Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Ծնվել է 1975թ. ապրիլի 5-ին։  1995-1999 թթ սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

1998-2000 թթ աշխատել է «Պոլլի» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ 2000-2001 թվականներին նույն ընկերությունում՝ որպես կառավարիչ։  2001-2002 «Մարտի գրուպ» ՍՊԸ աշխատել է որպես վարորդ – առաքիչ, իսկ 2002-2004՝ վաճառքի պատասխանատու։

2004-2008 թթ աշխատել է «Մարսերալ» ՍՊԸ-ում՝ մեծածախ վաճառքի պատասխանատու 2007-2008՝ մաքսային գործակալ, 2008-2009՝ լոգիստ։ 2009-2010 թվականներին «Կրաֆտ ֆուդս Ուկրաինա» ՓԲԸ-ում զբաղեցրել է Հայաստանի տարածքային մենեջերի օգնականի պաշտոնը։

2018 թվականից առ այժմ  «Դայրեքթ դեմոքրասի փլաթֆորմ» ՍՊԸ-ի տնօրենն է։

2018թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է կուսակցության գործադիր մարմնի անդամ 2020 թվականին վերընտրվել է։

Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել

Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել

«Քաղաքացու որոշում» կուսակցության արդեն նախկին անդամ  Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ է կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել: «Սիրելի լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշուման մասին կուսակցությանը տեղյակացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։ Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար…»,- գրել է Միսկարյանը:
17:27 - 26 հուլիսի, 2021
Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, վաղվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, սակայն արդեն հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, թե այս իշխանությունը որևէ խոստում չի կատարել, անգամ խոստացել էր իրեն դատել, դա էլ չարեց: Արդյոք կարո՞ղ ենք առողջ ընտրապայքար կանխատեսել: Շատ հետաքրքիր դիտարկում է արել Ռոբերտ Քոչարյանը. Ամենայն հավանականությամբ, իր կարծիքով, բոլոր խոստումների մեջ ամենահեշտ իրագործելին երևի թե հենց իրեն դատելն էր: Իսկ առհասարակ՝ դժվար է առողջ ընտրապայքար սպասել, երբ ընտրություններին մասնակցում են բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում հիմք են դրել ընտրակաշառքներին, ընտրակեղծիքներին, վարչական ռեսուրսի կիրառմանը և այսօր շարունակում են ավելի ու ավելի պառակտել հանրությանը: 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին: Որքանո՞վ են կանխատեսելի այս ընտրությունների արդյունքները: Արդյոք կլինե՞ն անակնկալներ: Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար է, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա՝ այո, կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. Քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:09 - 07 հունիսի, 2021
Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, մարտի 1-ին Փաշինյանը հանրահավաքի և երթի հրավիրեց՝ շեշտելով, որ հավաքվում են հանուն ժողովրդի իշխանության և օրինականության: Ինչպես եք գնահատում հեղափոխությունից երեք տարի անց նույն օրակարգով ժողովրդին փողոց հանելու կոչերը: Այո, ցավալի է, որ 2008 թվականից շուրջ 13 տարի անց ժողովրդի իշխանությունը յուրացրած և սեփական ամբիցիաներին ծառայեցնող ուժերը շարունակում են ժողովրդի իշխանությունը ընկալել որպես հակադիր բևեռներին ժողովրդի միջոցով ճնշելու միջոց։ Ցավալի է, որ 2018-ը այդպես էլ այդ ուժերին ոչինչ չսովորեցրեց։ Ցավալին է, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են անձերի հետևից գնալ, և ոչ արժեքների։ Հույս ունեմ, որ հակադիր բևեռ հռչակած, բայց գործնականում համատեղ ուժերով Հայաստանը ցնցումների տանող այս ուժերի մոտ այնքան խոհեմություն կլինի, որ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և բոլորով լուծումներ կգտնեն պետությունը այս ճահիճից հանելու։ Ի՞նչ անի հասարակությունը, ինչպես կողմնորոշվի այս իրավիճակում, երբ մի կողմը հրավիրում է Բաղրամյան պողոտա, մյուս կողմը՝ Հանրապետության հրապարակ: Հանրությունը պիտի մերժի երկու կողմին էլ։ Ոչ Բաղրամյանում հավաքվածները, և ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրանց գործունեության ամբողջ ընթացքը եղել է սեփական ամբիցիաներն ու խմբակային շահերը սպասարկելու պատմական շարան։ Պետք է հանրությունը գիտակցի, որ անձերի հետևից գնալու ժամանակները ավարտվել են, և ժամանակն է պարտականությունը ամրապնդելու համար սկսել արժեքներ դավանել։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:40 - 01 մարտի, 2021
Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադրաձել էր վերջին մեկ տարում քննարկվող վեթինգի գաղափարին։  Միսկարյանը մասնավորապես նշել էր՝ «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն․․․»։  Այս հայտարարության, վեթինգի գործընթացի, բարեփոխումների անհրաժեշտության մասին Infocom.am-ը զրուցել է Գարեգին Միսկարյանի հետ։ - Պարոն Միսկարյան, մեկ տարի առաջ կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, որ կա վեթինգ իրականացնելու խիստ անհրաժեշտություն։ Անգամ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ պետք է նախագիծ ներկայացվի, սակայն հիմա հակառակ գործընթացն է գնում։ Ձեր կարծիքով ո՞րն է այս զարգացումների պատճառը։ - Ես կարծում եմ, որ վեթինգ չիրականացնելու հիմնական շահագրգիռ կողմն այն դատավորներն են, որոնք ենթադրվում է, որ վեթինգի արդյունքում կկրեն պատասխանատվություն կամ նվազագույնը՝ կդադարեն լինել դատավոր։ Հետևաբար, այդ շահագրգիռ կողմը, ունենալով մեծ ռեսուրսներ, կոռուպցիոն կապե՝ համակարգի նախկին անդամերի  և ինչու չէ նաև ներկա անդամների հետ, ենթադրում եմ, օգտագործել են ամեն հնարավորը՝ հասնելու նրան, որ համոզեն որոշում կայացնողներին, որ վեթինգը վտանգավոր է կամ անհնար է իրականացնել այս փուլում,  կամ ինչ-ինչ հիմնավորումներով փորձում են հետաձգել վեթինգի իրականացումը։  Ես ենթադրում եմ՝ գլխավոր, շահագրգիռ խումբը դատավորներն են և անպայմանորեն նրանց գործոնը կա այս որոշման մեջ։ - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ իրականացնել Սահմանադրական փոփոխություններ։ Արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը։ Եթե այո, ապա ինչպե՞ս ու ե՞րբ դա պետք է իրականացվեր։ - Վեթինգի համար  բոլորովին էլ անհրաժեշտ չէ սահմանադրական փոփոխությունների սպասել։ Տեխնիկապես հնարավոր է առանց սահմանադրական փոփոխությունների իրականացնել վեթինգ։ Մյուս կողմից, եթե վեթինգի իրականացումը կապվում է սահմանադրական փոփոխությունների հետ, դա նշանակում է, որ մենք առկախում ենք այդ հարցը մինչև սահմանադրության հանրաքվեն։ Իսկ դա հայտնի չէ, թե երբ կլինի, քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններ այս կորոնավիրուսի համավարակի ավարտը հանխատեսում են մեկուկես տարուց մինչև հինգ տարի հետո։ Մենք, սահմանադրական հանրաքվեն  կապելով կորոնավիրուսի համավարակի հետ և վեթինգը կապելով սահմանադրական հանրաքվեի հետ,  հետաձգում ենք այն մինչև հինգ տարի։ Դա նշանակում է, որ մենք հինգ տարի մարդկանց ճակատագրերի հետ ենք խաղում, այսինքն՝ բազմաթիվ ապօրինի որոշումների պատճառով մարդիկ զրկվելու են ունեցվածքից, ազատությունից  և այլն։ Ինչու՞, որովհետեև Ռուստամ Բադասյանը որոշել է, որ հնարավոր չէ վեթինգ իրականացնել։ Եթե հնարավոր չէ, ապա ինչու էր մեկ տարի առաջ նույն այդ խումբը որոշել, որ շատ արագ պետք է վեթինգ իրականացնի։  Ենթադրում եմ, որ այն ժամանակ քաղաքական որոշում կար, հիմա չկա։ - Վերջերս ընդունվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին  օերնքի նախագիծը և նշվում է, որ այդ  նախագիծը նույնպես «մաքրման» գործիք է։ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կարո՞ղ է դատաիրավական համակարգի համար արդյունավետ լինել։  - Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման դեմ օրենքը չի կարող տարածվել այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնելու իրենց մասին։ Այսինքն՝ դատավորները իրենք իրենց ինչպե՞ս են դատելու այդ օրենքի շրջանակներում։ Դա ուղղակի աբսուրդ է։ Առանց իրական դատական բարեփոխումների այդ նախագիծը նույնպես կիրառելի չէ, բազմաթիվ վիճահարույց որոշումները հետագայում նոր  խռովությունների առիթ կարող են հանդիսանալ։  - Ի՞նչ  դիրքորոշում ունի «ՔՈ» ՍԴԿ-ն, արյդո՞ք Ձեր հայտարարությունը նաև կուսակցության  դիրքորոշումն է։ -  Ես հայտարարության մեջ նշել եմ, որ դա քաղաքացի Գարեգին Միսկարյանի դիրքորոշումն է։ Պետք է ասեմ, որ կուսակցության մեջ շատերն են կիսում այդ կարծիքը, գուցե որոշների մոտ այդքան սուր չի արտահայտված, ինչպես իմ գրառման մեջ կամ ինչպես ես եմ խոսում դրա մասին։ Խոսքը գնահատականների մասին է։ Բայց մեծ հաշվով կուսակցությունում համակարծիք են։  - Արդյո՞ք պատրաստվում եք « կարմիր գիծ» քաշել կառավարող ուժի հետ հարաբերություններում։ - Այս հայտարարությունը հետևեց Նիկոլ Փաշինյանի խորովածի պատմությանը, երբ նա ռեֆորմները սկսեց համեմատել խորովածի հետ և ասաց, որ խորովածը  չի կարելի արագ անել՝ այն կվառվի։ Ասում էր, որ այդ պահանջը պետք է գա հանրությունից։ Դա նշանակում է, որ եթե հանրությունը չընդվզի, չբարձրաձայնի խնդիրների մասին, մենք այդպես էլ ռեֆորմների և համակարգային փոփոխությունների երես չենք տեսնի։ Ես այդ գրառմամբ փորձեցի բարձրաձայնել իմ խոսքը, որպես հանրության մի անդամ ասել, որ կա այդ պահանջը և, եթե մենք չենք գնում ծայրահեղ քայլերի, չի նշանակում, որ հանրությունը չի ցանկանում ռեֆորմներ տեսնել։ Սա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացի, ով ակնկալում է այդ ռեֆորմները և քաղաքացի, ով միգուցե որոշ ժամանակ էլ սպասի, ինչը կախված է նրանից, թե այդ ուղերձը ինչպես է ընկալվել և կառավարող ուժը քայլեր կձեռնարկի, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա պետք է գնալ այլ միջոցների՝ նրանց պարտադրելու, որ՝  կա՛մ  պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ, և նրանք անեն այդ փոփոխությունները, ովքեր ունեն այդքան քաղաքական կամք ։  -Մեկ տարի առաջ, երբ կառավարող ուժը կազմակերպեց դատարանների շրջափակման ակցիան, «ՔՈ» ՍԴԿ-ն չմասնակցեց այդ ակցիային։ Այս պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ստեց։ Կուսակցական կամ անձնական մակարդակում եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, որը խախտվել է։ -Այո՛, ես դրա մասին էլի եմ խոսել։ Ժամանակավոր կառավարության կողմից պիտի փոփոխություններ լինեին։ Պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը  և կուսակցությունների մասին օրենքը, հետո նոր տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հանկարծակի որոշում ընդունեց, որ իրենք առանց այդ փոփոխություններն անելու, հապճեպ պետք է գնան խորհրդարանական ընտրությունների, որովհետև իրենք մտավախություն ունեին, որ այդ փոփոխություններից հետո իրենք կարող էին չհավաքել այդքան ձայն։ Այսինքն՝ կուսակցական, խմբակային շահը գերադասվեց պետական շահից, քաղաքական դաշտը փոխելու շահից։ Այո՛, ինձ խաբել են։ Ինձ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր ակնկալում էին, որ այդ փոփոխություններից հետո պետք է լինեն ընտրությունները։ Անձամբ ես և Սուրեն Սահակյանը  Նիկոլ Փաշինյանի հետ ենք խոսել այս թեմայի շուրջ, մինչև հեղափոխությունը՝ իր քայլելու երկրորդ օրը, և նա տվել էր իր համաձայնությունը,ասել էր, որ ինքը պատրաստ է անել այդ փոփոխությունները։ «Իմ քայլը» խմբակցության մեջ ժամանակի ընթացքում իրար հակասող հայտարարություններ շատ են հնչել։ Միակ պատճառը չէ, որ ես իրենց մեղադրում եմ սուտ ասելու մեջ։  - Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ գործողություններ պետք է արվեն, որոնք չեն արվում կառավարող ուժի կողմից։ - Ինչո՞ւ մենք մինչև հիմա չէինք բարձրաձայնում։ Մենք սպասում էինք այդ փոփոխություններին կամ բարձրաձայնում էինք, բայց շատ մասնակի, որովհտեև ակնկալում էինք, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ կառավարող ուժին հարմարվելու և ռեսուրսները ճիշտ գնահատելու, ապա ռեֆորմներ իրականացնելու համար։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք այդպես էլ այդ ժամանակը չօգտագործեցին իրական ռեֆորմների համար, այլ զուտ նախկին ռեժիմի քաղաքական գիծը որոշակիորեն կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով՝ իրենց իշխանությունը պահելու համար են օգտագործում։ Այս պահին առաջնահերթը ռեֆորմների հանձնաժողով, ւստեղծելն է, որը պետք է միայն զբաղվի ռեֆորմներով, պետք է նախանշի, պլանավորի այդ ռեֆորմները, իսկ կառավարող ուժը պարտավորվի քայլ առ քայլ իրականացնել դրանք։ Այլ կերպ կառուցողական առաջընթաց չեմ տեսնում։ - Ձեր գրառման մեջ գրել էիք, որ վտանգի տակ եք դնում Ձեր և Ձեր հարազատների կյանքն ու ազատությունը։ Ի՞նչ նկատի ունեք վտանգ ասելով, ի՞նչ կարող է լինել։  -Ես դա չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլ»-ից ինչ-որ մեկը կարող է սպառնալ կամ վտանգ հանդիսանալ ինձ համար, բայց, հաշվի առնելով, որ իրավական համակարգը, եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ նախկին ռեժիմի ծառաներն են, ես չեմ բացառում, որ նրանք դիմեն սադրիչ քայլերի, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին հարվածի տակ դնելու համար․ ինչ-որ ապօրինի քայլեր կատարեն՝ իմանալով, որ անպատիժ են մնալու։ Ինչպես ասում են՝ գողերն էլ են իրենք, բռնողներն էլ։ Փաստ է, որ նմանատիպ շատ դեպքեր, հարձակումներ  են եղել մարդկանց վրա, որոնք չեն բացահայտվել։ Չեմ բացառում, որ հենց նույն սադրելու նպատակ կարող է լինել, և իմ նկատմամբ էլ նմանատիպ քայլեր ձեռնարկեն։  Ասպրամ Փարսադանյան
23:55 - 20 մայիսի, 2020
Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ։ Ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մի շարք հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը: Մասնավորապես, հարց է բարձրացրել, թե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտիմ է, թե ոչ: Ձեր կարծիքով, լեգիտի՞մ է Սահմանադրությունը, եւ եթե լեգիտիմ չէ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, անտեսի՞ գործող Սահմանադրությունը: Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիկ վարչախումբը յուրացրել էր ժողովրդի իշխանությունը։ «Ընտրություններ» կոչված գործընթացը աղերս չուներ ժողովրդավարության հետ։ Դրանք անցնում էին վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քրեական տարրերի և օլիգարխների ռեսուրսների հաշվին` ընտրակաշառքի և շանտաժի միջոցով։ Մենք բազմիցս ենք նշել, որ նման միջավայրում, նման պայմաններում, նման ուժի կողմից ընդունված Սահմանադրությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի։ Այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել ենք կառավարող ուժին նախկին վարչախմբին տալ իրավաքաղաքական գնահատական, հայտարարել այս փուլը անցումային փուլ, ներառական քննարկումների ճանապարհով կազմակերպել նոր Սահմանադրության մշակում, կազմակերպել ազատ, արդար Սահմանադրական հանրաքվե, որից հետո ձևավորված իշխանության երեք ճյուղերն էլ կունենային լեգիտիմության բարձր աստիճան։ Ընդհանրապես, որքանո՞վ է մեծ վտանգը, որ այսօր գործող ՍԴ–ի հարցը լուծելուց հետո նոր ՍԴ–ն կլինի իշխանությունից կախված եւ հնազանդ: Ի՞նչ երաշխիքներ են պետք այդ մտավախությունը հաղթահարված համարելու համար: Ցավոք, կա այդպիսի մտավախություն։ Խնդիրը անձերը չեն։ Այս Սահմանադրությունը ոչ թե ապահովում է բալանսը իշխանության երեք ճյուղերի միջև, այլ մի ճյուղի կողմից դարձնում է մյուսներին վերահսկելի` Ազգային Ժողովի կողմից` Սահմանադրական դատարանը, և Սահմանադրական դատարանի կողմից՝ Ազգային ժողովը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հաստատում է Ազգային ժողովը։ Ստացվում է, որ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ, նման լիազորություններ ունենալով, մեծ հաշվով ինքն է որոշելու, թե ովքեր լինեն ՍԴ նոր դատավորները։ Սա դատարանը կախվածության մեջ դնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Դա է պատճառը, որ մենք նախքան հանրաքվեին մասնակցելու մասին որոշում ընդունելը, հարցեր ենք ուղղել կառավարող քաղաքական ուժին, վստահ լինելու համար, որ գործընթացը չի հանգեցնի նման անցանկալի հետևանքների։ Եթե այդուհանդերձ, հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով «այո» ձայներ չապահովվեն, Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը: Մեր բարձրացրած հարցերը միայն մեզ չեն հուզում։ Հանրության լայն հատված կիսում է մեր մտահոգությունները, և ես հույս ունեմ, որ կառավարող ուժը, այնուամենայնիվ, կտա դրանց պատասխանները, դրանով մեծացնելով «այո»-ի հաղթանակի հնարավորությունը։ Այդուհանդերձ, եթե «այո»-ն չհավաքի պահանջվող քանակ, հույս ունեմ, որ գոնե այդ ժամանակ կառավարող ուժն իր մեջ ուժ կգտնի, կտա նախկիններին քաղաքական գնահատական, կհայտարարի անցումային շրջանի մասին և կանի այն քայլերը, որոնք կբերեն լեգիտիմ Սահմանադրություն և Սահմանադրական դատարան ունենալուն։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
19:21 - 18 փետրվարի, 2020
Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից մեծ լիազորություններ ունի․ Գարեգին Միսկարյան |factor.am|

factor.am: «Ակնհայտ է, որ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ ու ընդունելի չէ հանրության կողմից և այն գրվել է նախորդ իշխանության համար»,-ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։ Նա որպես իր ասածի ապացույց բերում է վարչապետի ու ՍԴ նախագահի լիազորությունների միջև եղած տարբերությունը․ «Դրա վառ ապացույցն է այն, որ Հրայր Թովմասյանը, հանդիսանալով Սահմանադրական դատարանի նախագահ, ավելի մեծ լիազորություններ ունի, հնարավորություններ ունի որոշումների վրա ազդելու, քան նույնիսկ վարչապետը։ Այնպես են գրել Սահմանադրությունը, որ ամեն ձևով պահեն իշխանությունը՝ թե՛ դատական, թե՛ գործադիր։ Ֆորսմաժոր էր նախկինների համար կառավարությունն ու Ազգային ժողովը կորցնելը, բայց Սահմանադրական դատարանն այնպիսի լծակներ ունի, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ազատվել նրանցից, ովքեր այդ ամբողջը իրականացրել են»,- պարզաբանեց Գարեգին Միսկարյանը։Մանրամասները՝ տեսանյությում
21:18 - 12 փետրվարի, 2020
Հիմա խնդիրը կա, ու կարիք կա արագ արձագանքման․ Գարեգին Միսկարյանը՝ պետգնումների մրցույթի պահանջների մասին

Հիմա խնդիրը կա, ու կարիք կա արագ արձագանքման․ Գարեգին Միսկարյանը՝ պետգնումների մրցույթի պահանջների մասին

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2019 թվականի հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց պետական գնումների մասին կառավարության եսիմ որ թվի եսիմ որ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որտեղ ի թիվս այլ փոփոխությունների կար նաև կետ, ըստ որի մրցույթի մասնակիցներից պահանջվելու է 100% բանկային երաշխիք։ Ի պատիվ Տիգրան Ավինյանի, նա դեմ էր որոշման նախագիծը նման ձևով ընդունելուն ու խոսեց որոշ ռիսկերի մասին, բայց... Փաշինյանը ասաց, որ հիմա «խիստ»-ը ընդունենք, հետո, որ խնդիրներ կլինեն` արագ կարձագանքենք։ Ուշադրություն` հիմա խնդիրը կա, ու կարիք կա արագ արձագանքման... Ծառայություն մատուցող կազմակերպությունները, օրինակ շենք- շինությունների պահպանությունը ապահովող X ընկերությունը, որը ունի մրցույթի պահանջները բավարարող բոլոր պայմաններ` գրասենյակներ, համապատասխան պատրաստություն անցած և լիցենզավորված պահնորդներ, մեքենաներ և այլն, և որը 10 տարի պարտաճանաչ կերպով կատարել է իր պարտավորությունները, էսօր անհիմն կերպով զրկվում է պետությանը տարվա կտրվածքով 50 մլն-ի ծառայություն մատուցելու հնարավորությունից, որովհետև բանկերը երաշխիքը տրամադրում են, ոչ թե «արած գործը նայելով», այլ անշարժ և շարժական գույքի գրավադրման դիմաց։ Էդ որոշմամբ, կառավարությունը, մի հարվածով շուկայից դուրս նետեց պահնորդական (վստահ եմ նաև այլ) ծառայություններ մատուցող փոքր ու միջին ձեռնարկություններին և ու՞մ զիջեց տեղը... իհարկե խոշոր սեփականատերերին։ Զորօրինակ, նման «խիստ» պայմանների պատճառով, ՊԵԿ-ի կողմից պահպանություն իրականցնելու համար հայտարարված և դեկտեմբերի վերջին կայացած մրցույթին, (որի արժեքը մոտավորապես 500 մլն էր), մասնակցեց միայն մեկ ընկերություն: Դրանից տուժեց և պետությունը, որովհետև պահանջվող 550 մլն դրամի գրավի պատճառով, մրցույթից դուրս մնացին այլ ընկերություններ, (որոնք ըստ էության ոչ պետական նմանատիպ (մեծ) մրցույթներում հաղթող են դուրս եկել), և տուժեցին այն ընկերությունները, որոնք կարողանում են լավ կազմակերպել իրենց աշխատանքը, բայց ֆիննախի անհիմն քմահաճույքի 1 մլն դոլարի գրավը չեն կարողանում բավարարել։ Էս թեմայով խոսել եմ որոշ պատգամավորների հետ, բոլորը համաձայն են, որ գնումների ընթացակարգում ծառայությունների հետ կապված նման մոտեցումը խիստ վիճահարույց է։ Բայց սայլը տեղից չի շարժվել։ Վարչապետը կառավարության վերոնշյալ նիստի ժամանակ ասում էր. ժողովուրդն ասում է` թանկից էժանը չկա։ Նիկոլ Փաշինյան , ժողովուրդը ասում է նաև` կուշտը սովածի համար մանր է փրթում։Ասել եք` եթե խնդիր լինի, արագ կարձագանքենք։ Խնդիրը կա, ու մրցույթում շահած ընկերությունները «սև ցուցակ» են ընկնելու ձեր կատարած «խստացման» պատճառով, ծառայությունների ոլորտում, որտեղ պետությունը ոչ մի որակի կամ անորակի ռիսկ չի կրում։ Ուղղակի ռիսկ չկա ու վերջ»։
11:08 - 11 հունվարի, 2020
Միջամտություն խոսքի ազատությանը. ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանի գնահատականը ԱԱԾ «հերքման առաջարկին» |hetq.am|

Միջամտություն խոսքի ազատությանը. ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանի գնահատականը ԱԱԾ «հերքման առաջարկին» |hetq.am|

hetq.am։ Ապրիլի 25-ին քաղաքացի Գարեգին Միսկարյանը փոստով նամակ է ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, որով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանն առաջարկում է հերքել իր ֆեյսբուքյան գրառումներից մեկը: Ըստ Ենգիբարյանի` «հոդվածում տպագրված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»: ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը եւս մեկ առաջարկ է անում Գարեգինին` որպես բարի կամքի դրսեւորում իր գրառումը հերքել եռօրյա ժամկետում: «Առաջին միտքը, որ ունեցա նամակն ընթերցելիս, այն էր, որ սա չար կատակ է։ Դա պրոֆեսիոնալ իրավաբանի ձեւակերպում չէր։ Վաղը պատրաստվում եմ գրավոր դիմել ԱԱԾ եւ խնդրել, որ կամ հերքեն, որ դա իրենց նամակն է եւ փորձենք գտնել հեղինակին, կամ հաստատեն եւ հավաստիացնեն, որ Վահե Ենգիբարյանն իրենց լիազոր ներկայացուցիչն է։ Լիազորագիրը պիտի պահանջեմ»,- երեկ` մայիսի 1-ին մեզ ասաց Գարեգին Միսկարյանը։Բայց մինչ Գարեգինը մտածում էր, թե ով է չար կատակ խաղացել ԱԱԾ-ի անունից եւ պատրաստում էր իր դիմումը, ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նամակի հեղինակն ինքն է եւ ԱԱԾ աշխատակից է: Չնայած Վահե Ենգիբարյանի ձեւակերպումները իրավական տեսանկյունից տարօրինակ են Միսկարյանի համար, նա բարի կամք է դրսեւորել եւ իր էջում հերքում է հրապարակել: Հեգնանք էր դա, թե լուրջ հերքում հարցին պատասխանում է. «Ես լուրջ էի հերքել, եւ ցավով, որովհետեւ ինչ մեկնաբանել եմ հերքումից հետո, ինձ համար խնդրահարույց է: Ինչո՞ւ է մեր ԱԱԾ-ն իրավաբանական առումով այդ մակարդակի վրա, երկրորդը՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն միջամտում քաղաքացիաիրավական հարաբերություններին։ Եթե այդ նամակը լիներ պրն Վանեցյանից կամ նրա հասցեից, ես դա կհասկանայի, բայց ԱԱԾ-ից ստանալ նամակ քաղաքացու հետ կապված, տարօրինակ է։ Նամակում նշված չէ, որ ԱԱԾ պետ Վանեցյանին է վերաբերում այս ամենը, չնայած հասկանալի է։ Բայց ինձ թվում է, որ սա քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող հարց է»: Միսկարյանը իր հետ տեղի ունեցածը համարում է վատ նախադեպ եւ միջամտություն խոսքի ազատությանը: Ասում է`եթե պրն Վանեցյանը զրպարտություն է տեսել իր գրառման մեջ, ապա պետք է գնար քաղաքացիական դատարան։ Կամ եթե նամակ էր ուղարկում, ապա ոչ ԱԱԾ բլանկով եւ ԱԱԾ-ի անունից, այլ` որպես քաղաքացին քաղաքացուն։ «Եթե, օրինակ, նրա փոխարեն լիներ Սուրեն Պապիկյանը, նամակը հո չէր գալու Տարածքային կառավարման նախարարությունից»,- հարցնում է Միսկարյանը։ Գարեգինը կարծում է, որ ԱԱԾ-ի այս գործելակերպը կարող է կապված լինել թե’ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մասին իր գրառման հետ, թե’ քաղաքական ենթատեքստ ունենալ, քանի որ նամակում նշվել էր, որ Միսկարյանը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: «Թե ինչու, դա էլ չհասկացա՝ ի՞նչ կապ ուներ իմ գրառումը կուսակցական պատկանելությանս հետ։ Մի շարք այլ հանգամանքներ էլ կան։ Բայց ես հակված եմ սա կապել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի հետ։ Նույնիսկ ինչ-որ տեղ լավատես եմ, կարծում եմ՝ իրենց կողմից սա փորձ է պետական պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունը տանել իրավական հարթություն, ոչ թե նախկինի պես զանգերով-վախեցնելով, այլ տանել իրավական դաշտ։ Բայց նման պարզունակ ձեւով, սխալներով ու վրիպակներով, անգրագետ իրավական ձեւակերպումներով՝ աբսուրդ է»,- ասում է պրն Միսկարյանը։ Այն, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի եւ վառելանյութի բիզնեսում է ներգրավված, ստուգված եւ չհերքված փաստ է, սակայն Գարեգինի գրառման մեջ նշված էր, որ «ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին»: Իր հերքումը Գարեգինը բացատրում է հետեւյալ կերպ. «Անկեղծ ասած՝ այստեղ կա Վանեցյան քաղաքացու եւ Վանեցյան պաշտոնյայի հանգամանքը։ Ես կիսել եմ Վանեցյան քաղաքացու մտահոգությունը։ Ինձ դրել եմ նրա փոխարեն։ Վառարանային վառելիքի անվան տակ դիզվառելիք ներկրելու մասին տեղեկությունը լսել եմ երկու տարի առաջ, երբ տեղեկություններ էինք հավաքում տարբեր պաշտոնյաների մասին այն համատեքստում, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից։ Եվ իմ հերքումը միայն այդ մասով էր։ Ու երբ որպես քաղաքացի հերքեցի, իմ մտահոգությունները ԱԱԾ-ի հետ կապված շարադրեցի, որպեսզի իրենք աշխատեն իրենց իրավաբանների վրա հետագայում»։ Այս պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ թեեւ «Զանգավածային լրատվության մասին» ՀՀ օրենքը չի տարածվում սոցիալական ցանցերի եւ դրանց օգտատերերի վրա, ԱԱԾ-ն Գարեգինի ֆեյսբուքյան գրառումը համարել է հոդված, եւ գիտակցելով, որ քաղաքացին զանգվածային լրատվություն իրականացնող չի, այնուամենայնիվ, առաջարկել է բարի կամք դրսեւորել եւ հերքում հրապարակել: Հակառակ դեպքում էլ հավաստիացրել, որ դիմելու է իրավունքի պաշտպանության մյուս մեթոդներին, որն օրենքով դատարանն է: Գարեգին Միսկարյանը տարօրինակ չի համարում, որ ինքը` որպես ֆեյսբուքյան օգտատեր, հավասարեցվել է ԶԼՄ-ին: Ասում է, որ Ֆեյսբուքը հանրային հարթակ է՝ անկախ նրանից` կորակվի՞ ԶԼՄ, թե նոր անուն կտրվի։ Այդտեղ կա սոցիում, որը վիրտուալ շփման մեջ է, տեղեկատվություն է փոխանցվում։ Նույն հարթակի միջոցով պետական մարմիններին քաղաքացիները տեղեկություններ են փոխանցում, գործողության կոչեր անում եւ այլն։ «Այս հարթակում արտահայտած կարծիքներն ու դիրքորոշումները հանրային են, միանշանակ։ Այո, Ֆեյսբուքը կարգավորման պետք է ենթարկվի, բայց ոչ վերահսկման։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե կարելի է զրպարտության մեղադրանք ներկայացնել հազար հոգու ներկայությամբ հրապարակային հնչեցրած կարծիքի կամ տեղեկության համար, ապա նույնը կարելի է Ֆեյսբուքում հրապարակած տեղեկատվության համար անել։ Բայց թե ինչպես սա պետք է կարգավորվի, դժվարանում եմ ասել, որովհետեւ ռիսկ կա, որ դրա անվան տակ սպառնալիք կարող է ստեղծվել խոսքի ազատության համար»։ Ավելին՝ hetq.am-ում  
09:50 - 02 մայիսի, 2019