն մեկը մի ուղղությամբ վազի, թաքնվի, անկանոն մի բան, չեմ կարող բացատրել»։ 

Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինքը, որպես սպա, ինչ գործողություններ է արել, որ անձնակազմը չբաժանվի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր բոլորի ղեկավարումն իրականացնել, անձնակազմը բացազատված էր․ «Որ շրջափակման մեջ ենք ընկել, անտառ ենք բարձրացել, ում զանգահարել ենք, ոչ ոք չի պատասխանել, չի խոսել, կապը ինչքան տալիս էինք, ոչ ոք չէր պատասխանում, կապի եմ դուրս եկել միայն մեր դիվիզիայի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Մելքումյանի հետ, նա է մի երկու բառ բացատրել, ասել՝ սարի դոշով գնացեք էս կողմ, էն կողմ, հետո կապը ընդհատվել է»։ Արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը 3 խմբի է բաժանվել․ մոտ 60-65 հոգին է միայն իր հետ նույն ուղղությամբ գնացել։ Ի պատասխան դատավորի հարցին, թե որն է պատճառը, որ մյուսները զոհվել կամ գերեվարվել են, վկան պատասխանեց՝ սխալ ճանապարհով գնալը։ Նրա այս պատասխանները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, բղավեց․ «Եթե մենք ասում ենք, թե որ ուղղությամբ գնաք, ինչո՞ւ եք ընտրել Հադրութի ճանապարհը՝ իմանալով, որ այնտեղ թուրքեր են»։ Նշենք, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողների թվում է եղել Արսեն Ղուկասյանի եղբորորդին, որը, ըստ Ղուկասյանի ցուցմունքի եւ առկա ձայնագրության, զանգահարել է իրեն, ասել, որ շրջափակման մեջ են, եւ Ղուկասյանը, կապվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ, փորձել է ուղղություն ցույց տալ։ Դատավորը վերաձեւակերպեց նրա հարցը․ «Ձեզ ինչ–որ մեկը ճիշտ ճանապարհը հուշե՞լ է»,– հարցրեց նա։ «Վազգենի հետ էլ են խոսել, ուղղություն տվել, բայց չգիտեմ՝ ով, ինչ է ասել, ինձ գնդապետ Մելքումյանն է ուղղություն ասել»,– պատասխանեց վկան։ Հարցին, թե ի վերջո, 4 հրամանատարով ինչու են թույլ տվել, որ զորքը ցաքուցրիվ լինի, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Չենք կարողացել հավաքել»։ Դատավորի հարցին՝ եթե ռադիոկապն առկա լիներ, եւ նա հստակ իմանար, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, կթողնե՞ր, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար, վկան պատասխանեց․ «Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա»։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ վկայի հայտնած տեղեկությունները, մասնավորապես, սպաների գործողությունների, շրջափակման մեջ ընկած զորքի դուրսբերման վերաբերյալ, ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում եւ կոչ արեց քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում մինչ հաջորդ դատական նիստը ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազությանը։

Ըստ Գարիկ Վարդերեսյանի՝ ամբաստանյալը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել

Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանն էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վարդերեսյանի հայտնած տեղեկությունները վերաբերում էին սեպտեմբերի վերջին Ջաբրայիլում տեղի ունեցած այն դրվագին, երբ Վահանյանը վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Վահանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ է վիրավորում ստացել, այնինչ տուժող կողմը այն համոզմանն է, որ նա միայն մինչ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերն է վիրավորվել, իսկ սարում պարզապես քչփորել է իր վերքը՝ մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծելով։

Վկա Գարիկ Վարդերեսյանը պատմեց, որ ինքը՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Վահանյանը՝ որպես գումարտակի շտաբի պետ, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանցից մեկի ժամանակ, երբ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, հրետակոծություն է սկսվել հենց դիտակետի վրա։ Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Վահանյանն ի՞ր կամքով է մնացել դիտակետում, շարունակել ծառայությունը թե՞ վկայի հորդորով, ինչին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց․ «Իմ կամքով․․․ Ես չեմ թույլատրել, որովհետեւ գումարտակի հրամանատարը զոհվել էր, եթե նա էլ բացակայեր, գումարտակը ի վիճակի չէր լինի այլ խնդիր կատարելու, միայնակ հնարավոր չէր 400-500 հոգու ղեկավարում իրականացնել»։ Ճշտող հարցին՝ Վահանյանի վերքը, իր տպավորությամբ, ի՞նչ աստիճանի ծանր էր, Վարդերեսյանը պատասխանեց․ «Ունեցել ենք գումարտակի հրամանատար, որ, մի ոտքը կտրված, մասնակցել է մարտական գործողությունների, բայց ինձ չի թվում, որ սա այն լուրջ վիրավորումն էր, որ նա կարող էր բացակայել»։

Լուսանկարում՝ վկա Գարիկ Վարդերեսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը

Հաջորդիվ հրետակոծություն է եղել Նյուզգար կոչվող տեղամասում, որտեղ բազում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ինչի մասին տեղեկանալով՝ Վարդերեսյանը կապ է տվել, որպեսզի մեքենա գա՝ նրանց դուրս բերելու․ «Մեքենան գալիս է, Վահանյանը նստում է, հետո ինձ տեղեկացնում են, որ նա վիրավորների հետ իջել է ներքեւ՝ իր վիրակապը հանելու, դրանից հետո՝ 2-3 օր անց, նորից գալիս, միանում է գումարտակին»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ վկայի տված առաջադրանքը՝ Նյուզգարից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, Վահանյանն ի վերջո կատարե՞լ է, Վարդերեսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով ասվել է, որ վիրավորները դուրս են բերվել, բայց հետո հարցուփորձ անելով պարզվել է, որ գնացել, մի քանի հոգու վերցրել է եւ շատերին մարտի դաշտում թողնելով՝ հեռացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն՝ Վահանյանը Նյուզգար չի՞ հասել, ինչին Գարիկ Վարդերեսյանը բացասական պատասխան տվեց․ «Ես եմ իրեն ուղարկել՝ վիրավոր բերելու, բայց մի քանի հոգու վերցրել, հետ է եկել, Նյուզգար չի հասել»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն է հաջորդ օրը 15-20 վիրավորի դուրսբերումը կազմակերպել։ Այս պատասխանը խիստ վրդովեցրեց Ղուկասյանին, քանի որ նրա եղբայրը եւս այնտեղ է եղել․ «Եղբայրս Նյուզգարում կենդանության օրոք է գլխատվել, կարող եմ դատաբժշկական եզրակացությունը բերել»,– խոսքն ամբաստանյալին ուղղելով՝ բղավեց նա։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդուց առ այսօր որեւէ լուր չկա։

Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Վարդերեսյանը Վահանյանին թույլատրել էր հոսպիտալ գնալ, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մասին վերադաս հրամանատարությանը ինքը զեկուցել է․ «Զեկուցվել է, որ նա նախքան դա վիրավոր է եղել, որ իջել է վիրավորների հետ, եւ դիվիզիայի հրամանատարի հրամանով, չգիտեմ որտեղից, ոնց, իրեն  ճարել, երեք օր անց նորից հետ են ուղարկել»։ 

Դրանից հետո Վարդերեսյանը ամբաստանյալին հանդիպել է «9-րդ կմ» կոչվող հատվածում, որտեղ որոշակի պաշտպանություն են իրականացրել, ապա՝ միասին իջել Հադրութ։ Դա եղել է հոկտեմբերի 7-ի մոտակայքում։ Այնտեղ արդեն անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել․ որոշում է կայացվել Վարդերեսյանին այլ վայր տեղափոխելու եւ դիվիզիայի հետախուզության սպա, իսկ Վահանյանին՝ նրա պաշտոնին՝ գումարտակի հրամանատար նշանակելու մասին։ Իշխան Վահանյանը հարցրեց վկային, թե ինչ պատճառով նրան տեղափոխեցին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առուստամյանի հետ խնդիր ունենալու պատճառով»։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ խնդիրը կապված է եղել ռազմական գործողությունների՞ հետ թե՞ եղել է անձնական․ «Դիվիզիայի հրամանատարի պատասխանը եղել է այն, որ ես ի վիճակի չեմ խնդիր կատարել»,– պատասխանեց Վարդերեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ Վահանյանի նախորդ վարքագիծը հաշվի առնելով՝ ինքն ի՞նչ կարծիքի է եղել նրա նշանակման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Վարդերեսյանն ասաց․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– պատմեց վկան՝ հավելելով, որ Վահանյանը, ամեն դեպքում, փորձառու սպա է․ զինվորականի 20 տարվա փորձ ունի, բայց նրա գործողությունները ինքը չի կարող գնահատել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը անկայուն էր, եւ ինքը թե՛ բանակի, թե՛ դիվիզիայի հրամանատարին զեկուցել է, որ բանակը մարտունակ չէ, որովհետեւ զորահավաքից հետո եղել է խիստ կարանտին, եւ զինվորները շատ բաների չեն տիրապետել։

Ինչ վերաբերում է կապի միջոցին, ըստ Վարդերեսյանի, ինքը այն փոխանցել է կապի դասակի հրամանատարին՝ ասելով, որ լիցքավորման միացնեն։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե առհասարակ ինչպես է այն լիցքավորվում, ինչը պարզաբանելով՝ վկան ասաց, որ լիցքավորվում է հոսանքով, լիցքավորիչ կա, բայց անկախ դրանից, իրենց մոտ շատ մարտկոցներ են ունենում, կապի դասակի հրամանատարի մոտ 10 հատ եղել է, դա դժվար գտնվող բան չէ։ Այնուհանդերձ, Վարդերեսյանը դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք, որ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարի գործողությունների ժամանակ, Վահանյանն իր մոտ մարտկոց չունենար։

Տեղափոխվելուց 3-4 օր անց ինքը, տեղեկանալով, թե գումարտակն ինչ վիճակում է, վերադարձել է․ «Ես իմանում եմ, որ Վահանյանը Սիսիանի հոսպիտալում է, ասում եմ՝ արի, գումարտակիդ տիրություն արա, ես չեմ կարող ամեն րոպե էստեղ լինել, նա էլ ասում է՝ վիրավոր եմ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, կգամ»։ Ըստ Վարդերեսյանի՝ այդ ժամանակ գումարտակից 25 զինծառայող էր մնացել արդեն։ Դրանից հետո 5-րդ գումարտակը որեւէ խնդիր այլեւս չի կատարել։

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հարց հղեց վկային՝ նախ արձանագրելով, որ նրա պատմած դրվագը վերաբերում էր մինչ հոկտեմբերի 10-ը եղած դեպքերին, ապա հետաքրքրվելով՝ արդյո՞ք նա որեւէ տեղեկություն ունի Վահանյանի՝ ամսի 10-ին վիրավորում ստանալու մասին։ Վկան բացասական պատասխան տվեց։ «Բացառո՞ւմ եք, որ ամսի 10-ին էլ կարող էր վիրավորում ստանալ»,– հարցրեց պաշտպանը։ «Նույն տեղում նույն ձեւո՞վ»,– ասաց վկան՝ դժվարանալով հստակ պատասխանել այդ հարցին։

Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց է տվել իր մեքենայի բանալիները՝ խնդրելով այն հանել Հադրութից

Հաջորդ վկան 3-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ Հարություն Մարտիրոսյանն էր, որը Իշխան Վահանյանի հետ նույն կուրսում է սովորել, իսկ 2018 թվականից սկսած՝ նույն տեղում ծառայել, նրա հետ ունի ծառայողական, նորմալ հարաբերություններ։

Դատարանում ցուցմունք տալով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը Վահանյանին մեկ անգամ՝ հոկտեմբերի 10-ին է հանդիպել։ Դա այն նույն օրն է, երբ հայկական զորքը, Խուռհատ սարում շրջափակման մեջ ընկնելով, ստիպված է եղել նահանջել․ «Ես ու իրենց (նկատի ունի՝ 5-րդ գումարտակը,–հեղ․) սպառազինության գծով տեղակալը՝ Արտուշ Արզումանյանը, գնում էինք Արտուշի մեքենայով՝ իմ ՈՒՐԱԼ–ի համար ռադիատորի մաս բերելու, էդ ժամանակ Վահանյանը զանգում է Արտուշին, ասում է, որ վիրավոր է, Տողի վերեւը՝ սարի վրա, մի գյուղ կար, էդտեղ էր, Արտուշը ասաց՝ Իշխանը կանչում է, 700 մետր էր, գնացինք, տեսանք իրեն, միայնակ քայլում էր»։ Ըստ վկայի՝ Վահանյանն իրենց տվել է իր մեքենայի բանալիները՝ դրա գտնվելու վայրն ասելով ու խնդրելով, որ հնարավորության դեպքում Հադրութից հանեն, քանի որ ինքը վիրավոր է։ Դա վկայող, ոչինչ, սակայն, Մարտիրոսյանը չի նկատել։ Դրանից բացի, նրա հիշելով, Վահանյանն Արզումանյանին է տվել նաեւ իր ռադիոկապը, բայց թե ինչպես է դա մեկնաբանել, վկան չգիտեր։ Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատում էր այն, վկան չմտաբերեց, միայն նշեց, որ ինքը հետագայում գնացել է Հադրութ, բայց մեքենան հանելու հնարավորություն չի եղել։

Ինչ վերաբերում է Խուռհատ սարում տեղի ունեցածին, Հարություն Մարտիրոսյանին շատ մանրամասներ հայտնի չէին, միայն գիտեր, որ նահանջի ժամանակ ցաքուցրիվ վիճակ է եղել։ 

Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ սեպտեմբերի 27-ից առաջ ուսումնական տագնապ կամ պատերազմը սկսելու մասին որեւէ տեղեկություն ունեցե՞լ են, վկան պատասխանեց, որ 3-րդ եւ 4-րդ գումարտակը 14 օրով առաջնագծում է եղել, սեպտեմբերի 25-ին իջել է, եւ հաջորդ օրը գումարտակների հրետանին, հակառանկային ստորաբաժանումներն են բարձրացել դիրքեր, քանի որ կասկած կար, որ հակառակորդը կուտակումներ է անում, եւ այդ կասկածը, ըստ նրա, կար վաղուց՝ մոտ մեկ–մեկուկես ամիս առաջվանից։ Փաստաբանի հարցին՝ այդ մասին բարձր ղեկավարությունը կարո՞ղ էր տեղեկացված չլիներ, վկան պատասխանեց, որ նման որոշումները, որպես կանոն, ինքնուրույն չեն կայացվում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել