Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Քաղավիացիայի կոմիտեում ԵՄ դեսպանին ներկայացրել են ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները

Քաղավիացիայի կոմիտեում ԵՄ դեսպանին ներկայացրել են ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե այցով ժամանել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հայասատանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։  Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանին այցի համար և ընդգծեց այցի, ինչպես նաև շարունակական համագործակցության կարևորությունը: Կոմիտեի նախագահը Դեսպանին ներկայացրեց ավիացիոն ոլորտի ներկայիս իրավիճակը՝ մատնանշելով ոլորտի զարգացման տեսլականը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կոմիտեի նախագահին և նշեց երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը: Դեսպանին ներկայացվեցին նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը:
15:31 - 24 հոկտեմբերի, 2023
Վաղը իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով. Քաղավիացիայի կոմիտե

Վաղը իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով. Քաղավիացիայի կոմիտե

Օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով, հայտնում է Քացաքացիական ավիացիայի կոմիտեն: Տարածած հաղորդագրության Քաղավիացիայի կոմիտեն ընդգծում է, որ 2020 թվականին Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերաբացումից հետո ներդրվել են ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով: «Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել», - նշված է հաղորդագրությունում:  
22:46 - 18 օգոստոսի, 2023
Ստեփան Փայասլյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Ստեփան Փայասլյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սույն թվականի հուլիսի 11-ի թիվ 1334-Ա հրամանով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 2023 թվականի հուլիսի 12-ից նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Հայկի Փայասլյանը։ Ստեփան Փայասլյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ 1997-2001թթ. Երևանի Պետական համալսարան՝ քաղաքագիտության բակալավրի աստիճան, 2001-2003թթ. Երևանի Պետական համալսարան՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճան, 2003-2006թթ. ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա՝ պատմական գիտությունների թեկնածու, 2009-2012թթ. Երևանի Պետական համալսարան՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 01.03.2005-27.09.2012թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկող, 28.09.2012-21.05.2013թթ. – «Արարատբանկ» ԲԲԸ, պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ, 03.02.2014-30.09.2014թթ. – ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի քաղաքացիական ավիացիայի բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետ, 03.10.2014-18.07.2016թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ՝ փորձագետ, 18.07.2016-06.02.2017թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ՝ քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 06.02.2017-05.11.2019թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ, 05.11.2019-28.12.2021թթ. – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար, 19.01.2022-13.05.2022թթ. – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ, 13.05.2022թ.-12.07.2023 – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ: Ստեփան Փայասլյանն ամուսնացած է, ունի 3 զավակ:
12:34 - 12 հուլիսի, 2023
Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: «Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում:
12:08 - 26 ապրիլի, 2023
Հայկական եւ իրանական ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ իրականացնելու խնդիրներ են ունեցել․ Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ հարցը լուծվել է

Հայկական եւ իրանական ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ իրականացնելու խնդիրներ են ունեցել․ Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ հարցը լուծվել է

Մարտի 21-ին հարեւան Իրանում նշվում է նոր տարին՝ Նովրուզը։ Գաղտնիք չէ, որ ամեն տարի հատկապես այս օրերին մեծ թվով իրանցիներ են այցելում Հայաստան։ Բայց տոնից օրեր առաջ՝ նախորդ շաբաթավերջին, իրանական Qeshm Air-ը դեպի Հայաստան թռիչք կատարելու խոչընդոտների է բախվել։ Dark Blue ընկերության տնօրեն Միսակ Գրիգորյանը, որը իրանական 2 ավիաընկերությունների՝ Qeshm Air-ի եւ Iran Air Tour-ի սպասարկողն է ՀՀ տարածքում, Infocom-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել խնդրի մասին։ («Դարք Բլյու» ՍՊԸ-ն զբաղվում է օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ, Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Նիլուֆար Բազեհուրի Խոսրոյին)։ 2021թ․ հունվարի 1-ից իրանական Air Tour ավիաընկերությունը սկսեց Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով չվերթներ իրականացնել։ Գրիգորյանն այդ ժամանակվանից սկսել է աշխատել այս ավիաընկերության հետ, հետագայում արդեն նաեւ իրանական Qeshm Air-ի։ Մեր զրույցում նա նշեց, որ Air Tour-ի՝ դեպի Երեւան չվերթների մեկնարկի հետ մեկտեղ FLYONE Armenia ավիաընկերությունն էլ դիմել է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ իրականացնելու համար, բայց, ըստ նրա, իրանական կողմը մեկ տարի շարունակ ոչ մերժել, եւ ոչ էլ դրական պատասխան է տվել․  «Այդ ընթացքում ես երկրորդ ավիաուղին էլ բերեցի Հայաստան՝ Qeshm Air-ը, ու այնպես ստացվեց, որ մենք նոյեմբերին երկու ավիաուղիների համար էլ ձմեռային թույլտվություն ստանալու խնդիր ունեցանք Հայաստանում։ Իսկ պատճառ բերեցին, որ FLYONE Armenia-ն դեռ թույլտվություն չի ստացել։ Այդ ժամանակ ես զանգեցի Հայաստանի իմ գործընկերներին, որոնք էլ դիմեցին այնտեղի (Իրանի,-հեղ․) ավիացիոն կոմիտեի (Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության,-հեղ․) նախագահին, ու FLYONE Armenia-ն ստացավ թույլտվություն, մենք էլ այստեղ թույլտվություններ ստացանք երկու ավիաընկերություններով»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ, օրինակ, Armenia Airways-ը տարիներ շարունակ ունեցել է դեպի Թեհրան չվերթներ, ու իրանական կողմը երբեք խոչընդոտներ չի առաջացրել ոչ միայն այս, այլեւ հայկական այլ ավիաընկերությունների առաջ․ «Armenia Airways-ն այսօր դիմի, վաղը նորից ստանալու է չվերթների հնարավորություն»։  Իսկ ահա FLYONE Armenia-ն, Գրիգորյանի խոսքով, ձմռանը թռիչքներ անելու սահմանափակ թույլտվություն ունեցավ՝ շաբաթական մեկ թռիչք, եւ ամբողջ խնդիրն այն է, ըստ մեր զրուցակցի, որ այս ընկերության օդանավերը հայկական գրանցմամբ չեն, այլ մոլդովական։ FLYONE-ը Մոլդավայի ավիացիոն շուկա է մտել 2016թ․-ին։ 2016թ․ մարտի 28-ին ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայան։ Իսկ FLYONE Armenia-ն հիմնադրվել է 2021թ․ին, նույն տարվա հոկտեմբերին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 եւ Airbus Ա319 օդանավերից։ «Ես բազմիցս շեշտել եմ մեր Կոմիտեին, որ իրանական կողմը խնդիր ունի, դրա համար ինքը FLYONE Armenia-ն չի տեսնում որպես լիարժեք հայկական ավիաուղի, տեսնում է որպես մոլդովական, քանի որ իր օդանավերը սպասարկվում են եւ գրանցված են Մոլդովայում, ոչ ՀՀ տարածքում, եւ դա է իրենց խնդիրը։ Ի վերջո FLYONE Armenia-ն ստանում է շաբաթական երկու թռիչքի իրավունք։ Բայց ես ներքին կարգով գիտեմ նաեւ, որ FLYONE Armenia-ն դեռ պատրաստ էլ չէ թռիչքների, միայն ուզում է ստանալ, բայց չի թռչում»,- ասաց Գրիգորյանը՝ արձանագրելով, որ իրանական կողմն, ամեն դեպքում սկսեց ինչ-որ դրական քայլեր անել, բայց իրանական Qeshm Air-ը դրանից հետո բախվեց խնդրի, այն էլ Նովրուզի օրերին․ «Հիմա երկու ավիաընկերություններից յուրաքանչյուրը շաբաթական երկու թռիչք ունի, ընդհանուր՝ շաբաթական չորս, բայց այս շրջանում սովորաբար ավելացնում ենք թռիչքների քանակը, որ հասցնենք այդ մարդկանց սպասարկել։ Բայց ուրբաթ օրը երեկոյան (ս․թ․ մարտի 17-ն,- հեղ․) ինձ զանգում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտե Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը ու նոր տեղեկացնում, որ մեր շաբաթ օրվա Qeshm Airlines-ի թռիչքը չի կարող իրականանալ, որովհետեւ համապատասխան բաժինը դեռ թույլտվություն չի տվել։ Սա վերաբերում է այն ավիաընկերությանը, որը Հայաստանում թռիչքներ իրականացնելու մեկ տարվա թույլտվություն ուներ, ինքը լրիվ նորմալ ավիաուղի է, խնդիր չի ունեցել մեր տարածքում»,- շեշտում է մեր զրուցակիցը։ Նա, ինչպես ինքն է նշում, հարցրել է՝ ինչն է խնդիրը, ու ստացել պատասխան, որ պատճառն այն է, որ իրանական կողմը FLYONE Armenia-ին սահմանափակումներով է թողնում թռչել Իրան․ «Պատասխանում են՝ իսկ ինչո՞ւ պետք է մենք իրենց երկրորդ ավիաուղին թողնենք՝ երբ ուզի, թռչի։ Ես նորից մեջբերում եմ, որ գիտեք՝ սենց խնդիր կա, որ Մոլդովան է, եթե հարց ունեք, եկեք գնանք, կոմիտեի (Իրանի Քաղավիացիայի կազմակերպության,- հեղ․) նախագահին հանդիպենք, ամեն ինչով կօգնենք ձեզ, կարող է՝ էդ մարդիկ իրոք հարց ունեն FLYONE Armenia-ի հետ կապված»,- ներկայացրեց Գրիգորյանը՝ նշելով նաեւ, որ ակնարկ է եղել այն  մասին, որ FLYONE Armenia-ն հանդիսանում է հայ մեծահարուստ ընտանիքի սեփականություն։  FLYONE Armenia-ն փոխկապակցված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Հետք-ը մանրամասն անդրադարձել է Սուքիասյանի մերձավորների եւ մոլդովական Fly One-ի համատեղ բիզնեսին, ընկերության սեփականատերերին։ «Եթե ինքը չմերժեր մեր թռիչքները, մեկ շաբաթվա մեջ 200․000 եվրո ներդրում էինք անելու ՀՀ, մեր վճարումները․․․։ Այսինքն՝ զրկվեց մեր երկիրն էդքան ներդրումից, ամեն թռիչքի երեք հարյուր ուղեւորի թողեց դրսում, որովհետեւ տոմսերն արդեն վաճառված էին, փչացրեց հարաբերությունները Իրանի հետ։ Բոլորն էլ շատ զարմացած են այդ վերաբերմունքից, ամենավատն այն է, որ վերջնական պատասխան չեն տալիս, չեն պատասխանում զանգերին, մեյլերին»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ միայն Իրանի դեսպանի՝ ՀՀ ԱԳՆ այցից հետո է թռիչքն իրականացվել․ «Շատ դժվարությամբ նախարարության միջոցով դեսպանը ստանում է թույլտվություն, որ շաբաթ եւ կիրակի օրերին թողնեն թռչի, էն էլ գիշերվա եսիմ որ ժամին, շատ վատ պայմաններով»։  Ըստ Գրիգորյանի՝ Փայասլյանն ասել է, որ Նովրուզի հետ կապված ժամանակավոր թույլատրում են թռչել մինչեւ ապրիլի 2-ը, բայց ամառվա սեզոնի կանոնավոր չվերթների թույլտվության համար դեռ քննարկումներ են։ Նա նաեւ նշեց, որ Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը հայկական կողմին պաշտոնական գրությամբ հրավիրել է Իրան՝ քննարկելու բոլոր հարցերը, բայց պատասխան չի ստացել: Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ խնդիրը հարթվել է Միեւնույն ժամանակ, Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը մեր զրույցում վստահեցրեց՝ բարեկամ պետությունների պաշտոնական հրավերները երբեք անպատասխան չեն մնում։ Փայասլյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ իրականում խնդիր չի տեսնում․ ըստ նրա՝ իրանական կողմի հետ փորձ է արվում աշխատել՝ համաձայն միջկառավարական համաձայնագրերի, երկկողմ կնքված փոխըմբռնման հուշագրերի։  Փայասլյանից հետաքրքրվեցինք՝ նա տեղեկություն ունի՞, թե ինչու իրանական կողմը երկար ժամանակ չի պատասխանել FLYONE Armenia ընկերության՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումին, եւ թե այդ հարցով ի՞նչ քննարկումներ են իրականացվել։ Մեր զրուցակիցը, դարձյալ հղում անելով համաձայնագրերի ու հուշագրերի շրջանակում իրականացվող աշխատանքին, ասաց, որ եթե մի կողմը փորձում է չպահպանել այդ գործելաոճը, մյուս կողը փորձում է ցույց տալ, որ նմանատիպ գործընթաց ինքն էլ կարող է իրականացնել․ «Խնդիրը, կարծում եմ, լուծված է, որոշակի խնդիրներ կան, պարզապես եղել է, որ եկեք հարգենք իրար, եւ երբ եղել է էդ ըմբռնումը, չվերթները կատարվել են։ Պարզապես եղել է թյուրըմբռնում, հարթվել հարցը»,- ասաց պաշտոնյան, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, երբ FLYONE Armenia-ն որոշ խնդիրների է առնչվել իրանական կողմի հետ, հայկական կողմն էլ ցույց է տվել, որ նույն խնդրին կարող է առնչվել Qeshm Air-ը, արձագանքեց այսպես․ «Ճիշտ եք հասկանում»։ Փայասլյանը չի կարծում, թե հայկական կողմի այստեսակ արձագանքը կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ գուցե փորձ է եղել պրոտեկցիոնիզմի (ազգային տնտեսությունը օտար մրցակցությունից զերծ պահելու քաղաքականություն,- հեղ․), բայց, ըստ նրա, եթե մենք ասենք՝ Հայաստանից, օրինակ, Վրաստան պետք է թռչի միայն հայկական փոխադրող, եւ նույնն էլ ասի Վրաստանը, ապա փակուղու առաջ կհայտնվենք։  Մեր հարցին՝ այսինքն FLYONE Armenia-ին սահմանափակ թռիչքներ իրականացնելու հնարավորություն տալու իրանական կողմի հավանական պատճառաբանությունը ողջամիտ չէ՞, Փայասլյանը պատասխանեց, որ «մոլդովականի հարց չկա»․  «Եթե հայկական ընկերությունն ունի օդանավ շահագործողի վկայական, դա ենթադրում է, որ այն ստեղծված է հայկական օրենսդրության հիման վրա, եւ աշխարհում գրեթե բոլոր ավիաընկերություններ ունեն նաեւ այլ մասնաբաժնիններ իրենց ընկերություններում»։ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ լիազորված մարմինը (իմա՝ Քաղավիացիայի կոմիտեն)՝ օդանավ շահագործողի վկայական տալիս է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց։ FLYONE Armenia-ն այս պայմանով ունի օդանավ շահագործողի վկայական։   Ի դեպ, իրանական Qeshm Air-ը շաբաթավերջին թռիչքի հետ կապված խնդրի է բախվել այն պարագայում, երբ FLYONE Armenia-ն դեպի Թեհրան շաբաթական երկու անգամ թռիչք իրականացնելու թույլտվություն արդեն ստացել էր։ Սա հաստատեց նաեւ Փայալսյանը, սական չմեկնաբանեց, թե ինչու է այդպես եղել․ «Թռիչքն իրականացվել է, էդքանը կարող եմ փաստել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ ի վերջո ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ ԱԳՆ կատարած այցի՞ց հետո է խնդիրը լուծվել։ Իսկ մեկնաբանությունները, որ հայկական կողմի արձագանքը կապ ունի այն բանի հետ, որ FLYONE Armenia-ն առնչվում է Խաչատուր Սուքիասյանին, Փայալսյանը անհեթեթ համարեց՝ նշելով, որ ավիացիոն իշխանությունները պատրաստ են պաշտպանել մեր բոլոր ավիաընկերությունների շահերը եւ բոլոր հարթակներում․ «Մենք ունենք տասը օդանավ շահագործողի վկայական կրող, տասի համար հավասար պայքարում ենք։ Ձեզ մի տարօրինակ ինֆո է եկել, բազմաթիվ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք կապված են եղել այլ ավիաընկերությունների հետ, այլ երկրների հետ, այդ թվում FLYONE-Ի հետ, որոնք լուծվել, հարթվել են, իսկ թե այս հարցը հանրայնացնելն ինչ նպատակ է հետապնդում, ինձ հետաքրքիր չէ»։  Այն, որ FLYONE Armenia-ն ստանում է չվերթների իրավունք, բայց թռիչքներ չի իրականացնում, Փայասլյանը պայմանավորեց տարբեր հնարավոր խնդիրների հետ, ինչպիսիք են օդանավերի՝ այդ պահին հասանելի չլինելը, խիտ գրաֆիկը եւ այլն։ Նա նշեց, որ թույլտվություն ստանալը չի նշանակում պարտադիր թռչել․ «Նպատակն, իհարկե, թռչելն է, բայց քանի որ ավիացիա է, կենդանի օրգանիզմ, կարող են լինել բազմաթիվ օպերացիոնալ եւ տարբեր խնդիրներ, սկսած օդանավի խնդիրներ, անձնակազմի պակաս, եւ այլն, ու չվերթ չկայանա»։ Ստեփան Փայասլյանը եւս նշեց, որ Qeshm Air-ը դիմել է ամառվա սեզոնին կանոնավոր չվերթներ իրականացնելու համար, բայց հարցը դեռ քննարկման փուլում է։ Այսպիսով, իրանական Qeshm Air ավիաընկերությունը անցյալ շաբաթավերջին դեպի Երեւան չվերթի խոչընդոտ է ունեցել այն բանից հետո, երբ հայկական FLYONE Armenia-ն էլ դեպի Թեհրան չվերթների սահմանափակ հնարավորություն է ստացել՝ երկար ժամանակ կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու դիմումին արձագանք չստանալուց հետո։ Այս պահին FLYONE Armenia-ն ունի դեպի Թեհրան շաբաթական երկու թռիչք իրականացնելու իրավունք, իսկ Qeshm Air-ը շաբաթ օրը նախատեսված թռիչքն, ամեն դեպքում կատարել է, եւ մինչեւ ապրիլի 2-ը թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունի, իսկ ամառվա սեզնին կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումը քննարկման փուլում է։ Infocom-ը գրավոր հարցեր է ուղղել նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանին․ պատասխանն ստանալուն պես կներկայացնենք ստացած նոր տեղեկությունները։  Հայարփի Բաղդասարյան
18:30 - 23 մարտի, 2023
Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված AQUILA TECHNICS ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով օդանավի THS Actuator պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական Avtrade limited ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական Brightcom Aviation Ltd ընկերությունից: Դրանից հետո, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով, Կ.Ա.-ն, չարաշահելով Կոմիտեի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թվականի մայիսի 17-ին մեկ այլ՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասը՝ առավել բարձր արժեքով՝ 370 հազար ԱՄՆ դոլարով: Արդյունքում՝ նշված պահեստամասը Avtrade limited ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերելու փոխարեն, Կ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտե է ներկայացրել 2021 թվականի մայիսի 30-ին կազմված՝ ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր, նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող Brightcom Aviation Ltd  ընկերությունից ձեռք բերելու վերաբերյալ: Արդյունքում՝ պահեստամասի ձեռքբերման համար Կոմիտեի կողմից Կ.Ա.-ի ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 հազար ԱՄՆ դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է: Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն, որի պահանջների կատարման նպատակով իրականացվել են մի շարք վարութային գործողություններ: Վերոնշյալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կ.Ա.-ն Կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021 թվականի հունիսի 8-ին հիմնադրել է BRIGHTCOM LIMITED անվամբ ընկերությունը: Քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը): Նույն օրը քրեական վարույթի նյութերը և Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել են վարույթն իրականացնող քննիչին՝ Կ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու և նրա նկատմամբ պիտանի խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:47 - 13 փետրվարի, 2023
Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով (oդային տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) սույն թվականի դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ՔԿ-ն: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ և այլ իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ: Տեղեկատվական պահանջ է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ: Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
12:10 - 02 դեկտեմբերի, 2022
Կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան.  քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնում

Կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան. քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնում

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։    «Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:   Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:   Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:   Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»,- ասված է գրառման մեջ։    Հիշեցնենք, որ ԱԻՆ հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։    
15:57 - 01 դեկտեմբերի, 2022
Հայաստանի օդային սահմանը փակ չէ․ Քաղավիացիայի կոմիտե

 |factor.am|

Հայաստանի օդային սահմանը փակ չէ․ Քաղավիացիայի կոմիտե |factor.am|

factor.am: ՀՀ օդային սահմանը փակ չէ․ այս մասին փոխանցեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Նրա խոսքով՝ թռիչքներն իրականացվում են ըստ գրաֆիկի, այս պահին հետաձգված չվերթներ չկան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
13:19 - 13 սեպտեմբերի, 2022
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների և այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը
18:23 - 14 հուլիսի, 2022
Տաթևիկ Ռևազյանը թողնում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Տաթևիկ Ռևազյանը թողնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Այս մասին հայտնում է Տաթևիկ Ռևազյանը։ «Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի: Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։ Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն: Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին: Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, և հետևաբար կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են: Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ: Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք։ Հ.Գ. Լուսանկարը՝ Ֆլայ Առնա ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառումից»,-գրել է Ռևազյանը։
13:19 - 13 հունիսի, 2022
ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022