Արցախի գիտական կենտրոնը շարունակում է ընթացիկ ծրագրերն ու համագործակցությունները՝ չնայած բլոկադային
17:16 - 30 մարտի, 2023

Արցախի գիտական կենտրոնը շարունակում է ընթացիկ ծրագրերն ու համագործակցությունները՝ չնայած բլոկադային

2007-ին Արցախի կառավարության որոշմամբ ստեղծվեց Արցախի գիտական կենտրոնը։ Կենտրոնի ստեղծման նպատակն էր գիտահետազոտական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստմանն ու զարգացմանը նպաստելը։ 

 

Ինչպիսի կառուցվածք ունի կենտրոնը և ինչ գործունեություն է ծավալում

Արցախի գիտական կենտրոնում գործում են և՛ բնագիտական, և՛ հումանիտար բաժիններ։ Բնագիտական բաժինը կազմված է յոթ լաբորատորիաներից, որոնցում կան ձևավորված գիտական խմբեր։ Հումանիտար բաժնում էլ ուսումնասիրվում են արևելագիտություն և պատմություն։

Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը նշում է, որ կենտրոնի կայացման գործին մեծ նպաստ են ունեցել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտները, մասնավորապես՝ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Այս ինստիտուտներն օժանդակել են կենտրոնում լաբորատորիաների ստեղծման, գույքով, սարքերով, մասնագիտական գրականությամբ հագեցման, առաջատար գիտաշխատողների ընդգրկմամբ գիտական խմբերի ձևավորման, ինչպես նաև Արցախի համար գիտական կադրերի պատրաստման գործընթացներին։ 

Անյուտա Սարգսյանը պատմում է, որ 2011 թվականից Արցախի գիտական կենտրոնում Հայաստանի Գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ սկսել են ձևավորվել գիտական խմբեր, և նրանց աշխատանքների արդյունքում ստեղծվել են տարբեր լաբորատորիաներ։ Իսկ 2021 թվականից համագործակցության շրջանակն ընդլայնվել է, սկսվել են համագործակցություններ ԳԱԱ այլ ինստիտուտների հետ ևս․ դրանք են Ֆիզիոլոգիայի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Երկրաբանական գիտությունների, Արևելագիտության ինստիտուտները, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանը։ 

Անյուտա Սարգսյանի խոսքով ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցությունը նպաստել է նաև Արցախում գիտական նոր կադրերի պատրաստմանը․ «2011 թվականից մեզ հետ համագործակցող ինստիտուտներում կազմակերպվող յուրաքանչյուր գիտական միջոցառման ժամանակ տեղ է տրվում նաև Արցախի գիտական կենտրոնի աշխատակիցների համար։ Մենք մասնակցություն են ունենում երիտասարդական դպրոցներին, ճամբարներին, գիտաժողովներին, դասընթացներին։ Այս տարիների ընթացքում տարբեր միջոցառումների են մասնակցել մեր հատկապես երիտասարդ գիտաշխատողները։ Այդ հանդիպումները և այդ ծրագրերը նպաստել են, որ Արցախի համար կադրեր պատրաստվեն»։

Բացի այդ՝ ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցությամբ Արցախում ձևավորված խմբերի անդամներն այդ ինստիտուտների գիտաշխատողների հետ համատեղ հետազոտություններ են իրականացնում և միասին գիտական հոդվածներ տպագրում։ 

Անյուտա Սարգսյանի խոսքով կենտրոնի լաբորատորիաներն ընթացիկ ծրագրերի համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած են։ Իսկ անհրաժեշտության դեպքում կենտրոնն օգտվում է նաև ԳԱԱ գործընկեր ինստիտուտների հնարավորություններից։

 

Գիտական գործունեությունը՝ պատերազմից հետո և բլոկադայի պայմաններում

Արցախի գիտական կենտրոնում, բացի ընթացիկ ծրագրերից, այժմ նաև իրականացվում են հետազոտություններ, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Այս հետազոտությունների նպատակը պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների համար լուծումներ առաջարկելն է։ 

Կենտրոնի տնօրենը նշում է, որ հետազոտություններից մեկի շրջանակում ուսումնասիրվում է, թե ինչ ազդեցություն է ունեցել պատերազմն օդի աղտոտվածության վրա։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համագործակցությամբ էլ ուսումնասիրվում է պատերազմի ազդեցությունը մարդկանց առողջության և բարոյահոգեբանական վիճակի վրա։ Անյուտա Սարգսյանը նշում է՝ այս հետազոտությունները դեռ ընթացքում են, և դրանց մասին ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել արդյունքների ամփոփումից հետո։ 

ԳԱԱ ինստիտուտների հետ համատեղ հետազոտությունների շրջանակում երբեմն անհրաժեշտ է լինում Արցախից Հայաստան տարբեր նմուշների (օրինակ՝ բուսական էքստրակտների) տեղափոխում։ Դեկտեմբերի 12-ից, սակայն, Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, և Արցախի ու Հայաստանի կապը կտրված է։ 

«Ե՛վ մենք, և՛ մեզ հետ համագործակցող ինստիտուտները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի կենտրոնացնենք ուժերն ու հնարավորությունները, որ ընթացիկ ծրագրերը կարողանանք իրականացնել»,- ասում է Անյուտա Սարգսյանը։ 

Քանի որ այս պահին Արցախի գիտական կենտրոնի ծրագրերի մեծ մասն ամփոփման փուլում է, և անհրաժեշտ նմուշները Արցախից հասել են Հայաստան, կենտրոնը կարողանում է ընթացիկ ծրագրերն իրականացնել։ Սակայն Անյուտա Սարգսյանը նշում է, որ եթե ճանապարհը շարունակվի փակ մնալ, իրենք նոր ծրագրեր իրականացնելիս դժվարություններ են ունենալու։ Իհարկե, կենտրոնի տնօրենը վստահ է, որ իրենց կհաջողվի հաղթահարել այդ դժվարությունները։ 

Արցախի գիտական կենտրոնը նաև «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ համագործակցությամբ գիտաարտադրական գործունեություն է ծավալում, մասնավորապես՝ գիտական կենտրոնում արտադրվում է «Նարինե պլյուս» կաթնամթերքը։ Անյուտա Սրագսյանի խոսքով, չնայած բլոկադայի հետևանքով առաջացած բարդություններին, իրենք «Նարինե պլյուս»-ի արտադրությունը չեն դադարեցել․ «Ապրիլին էլ կունենանք երկրորդ արտադրանքի թողարկումը։ Խոսքը հակադիաբետիկ թեյերի արտադրության մասին է, որի տեխնոլոգիան մշակվել է կենտրոնում»։ 

 

Նոր համագործակցությունների պատրաստակամություն

Արցախի գիտական կենտրոնում հետազոտություններ են իրականացվում ինչպես Արցախի կառավարության հայտարարած դրամաշնորհների, այնպես էլ Հայաստանի Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Գիտության կոմիտեի դրամաշնորհների շրջանակում ծրագրերն իրականացվում են ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցությամբ։

Կենտրոնն այս պահին ծրագրեր է իրականացնում Հայ օգնության ֆոնդի, «ԱՐՓԱ» ինստիտուտի հայտարարած մրցույթների, նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակներում։

Անյուտա Սարգսյանի խոսքով իրենք պատրաստակամ են համագործակցությունների  շրջանակը մեծացնել, ինչպես նաև միշտ ֆինանսավորման նոր աղբյուրներ են փնտրում ու գտնում։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել