G20

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում |armenpress.am|

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում |armenpress.am|

armenpress.am: G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների  ստեղծման սկզբունքը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում։ «Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական ​​լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին։ Իր խոսքում նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս:  Ըստ Հնդկաստանի վարչապետի՝ մասնավորապես, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։ Նրա խոսքով՝   դիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։
21:33 - 22 նոյեմբերի, 2023
G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդիի |azatutyun.am|

G20 գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը․ Մոդիի |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ քսանի» (G20) նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին այսօր ասել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը: G20-ի գագաթնաժողովը գումարվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում: Մոդիին նշել է, որ ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ վեճերի հիմնական պատճառ է հանդիսացել Ուկրաինայի խնդիրը: Նա փաստաթղթի շուրջ համաձայնությունն անվանել է «քրտնաջան աշխատանքի արդյունք»։ Հռչակագրում Ուկրաինային վերաբերող բաժնում նշվում է, որ բոլոր պետությունները պետք է գործեն համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից և հարգել յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Առանձին ընդգծվել է միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը։ Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կային տարբեր տեսակետներ և գնահատականներ»։
17:48 - 09 սեպտեմբերի, 2023
Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը |1lurer.am|

Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Միջոցառմանը հրավիրված են G20-ի բոլոր երկրների ու ևս ինը պետության ղեկավար՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդերլանդների, ԱՄԷ-ի, Օմանի և Սինգապուրի: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գագաթնաժողովին հրավիրել է նաև Աֆրիկյան միության նախագահ, Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիին: G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո Աֆրիկյան միությունը կընդգրկվի միավորման կազմում: Գագաթնաժողովին չեն մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Փոխարենը G20-ին է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ ՉԺՀ պատվիրակությունը գլխավորում է Պետխորհրդի նախագահ, վարչապետ Լի Ցյանը։  Հատկանշական է նաև, որ Նարդենդրա Մոդիի առջև դրված ցուցանակի վրա որպես երկրի անուն արդեն նշված է Բհարաթ՝ Հնդկաստանի կամ Ինդիայի փոխարեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոդիի կառավարությունը ցանկանում է երկրի միջազգայնորեն ընդունված Ինդիա անունը փոխել սանսկրիտով ինքնանվանում համարվող Բհարաթի:
12:13 - 09 սեպտեմբերի, 2023
Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երեքշաբթի օրը ելույթ ունենալով G20 գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ հիմա է ժամանակը կանգնեցնելու Ռուսաստանի պատերազմը իր երկրում այն  խաղաղության նախագծով, որ ինքն առաջարկել էր։ Այս մասին գրում է Reuters-ը։ G20-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունենում Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ Գագաթնաժողովի գլխավոր թեման Ուկրաինայում պատերազմն է, ինչպես նաև գլոբալ ինֆլացիայի, սննդի ու էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները։ Զելենսկին նշել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»։ Անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նա կոչ է արել վերականգնելու «ռադիացիոն անվտանգությունը», արժեքային սահմանափակումներց ներդնելու ռուսական էներգետիկ աղբյուրների վրա և ընդլայնելու հացահահատիկի արտահանման նախաձեռնությունը։ Զելենսկին նաև կոչ է արել ազատ արձակելու բոլոր ուկրաինացի գերիներին։ «Ընտրեք առաջնորդության ձեր ճանապարհը, խնդրում եմ, և միասին մենք վստահաբար իրականություն կդարձնենք խաղաղության բանաձևը»,- ասել է նա։ Գագաթնաժողովի բացումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 14-ին՝ Ինդոնեզիայի նախագահի ելույթով, որը վերաբերում էր միասնությանն ու հստակ գործողություններին՝ պատերազմի հետ կապված ճեղքվածքի ֆոնին գլոբալ տնտեսությունը շտկելու համար։
10:43 - 15 նոյեմբերի, 2022
Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը
 |azatutyun.am|

Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել: Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ: Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ: Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները: Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում:
14:10 - 14 նոյեմբերի, 2022
G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով

G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով

«Մեծ քսանյակի» (G20) ձևաչափը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը Ռուսաստանի Դաշնության համար «ճակատագրական չի լինի»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է G20-ին, ապա այն կարևոր է, բայց, մյուս կողմից, ներկայիս պայմաններում, երբ այս ձևաչափի մասնակիցների մեծ մասը, փաստորեն, մեզ հետ իրենց նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է, ճակատագրական ոչինչ չի լինի։ Թեև, ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ առաջնորդվում է այս ձևաչափի մյուս մասնակիցների կարծիքներով և հնարավորության դեպքում պատրաստ կլինի մասնակցելու»,- հայտնել է Պեկսովը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները բավականին ակտիվորեն շարունակում է Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունը․ «Մինչ այս պահը այս գիծը միայն մասամբ է արդյունավետ եղել, աշխարհը շատ ավելի բազմազան է, քան միայն ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները»։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է ՌԴ-ին G20-ից հեռացնելու հարցը։ Ավելի վաղ «Reuters»-ն, իր աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են,  թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։
16:07 - 25 մարտի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ ՆԱՏՕ գլխավոր գրասենյակում ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը։ Լրագրողներից մեկն ԱՄՆ նախագահին հիշեցրել է վերջինս հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հետախուզական տվյալներ կան այն մասին, որ Պուտինը նման զենքեր է տեղակայում կամ մտադիր է օգտագործել, և արդյո՞ք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն կպատասխանեն ռազմական գործողություններով, եթե նա քիմիական զենք օգտագործի։ Բայդենը հրաժարվել է տրամադրել հետախուզական տվյալներ, իսկ քիմիական զենքի մասով նշել է, որ Դաշինքը նման դեպքում կպատասխանի։ «Մեր պատասխանի բնույթը կախված կլինի նրանից, թե նա ինչպես կօգտագործվի (քիմիական զենքը- խմբ․)»,- ասել է նա։ Անդրադառնալով իր և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի զրույցին՝ Բայդենը նշել է, որ չի սպառնացել Ծինփինին, այլ պարզաբանել է ՌԴ-ին օգնելու հետևանքները։ «Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բայդենը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն պետք է հեռացվի «Մեծ քսանյակից» (G20), Բայդենը նշել է․ «Այո՛: Դա կախված է G20-ից: Ես այսօր բարձրացրել եմ հարցը, թե արդյո՞ք դա  հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ անել, եթե Ինդոնեզիան և մյուսները համաձայն չեն, ապա մենք, իմ կարծիքով, պետք է խնդրենք, որ Ուկրաինան ևս կարողանա մասնակցել G20 հանդիպումներին որպես դիտորդ»։ ԱՄՆ նախագահը ևս մի անգամ շեշտել է, որ իրենք ուղիղ մասնակցություն չեն ունենա այս պատերազմին։ Գլխավոր լուսանկարը՝ CNN-ից
15:11 - 25 մարտի, 2022
Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ |armenpress.am|

Ճապոնիան G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում Է միավորման անդամների հետ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները «Մեծ Քսանյակ»-ի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներառյալ նախագահող Ինդոնեզիայի հետ: Մենք մտադիր ենք ընդունել անհրաժեշտ միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել է Մացունոն: Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է այցելել «Մեծ Քսանյակ»-ի եզրափակիչ գագաթնաժողով: Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ  ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։   
11:01 - 24 մարտի, 2022
Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters

Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը․ Reuters

Լուսանկարը՝ Reuters-ի ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննարկումներին մասնակցած իր աղբյուրները։ Վերջիններս հաղորդում են, որ Ռուսաստանին խմբից ամբողջությամբ դուրս թողնելու ցանկացած փորձի դեպքում կազմակերպության մյուս անդամները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, վետո կդնեն։ Եվ սա մեծացնում է այն հավանականությունը որ դրա փոխարեն որոշ երկրներ պարզապես բաց կթողնեն G20-ի այս տարվա հանդիպումները։ G20-ը, ինչպես նաև G7-ը, որի անդամներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, առանցքային միջազգային հարթակներ են, որոնք զբաղվում են տարատեսակ հարցերով՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից մինչև տրանսսահմանային գործարքներ։ Արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, որոնք ուղղված են նրա տնտեսական մեկուսացմանը։ Մասնավորապես, Ռուսաստանը զրկվել է «SWIFT» գլոբալ վճարային համակարգից, սահմանափակվել են նրա կենտրոնական բանկի գործարքները։ «Քննարկումներ են եղել այն մասին, թե արդյոք տեղին է, որ Ռուսաստանը G20-ի մաս կազմի։ Եթե Ռուսաստանը շարունակի անդամակցել կազմակերպությանը, այն կդառնա պակաս օգտակար»,- ասել է Reuters-ի աղբյուրը G7-ում։ Այն հարցին, թե արդյոք Բրյուսելում այս շաբաթ դաշնակիցների հետ կայանալիք հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր կձեռնարկի՞ Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու համար, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողներին ասել է․ «Կարծում ենք, որ միջազգային ինստիտուտներում և միջազգային հանրությունում ամեն ինչ չի կարող սովորականի պես մնալ Ռուսաստանի համար»։ Սակայն այլ հայտարարություններ անելուց առաջ Միացյալ Նահանգները պլանավորում է խորհրդակցել դաշնակիցների հետ, ասել է Սալիվանը։ Եվրամիությունում Reuters-ի աղբյուրը ևս հաստատել է կայանալիք հանդիպումների ընթացքում G20-ում Ռուսաստանի կարգավիճակի քննարկման փաստը։ Ներկա պահին կազմակերպությունում նախագահում է Ինդոնեզիան։ «Ինդոնեզիային հասկացրել են, որ Ռուսաստանի ներկայությունը կայանալիք հանդիպումներին բավականին խնդրահարույց է եվրոպական երկրների համար»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ երկրի անդամակցությունը դադարեցնելու հստակ գործընթաց չկա։ Երեկ Լեհաստանը հայտարարել է, որ ամերիկյան առևտրային հարցերով զբաղվող պաշտոնյաներին առաջարկել է Ռուսաստանին փոխարինել G20-ում, և ստացել է «դրական պատասխան»։ ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ նախորդ շաբաթ «հաջողված հանդիպում» է տեղի ունեցել Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարար Պյոտր Նովակի և ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ, սակայն ընդգծել է․ «Նա (Ռայմոնդոն) ուրախ էր լսել Լեհաստանի կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ G20-ի աշխատանքի, սակայն ԱՄՆ կառավարության անունից դիրքորոշում չի հայտնել G20-ի վերաբերյալ նրա առաջարկի մասին»։ G7-ում Reuters-ի աղբյուրն ասել է, որ քիչ հավանական է, որ G20-ում նախագահող Ինդոնեզիան կամ դրա անդամներ Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Չինաստանը համաձայնեն կազմակերպությունից դուրս թողնել Ռուսաստանին։ G20-ի անդամ ասիական երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ «Ռուսաստանին հնարավոր չէ զրկել G20-ի անդամակցությունից», եթե միայն Մոսկվան ինքն այդպիսի որոշում չկայացնի։  «G20-ին Ռուսաստանի անդամակցության կասեցման ընթացակարգեր պարզապես չկան»,- նշել է նա։ Ինդոնեզիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու կոչերը։ Երկրի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալ Դոդի Բուդի Վալույոն մարտի 21-ին հայտարարել է, որ Ինդոնեզիայի դիրքորոշումը միշտ չեզոք է եղել, սակայն նշել է, որ, հաշվի առնելով այս հարցում առկա տարաձայնությունները, G20-ում իր նախագահության շրջանակում կփորձի լուծել ցանկացած խնդիր։ Վալույոն հավելել է, որ Ռուսաստանը G20-ի հանդիպումներին ներկա լինելու «խիստ պարտավորություն» ունի, և կազմակերպության մյուս անդամները չեն կարող նրան արգելել մասնակցել դրանց։   Նորա Վանյան
12:55 - 23 մարտի, 2022