Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է:

2023 թվականից մարմնի գործունեության ոլորտին է վերապահվել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Կոմիտեի նախագահը ներկայումս Սարգիս Հայոցյանն է։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

Կառավարությունը մայիսի 15-ին հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։  Նախագծով Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգերում առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ, որոնց թվում են հետազոտական համալսարանների ստեղծման համար իրավական հիմքերի հաստատումը, գիտական կազմակերպությունների՝ համալսարանների կազմում ինտեգրումը, Գիտությունների ազգային ակադեմիայի նոր դերի սահմանումը, ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելքը՝ եզակի բացառություններով։  Հիշեցնենք, որ այս օրենքի տարբեր նախագծեր շրջանառության մեջ են դրվել՝ սկսած 2019-ից, սակայն օրենք այդպես էլ վերջնականապես չի ընդունվել։ Նախագծերից մեկը 2021-ին Ազգային ժողովում (ԱԺ) հաստատավել էր, սակայն մի քանի դրույթով հակասահմանադրական էր ճանաչվել։ Անցած տարվա աշնանը հրապարակվեց օրենքի լրամշակված նոր նախագիծը, որը քննարկումների ու առաջարկների ընդունման փուլից հետո հասավ կառավարություն և կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ընդունվեց՝ ուղարկվելով ԱԺ։ Հայաստանի գիտական ու բարձրագույն կրթական համակարգերը Այս պահին Հայաստանում գործում են մի քանի տասնյակ բուհեր, որոնց զգալի մասը կենտրոնացած  է հիմնականում կրթական գործառույթի վրա։ Որոշ բուհեր իրականացնում են նաև գիտական հետազոտություններ։ Գիտությունն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ավելի քան 30 ինստիտուտներում, ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական մի քանի անկախ կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչական պատկանելիության ինստիտուտներում։  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ բուհերի նոր տեսակ՝ հետազոտական համալսարաններ, որոնք իրենց կազմում, ի թիվս կառուցվածքային այլ միավորների, կունենան գիտական առնվազն մեկ կազմակերպություն (հոդված 3)։ Նախագծով առաջարկվում է, որ գործեն երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝ հետազոտական համալսարանների կազմում գործող ակադեմիական միավորներ, որևէ գերատեսչության ենթակայությամբ գործող գիտական կազմակերպություններ, հանրային կազմակերպությունների (օրինակ՝ թանգարանների) կազմում գործող հիմնարկներ (հոդված 8)։ ԳԱԱ կազմում, ըստ նախագծի, ինստիտուտներ չեն գործելու, իսկ ԳԱԱ-ին վերապահվելու են նոր գործառույթներ, որոնց մասին՝ մի փոքր ուշ։ Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն, ըստ նախագծի, կարող է հիմնադրվել միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում (հոդված 27): Հանրային գիտական անկախ կազմակերպություններ ունենալու մասին որևէ դրույթ նախագծում առկա չէ։ Այս փաստը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, մեկ անգամ չէ, որ առարկության է հանդիպել։ «Գիտուժ» նախաձեռնությունից, մասնավորապես, ԱԺ-ում նախագծի վերջին քննարկման ժամանակ նշել էին, որ տարբեր երկրներում սովորաբար հետազոտական համալսարաններին զուգահեռ գործում են նաև անկախ, երբեմն՝ տարբեր միավորումներում ներառված, գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են պետությունների կարիքներից բխող կիրառական հետազոտություններով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը, սակայն, նույն քննարկման ընթացքում նշեց, որ աշխատել կարող են գիտական համակարգի տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը»,- ասաց նախարարը։ Որքան էլ քննարկման ժամանակ նախարարը պնդում էր, որ կառավարության առաջարկած համակարգը բացառող չէ, տեսնում ենք, որ օրենքի նախագծով գիտական կազմակերպությունների տեսակները սահմանափակում են միայն երեքով՝ համալսարանների կազմում, գերատեսչությունների կազմում կամ հանրային կառույցների կազմում՝ չստեղծելով իրավական հիմքեր հանրային գիտական անկախ կառույցների կամ դրանց միավորումների ձևավորման համար։ Մյուս կողմից, ըստ նախագծի, հետազոտական համալսարաններն, ի թիվս կրթական գործառույթների, ունենալու են ավելի լայն գործառույցներ, այդ թվում՝  գիտական գործունեության միջազգայնացումը, Հայաստանի տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը, ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը (հոդված 6): Նախագծով առաջարկվում է, որ հետազոտական համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանի կրթական ծրագրերին` ապահովելով որոշակի կրեդիտներ կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով։  Գիտական կազմակերպությունները համալսարանների կազմում ունենալու են ինքնավարության որոշակի մակարդակ․ կարողանալու են գիտական այլ կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով, ինքնուրույն են լինելու գիտական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում (հոդված 8)։ Օրենքի պահանջները բուհերի վրա տարածվելու են 2026-2027 ուսումնական տարվանից, իսկ գիտական կազմակերպությունների վրա` 2026 թվականից (հոդված 43): Կարելի է ենթադրել, որ բուհերի խոշորացումը և գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը սպասվում է 2026-ին։ Թե ինչպես առաջ քաշվեց բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները խոշորացված բուհերի կազմում ընդգրկելու, ակադեմիական քաղաք ստեղծելու օրակարգը, կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմում։    Հոգաբարձուների խորհուրդները և բուհերի ապակուսակցականացումը Նախագծով առաջարկվում է, որ բուհն ունենա կառավարման հետևյալ մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, ռեկտոր։ Հետազոտական համալսարանները, ի թիվս վերը նշվածների, ունենալու են նաև կառավարման կամ տնօրենների խորհուրդ (հոդված 26): Գիտական կազմակերպություններն ունենալու են կառավարման հետևյալ մարմինները՝  հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, տնօրեն: Ընդ որում, հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է համարվելու համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (հոդված 27): Ըստ նախագծի՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում ինչպես նաև ակադեմիական միավորների (ֆակուլտետներ, դպրոցներ, ամբիոններ, դոկտորական դպրոցներ, գիտական ինստիտուտներ) ղեկավար պաշտոններում արգելվելու է որևէ կուսակցության անդամ հանդիսացող, հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է լինելու այդ պաշտոններից ազատման համար (հոդված 26)։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը կազմված է լինելու 20 անդամից: 10-ին առաջադրելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ գիտության, կրթության կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում` Սփյուռքից կամ այլ պետության քաղաքացիներից: Մյուս 10-ին ներկայացնելու է բուհը` ակադեմիական կազմի ներկայացուցիչներից` ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողական մարմինների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն է ընտրելու ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին (հոդված 28)։  Եվ չնայած, ինչպես արդեն նշեցինք, բուհի հոգաբարձուների խորհրդի համար կուսակցության անդամ լինելու և հանրային պաշտոն զբաղեցնելու արգելք կա, այդ արգելքը չի կիրառվելու մինչև 2029-2030 ուսումնական տարին։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնելու 2029-2030 ուսումնական տարում։ Մինչև այդ հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են գործող կարգով, այսինքն՝ ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամներից։ Ավելին՝ անուսակցական և պաշտոնյա չլինելու արգելքը չի տարածվելու գործող կարգով ձևավորվող խորհուրդների վրա (հոդված 43)։  Հիշեցնենք, որ Ինֆոքոմն ուսումնասիրել էր Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմն ու պարզել, որ այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների մոտ 47%-ը կա՛մ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է, կա՛մ էլ նույն կուսակցության աջակից/փոխկապակցված անձ է։ Իսկ ԿԳՄՍՆ առաջադրած անդամների 18․3%-ը կա՛մ պետական համակարգի աշխատող է, կա՛մ նախկին քաղաքական պաշտոնյա, կա՛մ ՔՊ փոխկապակցված անձ/ համակիր։ Այպիսով, չի բացառվում, որ բուհերի խոշորացումից հետո ևս հոգաբարձուների խորհուրդներում կշարունակեն առաջադրվել քաղաքական պաշտոնյաներ և կուսակցականներ, քանի որ հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգը կսկսի գործել 2029-ին միայն։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը դեռ 2019-ից է խոստանում ապակուսակցականացնել բուհերը։ Մինչդեռ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 8 ամսվա ընթացքում (հոդված 44)։ Մինչ հետազոտական համալսարանների կազմում ներառվելը, հիշեցնենք, գիտական կազմակերպությունները լինելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության կառույցներ։  Իսկ ըստ օրենքի նախագծի՝ գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակելու է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվելու է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվելու է կանոնադրությամբ  (հոդված 27):   Բուհերի ռեկտորներն ու գիտական կազմակերպությունների տնօրենները  Բուհի ռեկտորի, ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի համար, բացի անկուսակցական լինելու պահանջից, դրված է նաև առաջադրման պահին և պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորելու պահանջ  (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ բուհի ռեկտորը, և՛ գիտական կազմակերպության ղեկավարը պետք է ունենան ԿԳՄՍՆ հաստատած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ ԿԳՄՍՆ հաստատած, դրան առնվազն համարժեք որակավորում (հոդված 27, հոդված 31)։ Ե՛վ գիտական կազմակերպության տնօրենի, և՛ բուհի ռեկտորի պաշտոնների դեպքում նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նույն պաշտոնում։ Սակայն ռեկտորների դեպքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը տարածվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն, և մինչ այդ ռեկտոր հանդիսանալու հանգամանքը չի դիտարկվելու (հոդված 44): Սա նշանակում է, որ բուհերի ներկայիս ռեկտորները հնարավորություն են ունենալու խոշորացումից հետո ևս երկու անգամ աընդմեջ ռեկտոր ընտրվելու։ Գիտական կազմակերպությունների տնօրենների մասով որևէ հստակեցում օրենքում առկա չէ։   Բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվելու է բյուջետային առանձին ծրագրերով: Բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորումը հիմնված է լինելու կատարողականի վրա։ Բուհերը ստանալու են նաև կրթաթոշակների ֆինանսավորում, դրամաշնորհներ՝ նորարարական ծրագրերի համար, ինչպես նաև թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար։ Գիտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերը շատ փոփոխությունների չեն ենթարկվելու՝ բազային, թիրախային (ներկայումս՝ նպատակային) և դրամաշնորհային (հոդված 39)։  Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ, ազատ են լինելու տնօրինելու պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրենց տրամադրված միջոցները` միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին  (հոդված 27): Պետական աջակցության ծրագրերից օգտվել կարողանալու են նաև մասնավոր գիտական կազմակերպությունները, եթե գրանցվեն գիտության կառավարման տեղեկատվական համակարգում (հոդված 8)։    ԳԱԱ դերն ու գործառույթները Նախագծով առաջարկվում է, որ ԳԱԱ-ն գործի որպես ինքնակառավարվող հիմնադրամ, որն իր կազմում կներառի՝ ԳԱԱ անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), ԳԱԱ գիտական բաժանմունքները,  ԳԱԱ աշխատակազմը,  ԳԱԱ պատվավոր և արտասահմանյան անդամներին, հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին: «Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է»,- ասվում է նախագծում։ ԳԱԱ կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, անդամների ընտրության կարգը, հաստատելու է կառավարությունը։ ԳԱԱ անդամների առավելագույն թիվը լինելու է 100։ ԳԱԱ-ն ունենալու է կառավարման հետևյալ մարմիններները՝ ընդհանուր ժողովը, հոգաբարձուների խորհուրդը` ակադեմիայի նախագահությունը, գործադիր մարմինը` նախագահը: ԳԱԱ նախագահությունը բաղկացած է լինելու 11 անդամներից, որոնք  կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության և կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող և ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք։ Նախագահության անդամներից 3-ին առաջադրելու  է կառավարությունը, մյուս անդամներն ընդհանուր ժողովն ընտրելու է ԳԱԱ կազմից։ Նախագահության կազմը հաստատելու է Կառավարությունը։ Նույն անձը չի կարողանալու ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԳԱԱ նախագահության անդամ: Նախագահությունն ակադեմիկոսների թվից ընտրելու է  ԳԱԱ նախագահին, և ընտրության արդյունքները հաստատելու է կառավարությունը։  Նախագծով սահմանվում է, որ ԳԱԱ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվելու են, եթե լրանա նրա 75 տարին: Իսկ ԳԱԱ անդամներին գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվելու է ամենամսյա դրամական վճար։ Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ ԳԱԱ կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ ԳԱԱ նախագահության կազմը կամ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատում է կառավարությունը։ Սպասվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ԳԱԱ-ն ավելի մեծ կախվածություն կունենա կառավարությունից։ Նախագծով առաջարկվում է սահմանել ԳԱԱ գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝ հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ, հայագիտական հետազոտությունների աջակցությունը, գիտական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը, Հայաստանի գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը, կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը, գիտական ամսագրերի հրապարակումը, գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումը, գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով, միջգիտակարգային երկխոսության ապահովումը, հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը` գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով, ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի: ԳԱԱ գործունեությունների շրջանակն ավելի է լայնացել՝ համեմատած օրենքի նախագծի՝ անցած տարվա սեպտեմբերին շրջանառության մեջ դրված տարբերակի հետ։ Այս փոփոխությունը արդյունք է ԳԱԱ նախագահության և կառավարության քննարկումների։ Այս հանգամանքը պարզ դարձավ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայնտեց՝ կառուցողական քննարկում են ունեցել, և ԳԱԱ-ն պատասխանատու, կարևոր դերակատարություն է ունենալու։ Օրենքի նախագծով նաև առաջարկվում է, որ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպի տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները, իսկ ԳԱԱ-ն գնահատի հաշվետվությունները և ներկայացնի ԿԳՄՍՆ՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ: ԳԱԱ-ին վերաբերող կարգավորումներին կարող եք ծանոթանալ նախագծի 9-րդ հոդվածում։ Օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության մինչև բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ինտեգրման գործընթացը (հոդված 43) Օրենքն ուժի մեջ մտնելու հետո` 6 ամսվա ընթացքում, հաստատվելու է ԳԱԱ կանոնադրությունը, կազմակերպվելու է նոր անդամների ընտրությունը, ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդը (նախագահություն), և ընտրվելու է նախագահ (հոդված 44)։   Ակադեմիական քաղաքը Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական քաղաքը լինելու է կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովելու է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորելու է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը (հոդված 3): Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները ևս կարողանալու են գործունեություն ծավալել, եթե դա բխի քաղաքի զագացման հայեցակարգից: Ակադեմիական քաղաք տեղափոխման արդյունքում ազատված և չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացնելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, իսկ ստացված եկամուտն օգտագործվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով, չօգտագործված գումարով էլ համալրվելու է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը (հոդված 42): Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը գործունեությունը կարողանալու են շարունակել իրենց գործունեության վայրում: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է լինելու միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում (հոդված 44): Մյուս կողմից, Հայաստանում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակների առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս կառավարությունը կարողանալու է սահմանել այդ մասնաճյուղերի գործունեության համար լիցենզավորման և դրանց կազմակերպական-իրավական ձևին և գործունեության բնույթին վերաբերող այլ պայմաններ (հոդված 43): Թե ինչ փուլերով է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքն ու տեղափոխել այնտեղ բուհերը, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։   Գիտության առևտրայնացում և ձեռնարկատիրական գործունեություն Օրենքի նախագծում կան կարգավորումներ, որոնք վերաբերում են գիտության առևտրայնացմանն ու բուհերի՝ ձեռնարկատիրական գործունեությանը։ Նշվում է, որ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործառույթներից է լինելու աջակցել գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը (հոդված 37)։ Բուհի գործառույթներից է լինելու իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծել ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում։ Նախագծով սահմանվում է, որ բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:  Իսկ հետազոտական համալսարանն, ի թիվս այլնի, իր կազմում կարող է ունենալ փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ (հոդված 6):   Գնումների գործընթաց Օրենքի նախագծում անդրադարձ կա նաև գնումներ գործընթացին։ Մասնավորապես նշվում է, որ հանրային բուհերում «Գնումների մասին» օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները փոխանցվելու են հոգաբարձուների խորհրդին (հոդված 7)։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև «Գնումների մասին» օրենքում։ Նշենք, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների խնդիրների մասին գիտական համայնքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Հաշվի առնելով, որ գիտական սարքերը, փորձերի համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար պետք է գնման մրցույթ հայտարարել և հետևել օրենքի ընթակացակարգերին, փորձերի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները շատ ուշ են հասնում Հայաստան՝ դանդաղեցնելով հետազոտությունների ընթացքը։ Երեք տարի առաջ կառավարությունը գնման գործընթացին վերաբերող որոշումներից մեկում փոփոխություն կատարեց՝ հնարավորություն տալով, որ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ ավելի դյուրացված ընթացակարգերով գնում իրականացվի։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ՝ գործադիրից խնդրելով թույլտվություն, որ  գնման գործընթացն իրականացվի այլ պայմաններով։ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի ընդունումից և «Գնումների մասին» օրենքում փոփոխություններից հետո, փաստորեն, կառավարության այս լիազորությունները կփոխանցվեն հոգաբարձուների խորհրդին։   Բուհերում ընդունելությունը և կրթական գործընթացը Հայաստանում գործող բոլոր բուհերը՝ անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ լիցենզիայով սահմանվող՝ ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից  (հոդված 14): Երեք տարի անընդմեջ ուսանողների՝ լիցենզիայով տրամադրված սահմանային թվի կեսից պակասը  համալրելու դեպքում բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 15): Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ևս ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ եթե որևէ կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվեն, լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 16)։ Բուհ առաջին շրջափուլով ընդունվելիս «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են լինելու։  Բուհերն ազատ են լինելու սահմանելու ընդունելության պահանջները, որոնք կարող են լինել հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատական, մոտիվացիոն նամակ, ներբուհական քննություններ և այլն։ Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարողանալու են դիմել սովորելու համար մեկ և ավելի բուհերի կրթական ծրագրերով, ինչպես նաև սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ (հոդված 21):  Առաջարկվում է, որ բուհը կարողանա կրթական ծրագրեր իրականացնել նաև այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք են՝ համատեղ կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են բուհի և այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, և ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում՝  ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով, կրկնակի որակավորման կրթական ծրագրեր՝ մեկ բուհի շրջանակներում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրեր, որոնց ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում ՝ կրկնակի որակավորման դիպլոմով, կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմներով (հոդված 10): Առաջարկվում է, որ ուսանողները կարողանան կազմել ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ակադեմիական մոդուլները), ինչպես նաև բուհի սահմանած կարգով գրանցվել ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (հոդված 22): Հետազոտական համալսարաններում կարող են գործել նաև դոկտորական դպրոցներ, որոնք պատասխանատու են լինելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կազմակերպման համար (հոդված 6)։  Իսկ գիտական աստիճանների շնորհման համակարգը դառնալու է միաստիճան, գիտության թեկնածուներ այսուհետ չեն լինելու, լինելու միայն դոկտորներ (հոդված 3)։ Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ լիցենզավորված բուհերն իրենց կառուցվածքում ունենան Էթիկայի գրասենյակ,  որը պետք է ստանա, գնահատի և առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի և աշխատակազմի՝ ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող բողոքներին (հոդված 33)։  Տարիքային շեմեր և դրամական վճարներ Բուհերում վարչական, ակադեմիական ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները դադարեցվելու են 65 տարին լրանալիս (հոդված 23)։ Բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում պետությունը նրանց տալու է ամենամսյա դրամական վճար (հոդված 24)։   Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականությունը Նախագծում նշվում է, որ, ի թիվս այլնի,  բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքներն են`  ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը, ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը (հոդված 4): Իսկ բուհերի գործառույթների մեջ, ի թիվս այլնի, մտնելու է քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը (հոդված 6): Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու հայագիտության զարգացումը (հոդված 4)։ Պետական քաղաքականության ուղղություններից մեկն էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրումն է՝ «կրթական և գիտական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ» (հոդված 4)։ Թե ինչպես է կառավարությունը հիմնավորում, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման լավագույն ճանապարհը բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների՝ խոշորացված բուհերում ինտեգրումն է, ինչպես է այդ փոփոխությունն, ըստ կառավարության, նպաստելու գիտության արդյունավետ սերնդափոխությանը, և ինչ հակափաստարկներ կան այդ հիմնավորումներին, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում երկու քննարկում է տեղի ունեցել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։    Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
15:54 - 21 մայիսի, 2025
Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի ընդունմամբ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մի շարք առանցքային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ բուհերի խոշորացումը, գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորումը։ Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Այս ընթացքում տարբեր կողմերից նախագծի վերաբերյալ առաջարկներ են հնչել։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ առաջարկների հիման վրա նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել,  սակայն անփոփոխ է մնացել բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը, որն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փորձառությունից է հենց բխում միավորման առաջարկը։  «Մեզ անընդհատ թվացել է, որ գլոբալ որակական արդյունքի կարող ենք հասնել կոսմետիկ փոփոխություններով կամ կիսատ լուծումներով։ Դրանք կարող են կարճ ժամանակով բարելավել իրավիճակը, որոշ ցուցանիշներ գուցե կարող են 1-2 կետով ավելի լավը դառնալ, բայց դա որակական, համակարգային փոփոխության ճանապարհ չԷ»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում:  Ժաննա Անդրեասյանը Ժաննա Անդրեասյանը չհիմնավորված համարեց այն պնդումը, թե սպասվող փոփոխություններով գիտությունը դիտարկվելու է որպես բարձրագույն կրթությանը սպասարկող ոլորտ (օրենքի նախագծի  կարգավորումներով նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները գործելու են որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող միավորներ)։ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու կառավարության իրականացրած ծրագրերը՝ շեշտելով, որ դա ցույց է տալիս իրենց վերաբումունքը ոլորտի հանդեպ։  ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ասաց՝ իրենք որոշումներ կայացնելիս առանորդվում են եղած տվյալներով ու թիրախավորում ոլորտի խնդիրները։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ Հայաստանի գիտաշխատողների 70%-ը Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) է, գիտության բազային ֆինանսավորման 75%-ը տրվում է ԳԱԱ ինստիտուտներին, մինչդեռ ԳԱԱ-ն ապահովում է միջազգային տպագրությունների 25-30%-ը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԳԱԱ ինստիտուտներում, ըստ կառավարության տվյալների, ամեն մոտ երկու գիտնականի բաժին է  ընկնում մեկ վարչական աշխատող։ «Սա խոսում է նրա մասին, որ համակարգում այսօրվա կազմակերպման ձևով, այսինքն` գիտությունը գիտական կազմակերպություններում իրականացնելու պայմաններում մենք ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ։ Սրան զուգահեռ մենք ունենք գիտական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 50-ից ոչ ավելի գիտաշխատողներ։ Այս ամեն ինչը բերում է գիտության գետտոյացման, ու խնդիր է  առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում․ շատ բարդ է լինում գաղափարը հասցնել կատարողներին»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև գիտության սերնդափոխության ու միջազգային տպագրությունների հարցերին։ Նա նշեց՝ վերջին տարիներին և՛ գիտնականների թվի աճ կա, և՛ միջազգային տպագրությունների, սակայն երկու դեպքում էլ աճի տեմպերից դեռևս գոհ չեն։ Գիտության սերնդափոխության խնդրին և կառավարության կողմից սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկվող լուծումներին մանրամասն կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։ Սարգիս Հայոցյանը ԲԿԳԿ նախագահը նշեց, որ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող սկզբունքային կետերի շուրջ աշխատել են ԳԱԱ-ի հետ։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ կառուցողական քննարկում է տեղի ունեցել։ ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ իրենք գործընթացի վերաբերյալ ի սկզբանե այլ դիրքորոշում ունեին և առաջարկում էին կատարել ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում՝ ԳԱԱ համակարգում պահելով որոշ ինստիտուտներ և իրականացնելով բարեփոխումներ։  «Բայց քանի որ կառավարության դիրքորոշումը այլ է, օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո մենք երկու անգամ հանդիպել ենք պարոն Հայոցյանի հետ, քննարկել ենք Ակադեմիայի մասով գործառույթները, որը արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է ԳԱԱ-ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Օրենքի՝ այս պահին հանրային քննարկման դրված նախագծում որպես ԳԱԱ գործառույթներ են նշվում քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Թե ինչպիսին կլինի նոր ձևակերպումը, պարզ կդառնա նախագծի լրամշակված տարբերակի հրապարակումից հետո։ Սակայն ԱԺ-ում հստակեցվեց, որ ԳԱԱ-ն իր կազմում ինստիտուտներ չի ունենալու։ Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց՝ աշխարհում կան հրաշալի աշխատող տարբեր համակարգեր, և կառավարությունը պիտի հիմնավորի, թե ինչպես է սպասվող փոփոխություններով համակարգը որակապես ավելի լավը դառնալու։ Նրա խոսքով այդ հիմնավորումը բացակայում է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու գիտական գործունեության տեսակների դիվերսիֆիկացում չի ապահովվում սպասվող փոփոխությունների համատեքստում։  Նշենք, որ Բարձարգույն կրթության և գիտության օրենքի՝ այս պահին շրջանառության մեջ դրված նախագծից պարզ է դառնում, որ օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության, իսկ բուհերի խոշորացումից հետո ներառվելու են խոշոր համալսարանների կազմում։ Համալսարանների մաս են դառնալու նաև գիտական անկախ կազմակերպությունները՝ եզակի բացառություններով։ Բացի համալսարանական գիտությունից՝ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ունենալու նաև գերատեսչական գիտական կառույցներ, որոնք կզբաղվեն գերատեսչությունների խնդիրներով, ինչպես նաև թանգարանների, առողջապահական հաստատությունների, արտադրական կազմակերպությունների կազմում գործող հետազոտական հիմնարկներ։ Իսկ որևէ համալսարաննի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվել կարող է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: ԱԺ քննարկման ընթացքում գործադիրի ներկայացուցիչներից հնչած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ այս դրույթները լրամշակված տարբերակում նույնն են մնալու։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց՝ աշխատել, իհարկե, կարող են տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը։ Եվ սա բացառող համակարգ չէ, սա հենց դիվերսիֆիկացիա է, որովհետև դիվերսիֆիկացիան գնում է ըստ նպատակի։ ․․․․ Մենք վստահ ենք, որ Ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու այն համակարգում, որը մենք նկարագրում ենք, որովհետև այդտեղ մարդիկ զբաղվելու են իրենց էքսպերտային կարծիքի մշակմամբ, ներկայացմամբ և նաև գնահատմամբ»,- ասաց նախարարը։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ գիտնականների ատեստավորման նոր կարգում կան պատվավոր գիտաշխատողների տարակարգեր․ ինչ-որ առաջադեմ տարիքից հետո ձեռքբերումների արդյունքում մարդիկ կարող են ստանալ այդ աստիճանը,  և «այդ ամբողջ մարդկային ներուժը կդառնա  Ակադեմիայի հենքը»։  Արթուր Իշխանյանը նշեց, որ խոսքը կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է, և դա նշանակում է ԳԱԱ-ն դարձնել «ծերակույտ»։ Սարգիս Հայոցյանն էլ պատասխանեց․ «Ամենայն հարգանքով, այսօր ԳԱԱ ակադեմիկոսների ամենափոքր անդամը 62 տարեկան է»։ Նշենք, սակայն, որ ԳԱԱ ղեկավարությունն ինքն է արդեն մի քանի տարի խոսում ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանելու և անդամների ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ իրենց նախաձեռնության՝ օրենքի նախագծի հետ անհամաձայնությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ իրենք դեմ են միավորմանը։ Նախաձեռնությանը հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե ինչպես է հիմնավորվում, որ այս փոփոխությունների իրականացմամբ հնարավորություն կստեղծվի պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման համար։ Տիգրան Շահվերդյանը նաև հստակեցրեց՝ իրենց մտահոգությունը ոչ թե այն է, որ գիտությունը ստորադասվելու է բարձագույն կրթությանը, այլ որ սպասվող փոփոխություններով շեշտն առաջնային կերպով դրվում է ակադեմիական գիտության բնագավառում մրցունակության բարձրացման վրա։ Տիգրան Շահվերդյանը «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ հարկավոր է ձևավորել պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի պատվերի ամբողջական համակարգը, որից պարզ կլինի, թե ինչպիսի պետական կամ մասնավոր ԳՀՓՄ կատարողներ են Հայաստանին հարկավոր։ Նա առանձնացրեց ԳՀՓՄ երեք ուղղություններ՝ ակադեմիական հետազոտություններ, որտեղ շեշտը դրվում է մտավոր ներուժի, գիտական սարքավորումների, կարողությունների և բարձրորակ հրապարակումների քանակի վրա, արդյունաբերական նորարարություն, որտեղ շեշտը դրվում է մասնավոր հատվածում ԳՀՓՄ-ի ֆինանսավորման կամ խթանման, ավելացված արժեքը բարձրացնելու, ՀՆԱ-ն մեծացնելու և, ի վերջո, պետական բյուջեն ավելացնելու վրա, անվտանգային հարցեր, որտեղ վճռորոշ չափանիշ է հասանելիությունը արտադրանքին, տեխնոլոգիաներին և կարողություններին։ «Հայաստանը ժառանգել է ԳՀՓՄ կատարողների համակարգ, սակայն չի ժառանգել պատվերի մեխանիզմները, որի պատճառով էլ կորցրել է կատարողների մեծ մասին։ Որպես անկախ, ինքնիշխան պետություն ԳՀՓՄ պատվերի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հարցում մենք շատ դանդաղ ենք շարժվում։ Մինչև այսօր էլ համակարգը դեռ մասնակի է ձևավորված՝ չնայած այն բոլոր անվտանգային մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք։ Որպեսզի ԳՀՓՄ-ն իրապես օգտագործվեն որպես մրցունակության գործիք,  անհրաժեշտ է, որ վերոնշյալ 3 գործունեության տեսակները իրականացվեն ներդաշնակ կերպով, սակայն այս օրենքի նախագծի օրինակով էլ մենք տեսնում ենք, որ սայլերը դնում ենք ձիերց առաջ․ փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելու, կարիքներից բխող ԳՀՓՄ պատվերի մեխանիզմները ամբողջական ձևավորելու մեջ, դրանց հիման վրա հայաստանյան ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցման մեջ, մասնավորապես, թե ակադեմիական գիտության մեջ ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք ահռելի ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։  Ժաննա Անդրեասյանը դեռ իր խոսքի սկզբում էր նշել, որ պատվերի մեխանիզմների ձևավորման հարցը դուրս է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման շրջանակից, ապա հիշեցրել՝ վարչապետին կից ձևավորվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որտեղ կառավարությունից ու մասնավոր հատվածից ներկայացուիչներ կան, և աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առաջարկվել է Նորարարությունների հայկական հիմնադրամ ստեղծել։ Սարգիս Հայոցյան էլ հիշեցրեց, որ գիտության ֆինանսավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ փոփոխվել է, մասնավորապես, նպատակային ֆինանսավորման ծրագրերի տրամաբանությունը։ Այս ծրագրերը միտված են պետության կարիքներից բխող հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը, սակայն մինչև այս պահը հետազոտություններն իրականացվում էին հենց գիտնականների նախաձեռնությամբ։ Այժմ արդեն մեխանիզմներ են դրվել, որոնցով կբացահայտվեն պետության կարիքները, ապա գիտնականների հետ քննարկումից հետո կսհտակեցվի հետազոտական ծրագրերի ցանկը։ ԲԿԳԿ նախագահը նշեց՝ ֆինանսավորման ծրագրերում այս և նմանատիպ ծրագրերի ծավալն ավելի փոքր է, սակայն համադրելի է կարողունակության հետ։ «Երբեք որևէ միջոցառման որակը չենք զիջում՝ քանակ ապահովելով»,- շեշտեց նա։ Սարգիս Հայոցյանի խոսքով, չնայած կառավարությանը մեղադրում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, բայց իրենց պատկերացմամբ հրապարակումները գիտնականի աշխատանքի առաջնային ցուցիչներն են։ «Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը շեշտեց՝ համալսարանների կազմում գիտական կազմակերպություններն անկախ են լինելու իրանց գործունեության ոլորտները որոշելու հարցում ու նաև կարողնալու են «ազատորեն որոշակի պատվերներ իրականացնել»։  «Մի շարք արևմտյան երկրներում համալսարանական հետազոտական ինստիտուտները կարևորագույն հետազոտություններ են անում, այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում, ինդուստրիայի հետ համագործակցության հարցում»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ «Գիտուժ» նախաձեռնությանն այս օրենքի քննարկման համատեքստում հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է համակարգի բարեփոխումն իրականացնել այնպես, որ մի կողմից ապահովվի Հայաստանի կարիքներից բխող հետազոտական կարողությունների զարգացում, մյուս կողմից «իրավիճակն էլ ավելի չբարդանա»։ «Այս հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերներն աճում են, այլ նաև այն պատճառով, որ ԳՀՓՄ մեջ ներդրվում են հարկատուների գումարները, և պետք է օր առաջ պատասխանել, թե ինչքանով են այդ ներդրումները իրական խնդիրներ լուծում կամ խնդիրների լուծման համար կարողություններ ձևավորում»,- ասաց նախաձեռնության անդամը։ Նա հիշեցրեց իր թված ԳՀՓՄ երեք ուղղությունների մասին՝ ակադեմիական, նորարարական և անվտանգային՝ շեշտելով, որ եթե ակադեմիականին զուգահեռ նորարարական հետազոտությունների մասով այս պահին քայլեր արվում են, ապա անվտանգային ԳՀՓՄ-ի պատվերի մեխանիզմը կայացած չէ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ գիտնականի աշխատանքի արդյունավետության միակ չափանիշն ակադեմիական արդյունքը չէ, պետության խնդիրների լուծումն է, որն իրենց տեսակետից ավելի կարևոր է։  «Ակադեմիական արդյունքը ոչ ոք չի ստորադասում, բայց կարևոր է, որ ակադեմիական արդյունքը լինի այն ուղղություններում, որոնք առաջնային են մեզ համար, և դա մենք, ցավոք սրտի․ դեռ չենք տեսնում։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք իրականացնում եք կարիքներից բխող որոշ ծրագրերի ֆինանսավորում, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում»,- նկատեց նա։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ եթե անգամ պետական պատվերի մեխանիզմների ձևավորումը ԿԳՄՍՆ տիրույթում չէ, կառավարության տիրույթում է, և փոփոխությունները պետք է համակարգված, ներդաշնակ իրականացվեն։  «Եթե մեր ամբողջ նպատակն է միայն ակադեմիական արդյունքը, ապա խնդիր չկա ձեր նախատեսած կտրուկ միավորումների հետ, բայց քանի որ մենք գործ ունենք պետական միջոցների ներդրման հետ, ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ կատարողների երկու տեսակ կա։ [Կան] համալսարաններ, բայց նաև կան համալսարաններից դուրս գիտական ինստիտուտներ, որոնք տարբեր ձևաչափի են լինում, գերատեսչական են լինում, լինում են հատուկ խմբավորումների մեջ, նաև՝ Ակադեմիայի մեջ, լինում են ուղիղ կառավարության [ենթակայութամբ]։ Դրանց նպատակն է պետության կարիքներից ելնող ԳՀՓՄ աշխատանքներ իրականացնել ու նաև ավելի արդյունավետ լինելու պատճառով ակադեմիական գիտությամբ զբաղվել, բայց կարող ենք և չզբաղվել։ Հիմա մենք խոսում ենք այս ձևաչափի մասին, որն օրենքի նախագծում սահմանափակվում է միայն գերատեսչական ֆորմատով, և անհասկանալի է` ինչու։ Եկեք զարգացնենք մեր բարձրագույն կրթությունը` համատեղելով գիտության հետ, բայց շատ կարևոր է նաև զարգացնել կարողություններ մեր խնդիրը լուծելու»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ընտրել ինստիտուտների առաջին խմբերը, միավորել դրանք ու նախ համոզվել, որ այդ ֆորմատով հնարավոր է պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել։  Ժաննա Անդրեասյանը կրկին պնդեց, որ կառավարության ներկայացված համակարգը բացառող չէ՝ նշելով՝ եթե կա ինչ-որ առաջարկ, որը կոնկրետ ցույց է տալիս, թե այդ համակարգի տրամաբանությունից ինչ տեսակի հետազոտություններն են դուրս մնում, ապա այդ առաջարկը կարող է ներկայացվել կառավարությանը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Փափանյանը նկատեց՝ բարեփոխումները սովորաբար տեղի են ունենում աստիճանաբար, մինչդեռ ինքը նկատել է, որ Հայաստանում դրանք արվում են կտրուկ։ «Եթե դուք ուզենայիք աստիճանաբար անել բարեփոխումները, ի՞նչ փուլեր կներառեիք այդ բարեփոխումների մեջ»,- հարցրեց նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։  Ժաննա Անդրեասյանը նշեց՝ քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից և բարեփոխումների հաջողման/չհաջողման ամենաառանցքային նախապայմաններից մեկն իրականացման ճանապարհային քարտեզն է։ Նա շեշտեց, որ նախարարությունը դեռ 2023 թվականի ամռանն է հայտարարել խոշորացման ու միավորման մասին՝ բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրելով առաջարկներ ներկայացնել։   «Ութ ամիս տրվել է առաջարկների համար։ Նախորդ տարի մարտից բոլոր ինստիտուտների, բուհերի և հետաքրքրված կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խմբեր են ձևավորել, որոնց կցվել են համապատասխան միջազգային գործընկերները, և այդ խմբերն աշխատում են արդեն մի տարուց ավելի։ Մենք նպատակ ունենք այս տարվա վերջին ամփոփել հայեցակարգային փուլը և դրանից հետո գնալ իրականացման պլանի ուղղությամբ։ Մեզ ավելի շատ մեղադրանքներ են ուղղվում դանդաղության համար, քան արագության, բայց մենք բոլոր արձագանքներում ասում ենք, որ պատրաստ չենք շտապել որակի հաշվին»,- ասաց նախարարը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նկատեց, որ նախարարի նշած աշխատանքային խմբերում ներառականության խնդիր կա։ «Բացեք և նայեք՝ ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում։ Որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված, Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն ներինստիտուտային քննարկումների մեջ»,- ասաց Գայանե Շագոյանը։  Գիտնականը կարևորեց նաև, որ երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծն ունենա քաղաքական և քաղաքացիական կոնսենսուս․ «2015 թվականից քննարկում ենք [այս հարցերը] և անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետև չունենք մեծ հայեցակարգային մոտեցումը, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետև չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնում»։ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խմբերի ներգրավվածության հարցը ԿԳՄՍՆ տիրույթից դուրս համարեց և խորհուրդ տվեց խնդիրը բարձրաձայնել ինտիտուտների ներսում։   «Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մշակութային փոփոխության մասին ու սպասում ենք, որ վերևից պետք է մեկը գա և ձևավորի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, նշանակում է` մշակութային փոփոխության մասին չենք խոսում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում, երբ ներսում աշխատանքային թիմերը այդ պահանջներն իրենց ղեկավարների առաջ դնում են, մենք էլ խրախուսում ու աջակցում ենք։ Այդ տնօրեններն ընտրվում են, և այդ բոլոր գործընթացները կարող են կառավարվել ու ի սկզբանե ճիշտ պլանավորվել։ Ես վստահ եմ, որ մեր նախագծած համակարգում այդ տրամաբանությամբ աշխատող ինստիտուտներ չենք ունենալու, որոնք անձի շուրջ ձևավորված կառույցներ են, և որտեղ մարդիկ մասնակից չեն պրոցեսներին»,- ասաց նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ շատ մտահոգություններ բխում են նրանից, որ ստեղծվելիք համակարգը անծանոթ է, և ռիսկայնություն կա։ «Մեր կառավարման հիմնական գործիքը պետք է լինի անցումային ժամանակահատվածի և ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումը։ ․․․․ Եթե մենք նույնիսկ լավագույն գաղափարները միասին համաձայնեցված ձևակերպենք, սակայն սխալ պլանավորենք դրա իրականացումը, ոչ մի արդյունք չենք ստանալու»,- ասաց նախարարը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հիշեցնենք, վերջնական լրամշակման փուլում է և շուտով կուղարկվի կառավարություն, ապա՝ ԱԺ։ Մինչ այդ կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես օրակարգ բերվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչ դիրքորոշումներ ու մտահոգություններ են տարբեր կողմերից հնչել այս համատեքստում, և որոնք են կառավարության հիմնավորումները։    Լուսանկարները՝ ԱԺ-ի Աննա Սահակյան
14:46 - 16 ապրիլի, 2025
Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

2021-ին քիմիկոս Մարինա Աղայանը, որ 2000-ականներին մեկնել էր արտասահման՝ գիտական գործունեություն ծավալելու, ապա թողել էր գիտությունն ու բիզնեսով էր զբաղվում, վերադարձավ Հայաստան՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրելով գիտական նոր թիմ։ Մարինա Աղայանի՝ Հայաստան վերադարձով մեր երկրում երիտասարդ գիտնականների թիվն ավելացավ ևս մեկով։  2023-ին Հայաստանում եղել է 4312 գիտնական։ Այս գիտնականների շուրջ 31%-ը մինչև 35 տարեկան է, 27%-ը՝  35-49, 17%-ը՝ 50-64, 25%-ը՝ 65 տարեկան և բարձր։* Գիտնականների տարիքային բաշխվածությունը, սակայն, միշտ չէ, որ այս տեսքն է ունեցել։ 2016 թվականին, օրինակ, 35 տարեկանից ցածր գիտնականներն ընդամենը 25% են կազմել, մինչդեռ 65 և ավելի տարեկան գիտնականները՝ 29%: Հետագա տարիներին այս համամասնությունն աստիճանաբար փոխվել է, իսկ էական փոփոխություն արձանագրվել է 2022 թվականին։ Կառավարությունն այս փոփոխությունը պայմանավորում է գիտության ֆինանսավորման աճով, երիտասարդներին գիտական գործունեության մեջ ներգրավելուն և ասպիրանտներին աջակցելուն միտված ծրագրերի ներդրմամբ։ Գործադիրը, սակայն, դեռ գոհ չէ աճի տեմպից։ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթույթան և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահն ասում է՝ գիտություն եկած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի։ Կառավարությունը ցանկանում է իրականացնել «արդյունավետ սերնդափոխություն»՝ ստեղծելով երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու ինստիտուցիոնալ համակարգ։  Կառավարությունը սերնդափոխության և գիտության ու կրթության մեջ առկա այլ խնդիրները լուծելու նպատակով նախատեսում է խոշորացնել պետական բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և դրանց միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ, որտեղ գիտական կազմակերպությունները կգործեն որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող ստորաբաժանումներ։ Բարձրագույն կրթության և գիտության՝ միավորման միջոցով ինտեգրումն, ըստ կառավարության, կլուծի գիտության արդյունավետ սերնդափոխության խնդիրը։  Բուհերից ու գիտական կազմակերպություններից «Ինֆոքոմի» հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին երիտասարդ և միջին տարիքի (մինչև 50 տարեկան) գիտնականների համամասնությամբ առաջատար են բուհերը, նրանցից մի փոքր հետ են մնում գիտական անկախ կառույցները, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներն են, իսկ ամենավերջում՝ գերատեսչական գիտական կառույցները։   Ինչպիսին է պատկերը բուհերում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ), Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) առաջատարներն են երիտասարդ և միջին տարիքի գիտնականների համամասնությամբ։ Նրանց հաջորդում են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։¹ Վերջին տարիներին երիտասարդ՝ մինչև 35 տարեկան գիտնականների թվի կտրուկ աճ է գրանցել Երևանի պետական համալսարանը, նվազում՝ Շիրակի պետական համալսարանը։ Բոլոր բուհերի տվյալները կարող եք տեսնել՝ թերթելով նկարները։*   Ինչպիսին է պատկերը Գիտությունների ազգային ակադեմիայում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) 5 գիտական կառույցներ նույնքան երիտասարդ են, որքան ամենաերիտասարդ բուհերը։ Մասնավորապես, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միասին 2024-ին կազմել են մոտ 87%, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում՝ 80%, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ՔՖԻ)՝ մոտ 74,6%, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ)՝ 71,4%, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ԻԱՊԻ)՝ 65,2%։ ԳԱԱ 31 գիտական կազմակերպություններից² 17-ում մինչև 50 տարեկան գիտնականների համամասնությունը 50%-ից բարձր է, սակայն մնացած 14 կազմակերպություններում իրավիճակը կտրուկ տարբեր է վերոնշյալից․ մինչև 50 տարեկան գիտնականների ներգրավվածությունը ցածր է 50%-ից։ ԳԱԱ բոլոր 33 կառույցներում վերջին տարիներին որոշակիորեն աճել է երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը։ Կտրուկ աճ է գրանցել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը՝ 2024 թվականին գրեթե կրկնապատկելով մինչև 35 տարեկան գիտնականների թիվը։ Առանձին ինստիտուտներում գիտնականների՝ ըստ տարիների տարիքային բաշխվածությունը կարող եք ուսումնասիրել՝ թերթելով նկարները։   Ինչպիսին է պատկերը գիտական անկախ կառույցներում Մեր ուսումնասիրած գիտական անկախ կառույցներից միայն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) է հետ մնում բուհերից։ Առաջատարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն (ՀՑԹԻ) է, որտեղ երիտասարդ և միջին տարիքի գիտնականները 2024-ին կազմել են մոտ 94%, հաջորդում է Մատենադարանը՝ մոտ 66,7%-ով, ապա ԱԱԳԼ-ն է՝ մոտ 52%-ով։  Ստորև կարող եք տեսնել նաև, թե այս կառույցներում ինչպես է փոփոխվել տարբեր տարիքային խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։ Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտն ու Մատենադարանը այն եզակի կառույցներից են, որոնք խոշորացումից ու միավորումից հետո գործելու են առանձին։   Ինչպիսին է պատկերը գերատեսչական կառույցներում Բացի ԳԱԱ ինստիտուտներից ու անկախ կառույցներից՝ Հայաստանում գործում են նաև գերատեսչական կառույցներ։ Մենք հավաքագրել ենք Առողջապահության և Էկոնոմիայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գիտական հաստատությունների տվյալները։  Ստորև կարող եք տեսնել, թե գերատեսչական կառույցներում ինչպես է փոփոխվել տարիքային տարբեր խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։   *** Այսպիսով, ԳԱԱ կազմում և դրանից դուրս կան գիտական կազմակերպություններ, որոնք այս պահի դրությամբ, չգործելով որևէ համալսարանի կազմում, ավելի երիտասարդ են, քան բուհերից շատերը։  Մենք զրուցել ենք այդ գիտական կազմակերպություններից մի քանիսի տնօրենների հետ՝ խնդրելով ներկայացնել, թե նրանք երիտասարդներին ներգրավելու և գիտության մեջ պահելու ինչ քաղաքականություն են վարում։   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) մեկն է ԳԱԱ ամենաերիտասարդ ինստիտուտներից։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այս կառույցում երիտասարդացումը նոր երևույթ չէ․ դեռ 2016-ին ինտիտուտում մինչև 50 տարեկան գիտնականները կազմում էին 57,3%, և այդ թիվը գնալով աճել է՝ 2024-ին հասնելով 71,4%-ի։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանն ինստիտուտում աշխատում է 1998-ից։ Նա հիշում է, որ դեռ նախկին տնօրենի՝ Աննա Բոյաջյանի օրոք էր երիտասարդներին ներգրավելը ինստիտուտի կարևոր առաջնահերթություններից մեկը, և երբ 2015-ին ինքը ստանձնեց տնօրենի պաշտոնը, «բավական լավ բազա կար»։ Ինչպե՞ս էր ստացվում երիտասարդներին գրավել ու պահել գիտության մեջ 2000-ականներին, երբ գիտության ֆինանսավորումն այսօրվա համեմատ շատ քիչ էր։ Պատասխանելով այս հարցին՝ Արսեն Առաքելյանը մի քանի քայլ է առանձնացնում՝ ՄԿԻ-ն դեռ 2000-ականներից ուներ հետաքրքիր ու ժամանակակից հետազոտական ուղղություններ, երիտասարդներն առաջին իսկ օրվանից ընդգրկվում էին հետազոտական աշխատանքներում, նրանց հնարավորություն էր տրվում լաբորատորիայում աշխատելու և սխալվելու, երբ հետազոտական որևէ ծրագիր էր իրականացվում, չէր ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ միայն լաբորատորիայի ղեկավարը կամ ավագ գիտաշխատողները վարձատրվեին․ վարձատրվում էին բոլորը, Հայաստանում ֆինանսական սուղ պայամանների պարագայում ՄԿԻ-ն դիմում էր միջազգային ֆոնդերի և ֆինանսավորում ներգրավում, երիտասարդ գիտաշխատողներին որոշ ժամանակով ուղարկում էին արտասահմանում հետազոտություններ իրականացնելու։ Արսեն Առաքելյանի խոսքով այս ամենի շնորհիվ երիտասարդները զգում էին, որ իրենք թիմի մաս են։ Խոսելով այն մասին, որ Հայաստանում շատ հաճախ խնդիր կա նաև միջին տարիքի գիտնականների, որոնք պետք է ղեկավարեն երիտասարդներին, Արսեն Առաքելյանն առանձնացնում է երկու պատճառ։ Նախ՝ շատերը, որոնք հիմա պիտի միջին տարիքային խմբում լինեին, ժամանակին հեռացել են Հայաստանից կամ առհասարակ թողել են գիտությունը, բացի այդ՝ հաճախ է եղել, որ լաբորատորիաների վարիչները բավարար ջանք չեն գործադրել նոր պոտեցնիալ ղեկավարներ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: Նա նշում է, որ ՄԿԻ-ում այդ խնդիրը չկա․ իհարկե, ունեցել են լաբորատորիաներ, որոնք փակվել են, սակայն հիմնական ուղղությունների դեպքում ղեկավարումը հնարավոր է եղել փոխանցել ավելի երիտասարդ գիտնականի, որը շարունակել ու զարգացրել է այդ ուղղությունը՝ ըստ անհրաժեշտության ձևափոխելով և արդիականացնելով։ Իսկ երիտասարդ գիտնականների՝ ղեկավարելու կարողությունները զարգացնելու համար ՄԿԻ-ն հնարավորություն է ստեղծում երիտասարդական գիտական խմբերի ձևավորման համար։ Արսեն Առաքելյանի խոսքով, եթե լինում են այնպիսի երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկանում են գործել որպես առանձին գիտական միավոր, նրանց այդ հնարավորությունը տրվում է։ ՄԿԻ տնօրենը նշում է՝ արդեն ունեցել են նախադեպեր, երբ նման խմբերի հիման վրա նոր լաբորատորիաներ են ստեղծվել ինստիտուտում։ Խոսելով այն մասին, թե ինչպիսին է կապը բուհերի և ուսանողների հետ, Արսեն Առաքելյանն ասում է՝ չնայած նախկինում այդ կապը ոչ ֆորմալ էր, երիտասարդների ներհոսք տեղի էր ունենում, քանի որ «Հայաստանը փոքր է, և անձնական կապերն աշխատում են»։  Այժմ այդ կապը ֆորմալացված է․ ՄԿԻ-ին Հայ-ռուսական համալսարանում բազային ամբիոն ունի։ Արսեն Առաքելյանը բազային ամբիոնները համագործակցության լավ տարբերակ է համարում, ասում է՝ թղթաբանությունը շատ է, բայց արդյունքը երևում է այն ուսանողների տեսքով, որոնք հետո գալիս են գիտություն, կամ եթե անգամ այլ ոլորտ են ընտրում, ունենում են գիտելիքի բավարար մակարդակ այդ ոլորտում կայանալու համար։ Հարցին, թե արդյո՞ք բուհերի հետ միավորումը և ուսանողներին ուղիղ հասանելիությոնը կնպաստի արդյունավետ սերնդափոխությանը, ՄԿԻ տնօրենը պատասխանում է՝ սերնդափոխության խնդիրները կարելի է լուծել շատ տարբեր եղանակներով։ «Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ չափելի նախնական տվյալներ չունենք․ տրամաբանության տեսակետից հնչում է շատ լավ, բայց խնդիրը միայն ուղղակի հասանելիությունը չէ։ ․․․․ Միավորումն ամենակարևոր բանը չէ սերնդափոխության հարցում․ ավելի շատ մտածելակերպի փոփոխություն է պետք։ Անգամ եթե մեր ինստիտուտը միավորվի ինչ-որ մի բուհի հետ, եթե մեր լաբորատորիայի ղեկավարը չփոխի իր մոտեցումը նոր կադրերի վերաբերյալ, համալսարանի ներսում լինի, թե դրսում, լաբորատորիան չի զարգանա։ Իսկ եթե ուզի, երբևիցե չի խանգարի այն փաստը, որ ինչ-որ համալսարան գտնվում է 10 կմ հեռավորության վրա»,- ասում է Արսեն Առաքելյանը ՄԿԻ տնօրենը նշում է՝ սերնդափոխության մասին խոսակցություններն, արդեն տարիներ է, ինչ կան, և այդ տարիների ընթացքում կարելի էր պիլոտային ծրագիր իրականացնել, որը միտված կլիներ բարձրագույն կրթության և գիտության մերձեցմանը․ «Օրինակ, լիներ բազային ամբիոնների, համատեղ հետազոտական ծրագրերի մրցույթ կամ համատեղ մշակվող կրթական ծրագրերի նախաձեռնություն։ Դժվար բան չէ»։   Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ԳԱԱ մեկ այլ կառույցի՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին (ՔՖԻ), միայն վերջին տարիներին է հաջողվել երիտասարդ գիտնականների թվի զգալի աճ ապահովել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է ՔՖԻ-ում փոխվել տարիքային խմբերի համամասնությունը 2016-ից մինչև հիմա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը վերջին տարիների երիտասարդացումը պայմանավորում է նախ այն հանգամանքով, որ ինտիտուտում փակվել են անարդյունավետ գործող լաբորատորիաները, ստեղծվել են 5 նոր լաբորատորիաներ ու գիտական նոր խմբեր, երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի։ ՔՖԻ-ն առաջիկայում նոր երիտասարդ թիմեր էլ է ստեղծելու։ ՔՖԻ տնօրենը երիտասարդացման հարցում կարևորում է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ վերջին տարիների քաղաքականությունը։ Խոսքը, մասնավորապես, հետազոտական դրամաշնորհային ծրագրերում երիտասարդ կադրերի պարտադիր ներգրավման և որոշ ծրագրերի դեպքում՝ այդ երիտասարդներին բազային աշխատակիցներ դարձնելու պահանջի, ինչպես նաև երիտասարդներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման ուղարկելու ծրագրի մասին է։ «ԲԿԳԿ թե՛ պահանջները, թե՛ վարած քաղաքականությունը խիստ համահունչ են եղել մեր ուզածին, և դա ինչ-որ պահի սիներգիկ էֆեկտ է տվել, որ կտրուկ է եղել աճը»,- ասում է ՔՖԻ տնօրենը։ Հաշվի առնելով, որ երիտասարդներն անփորձ են ու կարող են գիտական կարիերան չշարունակել՝ Սեյրան Մինասյանը կարևորում է ոչ միայն երիտասարդների ներգրավումը, այլ նաև ինստիտուտում տարիքային խմբերի այնպիսի համամասնության ապահովումը, որ համակարգը հավասարակշռված և ինքնավերարտադրվող լինի։ Սա ենթադրում է, որ ինտիտուտում պիտի լինեն նաև բավարար քանակի ավագ, առաջատար, գլխավոր գիտաշխատողներ, այսինքն՝ փորձառու գիտնականներ, որոնք կղեկավարեն երիտասարդ կադրերին։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ խոսքը հիմնականում 40-60 տարեկան գիտնականների մասին է․ ժամանակին միայն իրենց ինստիտուտից 20 գիտնական է հեռացել, որոնք հիմա տարիքային այս խմբում պիտի լինեին։ Ավելի փորձառու գիտնականների ներգրավելու ուղղությամբ քայլերից խոսելով՝ Սեյրան Մինասյանը նշում է․ «Դուք չունեք այն կախարդական փայտիկը, որով հարվածեք սեղանին, և միանգամից ութ 45 տարեկան լիդեր հայտնվի ինստիտուտում․ դա անհնար բան է։ Այսինքն` մի մասը բնական ճանապարհով պետք է ձևավորվեն»։ ՔՖԻ տնօրենի խոսքով այդ տարիքի գիտնականներ ներգրավելու այլ ճանապարհներ էլ կան։ ՔՖԻ-ում, օրինակ, վեջին տարիներին երկու լաբորատորիա է ստեղծվել, որոնց ղեկավարները 40 տարեկան տարիքային խմբում են, նախկինում հետազոտություններ էին իրականացնում արտասահմանում և ինչ-ինչ պատճառներով վերադարձել են Հայաստան։ ԲԿԳԿ արտերկրի գիտնականների` Հայաստանի գիտական համակարգին ինտեգրման ծրագրով ինստիտուտ եկած գիտնականներից մեկը ևս տարիքյաին այդ խմբում է։  Սեյրան Մինասյանը կարևորում է, որ 65 տարեկան և բարձր տարիքային խմբի սփյուռքահայ գիտնականների ներուժը ևս օգտագործվի, նրանց ղեկավարությամբ էլ երիտասարդ թիմեր ձևավորվեն Հայաստանում։ Վերջերս, օրինակ, ՔՖԻ-ում նոր լաբորատորիա է ստեղծվել, որի ղեկավարումը ստանձնել է սփյուռքահայ գիտնական Գագիկ Գուրզադյանը։ Վերջինս նախկինում հետազոտություններ է իրականացրել Դալիանի տեխնոլոգիական համալսարանում և այժմ տեղափոխվել է Հայաստան։ Սեյրան Մինասյանի խոսքով կարևոր է ուշադրության կենտրոնում պահել արտասահմանում գիտական կարիերան ավարտող կամ թոշակի անցնող հայազգի գիտնականներին ու նրանց հրավիրել Հայաստան՝ երիտասարդ թիմեր ձևավորելու։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրենց ինստիտուտում կձևավորվի տարիքային խմբերի ցանկալի համամասնություն։ Խոսելով բուհերի հետ կապի մասին՝ Սեյրան Մինասյանն ասում է՝ իրենց խմբերի ու լաբորատորիաների վարիչների առնվազն 30%–ը դասավանդում է։ Մյուս կողմից նա նշում է մի կարևոր խնդիր․ որքան էլ դասավանդեն ու համալսարանների հետ կապ ունենան, քիմիա մանսագիտությամբ դիմորդների թիվը շատ փոքր է՝ ի տարբերություն ֆիզիկայի, որտեղ վերջին տարում դիմորդների թիվն ավելացել է։  Հարցին, թե արդյո՞ք բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կնպաստի սերնդափոխությանը, ՔՖԻ տնօրենը պատասխանում է՝ կախված է միավորման մեխանիզմներից։ «Կարելի է և՛ միավորված աշխատել, և՛ առանձին․ ամեն ինչ կախված է մեխանիզմից։ Եթե գործողությունները բալանսավորված լինեն, այն մակարդակի հարաբերություններ, ինքնուրույնության աստիճան լինեն, որ ոչ թե մեկը մյուսի հաշվին լինի, այլ հակառակը, մեխանիզմն այնպես դրված լինի, որ դրդի իրար հետ աշխատելու, այդ դեպքում կարելի է մեծ բանի հասնել»,- ասում է նա։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանի՝ հետազոտություններ իրականացնող այն եզակի կառույցներից է, որոնցում երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միշտ գերակշիռ մեծամասնություն են կազմել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվել տարիքային տարբեր խմբերի համամասնությունը թանգարան-ինտսիտուտում 2016-2024 թթ․ ընթացքում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հիշում է՝ այստեղ աշխատանքի ընդունվեց 2013-ին, և արդեն այդ ժամանակ անձնակազմը երիտասարդ էր։ Թագարան-ինստիտուտի տնօրենը սա պայմանավորում է երկու հանգամանքով՝ ցեղասպանագիտությունը Հայաստանի համար բավականին երիտասարդ գիտակարգ է,  Հայաստանի համար այս ուղղությունը շատ կարևոր է, և երիտասարդներին ներգրավելը միշտ ավելի հեշտ է եղել։ Նա նշում է, որ անգամ այն ժամանակներում, երբ գիտության ֆինանսավորումը ցածր էր, մարդիկ մնում էին ոլորտում, քանի որ դա իրենց առաքելությունն էին համարում։  Էդիտա Գզոյանի խոսքով հիմա կադրեր ներգրավելն անհամեմատ հեշտ է դարձել՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ բոլոր ծրագրերում հստակ պահանջ կա երիտասարդ գիտաշխատողներ ներգրավելու։ Նա նշում է՝ 2025-ին արդեն հասցրել են 5 երիտասարդի ընդունել աշխատանքի, նաև թեմատիկ նոր ուղղություններ են ուզում ավելացնել, որոնց համար մասնագետներ կպահանջվեն։ Տնօրենի խոսքով դեպի թանգարան-ինտսիտուտ երիտասարդների հոսքն ապահովվում է ասպիրանտուրայի ու բուհերում դասավանդման միջոցով։ Այս տարի ԵՊՀ-ում վերաբացվելու է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, և թանգարան-ինտիտուտի գիտնականները ԵՊՀ-ից ծրագրում դասավանդելու հրավեր են ստացել։ Էդիտա Գզոյանը նշում է՝ եթե ԵՊՀ-ից այդ առաջարկը չլիներ, ինքն էր համագործակցության քայլ անելու։ Այժմ թանգարան-ինտիտուտը նախատեսում է կապեր հաստատել նաև այլ բուհերի հետ՝ համագործակցելու և՛ դասավանդման, և՛ ուսանողների համար այցեր կազմակերպելու ձևաչափերով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում խնդիր է մեծահասակ գիտնականների պակասը։ էդիտա Գզոյանը նշում է՝ ժամանակ է պետք, մինչև միջին տարիքի գիտնականները կտեղափոխվեն ավելի բարձր տարիքային խմբեր, և ինստիտուտում կլինեն բոլոր սերունդների գիտնականներ։   Գիտնականների թիվն աճում է, բայց ոչ սպասվածի պես Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է գիտնականների ընդհանուր թվի աճ։ Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Ստորև ներկայացված են ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում (և՛ բազային, և՛ դրամաշնորհային) ներգրավված բոլոր գիտնականների տվյալները: Ինչպես երևում է,  գիտնականների թվի աճ նկատվել է և՛ 2022-ին, և՛ 2023-ին, և՛ 2024-ին (պատկերն ինտերակտիվ է)։ 2024-ի դեկտեմբերին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշել էր, որ վերջին տարիներին հնարավոր է դարձել ավելացնել գիտնականների առավել արդյունավետ և պրոդուկտիվ՝ 35-39 տարեկանների հատվածը՝ հնարավորինս կանխելով ուղեղների արտահոսքը գիտությունից։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբում իրոք աճ կա․ ստորև ներկայացված է ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում ներգրավված 35-39 տարեկան գիտնականների թիվը։ «Դեպի գիտության տարբեր ճյուղեր երիտասարդների զգալի ներհոսք ապահովել» ներկայիս կառավարող ուժը խոստանում էր դեռ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագրում նշվում էր, որ տեղի կունենա գիտնականների աշխատավարձերի բարձրացում, կիրականացվեն երիտասարդ գիտնականներին թիրախավորող և սփյուռքահայ գիտնականների ինտեգրմանն ու վերադարձին ուղղված ծրագրեր։   Արդյունքում ակնկալվում էր, որ մինչև 2026-ը արտերկրի գիտական կենտրոններում կվերապատրաստվի 400 գիտնական, իրականացվելիք ծրագրերի շահառու կդառնա 400 ասպիրանտ, 200 հետդոկտորական հետազոտող, Հայաստան վերադարձած կլինի 60 գիտնական, և կստեղծվի 60 հեռավար ղեկավարվող լաբորատորիա։ Ընտրություննեից հետո կառավարության հնգամյա ծրագրում ևս վերահաստատվում էր, որ նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստան վերադարձնել 60 գիտնականի և 60 հեռավար ղեկավարվող գիտական խումբ ստեղծել։ Խոսելով գիտնականների թվի աճի և այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի մասին՝ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ավելացել են հետազոտական դրամաշնորհային մրցույթները, այդ մրցույթներում առնվազն երկու երիտասարդ ունենալու պահանջ կա, դրամաշնորհներում երիտասարդների միջին աշխատավարձն էլ կրկնապատկվել է՝ 70 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։ Բացի այդ՝ բարձրացել են գիտնականների բազային աշխատավարձերը։ «Մեծ խթաններ կան երիտասարդներին դրամաշնորհային ծրագրեր բերելու։ Բացի դրանից՝ բարձր տարիքի [գիտնականների] արտահոսքն է բերում նրան, որ ինստիտուտները և բուհերը փորձում են նոր կադրեր բերել, իսկ նոր կադրերը հիմնականում երիտասարդ են․ տարիքով մեծ նոր կադրեր այդքան չկան»,- ասում է նա։  ԲԿԳԿ  նախագահը, սակայն, նշում է, որ գիտնականների թվի աճից դեռևս գոհ չեն, քանի որ գիտություն մուտք գործած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի՝ հաշվի առնելով, որ երիտասարդները կարող են լքել գիտությունը, այլ կարիերա ընտրել, բացի այդ՝ ղեկավարելու փորձառություն չունեն։  Կառավարությունը նախընտրական և հնգամյա ծրագրերում նշված թվերից հետ է մնում․ մինչև 2026 ասպիրանտների աջակցության ծրագրի 400 խոստացված շահառուի փոխարեն այս պահի դրությամբ նրանց թիվը դեռևս 139 է, Հայաստանի գիտնականների հետդոկտորական ծրագիր չի իրականացվել, իրականացվել է միայն մասնագիտական վերապատրաստման ծրագիր, և եթե կառավարությունը խոսում էր 400 գիտնականի մասին, 2024-ի տարեվերջի դրությամբ վերապատրաստման ծրագրի շահառու դարձած գիտնականների թիվը 47 է, իսկ Հայաստան գիտնականների վերադարձին միտված՝ ինտեգրման ծրագրի շահառու է դարձել 14 գիտնական, որոնցից ոչ բոլորն են վերադարձել, մինչդեռ կառավարությունը խոստանում է մինչև 2026 թվականը Հայաստան վերադարձնել 60 գիտնականի։ Վերջին ծրագի՝ սպասվածի պես չընթանալը ԲԿԳԿ նախագահը պայմանավորում է նրանով, որ ծրագրի մասնակիցներից ի սկզբանե պահանջվում է ֆունդամենտալ որոշումներ կայացնել, ինչի համար քիչ ժամանակ է տրվում։ «Մարդը պետք է որոշի, որ իր այնտեղի ապրուստը թողնում է, գալիս է Հայաստան։ ․․․․ Ի սկզբանե շատ-շատ բան է պահանջվում այդ մարդուց, և գալիս է, առերեսվում է մեր իրականության հետ, ու շատ ժամանակ նաև չի հաջողվում»,- ասում է նա։ Սարգիս Հայոցյանը խոսքով այս ծրագրի թիրախը հիմնականում այն մարդիկ են, որոնք Հայաստանից մեկնել են արտասահման ասպիրանտական կրթություն ստանալու, գուցե արդեն մեկ հետդոկտորական աշխատանք են իրականացրել և այժմ պիտի որոշեն՝ վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ գիտական կարիերան շարունակել արտասահմանում։ Ինտեգրման ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կառավարությունը նախատեսում է այն բաժանել երկու մասի․ նախ մասնակիցներին մի տարով հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ իրենց հետազոտությունների համար թիմ հավաքելու։ Նախատեսվում է թիմ հավաքելու դեպքում միայն նրանց առաջարկել Հայաստան վերադառնալու որոշում կայացնել։ Իսկ հարցին, թե ինչու է կառավարությունը հետ մնում նախընտրական ծրագրի խոստումներից, և արդյո՞ք այս բոլոր ռիսկեր հաշվի չեն առնվել, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ թվերի հետևից աշխատում են չվազել․ «Մենք, ըստ էության, խնդիր չունենք թիվ ապահովելու․ այդ պարագայում որակի առումով ենք տուժելու, իսկ դա գիտության մեջ նշանակում է սխալ խթաններ ներարկել հասարակության մեջ»։ Հարցին, թե ինչու էր այդ դեպքում կառավարությունը հավակնոտ թվեր գրում նախընտրական ծրագրում, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ ծրագիրը նաև ուղերձ է, թե ինչ է ուզում կառավարությունը․ «Կարող էինք գրել 10 գիտնական, անեինք, ուրախ լինեինք, ու ոչինչ չփոխվեր։ Կարող էինք նաև 600 գրել ու չանել։ Կարող էինք նշաձողն իջեցնել, [Սփյուռքից] չկայացած գիտնականների բերել, 60 թիվը նկարել, ասել՝ 60 ասել ենք, 60 էլ արել ենք։ ․․․․ Կարևորը, որ մենք ունենք մեխանիզմ, որը փորձարկված է ու անընդհատ բարելավում է իր առաջարկը»։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը գիտություն մուտք գործած երիտասարդներին պահելու ուղղությամբ։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ նախ ղեկավարման պոտեցնիալ ունեցողների համար երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության մրցույթ են անցկացնում։ Բացի դրանից՝ իրականացնում են հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որի շրջանակում արտասահմանցի գիտնականները Հայաստանում երիտասարդ թիմով լաբորատորիա են ստեղծում ու հեռավար ղեկավարում այն։ Սարգիս Հայոցյանը նշում է, որ մինչ այս պահը մոտ 45 հեռավար լաբորատորիա է ստեղծվել (կառավարության ծրագրով մինչև 2026 թ․ նախատեսվում է ունենալ 60-ը), և ի զարմանս իրենց՝ հետաքրքրություն կա ոչ միայն սյփուռքահայ, այլև օտարազգի գիտնականներից․ ձախողված օրինակներ կան, բայց այս ծրագրից մեծամասամբ գոհ են։   «Այս պարագայում և՛ մրցունակ միջազգային թեմա է, և՛ երիտասարդ խումբը փորձառու ղեկավարի առաջնորդությամբ է աշխատում»,- ասում է նա։   Ասպիրանտուրայում սովորողների ու գիտական աստիճան ստացողների թիվը նվազում է Գիտական կառույցների՝ երիտասարդ գիտնականներով համալրման հիմնական ուղիներից մեկը ասպիրանտների ներգրավումն է։ Մինչև 2022 թվականը, սակայն, ասպիրանտների թիվը կայուն նվազել է՝ 2016 թվականի 1202-ի փոխարեն 2022-ին հասնելով 737-ի։  Ազգային ժողովի կողմից 2022-ի ավարտին վավերացրած «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ասպիրանտների թվի կտրուկ աճ։ Արդեն 2023 թվականին նկատվում է աննշան աճ․ 2022-ի համեմատ ասպիրանտների ընդհանուր թիվն աճում է 8-ով։ Ընդ որում՝ եթե գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը նվազում է, ապա բուհերինն աճում է։ Ստորև ներկայացված է, թե բուհերում և գիտական կազմակերպություններում ինչպես է փոխվել ասպիրանտների թիվը 2016-2023 թթ․ ընթացքում։ Եթե ուզում եք տեսնել միայն գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը, սեղմեք «Բուհերի ասպիրանտներ» կատեգորիայի վրա՝ փակելով այն, և հակառակը։   Վերջին տարիներին միայն ասպիրանտների թիվը չէ, որ նվազում է․ կառավարության կողմից բուհերին ու գիտական կազմակերպություններին հատկացվող ասպիրանտական տեղերը ևս 2020-2023 թթ․ նախորդ տարիների համեմատ քիչ էին։ Արդեն 2024-2025 ուսումնական տարում հատկացված ասպիրանտական տեղերը կտրուկ՝ 45%-անոց աճ են գրանցել։ Ասպիրանտական տեղերը կառավարությունը հատկացնում է բուհերի ու գիտական կազմակերպությունների հայտերի հիման վրա։ Ամեն կառույց կառավարությանը հայտ է ներկայացնում, թե քանի ասպիրանտի կարիք ունի տվյալ տարի, կառավարությունն էլ հայտերը հաստատում է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, ինչպիսիք են առաջարկվող ասպիրանտական հետազոտության թեման, ղեկավարներին, գերատեսչությունների պահանջները և այլն։ ԲԿԳԿ նախագահի խոսքով պահանջված մասնագիտություններով դիմորդների ու մինչև ասպիրանտուրա հասնողներ թիվը մեծ չէ, բացի այդ՝ իրենք տեղեր հատկացնելիս կարևորում են, որ ասպիրանտական հետազոտությունների թեմաները մրցունակ լինեն։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը և ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանն, օրինակ, նշում են, որ ավելի մեծ թվով ասպիրանտների ղեկավարելու հնարավորություն և ցանկություն ունեն, քան իրենց տեղեր են տրվում։  Դիտարկմանը, թե ոչ բոլոր կառույցներն են գոհ իրենց հատկացված ասպիրանտական տեղերից, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ պոտենցիալ ղեկավարներին ու մրցունակ թեմաներին ծանոթանալու նպատակով այս տարի ԲԿԳԿ-ն, բուհերից ու գիտական կազմակերպություններից հայտեր ստանալուն զուգահեռ, հայտերը հավաքագրելու է նաև անմիջապես ղեկավարներից։ Կոմիտեն նոր համակարգ է գործարկել, որտեղ ասպիրանտներ ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները կարող են մուտքագրել իրենց թեմաները։ Այս տարի ԲԿԳԿ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին խնդրելու է ասպիրանտական տեղերի հայտերը ներկայացնելիս առաջնորդվել հենց այն թեմաներով, որոնք նոր համակարգի միջոցով ներկայացրել են այդ կառույցների պոտենցիալ ղեկավարները։ Սա, ԲԿԳԿ նախագահի խոսքով, հնարավորություն է տալու ավելի լավ ծանոթանալու մրցունակ թեմաներին և ղեկավարելու պոտենցիալ ունեցող գիտնականներին։ «Տեսականորեն հնարավոր է սցենար, որ որևէ կառույց 10 շատ լավ հայտով դիմի, հետո այդ 10 տեղը հատկացնի վատ հայտերին։ Դրա համար [ասպիրանտական տեղերը հատկացնելուց հետո] հսկելու ենք, և եթե շեղում եղավ, հաջորդ տարի անդրադառնալու է նրանց հատկացված տեղերի վերաբերյալ կայացրած որոշման վրա»,- ասում է նա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը հայտերի ընդունման սկզբունքի նման փոփոխությունը դրական է գնահատում և հույս ունի, որ հայտերը ներկայացնելուց հետո իրենց այս տարի ասպիրանտական ավելի շատ տեղեր կհատկացվեն։ Սարգիս Հայոցյանը հիշում է, որ վերջերս ԲԿԳԿ-ն վերլուծություն էր իրականացրել, որը ցույց էր տվել՝ գիտությամբ զբաղվողների ու ասպիրանտների ղեկավարների վերածածկը Հայաստանում ընդամենը 10-20% է։ Մինչդեռ, ԲԿԳԿ նախագահի խոսքով, կարևոր է, որ ասպիրանտներին ղեկավարեն հենց այն մարդիկ, որոնք ակտիվ գիտական գործունեություն են ծավալում։ Սարգիս Հայոցյանն ասում է՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ-ն հետազոտական 400 թեմա է ֆինանսավորում, դա ասպիրանտական տեղերի պոտենցիալն է, այսինքն՝ ամեն մի թեմայով ասպիրանտական մեկ տեղ։ ԲԿԳԿ նախագահը չի բացառում, որ այս նոր սկզբունքով հայտերը հավաքագրելու հետևանքով գուցե ասպիրանտական տեղերի թիվը կրկին նվազի․ նա նշում է՝ այնպես չէ, որ ասպիրանտներին ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները շատ են։ Մյուս կողմից՝ հնարավոր է համարում, որ ղեկավարելու պոտենցիալ ունեցող երիտասարդ գիտնականներ կան, որոնք այդ հնավորությունը չեն ունեցել և հիմա կունենան, եթե հայտեր ներկայացնեն։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո ասպիրանտական տեղերի հատկացման նոր կարգ է ընդունվելու, բացի այդ՝ օրենքը հնարավորություն է տալու, որ ասպիրանտներն արտասահմանից համաղեկավար ունենան։ Ասպիրանտների՝ գիտական կարիերա սկսելու և գիտության մեջ մնալու կարևոր նախապայմաններից է գիտական աստիճանի ստացումը։ Կարևոր է, իհարկե, շեշտել, որ որոշ դեպքերում մարդիկ նախընտրում են ասպիրանտուրա չդիմել, դառնալ հայցորդներ, թեկնածուական թեզի ուղղությամբ աշխատել և միանգամից գնալ պաշտպանության՝ ստանալով գիտական աստիճան։  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում էր նաև գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձանց թվի անկում, և միայն 2024-ին է էական աճ գրանցվել։ ԲԿԳԿ նախագահը նշում է, որ աստիճանաշնորհման նոր կարգով դրվելու է միջազգային տպագրության պահանջ։ Նա չի բացառում, որ այս պահանջի ներդրման հետևանքով կարող է թեկնածուի գիտական աստիճան ստացողների թիվը կրկին նվազել, չի բացառում նաև, որ թիվը կարող է նույնը մնալ, սակայն որակական փոփոխություն տեղի ունենա, հնարավոր է՝ նույնիսկ աճ գրանցվի։   Միավորումը՝ միակ և ամենաարդյունավետ լուծո՞ւմ Վերը նշված խնդիրները լուծելու և գիտության արդյունավետ սերնդափոխության նպատակով կառավարությունը նախատեսում է միավորել բուհերն ու գիտական կազմակերպությունները։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ երիտասարդներին ներգրավելու առումով հաջողած գիտական կազմակերպությունները «բացառություններ են, որոնք գալիս են ապացուցելու օրինաչափությունները», և այդ «բացառիկ օրինակները» պայմանավորում է անհատական գործոններով։ Կառավարությունը, նրա խոսքով, խնդրին ցանկանում է ինստիտուցիոնալ լուծում տալ։  «Գիտությունը մեռնում է։ Կան որոշ բացառիկ ինստիտուտներ, որտեղ, այո՛, երիտասարդները շատ են կամ միայն երիտասարդներ են։ Բայց կա 35 հետազոտական ինստիտուտ։ Գիտական ինստիտուտներում 65 տարեկանից բարձր [գիտնականների թվի] մասին կանխատեսումը մտահոգիչ է․ 2028 թվականին մենք այդ սերնդում շատ ուժեղ անկում ենք ունենալու»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Ինչպե՞ս է կառավարությունը պնդում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը սերնդափոխության ամենաարդյունավետ գործիքն է, եթե բուհերի գիտական թիմերը, ամենամոտը լինելով ուսանողներին, միշտ չէ, որ կարողանում են երիտասարդացում ապահովել։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ պետք է նայել պաշտոնական տվյալները՝ բուհերում իրական պատկերը տեսնելու համար։  ԲԿԳԿ պաշտոնական տվյալները՝ բուհերում 2023 թ․ բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված գինականների մասին (2024-ի տվյալներն ամփոփված չեն), ցույց են տալիս, որ առաջատարը Հայ-ռուսական համալսարանն (ՀՌՀ)* ու Մանկավարժական համալսարանն (ՀՊՄՀ) են, որտեղ մինչև 49 տարեկան գիտնականները 2023-ին կազմել են համապատասխանաբար 77% և մոտ 71%,  իսկ ամենավերջին տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ մոտ 39%-ով։  Կրկին ԲԿԳԿ տվյալներից, սակայն, պարզ է դառնում, որ մի շարք գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված մինչև 49 տարեկան գիտնականների համամասնությունն ավելին է, քան բուհերի մեծ մասում։ ԲԿԳԿ 2023-ի բազային ծրագրերում ներառված չէ ԻԿՐԱՆԵՏ  կենտրոնը, փոխարենը ներկայացված է ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոնը, որը մեր հավաքագրած տվյալներում ներկայացված չէ։ Շարունակելով բուհերի գիտական թիմերում երիտասարդներին ներգրավելու թեման՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ բուհերը նոր են սկսել կառավարել իրենց գիտությունը, բուհերում կան գիտական լավ ստորաբաժանումներ, բայց այնտեղ էլ կրթությունն ու գիտությունն առանձնացած են։ «Այնպես չէ, որ ինչ-որ մեկից հիացած ենք, ինչ-որ մեկից դժգոհ ենք, այդ տպավորությունն էլ կա, ցավոք սրտի։ Բուհերում էլ մենք ունենք գիտությունն ու կրթությունն իրար մոտեցնելու խնդիր»,- ասում է նա։ ԲԿԳԿ նախագահն ապա շեշտում է, որ գիտական կազմակերպությունները չեն ներառվելու ներկայումս գործող բուհերի կազմում․ և՛ բուհերը, և՛ գիտական կազմակերպությունները խոշորանալու են, երկուսի միավորմամբ ձևավորվելու են խոշոր համալսարաններ, որոնք կառավարման բարեփոխված համակարգ են ունենալու։  «Ես երբեք չեմ պնդում, որ բուհերում գիտությունը շատ ավելի լավ է կառավարվում, քան ինստիտուտներում։ Պնդումը հետևյալն է․ բուհն ունի ուսանողների անընդհատ աղբյուր, որից, շատ լավ կլինի, որ գիտական ինստիտուտը ունենա որոշակի ինստիտուցիոնալ երակ սնվելու։ Այսօր ինստիտուտները երիտասարդացման հարցերը լուծում են ոչ ինստիտուցիոնալ ձևերով․ որոշ մարդիկ կան, որոնք դասավանդում են բուհերում կամ մագիստրոսական ծրագիր են անցկացնում, այսինքն՝ էլի «դիպչելով» բուհական համակարգին են բերում երիտասարդներին։ Այսօրվա բարեփոխման իմաստն այն է, որ դա լինի ինստիտուցիոնալ»,- ասում է նա։ Իսկ այդ ինստիտուցիոնալ համագործակցությունն, ըստ ԲԿԳԿ նախագահի, ունենալու է հետևյալ տեսքը․ նախ, ոչ բոլոր գիտնականներն են ունենալու դասավանդելու պարտավորություն․ դասավանդելու են նրանք, ովքեր ցանկանալու են, իսկ գիտական ինստիտուտներն իրենց լաբորատոր աշխատանքներսւմ ուսանողներին ներգրավելու պարտավորություն են ունենալու։ Ուսանողներն էլ կրթության պրոցեսում գիտությունից կտրված չլինելու հնարավորություն են ունենալու։  Հարցին՝ ուսումնասիրե՞լ են հաջողած գիտական ինստիտուտների փորձը՝ այդ փորձի հնարավոր ներդրման նպատակով, Սարգիս Հայոցյանը  պատասխանում է՝ իրենք «անգիր գիտեն բոլոր ինստիտուտները, և Կոմիտեի անձնակազմն էլ այդ ինստիտուտներից է գալիս»։  Իսկ ի՞նչ տվյալների ու փաստերի հիման վրա է կառավարությունը պնդում, որ սերնդափոխության ամենաարդյունավետ տարբերակը ոչ թե բարեփոխված գիտական կազմակերպություններ ու բուհեր ունենալն է, որոնք կգործեն առանձին ու կհամագործակցեն, այլ միավորումը։ Այս հարցին ի պատասասխան՝ ԲԿԳԿ նախագահը նշում է՝ Հայաստանում գիտությունը ծերանում ու մահանում է, և միայն ֆինանսավորումն ավելացնելը կամ երիտասարդներին ներգրավելը խթանելը բավարար չէ։ Սարգիս Հայոցյանի խոսքով պետք է ինստիտուցիոնալ խողովակ լինի, լաբորատորիաները պարտավորություն ունենան առնվազն մեկ ուսանողի իրենց հետազոտություններում ներգրավելու, որ կարողանան ընտրել այդ ուսանողներից լավագույններին։ Միևնույն ժամանակ, նա կարևորում է, որ կրթության մեջ հետազոտական բաղադրիչ լինի, և անգամ գիտական կարիերա չսկսելու դեպքում ուսանողները մրցունակ մասնագետներ դառնան։ Սարգիս Հայոցյանի խոսքով, բացի սերնդափոխությունից, կառավարությունը փորձում է միավորմամբ լուծել ծախսարդյունավետության խնդիրը։ Նրա խոսքով գիտական ինստիտուտները շատ են, և ամեն մեկն ունի առանձին վարչական անձնակազմ։  «Բուհերում ծախսարդյունավետությունը գիտության առումով շատ ավելի բարձր է, որովհետև բուհերը չեն կրկնօրինակում առնվազն վարչական անձնակազմն ամեն 20 հոգու համար»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Հարցին, թե ինչն է խանգարում խոշորացնել գիտական կազմակերպությունները և ունենալ մի քանի ուժեղ գիտական կազմակերպություն, նա պատասխանում է՝ բարեփոխումը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն։  «Կարող ես, այո՛, խտացնել բոլորին, ստանալ մի պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերադառնալ, դիցուք, այդ ինստիտուտի 1950 թ․ կարգավիճակին, երբ բոլոր աշխատակցիները երիտասարդ էին, էնտուզիաստիկ էին, հետո ծերանան էլի 50 տարով, ունենաս նույն խնդիրը։ Խնդիրը պետք է լուծես նաև պատմական հեռանկարի չափման մեջ։ Եթե օրենքով ստեղծում ես մի իրավիճակ, որտեղ գիտություն անելը հնարավոր է ու ավելի ձեռնտու է, բերում ես, դնում ես «հենց իր մատակարարման աղբյուրի կողքին», նա առաջնային ու ինստիտուցիոնալ հասանելիություն ունի այդ ուսանողներին, միակ մարտահրավերն է այդ լուսավոր ուսանողներին համոզել, որ գիտությամբ զբաղվելը լավ բան է։ Այնինչ, երբ բաժանված ես, ունես հեռավորությունը հաղթահարելու խնդիր, պատնեշ է այդ ամեն ինչի արանքում դրած, որտեղ գիտնականը պետք է ինքնուրույն այդ քայլերն քայլի, հասնի բուհ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։ ԲԿԳԿ նախագահը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ կառավարությունը փորձեց նաև գնալ գիտական կազմակերպությունների խոշորացման ճանապարհով, սակայն «համակարգից դիմադրություն եղավ, ու չստացվեց»։  «Համակարգն ինքնուրույն առողջանալու կարողություն չունի․ վաղուց անդառնալիության կետը անցած է»,- ասում է նա՝ նշելով, որ չմիավորելը կնշանակի ժամանակավոր բժշկել ինստիտուտներն ու վաղ թե ուշ կրկին կանգնել ծերացման խնդրի առաջ։ Հիշեցնենք, սակայն, որ 2021-ին առնվազն ԳԱԱ նախագահությունը կողմ էր ինստիտուտների օպտիմալացմանը։ Հարցին, թե ինչու այսպիսի մեծ ու հավակնոտ փոփոխություններից առաջ կառավարությունը նախ պիլոտային ծրագիր չիրականացրեց, որի ժամանակ ի հայտ կգային ռիսկերը, կհիմնավորվեր, որ միավորումն իսկապես արդյունավետ լուծում է, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ հատվածական լուծումը չէր ունենա այն արդյունքը, ինչ ամբողջ համակարգի փոփոխությունը։ ԲԿԳԿ նախագահը շեշտում է, որ պիլոտ իրականացնելու ու մեծածավալ բարեփոխումները հետաձգելու ժամանակ չկա։ Նա նշում է՝ ինստիտուտների տարիքային խմբերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն են իրականացրել 2018, 2023 թվականների համար, ապա կանխատեսել՝ ինչպիսին կլինի պատկերը 2028-ին, և 65-ից բարձր տարիքային խմբի համար կանխատեսումը մտահոգիչ է։  «2028 թվականին անկում է լինլու 65 տարեկանից բարձրների մոտ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։  Դիտարկմանը, թե միավորմամբ այդ տարիքային խմբի անկման խնդիրը չի լուծվի, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ տասը տարի հետո սկսելը կնշանակեր տասը տարով ուշացնել բարեփոխումը։  «Այս իրավիճակը բերում է այդ հետևանքներին, հետևաբար, երբ դու այդ իրավիճակի 10%-ում ես բարեփոխում անում, մնացածը շարունակելու է նույն տրամաբանությամբ, որովհետև ոչինչ չի արգելում նրանց գնալ այդ ուղղությամբ։ Երբ դու անում ես էպիզոդիկ, չես կարող ունենալ մասնակցայնության այն էֆեկտը, ինչը որ կունենայիր բոլորով անելու դեպքում։ Եթե բոլորով լծվենք այս գործին, հաջողությունը շատ ավելի բարձր է, քան եթե մենք մի փոքրիկ օազիս փորձեինք ստեղծել։ Չանելու ռիսկերը շատ ավելի մեծ են, քան անելու ռիսկերը»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույն՝ «Ինչո՞ւ պիլոտային ծրագիր չեք իրականացնում» հարցին պատասխանել էր մի փոքր այլ կերպ։ Նախարարն անցած տարի մեզ հետ զրույցում պնդում էր, որ 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելը պիլոտային ծրագիր է եղել։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից։ Սարգիս Հայոցյանի խոսքով միավորման մյուս նպատակն էլ տպագրությունների աճի պոտենցիալն է։ Նա նշում է, որ տպագրությունների աճը բուհերում «շատ ավելի դրամատիկ է», քան գիտական ինստիտուտներում։ «Բուհերում արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան գիտական կազմակերպություններում, որովհետև շատ ավելի ճկուն են ու շատ ավելի մեծ հասանելիություն ունեն ուսանողներին։ ․․․․ Ես չեմ պնդում, որ այսօր մեր բուհերում գիտությունը կազմակերպվում է չքնաղ եղանակով, և հետևաբար՝ պետք է բոլոր ինստիտուտները գնան ու սովորեն բուհերից։ Բայց բուհերն այսօր, ծախսելով շատ ավելի քիչ վարչական ռեսուրս գիտության վրա, ստանում են շատ ավելի մեծ գիտական արդյունք, քան գիտական ինստիտուտները»,- ասում է նա։   *** Այսպիսով, չնայած վերջին տարիների որոշ դրական տեղաշարժերին, Հայաստանի գիտական համայնքի մարտահրավերներից է շարունակում մնալ արդյունավետ սերնդափոխության իրականացումը։ Որպես խնդրի լուծման ճանապարհ կառավարությունն առաջ է բերել պետական բուհերի և գիտական կազմակերպությունների՝ համալսարանական կլաստերներում միավորելու նախագիծը՝ պնդելով, որ այս ինտեգրումը կնպաստի առավել արդյունավետ սերնդափոխությանը՝ ապահովելով ուսանողների ուղիղ հոսք դեպի գիտություն։ Չնայած դրան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ հետազոտողների ներգրավման ռազմավարություն ունենալու դեպքում կարելի է արդյունավետ սերնդափոխություն իրականացնել նաև բուհերից առանձին գործելու պարագայում։  Գործադիրի համոզմամբ, սակայն, այս հաջողված օրինակները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն, և միակ արդյունավետ ճանապարհը միավորումն է։ Սա այն դեպքում, որ այս ճանապարհի արդյունավետությունը հիմնավորող որևէ պիլոտային ծրագիր չի իրականացվել, իսկ վերոնշյալ գիտական ինստիտուտներում այսօր էլ սերնդափոխությունն առավել արդյունավետ է իրականացվում, քան շատ բուհերում։   *Տվյալների հավաքագրման մեթոդաբանությանը ծանոթանալու, հնարավոր շեղումները հասկանալու համար անցիր այս հղումով։  ⇑   ⇑   ⇑  ¹Կառավարությունը նախատեսում է ստեղծել 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական։ ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն մաս են կազմելու Դասական համալսարանի, ԵՊԲՀ-ն՝ Բժշկական, ՀԱՊՀ-ն և ՃՇՀԱՀ-ը՝ Տեխնոլոգիական, ՀՊՄՀ-ն՝ Կրթական, իսկ ՇՊՀ-ի և ՀՌՀ-ի՝ որևէ համալսարանում ներառվելու մասին տեղեկություններ չկան։ Այս պահին տեղեկություններ կան միայն Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական և Արվեստների համալսարաններում գիտական կազմակերպություններ ներառելու մասին։ Կրթականն, ըստ առկա տվյալների, ներառելու է միայն համալսարաններ, իսկ Սպայական համալսարանի կազմի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա։ Մանրամասները կարդա այստեղ։  ⇑  ²Գիտությունների ազգային ակադեմիան ունի 33 կառույց, որոնցից ամենաերիտասարդները առանձնացնելիս չենք ներառել երկուսը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Առաջինը կրթական գործունեություն ծավալող կառույց է, որը 2024-ի դրությամբ չունի բազային ֆինանսավորում, և միայն մի քանի երիտասարդ գիտնականներ ներգրավված են դրամաշնորհային ծրագրերում, երկրորդը փորձաքննություններ իրականացնող կառույց է։  ⇑    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի
20:44 - 08 ապրիլի, 2025
Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

ՀՀ կառավարությունը 2025թ. մարտի 6-ի նիստում հաստատեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ դրա ընդունումը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից և Կառավարության՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես՝ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրում և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: «Հաշվի առնելով նախկինում եղած ռիսկերը՝ փորձել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար»,- նշեց Ժաննա անդրեասյանը: Նա ընդգծեց, որ փորձ է արվում կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական միջամտության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկյա հեղինակավոր բուհերում, ֆինանսավորում ստանան պետության կողմից: Խոսքը այն ուսումնական հաստատությունների մասին է, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում, մասնավորապես՝ 1. առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում, 2. առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։ Սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի»: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր: «Կարևոր պայման է նաև այն, որ սովորողը ուսումնառությունն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ առնվազն 3 տարի պետք է աշխատի առևտրային կազմակերպությունում»,- ընդգծեց նախարարը: Այս կետի իրացումն ապահովելու համար գործատուն և սովորողը պետք է կնքեն աշխատանքային պայմանագիր, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ կետեր ևս: Գործատուն պարտավորություն ունի ՀՀ պետբյուջե փոխանցել պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը չպահպանելու դեպքում, և պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը, եթե շահառուն՝ 1. ուսման ավարտից հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ, 2. ուսումնառությունը կիսատ է թողնում, 3. տեղափոխվում է կարգով չնախատեսված այլ հաստատություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և արտադրողականության տեսանկյունից բարենպաստ: Նոր գիտելիքներով ինտելեկտուալ կապիտալը կնպաստի փորձի փոխանցմանն ու փոխանակմանը։  Կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների  փորձի՝ ուսանողների հետվերադարձի վիճակագրության ուսումնասիրություն:  «Օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է վերադարձել և որևէ կերպ ներդրում ունեցել երկրի տնտեսությունում: Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Խոսելով կրթաթոշակի տրամադրման մեխանիզմների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագայում համանման գործունեություն պատվիրակվել է «Իմ քայլը» հիմնադրամին, որի դեպքում արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61%-ն է վերադարձել. «Էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։ Ընդունված կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը հրապարակվելու են Կոմիտեի կայքում յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը: Սովորողները կարգի շահառու դառնալու համար կարգում ներկայացված փաստաթղթերը ներկայացնելու են մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:
15:40 - 06 մարտի, 2025
Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Հաջորդիվ գիտության միջազգայնացման հարցերն էին քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը և Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը քննարկում էին գիտության միջազգայնացմանը, հայերեն տպագրություններին ու պետական կարիքին վերաբերող հարցեր։  Քննարկումը վարում էր Հնագիտության Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Լիլիթ Ղազարյանը։ Առաջինը քննարկման մասնակիցները պատասխանում էին այն հարցին, թե ինչ է նշանակում գիտության միջազգայնացում, և հումանիտար, հասարակագիտական ուղղություններում ինչ չափորոշիչներ կան, որոնցով գիտությունը համարվում է միջազգային։  Էդիտա Գզոյանը նկատեց՝ գիտության միջազգայնացումն արհեստական տերմին է, և «գիտությունն ինքնին պետք է միջազգային լինի»։ Էդիտա Գզոյանը Արշակ  Բալայանը համաձայնեց, որ գիտությունը համամարդկային է, սակայն նաև շեշտեց՝ տարբեր հետազոտական խմբեր ունեն մոտեցումների նուրբ տարբերություններ, և հանուն արտասահմանում հրատարակվելու պետք չէ խուսափել յուրովի մոտեցումից․ «Լինում է, երբ գիտնականները, կռահելով տվյալ ամսագրի առաջնահերթությունները, փորձում են իրենց դրույթները, թեզերը, պնդումները համաձայնեցնել խմբագիրների քիմքին և ոչ թե արտահայտել այն մտքերը, այն եզրահանգումները, որոնց իրենք հանգել են, որոնց օգտին ունեն բավարար հիմքեր»։  Գիտնականը նաև նշեց՝ պետության վերջին տարիների քաղաքականությունն օգնում է միջազգայնացմանը, տպագրությունների թիվն ավելացել է։  Արսեն Բոբոխյանը նշեց՝ գիտելիքը գոյություն ունի մեզնից անկախ, և երբ գիտելիքին մոտենալու մեթոդները նմանվում են, ուրեմն գործ ունենք միջազգային գիտության հետ։ Նա նաև շեշտեց, որ թե՛ հումանիտար ու հասարակագիտական, թե՛ բնագիտամաթեմատիկական ուղղությունների դեպքում այդ մեթոդաբանությունը նույնն է։  «Երբ մենք խոսում ենք հայկական գիտության մասին, մենք պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գիտությունը որոշակի լանդշաֆտում է ստեղծվել, որոշակի տարածության մեջ, և այդ տարածությունը ուղղակիորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք վարում են այդ գիտությունը, որոնք այդ գիտությունը մտցնում են շրջանառության մեջ։ Եվ այդ սուբյեկտիվությունից, հատկապես հումանիտար գիտություններում, դժվար է խուսափել։ Եվ այնտեղ, որտեղ մենք հեռանում ենք սուբյեկտիվությունից, մոտենում ենք միջազգային գիտությանը»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։ Նարեկ Սուքիասյանը միջազգայնացման համատեքստում մի խնդրի անդրադաձրավ․ հումանիտար և հասարակագիտական ուղղություններում ուսանողներին համապատասխան մեթոդաբանություն չի դասավանդվում, և այն գիտնականները, որոքն միջազգային տպագրություններ ունեն, կա՛մ արտասահմանում են կրթվել, կա՛մ էլ ինքնուրույն են գտել այդ ճանապարհները։  Նարեկ Սուքիասյանը Էդիտա Գյոզյանը նշեց՝ միջազգայնացում նշանակում է ոչ միայն տպագրվել միջազգային պարբերականներում, այլ նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորել հայկական ամսագրեր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հիշում է՝ իրենց ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը հոդվածներից մեկում չէր թողնում գործածել Կոնստանդնուպոլիս բառը և առաջարկում էր այն դարձնել Ստամբուլ։ Բովանդակային նման սահմանափակումները որոշ դեպքում շրջանցելու ճանապարհներ, ըստ գիտնականի, գտնվում են, սակայն նման դեպքերից խուսափելու համար կարևոր է առաջխաղացնել նաև հայկական ամսագրերը։ «Մեր ինստիտուտում երկու ամսագիր ենք տպագրում, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն, և բացի այն, որ մեր գիտաշխատողները խրախուսվում են արտասահմանում տպագրվել, մենք նաև փորձում ենք մեր ամսագիրը ինտեքսավորել WOS և Scopus հարթակներում այն նպատակով, որ կարողանանք և՛, օրինակ, Կոստանդնուպոլիս բառը, և՛ մեր տեղանունները հանգիստ օգտագործել ու նաև այդ ձևով մեր օրակարգը թելադրել ու առաջ տանել»,- ասաց նա։ Գիտնականը կարևորեց նաև ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու հանգամանքն այն պատճառով, որ այդպես հնարավոր է հասնել միջազգային գիտական հանրությանը։ Նա նշեց՝ համաժողովից առաջ գործընկերների հետ ստուգել է, թե վերջին 30 տարիների ընթացքում հայաստանյան ամսագրերում տպագրված հոդվածներին քանի հղում է կատարվել։ Պարզվել է, որ հղումների թիվն ընդամենը հազար է, ու հղումները կատարվել են մեծամասամբ անգլերեն ու ռուսերեն հոդվածներին։ «Հայերեն գրելու պարագայում շանսերը, որ մեզ կկարդան, ու մեր խոսքը լսելի կլինի արտասահմանում, բավական քիչ են։ ․․․․ Երբ գիտնականները սկսում են ինչ-որ նյութ փնտրել, որպեսզի օգտագործեն, նայում են, թե ինչ ամսագրերում են դրանք տպված, և WOS-ն ու Scopus-ը, կարծեք, ֆիլտր են, որոնք տարանջատում են մտցնում ամսագրերի մեջ։ Շատ հավանական է, որ մի գիտնական, որն, օրինակ, չի ճանաչում՝ այս անուն-ազգանունով մարդը ով է, նայում է, թե որ ամսագրում է տպված նրա հոդվածը, և եթե հեղինակավոր ամսագրում է, դա արդեն ավելի շատ հնարավորություն է տալիս, որ մեր խոսքը լսելի լինի»,- ասաց Էդիտա Գզոյանը։ Հայկական գիտական ամսագրերի խնդիրների համատեքստում Նարեկ Սուքիասյանն առաջակեց խրախուսել դրանց խմբագրական կազմերում արտերկրից խմբագրական գրախոսներ ներառելու պրակտիկան։ Էդիտա Գզոյանն էլ հավելեց՝ ամսագրերի որակի բարձրացման ուղղությամբ միայն պետությունը չէ, որ պիտի քայլեր անի․ «Պետության կողմից պարբերաբար առաջարկներ եղել են խմբագիրներին անել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան օգնելու այդ ամսագրերին ինդեքսավորվելու։ Ասեմ, որ արձագանքը խմբագրական տներից, մեղմ ասած, գոհացուցիչ չի եղել, ինչի արդյունքը այն է, որ մեր ամսագրերը, որոնք որ 4-5-ն էին, հիմա 3-ն են դարձել միջազգային շտեմարաններում»։ Նա նշեց՝ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան երկրներն ինդեքսավորման ուղղությամբ ավելի ակտիվ են․ միջազգային շտեմարաններում Վրաստանը 6 ամսագիր ունի, Ադրբեջանն՝ 9, Թուրքիան՝ 375։ Պանելիստներին ուղղված հաջորդ հարցը գիտաժողովներին մասնակցությունն էր, որոնք, ի տարբերություն միջազգային տպագրությունների, ատեստավորման նոր կարգով գիտական արդյունք չեն համարվում։ Լիլիթ Ղազարյանը Նարեկ Սուքիասյանը նշեց՝ եթե միջազգայնացում ասելով՝ նկատի են առնվում նաև միջազգային համագործակցությունները, ապա պետք է հաշվի առնել, որ այդպիսի  համագործակցությունները ձևավորվում են կոնֆերանսների ժամանակ, ծանոթությունների հիման վրա։ Էդիտա Գզոյանը նշեց՝ ատեստավորման ներկայիս պահանջները մինիմալ պահանջներ են, և ոչ մեկը չի արգելում դրանցից դուրս մասնակցել գիտաժողովների կամ հայերեն հոդվածներ կամ մենագրություններ գրել․ «Ավագ գիտաշխատողից, բաժնի վարիչից հինգ տարվա համար միակ պահանջը մեկ հոդվածի տպագրումն է միջազգային ամսագրերում։ Եկեք ընդունենք, որ ծիծաղալի է։ Այսինքն՝ գիտնականը հինգ տարի աշխատի և ընդամենը մի հոդված տպի, և դա համարենք մի այնպիսի բան, որ չենք կարող հասնել, ճիշտ չէ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ շփումների ժամանակ մշտապես նշում էին, որ դրանք մինիմալ պահանջներն են, և յուրաքանչյուր ինստիտուտ, ելնելով իր առանձնահատկություններից, պետք է ավելացնի այդ ատեստացիայի փաստաթղթի վրա, ինչը մեր ինստիտուտի պարագայում արել ենք։ Օրինակ, հայերենի հուշագրությունները մեզ համար կարևոր են, ավելացրել ենք հուշագրությունների խմբագրություն կետը․ եթե ինչ-որ գիտնական պիտի մասնակցի ատեստացիայի, պետք է ունենա, օրինակ, խմբագրված հուշագրություն, որպեսզի կարողանա հավակնել որևէ պաշտոնի։ Նաև ներառել ենք միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ու անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում գիտնականի, որը չի մասնակցում միջազգային գիտաժողովի․ կապ չունի՝ դրա համար միավոր ստանում է, թե չի ստանում»։ Արշակ Բալայանն էլ հավելեց, որ գիտաժողովներն, իհարկե, կարևոր են, սակայն հոդվածների տպագրումը շատ ավելի մեծ ջանք ու աշխատանք է պահանջում, և բնական է, որ Կոմիտեն գիտաժողովներին այնքան մեծ տեղ չի հատկացնում, որքան հոդվածներին․ «Բայց միգուցե պիտի լինեն մեխանիզմներ, հատկապես հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը, գիտնականների սոցիալական վիճակը և այլն, որ եթե կան լավ գիտաժողովներ, ապա դրանց մասնակցության հնարավորությունը պետությունը պիտի վերցնի իր վրա։ Միգուցե ունենանք տարբերակված մոտեցում․ գիտաժողովին մասնակցությունը նույնպես խրախուսենք, բայց ոչ այնքան շատ, ինչքան հոդվածը»։ Գիտության միջազգայնացման ու համագործակցությունների առումով Նարեկ Սուքիասյանը կարևորեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը։ Այս ծրագրով, հիշեցնենք, արտասահմանից գիտնականի համաղեկավարությամբ Հայաստանում լաբորատորիաներ են հիմնադրվում։ Գիտկանանն առաջարկեց՝ որպեսզի խուսափենք երբեմն հանդիպող այն պրակտիկայից, որ արտերկրից համաղեկավարը սիմվոլիկ դեր է խաղում, և ամբողջ աշխատանքն արվում է այստեղ, այդ համագործացկությունները դառնան կազմակերպությունների ու ոչ թե անհատների միջև։  Արսեն Բոբոխյանը միջազգայնացման համատեքստում կարևորեց նաև սերնդափոխությունը։ Նա նշեց՝ տարեց գիտնականներին հնարավոր չի լինում ուղարկել թոշակի երկրում ցածր թոշակների պատճառով, իսկ նոր մտածելակերպի ներդրաման համար պիտի սերնդափոխություն տեղի ունենա․ «Եվ այսպիսի փոքր խնդիրներից է կախված նաև միջազգայնացման խնդիրը։ Ի վերջո, տեսակետներ պիտի փոխվեն, զարգացման նոր միտումներ պիտի լինեն, և այդ միտումները պիտի իրականացնի նոր սերունդը։ Ու փոփոխությունները շատ արագ պիտի տեղի ունենան»։ Նարեկ Սուքասյանը նկատեց՝ գուցե գիտության միջազգայնացմամբ պետությունը մի քանի այլ նպատակներ էլ ունի։ Առաջինն այն է, որ միջազգայնացումն օգտագործվում է որպես միջոց չափանիշներին չհամապատասխանող գիտնականներին ու դասավանդողներին ոլորտից դուրս թղնելու համար։ Մյուս նպատակն, ըստ գիտնականի, կարող է լինել հետևյալը․ քանի որ պետությունն ինքը չի կարողանում լուծել տեղական ամսագրերի խնդիրը, գիտական աշխատանքները ֆիլտրելու գործը «արտապատվիրակում է» արտասահմանյան ամսագրերին։ «Այստեղ քաղաքականության անկեղծության հարց էլ կա․ արդյո՞ք մենք գիտության միջազգայնացում ենք ուզում, թե՞ դրա տակ պարզապես փորձում ենք վատորակ բաներից ազատվել, որոնք ինքներս չենք կարողանում մեր միջոցներով կարգավորել»,- ասաց Նարեկ Սուքիասյանը։ Խոսելով միջազգայացմանը զուգահեռ Հայաստանի համար կարևոր խնդիրներով զբաղվելու հարցից՝ էդիտա Գզոյանը նշեց, որ պատվերի ձևավորման հարցում դեր ունեն նաև գիտական կազմակերպությունների տնօրենները, ու հենց նրանք կարող են հասկանալ պետության առաջնահերթություններն ու ըստ դրանց՝ խնդիրներ սահմանել։  Նարեկ Սուքիասյանն էլ պետական պատվերի փոխարեն ավելի մինիմալիստական ձևակերպում արեց՝ պետական կարիք՝ նշելով, որ եթե անգամ պատվերը չկա, պետությունը կարող է գիտնականներին տեղեկացնել իր կարիքնեի մասին․ «Ինչքանո՞վ են, օրինակ, մեր սոցիոլոգիական դպրոցներն օգտագործվում քաղաքականություն մշակելուց առաջ տվյալներ հավաքելու և հասկանալու համար այն հասարակությանը, խմբերին, որոնց այդ քաղաքականությունները վերաբերելու են։ Օրինակ՝ Էստոնիայում արտգործնախարարությունը համալսարաններին, որոնք միջազգային հարաբերությունների մասնագետներ են պատրաստում, առաջարկում է թեմաների ցանկ՝ դիպլոմային, մագիստրոսական թեզերի համար։ Ու սա թե՛ կարող է աշխատաշուկայի համար լավ լինել, երբ պետությունը քեզ ասում է՝ այսինչ միջազգային խնդրով մենք կարիք ունենք ավելի լավ գիտելիքների, թե՛ դրա մասնագետը դառնալով՝ դու կարող ես քո տեղը գտնել այդ կառույցում, բայց նաև սա ինչ-որ ազդակներ է ուղարկում ինստիտուտների տնօրեններին, որոնք իրենց առաջնահերթությունները մշակելիս նաև հաշվի կառնեն պետական կարիքները»։ Արշակ Բալայանն էլ հավելեց՝  կառավարություններն, իհարկե կարող են իմանալ իրենց որոշ խնդիրներ, բայց միշտ չի, որ այդ խնդիրները լավ են հասկանում․ «Իմ շատ սահմանափակ փորձը ուշում է, որ կառավարիչները շատ հաճախ տեսնում են ծառերը, չեն տեսնում անտառը։ Գիտնականները շատ հաճախ անտառն են տեսնում, մանրամասները չգիտեն։ Այստեղ համագործակցության մեծ խնդիր կա, որ մենք հասկանանք՝ հատկապես ինչն է, որի կարիքը կա և հնարավոր է իրականացնել Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրականության պայմաններում» Գիտնականը կարևորեց նաև ուսումնասիրել հաջողված օրինակները։ Նա նկատեց՝ հումանիտար, հասարակագիտական ուղղություններով գիտական կառույցներ կան, որոնք միջազգայնացման և այլ առումներով հաջողել են․ «Այդ ի՞նչ եղավ, որ այս մի ինստիտուտի մոտ ամեն ինչ ստացվում է, այն մյուս ինստիտուտի մոտ չի ստացվում, ո՞րն է գաղտնիքը։ Ունեցել են պարզապես լավ ղեկավա՞ր, պարզապես պետությունը մի քիչ ավելի մեծ ֆինանսավորո՞ւմ է հատկացրել, թե՞ ունեցել են, օրինակ, տարիներ առաջվանից լավ գործընկերներ, որոնց հետ սերտորեն աշխատել են։ Սա պետք է լրջորեն ուսումնասիրել, և արդյունքը կլինի ուսանելի բոլորի համար, որովհետև այդ դեպքում կլինեն ոչ միայն ներսից մարդկանց անեգդոտիկ դիտարկումներ, այլև համակարգված հիմնավոր կարծիք, որը կփորձենք կրկնօրինակել այլ ոլորտներում»։  Արսեն Բոբոխյան էլ առաջարկեց տեղափոխվել հինգերորդ դար, երբ Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Պարթևին գործուղեց արտասահման, նրանք էլ այնտեղ ուսումնասիրեցին միջազգային փորձը, բերեցին, ներդրեցին Հայաստանում՝ ստեղծելով հայոց այբուբենը․ «Մենք պիտի նաև մեր նախնիներից սովորենք մեծ նշանակություն տալ մշակույթին, լեզվին և երբեք չդնել որևիցե խոչընդոտ ազգային, միջազգային հասկացությունների միջև։ Դրանք շաղկապված են իրար, և առանց ազգայինի չի կարող լինել միջազգայինը»։  Կարդացեք նաև համաժողովի նախորդ քննարկումը՝  գիտության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հաջորդ քննարկումը՝ մտքի կենտրոնների վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան  
19:14 - 23 փետրվարի, 2025
Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովի պանելային քննարկումներից մեկի թեման պետության վարած գիտական քաղաքականությունն էր։ Մասնակիցներն էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ տվյալների հավաքագրման վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը,  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը (ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտ)։  Պանելը վարում էր «Բուն» TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, որը քննարկումը սկսեց հետևյալ հարցից՝ ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»։  Մի քանի պանելիստներ նշեցին՝ տերը մեկը չէ․ և՛ կառավարությունն է, և՛ գիտնականներն իրենք են, և՛ հանրությունն է։  Աղասի Թադևոսյանն, ինչպես նախորդ քննարկման մասնակիցները, կարևորեց ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելը։  «Կարող է ինչ-որ մի մարդ (կապ չունի՝ այդ մարդը երկրի ղեկավարն է, թե ով) վեր կենա, որոշի, որ ինքը այնքան կոմպետենտություն ունի, որ կարող է ամբողջ ազգին կանգնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ ինքնության հարցում իրակա՞ն Հայաստանն է ճիշտ, թե՞ պատմականը այն դեպքում, երբ որ պատմական Հայաստանն էլ է իրական։ Եթե խոսում ես այդպիսի բաներ, գոնե պետք է խոսես միֆական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին։ ․․․․ Քաղաքական ոլորտների մարդիկ կոմպետենտ չեն գիտական դիսկուրս ու մտավոր դիսկուրսի հարցում, դա գիտությունն է ստեղծում, նրանք սպառողներն են, նրանք պետք է օգտվեն մեր ստեղծածից»։  Աղասի Թադևոսյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն ասաց՝ գիտության արտադրանքը կիրառության մեջ դնելն իսկապես խոչընդոտների է բախվում․ «Բարի ցանկությամբ շատ դժվար է վեր կենալ և ասել՝ մենք ուզում ենք Հայաստանում այս գիտությունը զարգանա, այս թեմայով զբաղվեն գիտնականները, մենք էլ վերջում ստանանք այս արդյունքը, որը կլինի շատ չափելի։ Կա շատ մեծ ճեղքվածք այն պետական քաղաքականության, որ պիտի վարի, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Առողջապահության նախարարությունը, և գիտության միջև։ Այդ կոմունիկացիան բացակայում է»։  ԲԿԳԿ ներկայացուցիչը, սակայն շեշտեց, որ Հայաստանում փոխարենն ակադեմիական ազատությունն է բարձր մակարդաի վրա՝ գիտնականներն ունեն ազատություն որոշում կայացնելու, թե ինչ թեմա հետազոտեն և ինչպես հետազոտեն․ «Ըստ իս, եթե նրանք գիտակցում են խնդիրներ, որոնցով ուզում են զբաղվել, և դա կիրառական նշանակություն ստանա, կա ազատ դաշտը դա անելու։ Այլ հարց է, որ համակարգվածություն չկա դրա մեջ»։  Սմբատ Հակոբյանը Հարություն Վերմիշյանն արձագանքեց՝ շատ մեծ ռիսկ կա շփոթելու ազատություն և ինքնագլխություն եզրույթները․ «Գայթակղությունը բավական մեծ է լինել ինքնագլուխ թեմայի ընտրության, մեթոդի, տեսության ընտրության գործունեության և արդյունք սահմանելու հարցում, բայց սա ինքնագլխություն կարող է չկոչվել, դառնալ ազատություն այն դեպքում, երբ մենք ունենք գիտական համարժեք հանրույթ։ Գիտնականը զուտ դիպլոմավորված մասնագետը չէ, գիտությամբ զբաղվելը սոցիալականացում է ենթադրում, և եթե մենք ունենք այդ բարեվարքության  առումով սոցիալականացված հանրույթ, ազատությունը այն ճոխությունն է, այն արժեքն է, որը որ պետք է շրջանառվի։ Օրինակ, նույն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համալսարանները և մնացած պատասխանատու կառույցները ինչքանո՞վ են տիրապետում իրավիճակին, ինչքանո՞վ է այդ արժեքային դաշտը ստեղծված»։  Նա որպես օրինակ նշեց հայկական գիտական ամսագրերը, որոնք այսօր գրեթե անկում են ապրում, և որոնք գրախոսության, օբյեկտիվության ու այլ խնդիրներ ունեն։ Հարություն Վերմիշյանը Աղասի Թադևոսյանը նկատեց՝ պետությունը չպիտի մտնի բովանդակային ոլորտ ու գիտնականներին թելադրի՝ ինչ թեմաներով զբաղվել, փոխարենը՝ կառավարող վերնախավերը, իրենց առաջ դրված խնդիրներից ելնելով, կարող են որոշակի հարցադրումներ ձևակերպել և խրախուսման տարբեր մեխանիզմներ մտածել, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերով խրախուսել գիտնականներին զբաղվել պետության համար կարևոր թեմաներով։  Սոնա Մանուսյանը կարևորեց կիրառական հարցերից առաջ նախևառաջ տեսական հարցերի պատասխաններ տալը՝ հաշվի առնելով իր ոլորտի՝ հոգեբանության առանձնահատկությունները․ «Հոգեբանությունը ներմուծված գիտություն է Հայաստանում, նա չի կայացել որպես գիտակարգ, առաջին հերթին ներմուծվել է որպես պրակտիկա։ Ինձ համար մի քիչ ավելի մեծ խնդիր է, որ մենք դեռ տեսական հարցերին պատասխանենք, նոր խոսենք կիրառականի մասին։ Մենք նույնիսկ չենք հասկացել՝ մեր քաղաքացին ինչպիսին է հոգեբանական մակարդակում և այլ մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է մեզ տան ժամանակ, պետք է լինի վստահություն»։  Սոնա Մանուսյանը Աղասի Թադևոսյանը մտահոգություն հայտնեց գիտնականների ատեստավորման նոր կարգի մասով։ Նա նշեց՝ միջազգային տպագրություններին դեմ չէ, բայց թեմաներ կան, որոնց շուրջ շատ ավելի լավ է, օրինակ, հայերեն մեկ գիրք ունենալը, քան միջազգային ամսագրերում երեք հոդված։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Հարություն Վերմիշյանը համաձայնեց, որ հայերենով գիտական աշխատանքները կարևոր են, սակայն նաև նշեց, որ  մրցակցությունը զարգացման հիմք է։ Նա նշեց՝ արժեքավոր գրքերի կողքին երբեմն հրապարակվում են առանց գրախոսման աշխատանքներ․ «Քննական արժեքներ ունեցող գիտնականը շատ կարևոր հայերեն պրոդուկտ է տալիս, բայց երբ հայերենը դառնում է չափման հիմքը, սկսում են այլ պրակտիկաներ՝ խտրական դիրքում դնելով նույն այդ բարեվարք գիտնականին»։  Սմբատ Հակոբյանը նշեց՝ խնդիր կա հասնելու միջազգային չափանիշներին․ «Եթե դու շարունակում ես անել այն գիտությունը, որը Խորհրդային Միությունից ես ժառանգել և, օրինակ, տպել 600, 700, 1500 էջանոց մենագրություններ՝ ասելով, որ սա արժեք է․․․Գուցե ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց դրա չափելիությունը ոչ մի տեղ չկա»։ Աղասի Թադևոսյանն ասաց՝ ինքը կողմ է, որ հայ գիտնականները արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպեն, բայց կողմ չէ այն իմաստին, որ դրվում է այդ նպատակի տակ։ Գիտնականի խոսքով պետք է հաշվի առնել միջազգային ամսագրերում մտքի գաղութացումը․ «Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշների համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ որ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։ Սոնա Մանուսյանն էլ որպես օրինակ բերեց հոգեբանությունը։ Նա նշեց՝ Հայաստանը միջազգային հետազոտողների համար հետազոտություններում շատ փոքր դեր ունի․ «Օրինակ, այս ինչ միջմշակութային տեսության շրջանակներում Հայաստանի տվյալները ինչ են ասում։ Արդյունքում ամբողջական տեսական հավակնությունները շատ դժվար է իրացնել տպագրվելու մակարդակում։ Դու կարծես, որոշակիորեն աղճատելով քո հիմնական ասելիքը, տեղավորվում ես կամ հրաժարվում ես տեղավորվել ինչ-որ իմաստով գաղութացնող դիսկուրսների կամ հրապարակումների մեջ»։ Աղասի Թադևոսյանն էլ նշեց՝ կարևոր է միջազգային լեզվի կիրառումը, հոդվածներ կարդալը, տեսությանը ծանոթանալը․ «Գիտությունը համաշխարհային երևույթ է, ազգային երևույթ չի, բայց միևնույն ժամանակ նաև գիտությունը ազգային երևույթ է, և այս հարցը պետք է լուծել այդ միջազգայինի և ազգայինի շատ ներդաշնակ հատման կետերը գտնելով։ ․․․․ Մենք պետք է գտնենք լուծումներ, որոնք որ ապահովում են միջազգային ստանդարտներով գիտություն անելը Հայաստանում, բայց դա չպետք է բացառի նաև հայերենով գիտություն անելու հնարավորությունը»։  Դահլիճում ներկա էր ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, որը նկատեց՝ քննարկումը լսելով հասկացավ, թե որքան մոտ են իրար հումանիտար, հասարակակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների խնդիրները՝ առաջնահերթությունների բացակայություն, անորոշություն, երկխոսության իմիտացիա, գիտնականների անհաղորդություն միջազգային ստանդարտներին, հայաստանյան հետազոտությունների պատվերի ձևակերպման բացակայություն և այլն։  ԲԿԳԿ ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն իր խոսքում նշել էր մարդկային ռեսուրսի պակասի խնդրի մասին՝ ասելով, որ հաճախ շատ խնդիրներ լուծելու համար թիմեր հավաքելիս մասնագետների պակաս կա, և իրենք, օրինակ, խրախուսում են հետազոտություններում ուսանողների ներգրավումը տարբեր ծրագրերով։  Դահլիճից հարց հնչեց, թե կառավարությունն արդյո՞ք տարբեր ոլորտների համար մարդկային ռեսուրսների հաշվարկ ունի։  Սմբատ Հակոբյանն ասաց՝ տվյալներ, թե քանի գիտնական կա, նրանք ինչ տարիքի են, որքան հոդված են տպագրում, որտեղ են աշխատում, Կոմիտեն ունի, մշակում է, և դրանց հիման վրա որոշումներ կայացվում են։ Որոշումներ էլ կան, որ միջազգային մշակված ստանտարդների հիման վրա են կայացնում։ Սակայն ճշտող հարցին, թե արդյո՞ք կոնկրետ ոլորտներում ռեսուրսները գնահատվում են, երբ այս կամ այն գիտական խնդիրը լուծելու հարցը կա, ԲԿԳԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ նման քաղաքականություն չի վարվում։  Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ պետության խնդիրների լուծման հարցում գիտության դերի մասին։   Լուսնակարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:24 - 22 փետրվարի, 2025
Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Պանելային առաջին քննարկմանն թեման գիտության քաղաքականության մշակումն ու գիտության առջև դրված կիրառական խնդիրներն էին։ Քննարկման մասնակիցներն էին Մյունստերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան), պատմաբան-ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։  Քննարկմանը հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, որը վերջին պահին հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով չի կարող ներկա գնտվել։ Ի դեպ, տարբեր պատճառաբանություններով հաջորդ օրը համաժողովին չէին եկել նաև էկոնոմիակայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։Քննարկումը վարում էր «Գիտուժ» նախաձեռնության՝ հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։ Պանելիստներն ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյո՞ք գիտության քաղաքականություն մշակողների համար պարզ է, թե որ թեմաներն են Հայաստանի համար կարևոր, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով։  Պանելիստների մոտ, կարծես, կոնսենսուս կար այն մասով, որ կառավարության վարած քաղաքականության մեջ դրական փոփոխություններ կան, ինչպիսին է, օրինակ, գիտության ֆինանսավորման աճը։ Գիտնականները, սակայն, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, նշեց․ «Մենք հստակ ձևակերպում, կարծեք թե, չունենք, թե որոնք են մեր իրական առաջնահերթությունները, հենց թեկուզ հայագիտության մեջ, որն այսօր, հայտարարվում է, որ ռազմավարական է երկրի համար։ ․․․․ Մեր գիտնականները և խմբերն իրենք են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակների վերլուծություններ»։ Հրանուշ Խառատյանը Սուրեն Մանուկյանն էլ հավելեց՝ վերջին չորս-հինգ տարին պարզ էր, թե պետությունն ինչ խնդիր պետք է դներ հասարակագիտության առջև․ «Պատերազմում պարտությունից հետո միգուցե կարելի էր առաջարկել, որ մենք ռեֆլեքսիա անցկացնեինք և հասկանայինք՝ ինչ է մեզ հետ կատարվել։ Բայց չգիտես ինչու հիմա քաղաքական դաշտը մեզ առաջարկում է վերադառնալ 100 տարի առաջ, ռեֆլեքսիայի ենթարկել թեմաներ, որոնց շուրջ, թվում է, թե մենք ունենք արդեն կոնսենսուս, բայց երբևիցե չի ընդգծում այսօրվա գոյություն ունեցող խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք տրավմայի պայմաններում, և մինչև այս տրավման չարժևորենք, չհասկանանք՝ ինչ է մեզ հետ կատարվել նաև հասարակական մակարդակով, մեր պետության զարգացումը շատ կդանդաղի և խոչընդոտներ կունենա»։  Պատմագետ-ցեղասպանագետի դիտարկմամբ իշխանությունը հասարակագիտական համայնքին դիտարկում է ավելի շատ որպես ընդդիմախոս և չի գնում նրա հետ համագործակցության․ «Երբ մի օրում մի մարդու ցանկությամբ (կապ չունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում) գիտակարգի, որով դու զբաղվում ես՝ հայոց պատմության անվանումը փոխվում է և դառնում է այլ անվանում, դու զարմանում ես՝ մեկ, երկրորդը՝ վիրավորվում ես, որ քեզ չեն հարցրել, թեև դու այդ ոլորտով ես զբաղվում։ Սա այն պարզ օրինակն է, որ մեզ հետ պետությունը ուղղակիորեն չի ուզում խոսել, չի ուզում մեր փորձառությունը, մեր գիտելիքը օգտագործել այդ դաշտը զարգացնելու համար»։ Սուրեն Մանուկյանը Նշենք, որ գիտնականը նկատի ունի կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին որոշումը։ Հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանն էլ նշեց՝ կարևոր է, որ հայրենագիտության՝ հայոց լեզվի ու մշակույթի նվաճումները տեսանելի լինեն միջազգային գիտական շրջանակներում, քանի որ թշնամի երկրներն օգտագործում են միջազգային հարթակները կեղծիքներ տարածելու համար։ «Բազում միջազգային քննարկումներ են եղել, օրինակ, «Ղափան» կամ «Զանգեզուր» և այլ տեղանունների վերաբերյալ, ու մեր գիտնականները մնացել են իներտ․ «Բա մեզ սազո՞ւմ է, որ մենք այդ ցածրամակարդակ քննարկումներին մասնակցենք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջբերած դիսկուրսներին մասնակցենք»։ ․․․․ Հայրենագիտության կարևորագույն խնդիրներից մեկը այս պատմական ամբողջ դիսկուրսները, այս ամբողջ համատեքստում հայոց լեզվի և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության արտադրանքները արտահանելն է միջազգային ասպարեզ»,- ասաց նա։ Այդ համատեքստում գիտնականը ողջունելի համարեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը, սակայն նաև շեշտեց՝ հավասարակշռություն պիտի լինի, և հայերենի՝ որպես գիտական լեզվի վարկը չպիտի իջնի դրա հաշվին։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Զարեհ Ասատրյանը տնտեսագրության մեջ առանձնացրեց մի քանի կարևոր մեխանիզմ, որոնց միջոցով հետազոտությունները բերում են պետական ու հասարակական մարտահրավերների լուծմանը։ Առաջինը նա կարևորեց մարդկային կարողությունների ձևավորվումը, այսինքն՝ լավ տնտեսագետների ձևավորումը, որոնք հետո կգնան մասնավոր ու պետական հատված։ Գիտնականն ապա նշեց պետության տնտեսական փաստահեն քաղաքականության ձևավորմանն ուղղված հետազոտությունները։ Եվ երրորդը՝ կարողությունների զարգացման և հետազոտությունների միջոցով տնտեսական քաղաքականության շուրջ հանրային քննարկումների մակարդակի բարձրացումը։ Անդրադառնալով այն հարցին, թե հումանիտար ու հասարակագիտական ուղղությունները կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, գիտնականը նշեց՝ նախ գիտությունն է պետք զարգացնել ու հասցնել որոշ մակարդակի․ «Ֆունդամենտալ խնդիրն այն է, թե ինչպես դուրս բերենք մեր գիտությունը լճացած վիճակից, դարձնենք միջազգայնորեն մրցակցային։ Դրանից հետո, երբ որ մենք ունենանք լավ գիտնականներ, որոնք հոդվածներ են հրապարակում միջազգային ամսագրերում և այլն, նրանք շատ ավելի հեշտ կարող են անել իրենց հետազոտություններն այն խնդիրների մասին, որ հայկական են, որ կոնկրետ մեզ են վերաբերում»։ Նշենք, որ սա ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) վարած քաղաքականությունն է․ գիտությունը դարձնել միջազգայնորեն մրցունակ, ապա խոսել խնդիրների լուծման մասին։ Այս մասին Ազգային ժողովում անցած տարվա վերջին հայտարել էր ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։  Մերուժան Կարապետյանը խոսեց այն մասին, որ ԳԱԱ-ն Հայաստանում հիմնվել է 1943-ին, և նրա կառավարման ձևը մինչև օրս չի փոխվել․ «Գիտության կառուցակարգերը և կանոնակարգերը Հայաստանում շարունակում են մնալ 1943 թվականի վիճակին։ Սա գիտնականների գործն է, գիտնականները պիտի վերակառուցեն այդ կառույցները։ Ավելի ժամանակակից խնդիրներ լուծելու ուղղությամբ չնչին տեղաշարժեր նկատվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչ-որ տեղ գուցե Արևելագիտության ինստիտուտում, մյուսները (նկատի ունի հումանիտար և հասարակագիտական ուղղվածության մյուս ինստիտուտները,- խմբ․) շատ ծանր կացության մեջ են»։ Մերուժան Կարապետյանը Հաջորդիվ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե հումանիտար և հասարակական գիտությունները կիրառական կոնկրետ ինչ խնդիրներ հիմա կարող են լուծել պետության, հասարակության ու անհատի համար։ Հրանուշ Խառատյանը նշեց՝ երբ Կառավարությունը, Ազգային ժողովը օրենքներ են մշակում, երբեմն ուղարկում են փորձագիտական քննարկման, երբեմն գիտնականների կարծքիները նաև հաշվի են առնվում․ «Բայց ինձ թվում է՝ հաշվի են առնում այն դեպքերում, երբ որ մեր պատասխանները իրենց քիմքին և իրենց պատկերացումներին համապատասխանում են։ Երբ որ մենք փորձագիտական կարծիք ենք գրում և ուղարկում ենք, և այն ստիպում է փոխել որոշ ընթացք, որպես կանոն, լուռ են մնում»։ Ինչ վերաբերում է պետության կողմից, այսպես կոչված, հետազոտական պատվերներին, գիտնականը նկատեց՝ վերջին տարիներին հայտարարվող նպատակային ծրագրերում որոշակի պատվերներ երևում են․ «Բայց նաև, օրինակ, պետությունը մեզ երբեք չի պատվիրի գիտական ժամանակակից վերլուծություններ մեզ համար չափազանց կարևոր այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ընդհանրապես, Կովկասը։ Մենք գտնում ենք գումարներ, գնում ենք Թուրքիայում ենք անում հետազոտություններ, Իրանում ենք անում հետազոտություններ, բերում ենք, տեքստ ենք գրում։ Անձամբ ես շատ հաճախ պետական կառույցներին ուղարկում եմ, նույնիսկ ԱԱԾ-ին եմ ուղարկում»։ Հրանուշ Խառատյանն առանձնացրեց մի հրատապ խնդիր, որի լուծումը կառավարությունը կարող էր պատվիրակել գիտնականներին՝ Արցախից տեղահանված փախստականների խնդիրը․ «Որտե՞ղ պիտի ապրեն Արցախի փախստականները, միասի՞ն պիտի ապրեն և իրենց ինքնությունը պահեն, մինչև կվերադառնան կամ ցավոք չեն վերադառնա, թե՞ պետք է դիֆուզվեն, և անհետանան Արցախի առանձնահատուկ մշակույթը, բարբառը, Արցախի անվան և Արցախի պատմության առարկայական ներկայացումը։ Սա կիրառական հարց է, քաղաքականության հարց է, և ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը որոշ պատասխանատվություն ունի այս հարցի լուծման համար»։ Սուրեն Մանուկյանի խոսքով առաջին կարևոր բանը, որ հասարակագիտությունը, հայագիտությունը տալիս են պետությանն ու հասարակությանը, քննադատ մտածողությունն է․ «Կառավարման ճգնաժամը, որ մենք ունենք հիմա և ունեցել ենք երկար ժամանակ, երբ որ գերատեսչությունները շատ դեպքերում չեն հասկանում նույնիսկ՝ ինչ են անում, կամ գերատեսչություններում բացակայում է ճկուն լինելը, քաղաքականությունը փոխելը, երբ որ պետք է, այդ քննադատական մոտենալը նույնիսկ փաստաթղթերին և հաստատված կանոնակարգերին, հասարակական գիտությունների բարձիթողի վիճակի ուղղակի արտահայտությունն է և հետևանք է»։ Որպես մեկ այլ կարևոր նշանակություն ցեղասպանագետն առանձնացրեց ինքնության ձևավորումը՝ շեշտելով, որ պետք չէ այս ձևակերպումն ընկալել որպես պաթոս․ «Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ դու պետք է քեզ ընկալես այս հանրույթի մի մաս, ինչո՞ւ դու պետք է գերադասես ավելի ապահով կյանքը ինչ-որ մի այլ տեղ և մնաս այստեղ։ ․․․․ Պատմագրությունը, հայագիտությունը կապում են մեզ բոլորիս՝ որպես հանրության, այս հողի հետ և այս պետության հետ»։  Եվ վերջում գիտնականն առանձնացրեց այս գիտակարգերի ևս մի կարևոր գործառույթ՝ պատմության ուսումնասիրությամբ ճանաչել նախ մեր հասարակությունը, ապա այն ազգերին, որոնք շրջապատում են մեզ, որպեսզի կարողանանք ինքներս մեզ և նրանց հետ ճիշտ հարաբերվել։  Գիտության միջոցով ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելու համատեքստում Հրաչ Մարիտրոսյանն առանձնակի շեշտեց հայրենագիտության և մասնավորապես՝ լեզվի ուսումնասիրության դերը․ «Մշակութային ոլորտի մասնագետները կարողանում են աշխատել փաստագրված նյութական իրողությունների հետ։ Հայը կա 5-6 հազար տարի, և նրա լեզուն ու մշակույթը արտացոլված են լեզվի պատմության գիտակարգում։ Լեզուն, փաստորեն միակ համակարգային ամբողջական գիտակարգն է, որը ծածկում է այդ 5-6 հազար տարվա պատմությունը։ Բացարձակապես ոչ մի այլ գիտակարգ չկա, որ կարողանա ընդգրկել այդ ամբողջ ընթացքը»։ Զարեհ Ասատրյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես կարող են տնտեսագիտությունն ու հասարակական գիտությունները Հայաստանում կիրառություն ունենալ՝ հարկային քաղաքականության մշակում, առողջապահական ապահովագրության ներդրում, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ։ Գիտնականը նշեց՝ սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ որոշումների կայացման համար քանակական վերլուծություններ պետք է իրականացվեն։ «Ովքե՞ր պիտի դա անեն։ Հեծանիվ պետք չի հնարել։ Արտասահմանում ովքե՞ր են անում։ Նախ անում են պետական մարմինների հետազոտողները։ Դրա էլեմենտներն, ի դեպ, Հայաստանում կան․ հենց այդ մասն է, որ զարգացած է։ Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, որոշ այլ նախարարություններ ու մարմիններ որոշակի կարողություններ ունեն։ Մյուսը՝ կարող են պատվիրակել գիտնականներին, որ աշխատում են գիահետազոտական հիմնարկներում և նաև համալսարաններում»,- ասաց նա։ Գիտնականը որպես օրինակ բերեց Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը որտեղ ինքն է աշխատում։ Նա նշեց՝ կենտրոնը զբաղվում է նման կիրառական հարցերով և կապված է քաղաքականություն մշակողների հետ։  Իսկ որպեսզի պետական մարմինները կիրառեն գիտության արդյունքները քաղաքականություն մշակելիս, Զարեհ Ասատրյանի խոսքով պետք է գիտնականներն ու գիտական կազմակերպությունները մեծ հեղինակություն ձեռք բերեն, որպեսզի նրանց կարծիքի հետ հաշվի չնստելը դժվարանա։ Սուրեն Մանուկյանը հավելեց՝ գիտնականների հեղինակությունը հանրության աչքում ցածր է։  Զարեհ Ասատրյանն էլ ասաց՝ անկախ կառավարության քայլերից ու վերջին տարիներին տարվող քաղաքականությունից՝ գիտական հանրույթն էլ պիտի քայլեր ձեռնարկի «լճացած վիճակից դուրս գալու համար», և միայն պետության կողմից չէ, որ քայլեր պիտի արվեն։ Կարդացեք նաև համաժողովի պանելային հաջորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:23 - 22 փետրվարի, 2025
«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերները այցելել են Հայաստան․ քննարկումներ են տեղի ունեցել ակադեմիական համայնքի հետ

«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերները այցելել են Հայաստան․ քննարկումներ են տեղի ունեցել ակադեմիական համայնքի հետ

Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։ «Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։ Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ: Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի ներկայացում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերների հետ կքննարկի Հայաստանում գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հեռանկարները, մարտահրավերները և դրանք հաղթահարելու մոտեցումները՝ միաժամանակ կիսվելով Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման և Կյանքի մասին գիտությունների դպրոցի ձևավորման փորձով։ Նախատեսվում է նաև այցելություն Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական ​​կենտրոն և հանդիպում ոլորտային գիտական կազմակերպությունների հետ։ Համալսարանների հետ աշխատաժողովներ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH» կազմակերպության ծրագրի համակարգող Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար Ալինա Լաուքը աշխատաժողովներ կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վարչական, կրթական և գիտական բնագավառների ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Հանդիպումների ընթացքում նրանք կներկայացնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։ Աշխատաժողով է նախատեսվում նաև ՀԱՊՀ անձնակազմի հետ ինժեներական կրթության և ուսուցման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի Հայաստանի զարգացման համար հիմնական մրցակցային ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարային միտումներին, ինչպես նաև ՀԱՊՀ-ում կրթության և հետազոտությունների հետագա վերափոխման տեսլականին։ Հանդիպում նորարարական, ձեռներեցական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ Կրթական բնագավառի ներկայացուցիչների, գիտնականների և ուսանողների հետ քննարկումներին զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Մյունխենի տեխնիկական համալսարանի թիմը Տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում քննարկում կունենա Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն Հայաստանի էկոհամակարգի ներկա վիճակը, առանձնահատկությունները, զարգացման հնարավոր տեսլականը և կրթագիտական համակարգի ակնկալիքները։ Այցելություն գիտահետազոտական կազմակերպություններ Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ քննարկում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև (Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո)։ Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում «Ակադեմիական քաղաք» ծրագրի չորս միջազգային գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԲԿԳԿ-ում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքներին։ Հայաստան այցի շրջանակում նախատեսվում են նաև RSUP և «Սիստեմատիկա» ընկերությունների պատվիրակության անդամների հանդիպումներ պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ »,- նշվում է հաղորդագրության մեջ։ 
12:46 - 29 հունվարի, 2025
Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ. նախագիծ

Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ. նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։  «Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։ Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաև մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի և ծրագրի իրականացման շուրջ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ընթացքում կառուցվածքային փոփոխության, այն է՝ ԿԳՄՍՆ համապատասխան վարչության, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորման արդյունքում ստեղծվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որը միասնական քաղաքականության ապահովման և այդ ինստիտուցիոնալ գործիքակազմը ներդնելու քայլերից մեկն էր։ «Իրականում օրենքի նախագիծը չէր կարող այդ երկու դրույթի փոփոխությամբ նորից շրջանառվել, որովհետև այս ինստիտուցիոնալ փոփոխությունները և ռազմավարական մոտեցումները պահանջում էին վերադառնալ հայեցակարգային տրամաբանությանը։ Հետևաբար, բազմաթիվ հարցեր վերանայվել են, և օրենքի նախագիծն այժմ շատ ավելի ամբողջական է»,–նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում։ Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող  հիմնական փոփոխություններին: Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման և հավատարմագրման մեկ միասնական կառույց ամրագրելով լիցենզավորման և հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաև համապատասխան որակավորում ունեցող արտերկրի կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ: «Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,-նշել է Սարգիս Հայոցյանը: Նրա խոսքով՝ հստակեցվել է բուհերի կառավարման և խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է. «Բուհերի և գիտական կազմակերպությունների ինտեգրման առումով այս ընթացքում լսել ենք տարբեր մտահոգություններ, որոնց կապակցությամբ առաջարկել ենք որոշակի համակարգային լուծումներ: Բացի այդ՝ ներկայում բուհերի կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների և հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է, հետևաբար այդ ոչ ներառական մոդելից անցում կկատարվի հորիզոնական բազմամասնակցային համակարգին՝ իհարկե, ապահովելով նաև հաշվետվողականություն»: Ըստ Սարգիս Հայոցյանի՝ հստակեցվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը. այն դարձել է ավելի բազմազան՝ դուրս գալով նպաստային տրամաբանությունից և զուգորդվելով առաջադիմության հետ. «Կփոխվեն նաև պետական աջակցության ձևերը՝ ուսման վարձի փոխհատուցում, խրախուսում, կեցության ծախսերի ապահովում և այլն»: Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Ներկայիս ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ ընդգրկվելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։ Հստակեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը. սահմանվել են գիտության ոլորտում հեղինակավոր անձանց միավորելու  և պետական քաղաքականությանը գիտական աջակցություն տրամադրելու ակադեմիայի գործառույթները. «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»: Նախագծով դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Սահմանվել է, որ ուսանողն ունենում է իր անհատական թվանշանին տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով նա կառավարում է իր կրթական գործընթացը և բացի պարտադիր առարկայացանկից՝ ունենում է անհատական կրթական պլանի կազմման հնարավորություն: Գնահատման համակարգը համապատասխանեցվել է Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի չափանիշներին՝ ապահովելու արդյունավետ շարժունություն բուհերի և երկրների միջև: Անդրադառնալով բուհերի ակադեմիական կազմին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ կարգավորումներ են սահմանվել մտավոր սեփականության իրացման և պատկանելիության մասով, այդ թվում, թե ինչ համամասնությամբ են դասախոսն ու բուհը տնօրինելու դրանից ստացված եկամուտը: «Սա ևս մեկ գործիք է՝ գիտությունը ծառայեցնելու երկրի տնտեսական զարգացմանը»,-շեշտել է ԲԿԳ նախագահը: Սահմանվել են նաև բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ձևերը, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների նպատակով,  և մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով: «Ուսանողների կրթաթոշակին տրվող աջակցությանը զուգահեռ՝ հանրային բուհերը կստանան նաև կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում, որի հաշվին կսահմանվի դասախոսի բազային աշխատավարձը, իսկ դրա վրա արդեն կավելանան մտավոր սեփականության իրավունքից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները: Սա արվել է, որպեսզի բուհերը կախված չլինեն ուսման վարձից և կենտրոնանան միայն տրամադրվող որակյալ ծառայությունների վրա»,-ընդգծել է ԲԿԳ նախագահը: Զեկույցից հետ խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի կիրառության ապահովման, դասախոսների աշխատանքի արդյունավետության գնահատման և չափելիության, հեռավար կրթության հնարավորության, նպատակային կրթաթոշակի տրամադրման, բուհական ինքնավարության, կրեդիտների կուտակման և փոխանցման, ուսանողի պարտավորությունների շրջանակի, մանկավարժական բուհերի պարարվեստի գծով շրջանավարտների աշխատանքի,  դասախոսների ծանրաբեռնվածության, բուհական ընդունելության, մագիստրոսական կրթության, աստիճանաշնորհման նոր համակարգի, ակադեմիական քաղաքում մասնավոր բուհերի գործունեության, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ բուհերի ընդունելության և երիտասարդ գիտական կադրերի առաջխաղացման խնդիրներին։ Նախարար ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը հանգամանորեն պատասխանել են բոլոր հարցերին։ Մասնավորապես՝ պատասխանելով բուհական ինքնավարության հարցին՝ նախարարը նշել է, որ ակադեմիական և ուսանողական ինքնավարության սահմանումը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի․ ուսանողները պետք է իրականում ինքնավար միավորումներ ձևավորեն, իսկ ակադեմիական ինքնավարությունը նաև ենթադրում է պատասխանատվություն և վերահսկողության ներքին մեխանիզմներ։ Անդրադառնալով բուհերի ընդունելության գործընթացի վերաբերյալ հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ սահմանվել են ընդունելության նոր սկզբունքներ ու մեխանիզմներ՝ ընդունելության և մրցույթի անցկացման իրավասությունները վերապահելով բուհերին, ընդ որում՝ կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով բակալավրի կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման վկայագրերը դառնալու են պարտադիր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով բոլոր դիտարկումները ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որոնք կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում։
13:02 - 30 սեպտեմբերի, 2024
ԼՂ ուսանողները կշարունակեն աջակցություն ստանալ մինչ տվյալ կրթական մակարդակում ուսման ավարտը

ԼՂ ուսանողները կշարունակեն աջակցություն ստանալ մինչ տվյալ կրթական մակարդակում ուսման ավարտը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև տվյալ կրթական համակարգում ուսումնառության ավարտը: Համապատասխան որոշումները կայացրեց ՀՀ կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ: ՀՀ բարձրության կրթության և գիտության կոմիտեից փոխանցում են՝ հարցերը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշեց, որ նախորդ տարվա որոշումները կարգավորում էին միայն 2023-24 ուսումնական տարվա ընթացում տրամադրվող աջակցությունը: Վերոնշյալ որոշումներով (ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումներ) կարգավորվում էին 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ բուհերի ուսանողների, ինչպես նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողների ուսման վարձերի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակների տրամադրման կարգերը: «Այս փոփոխություններով նախ և առաջ մենք հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ ուսանողների՝ մինչև իրենց ուսումնառության ավարտը աջակցության հնարավորություններն ընդլայնվում են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Սահմանվել է, որ աջակցությունը 2024-2025 ուսումնական տարվա համար կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, մասնավորապես՝ տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65%-ը հաղթահարելու դեպքում:  «2025-26 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից, նախատեսում ենք ներառել միջին որակական գնահատականի շեմ՝ առնվազն 75%-ի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ընդգծեց նախարարը: Հանվել է նաև ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ սահմանված ուսման վարձի փոխհատուցման առավելագույն չափը: «Պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որ նպաստեինք ուսանողների ավելի համաչափ բաշխմանը մեր բուհերում, սակայն, հաշվի առնելով, որ խոսում ենք արդեն փաստացի սովորող ուսանողների մասին, այս դրույթի անհրաժեշտությունը դուրս է գալիս: Եվ նաև այս սահմանաչափի վերանայումը հնարավորություն է տալիս, որ 100% փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»,- հավելեց նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման իրավունքը կորցվում է բուհից և կրթական ծրագրից տեղափոխվելու պարագայում: Նոր որոշմամբ ուսման վարձերի փոխհատուցման համար կրթաթոշակներ կստանան նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների այն սովորողները, որոնք 2024-25 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվել են պետական բուհեր (1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով, 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100%-ի չափով՝ 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65%-ը հաղթահարելու դեպքում): Նախարարը նշեց, որ այս դրույթը վերաբերում է շուրջ 180 հոգու. «Նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի 75% շեմը»: Նախորդ տարի ընդունված որոշումների արդյունքում 2024 թվականին աջակցություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 4000 շահառու, որոնք թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների, թե՛ քոլեջների ուսանողներ են:
13:42 - 26 սեպտեմբերի, 2024
Ագրարային մի շարք մասնագիտություններով սովորող ուսանողներին ևս կտրամադրվի 70-77 000 դրամ կրթաթոշակ

Ագրարային մի շարք մասնագիտություններով սովորող ուսանողներին ևս կտրամադրվի 70-77 000 դրամ կրթաթոշակ

ՀՀ կառավարության 2024թ․ սեպտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում էր վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործադիրի նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ այն բխում է «ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագրից», որով նախատեսված է կրթաթոշակային քաղաքականության սկզբունքների վերանայում։ «Կարծում եմ, որ նախագիծը շատ համահունչ է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերին»,- հավելեց նախարարը։ Նշենք, որ  ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը (առաջին կուրսում 70 000 ՀՀ դրամ, երկրորդ կուրսից սկսած՝ 70 - 77 000 ՀՀ դրամ՝ ըստ առաջադիմության) և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկված են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր։ «Առաջարկում ենք, կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով, այդ ցանկում ներառել ագրարային ուղղվածության կրթության ծրագրերը, որոնք նույնպես պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ են»,- ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ապա նախարարը մանրամասնեց, որ նշված մասնագիտությունները պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեն՝ Ագրարային ճարտարագիտություն, Պարենամթերքի տեխնոլոգիա, Ագրոնոմիա, Անասնաբուծություն, Անտառային տնտեսություն, Անասնաբուժություն։ «Այս առաջարկն արվում է՝ հաշվի առնելով, որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ պետական օժանդակությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ, և այդ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ է նաև, որ խթանենք այս ոլորտում կրթություն ստացող դիմորդների թիվը։  Նախագծի ընդունման արդյունքում, ըստ առաջադիմության, 70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որ այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը։ Նախարարն ընդգծեց, որ որոշման շահառու են նաև վերոնշյալ կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները։ Ապա Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախորդ տարի ընդունված որոշման արդյունքները՝ նշելով, որ գրանցվել է որոշման մեջ ներառված ծրագրերով ընդունվածների թվի աճ։ «Մասնավորապես՝ եթե 2022-ին բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով միասին ունեցել էինք ընդամենը 124 ուսանող, 2023-ին արդեն շուրջ 2 անգամ աճ ենք ունեցել՝ 251 ուսանող։ 2024-ին արդեն ունենք 304 ուսանող, որը շուրջ 2,5 անգամ ավել է 2022-ի նկատմամբ, այսինքն՝ մինչև որոշման ընդունումը։ Ընդ որում՝ բակալավրիատի մակարդակում 3,5-4 անգամ աճ ունենք, մագիստրատուրայում շուրջ 2,5 անգամ»,- ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ընդունվելիք որոշումը կվերաբերի շուրջ 220 ուսանողի, որոնք կսովորեն ագրարային ոլորտի մասնագիտություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անհրաժեշտ համարեց որոշման ընդունումը՝ նշելով մի քանի շերտ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերը ու դրա արդյունքում մասնագետների պակասը, որի մասին հայտնել են ներդրողները, տարածքային համաչափ զարգացումը երիտասարդների՝ մասնագիտություն ընտրելու և գյուղում ապրելու ցանկություն ունենալու տեսանկյունից։ Ապա վարչապետը նշեց կրթաթոշակի տրամադրման արդյունքում որակյալ մասնագետներ ունենալու կարևորությունը ու շեշտեց, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը և նույն ոլորտում կրթությունը պետք է համապատասխանեն միմյանց: Այս տեսանկյունից Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կրթության որակի հետ կապված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են՝ մանրամասնելով, որ որոշման համաձայն՝ միայն առաջին տարին է, որ 70 000 դրամ կրթաթոշակը գործում է բոլորի համար, իսկ երկրորդ տարվանից սկսած՝ կրթաթոշակի հավակնում են միայն նրանք, ովքեր առնվազն 80% մոգ ունեն։ Նախարարն ընդգծեց, որ կրթության որակի ապահովման համար ներկայումս մշակվում են մշտադիտարկման լրացուցիչ մեխանիզմներ։ Երիտասարդների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորեց հանրակրթության բարեփոխումների շրջանակում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը․ «Կոնկրետ ագրարային ոլորտում մենք Ագրարային համալսարանի հետ աշխատանքներ ենք տարել, ձևավորվել է առանձին դասընթաց՝ Ագրոտեխնոլոգիա, որը ներդրվում է որոշ դպրոցներում որպես կրեդիտային համակարգի հնարավորություն տվող դասընթաց»։ Գյուղատնտեսության ոլորտում թափուր աշխատատեղերը համալրելու մասով նախարարը հայտնեց, որ Ագրարային համալսարանը աշխատանքային կիսամյակի գաղափարն է ներդրել. «Կիսամյակը գործատուների մոտ անցնող 3-րդ կուրսի ուսանողների 60%-ը աշխատանքի է անցնում։ Այսինքն՝ մինչև կրթությունը ավարտելը իրենք արդեն պահանջված են»։ Խոսելով կրթության բովանդակային բարեփոխումներից՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դրանք ռազմավարական գործընթացի մեջ են․ «Ագրարային համալսարանը նախատեսված է տեխնոլոգիական կլաստերում որպես դրա բաղադրիչ։ Ինպես նշեցիք, ագրարային ոլորտի մասնագիտությունները դառնում են տեխնոլոգիական մասնագիտություններ, և ավելի շուտ ագրոտեխնլոգիական ոլորտի մասին ենք խոսում։ Դա արտացոլված է կրթական ծրագրերում և նաև ակադեմիական քաղաքում կունենա իր պատշաճ արտացոլումը»։ Այսպիսով՝ ի հավելումն որոշմամբ սահմանված 11 մասնագիտությունների՝ ագրարային ուղղվածության մի շարք կրթական ծրագրերով սովորելու դեպքում ևս ուսանողները կստանան 70 - 77 000 ՀՀ դրամ կրթաթոշակ։
13:50 - 05 սեպտեմբերի, 2024
Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին

Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով հայագիտության կարևորությունը՝ որպես հետազոտության, ճանաչողության, վերլուծության անսպառ աղբյուրի: Ըստ նրա՝ հայագիտությունը կարևոր է Հայաստանի համար պետության ամրապնդման տեսանկյունից: «Հայագիտական կենտրոնների գործունեության ռազմավարական խնդիրներն այսօր առավել քան երբևէ արդիական են, ուստի առաջանում է զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն: Նման ուղղություններից է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես եկավ  «Հայագիտության միջազգայնացումը՝ ռազմավարական գերակայություն. Իրականացման ձևաչափով» խորագրով զեկույցով:  Զեկույցում Հայոցյանն անդրադարձավ ոլորտի ֆինանսավորման ծրագրերին, պետական քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ-ում հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի արդի իրավիճակին, ոլորտում ներդրված նոր ծրագրերին և ապագայի զարգացման տեսլականին: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ Հայոցյանը փաստեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջանցիկ քայլերով ավելացնում է գիտության ոլորտում ֆինանսավորումը, որը 2018թ.թվականի համեմատ աճել է արդեն 2.5 անգամ, և ՀՆԱ-ի համեմատ կազմում է 0.43 տոկոս, նախկին 0.25 տոկոսի փոխարեն, որը համադրելի արժեք է Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Ուրվագծելով ոլորտի պետական քաղաքականության առաջնահերթությունները՝ Հայոցյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված են վերջինիս չորս հիմնասյուները.    - ենթակառուցվածքների զարգացումը՝ սարքերի/սարքավորումների ձեռքբերման և լաբորատորիաների վերազինման միջոցով,     - մարդկային ռեսուրսների խթանումը՝ գիտնականների թվաքանակի նվազումը կանխելու, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ներգրավման միջոցով,    - պետական ֆինանսավորման արդյունավետության ապահովումը, այդ թվում՝ գիտական պաշտոնների տարակարգերի և նվազագույն բազային աշխատավարձերի սահմանման ու ատեստավորման միջոցով,      - պետական քաղաքականության հստակեցումը: «Պետական քաղաքականության ավելի թիրախային կիրարկման շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել 2017թ.-ից ի վեր գիտնականների թվաքանակի շարունակական նվազումը՝ 2022թ.-ից գրանցելով թվաքանակի ամենամյա աճ, որում նախորդ տարի գերակշռել են ոլորտ մուտք գործող երիտասարդ գիտնականները»,- նշեց Հայոցյանը՝ ընդգծելով, որ սերնդափոխությունը գիտության ոլորտում ևս մեկ առաջնահերթություն է: Կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև ԲԿԳԿ կողմից իրականացվող մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել նաև արտերկրում գործող առաջատար գիտաշխատողները, այդ թվում հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտում՝ հայաստանյան գիտնականների հետ համագործակցությամբ հիմնելով նոր գիտական ստորաբաժանումներ հեռավար ձևաչափով կամ անձամբ տեղափոխվելով Հայաստան, ինչպես նաև հայաստանյան գիտակրթական հաստատություններում իրականացնելով հետդոկտորական հետազոտություններ: Առանձին անդրադարձ կատարվեց հայաստանյան գիտաշխատողների և ասպիրանտների/հայցորդների՝ արտերկրյա առաջատար բուհերում վերապատրաստումների, միջազգային առաջատար գիտական ամսագրերում հրապարակման աջակցության ծրագրերի, ինչպես նաև գիտական խմբերի մեկնարկի, ամրապնդման և առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթների նպատակներին և թվային ցուցանիշներին: Կոմիտեի կողմից նախորդ տարի կազմակերպված թվով 20 դրամաշնորհային ծրագրերի շարքում, Հայոցյանը հատուկ անդրադարձ կատարեց «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթին, որի շրջանակում 2024թ. ֆինանսավորման է երաշխավորվել միջազգային գործընկերոջ ներգրավմամբ եռամյա 26 գիտական նախագիծ, յուրաքանչյուրը՝ մոտ 25 մլն դրամ արժողությամբ: Հայագիտության և հումանիտար ոլորտների ապագայի զարգացման տեսլականին անդրադառնալով՝ Կոմիտեի նախագահը կարևորեց մշակման փուլում գտնվող ռազմավարական երկու փաստաթուղթ՝ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2025-2029թթ. ռազմավարությունը և Հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում ՀՀ ռազմավարությունը, որտեղ կուրվագծվեն ոլորտի զարգացման ուղենիշները և պետական քաղաքականության ակնկալիքները: Ոլորտի ներկա մարտահրավերների և ապագայի անելիքների մասին խոսելով՝ Հայոցյանը նշեց, որ թեպետ գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալի մոտ ¼-ը բաժին է ընկնում հասարակագիտական, հայագիտական և հումանիտար գիտություններին, սակայն Web of Science գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորված միջազգային պարբերականներում հրապարակումների քանակական և որակական ցուցանիշները դեռևս բարելավման կարիք ունեն: Մարտահրավերներից մյուսն այն է, որ ՀՀ-ում ներկայումս առկա 32 հայագիտական/հասարակագիտական պարբերականներից որևէ մեկը դեռևս ինդեքսավորված չէ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում: Հայոցյանի պնդմամբ այս մարտահրավերների հաղթահարման հնարավոր լուծումներից է պետական աջակցության ցուցաբերումը հայագիտական պարբերականներին՝ միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարաններից որևէ մեկում ինդեքսավորվելու համար: Մատենադարանում նույն օրը կազմակերպվել է նաև «Գրատոն» միջացառումը, որի շրջանակում ցուցադրվել են հայագիտական կառույցների և տարբեր հրատարակչությունների հրատարակած տարաբնույթ գրքերը, հանդեսները, պատկերագրքերը: Միջազգային հայագիտական կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը. քննարկումներ են նախատեսված նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
18:10 - 19 հուլիսի, 2024
70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին․ նախագիծ

70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին․ նախագիծ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։ Համաձայն այդ որոշման՝ ըստ առաջադիմության՝ 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։ Ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները: Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝ - անասնաբուժություն, - ագրոնոմիկա, - անտառային տնտեսություն, - անասնաբուծություն, - պարենամթերքի տեխնոլոգիա, - ագրարային ճարտարագիտություն: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 15 750 000 դրամ։ Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 6-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7374 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):
11:49 - 25 հունիսի, 2024
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  2024/2025 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարիների ընդունելության արդյունքներըն ու տվյալ մասնագիտության համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։ Մասնավորապես՝ համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթկան ծրագրերին և այլ մասնագիտությունների: Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատություններին:  Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ  ուսուցման ընդունելության համար  նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը: Հաշվի առնելով 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Նախագծի համաձայն՝ մեկշաբաթյա ժամկետում ԿԳՄՍ նախարարը կհաստատի բուհերում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:
17:05 - 12 ապրիլի, 2024
Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք. Փաշինյան |tert.am|

Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք. Փաշինյան |tert.am|

tert.am: Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։ 60 բուհ նշանակում է  60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։ Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա»,- նշել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։  Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի հետ։ «Ի վերջո, Երևանում երկարաժամկետում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։
17:51 - 16 մարտի, 2024