Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։   Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:   Ներկայացվել են թվային մի շարք կարևոր հարթակներ, այդ թվում՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման» e-disability համակարգը, Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական՝ e-social.am հարթակը, Զբաղվածության՝ e-work հարթակը։ Քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ թվային այս գործիքներն իրենցից ներկայացնում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման նոր տեսլական՝ ուղղված մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։   Չեխիայի փոխվարչապետը ընդգծել է ներկայացված հարթակների դերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել նաև Չեխիայի փորձի համատեքստում։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը։
18:16 - 23 հունիսի, 2025
Սյունիքում և Կոտայքում մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր |armenpress.am|

Սյունիքում և Կոտայքում մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ անապահովության գնահատման նոր համակարգով անցած շահառուները մի քանի ուղղություններով հնարավորություն կունենան զբաղվածության հարց լուծել։ Գործատուներն էլ կստանան աջակցություն։   «Աջակցման ուղղությունները տարբեր են՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։ Մեր նպատակն է աջակցել այն անձանց, որոնք չունեն աշխատանքային շուկային համապատասխան հմտություններ։ Ուսուցման, աշխատանքային պրակտիկայի միջոցով նպաստել, որ մուտք գործեն աշխատաշուկա, աշխատանք գտնեն ու իրենց աշխատանքով հոգան սեփական կարիքները»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։ Ուսուցում և աշխատանքի տեղավորում ուղղությունը կապված է մինչև 5 ամիս տևողությամբ ոչ ֆորմալ կրթության հետ։ Շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամի չափով։  «Այստեղ ուզում եմ նշել, որ գործատուն կորոշի, թե որտեղ և ինչ գիտելիք կստանա շահառուն։ Ի վերջո, վերջինս պետք է աշխատի հենց տվյալ գործատուի մոտ: Ծրագրի միջոցով պետությունը գործատուին կփոխհատուցի կրթական ծախսերը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։  Երբ շահառուն ամբողջ ուսուցման ծրագիրն ավարտի, արդեն  գործատուի և շահառուի միջև պետք է կնքվի առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Այս պարագայում գործատուին ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի փոխհատուցում։ Աջակցության 2-րդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև կնքել աշխատանքային պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով։ Սա իրենից ենթադրում է, որ առաջիկա 3 ամիսներին կիրականացվի աշխատանքային փորձառության կազմակերպում։ Այսինքն՝ շահառուն գործնականում կլինի աշխատանքի մեջ՝ սովորելով ու հմտանալով։ Գործատուն այդ 3 ամսվա ընթացքում կստանա փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո արդեն գործատուն ստանում է աջակցություն՝ առավելագույնն ամսական 50,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով։ «Ինչ վերաբերում է աջակցության 3-րդ ուղղությանը, ապա ամենամսյա մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն գործատուին, որն առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի անապահով ճանաչված շահառուի հետ: Ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։ Եթե աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով է կնքվում, ապա 6 ամիս ժամկետով գործատուին կտրամադրվի փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամը: «Զբաղվածության ծրագրից օգտվելու համար նախնական երկու մարզի համար սահմանվել է տեղ 400 շահառուի համար։ Մենք կոնկրետ ոլորտներ չենք առանձնացրել, շահառուներն ու գործատուները ազատ են այդ հարցում։ Ինչպես գիտեք, սեզոնով պայմանավորված տարբեր ոլորտներում տարբեր ժամանակաշրջանում ակտիվություն է նկատվում։ Դրա համար մենք թողել ենք, որ շուկան ինքը որոշի։ Ամեն դպքում կարող եմ առանձնացնել մի քանի ուղղություններ, որտեղ այս կամ չափով աշխատողի պահանջարկ կա՝ ծառայություն, զբոսաշրջություն, Սյունիքի պարագայում՝ հանքարդյունաբերություն և այլն»,-ասաց Ռուբեն Սագսյանը։  Այս ձևաչափով զբաղվածության ծրագիր նաև իրականացվել է զորացրված զինծառայողների ու բռնի տեղահանված արցախցիների համար։ Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց, որ արդյունքները գոհացուցիչ են, պահանջարկից ելնելով՝ ծրագրերում շահառուների համար սահմանված տեղերն ավելացել են։ Ակնկալվում է, որ Սյունիքի ու Կոտայքի պարագայում ևս այդպիսի ակտիվություն կլինի։ Շահառուները առավելագույնը մեկ ամսից կարող են արդեն գործնականում օգտվել այս ծրագրից։ 
12:45 - 16 հունիսի, 2025
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․դիտարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրույցի օրակարգում եղել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ համագործակցության և այլնի վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին․ մանրամասներ են ներկայացվել նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ։
20:19 - 12 հունիսի, 2025
Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։  Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ «Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Դիմում ներկայացնելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- հայտնում են նախարարությունից։ 
17:39 - 03 հունիսի, 2025
Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

1lurer.am: Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով: «Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը: Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: «Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:
13:33 - 29 մայիսի, 2025
Քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի ընթացքն ու արդյունքները

Քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի ընթացքն ու արդյունքները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով գործարքները՝ ըստ բնակավայրերի, ժամանակագրության, բնակչություն/գործարք համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների և այլնի մասին։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ/դիտարկումները. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով՝ նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։  
15:46 - 22 մայիսի, 2025
ՄՍԾ տարածքային կենտրոններ այցելելու համար հնարավոր է հերթագրվել նաև առցանց

ՄՍԾ տարածքային կենտրոններ այցելելու համար հնարավոր է հերթագրվել նաև առցանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը հնարավոր է ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։ «Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://socservice.am/ կայքէջ և սեղմել հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա։ ՔԱՅԼ 2։ Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա։ ՔԱՅԼ 3։ Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրը և ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» պատուհանի վրա։ Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:39 - 07 մայիսի, 2025
Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետաջակցության 2022-25 թթ. ծրագրի ցուցանիշները․ ԱՍՀՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254: Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:
10:35 - 06 մայիսի, 2025
Ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է․ ԱՍՀ նախարար

Ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է․ ԱՍՀ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։ «Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։ Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։ Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։ Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։ Սիրելի՛ քաղաքացիներ, Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն»,- ուղերձում նշել է Նարեկ Մկրտչյանը։
12:38 - 01 մայիսի, 2025
Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

ԼՂ –ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910)։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որոնք նախորդիվ կիրառել եք օգտահաշիվը գրանցելիս։ Ձեր օգտահաշիվ մուտք գործելու համար կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 2։ Վերը նշված եղանակներից որևէ մեկով Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ենթաբաժինը, որից հետո հարթակն անցում կկատարի դիմումի ներկայացման պատուհանին։ ՔԱՅԼ 3։ Դիմում ներկայացնելիս «Դիմումատուի տվյալներ» հատվածում Ձեր անձնական տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ Այս դաշտում անհրաժեշտ է նշել միայն Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» հատվածում ևս Ձեր տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ ՔԱՅԼ 4։ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է ընտրել Ձեր փաստացի բնակության մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) և  կառույցի համարը։ ՔԱՅԼ 5։ «Իմ բանկային տվյալները հատվածում» անհրաժեշտ է նշել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել բանկային քարտի համարը (16 նիշ)։ ՔԱՅԼ 6։ «Ունե՞ք ընտանիքի այլ անդամներ» դաշտում «Այո» նշումը կատարելու դեպքում անցում կկատարեք դիմումի ներկայացման հաջորդ էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամների մասին տվյալներ՝ նրանց նույնականացնելով։ ՔԱՅԼ 7․ Եթե ունեք անչափահաս երեխա(ներ), ապա նրա(նց) վերաբերյալ տվյալները մուտքագրելուց և նույնականացնելուց հետո հարթակը կստուգի երեխաների կապը դիմումատուի և ենթադիմումատուներից որևէ մեկի հետ։ Այն դեպքում, երբ երեխայի ծնողական կապի տվյալը չստացվի դիմումատուի կամ ենթադիմումատուներից որևէ մեկի հետ, երեխայի դիմումը կստանա «Մերժված» կարգավիճակ։ ՔԱՅԼ 8․ Դիմումը հաստատելու համար պարտադիր է «Իմ ներկայացրած տվյալները կարող են տրամադրվել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով» դաշտում ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը, ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 11․ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո դիմումի կարգավիճակը ցուցադրվում է անհատական օգտահաշվի «Ծանուցումներ» բաժնում։  Եթե դեռևս չունեք  անհատական օգտահաշիվ  ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Անհրաժեշտ է այցելել www.e-social.am, որտեղ հարկ է «Գրանցվել» կոճակի միջոցով ստեղծել Ձեր օգտահաշիվը։ Գրանցման նպատակով կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 1.1։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկն ընտրելու դեպքում հետևեք «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի հրահանգներին։ ՔԱՅԼ 1.2։ Գրանցվելու 3-րդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ՝ սոցիալական քարտի համարը), անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օրը/ամիսը/տարի, ապա սեղմել «Որոնել» դաշտը՝ նույնականացում անցնելու համար։ «Դիմումատուն հաջողությամբ նույնականացվեց» հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո կստանաք ծանուցում՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն՝ Ձեր անհատական օգտահաշիվն ակտիվացնելու մեկանգամյա ծածկագրի հղումով (մեկանգամյա ծածկագրի հղումն ակտիվ է 30 րոպե, որի ընթացքում Ձեր անհատական օգտահաշիվը չակտիվացնելու դեպքում այն կդառնա անվավեր և անհրաժեշտ կլինի կրկին նույնականացվել` կատարելով նույն քայլերը): Մեկանգամյա ծածկագրի հղմամբ անցնելու դեպքում կբացվի պատուհան, որտեղ նշված են հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա ծածկագիրը և նոր գաղտնաբառի մուտքագրման դաշտերը։ Ձեր կողմից նոր գաղտնաբառ մուտքագրելուց և «Հաստատել» սեղմակն ընտրելուց հետո անցում կկատարեք ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի մուտքի/գրանցման էջ, որտեղ Ձեր էլ․ փոստի հասցեն և նոր ստեղծված գաղտնաբառը մուտքագրելուց հետո՝ «Մուտք» հրահանգի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր անհատական օգտահաշիվ և ներկայացնել «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ծրագրի դիմումը, ինչպես նկարագրված է վերևի քայլերում։  Ուշադրություն․ ԼՂ բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեները՝ https://socservice.am/offices)», - նշված է հայտարարությունում։
20:30 - 22 ապրիլի, 2025
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Անդրադառնալով Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպմանը՝ նախարարը մանրամասնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դերի ու գործառույթների մասին՝ վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։ Նարեկ Մկրտչյանը միաժամանակ խոսել է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանելու կարևորության մասին։   Դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ևս ընդգծել է Եգիպտոսի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի կազմակերպման կարևորությունը և վերջիններիս համար երաշխավորված աշխատանքային պայմանների և անվտանգ միջավայրի ապահովումը։  Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։
16:44 - 09 ապրիլի, 2025
Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։ Պետական բյուջեից մարտ ամսվա համար ֆինանսավորվել է 70,6 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Ծրագրի շրջանակում այս պահին համակարգում առկա է 3200 հաստատված դիմում։ Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է (դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում)։   Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։   Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։   Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։   Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
11:52 - 07 ապրիլի, 2025
ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։   Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի մշակման կարևորության, թիրախային ուղղությունների և առաջիկա միջոցառումների մասին։   Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության ու Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը․ դիտարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
18:53 - 17 մարտի, 2025
Գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ում

Գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է. ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ում

Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը և այս համատեքստում ընդգծել Պեկինի հռչակագրի ու Գործողությունների հարթակի դերը՝ ազգային մեխանիզմների ամրապնդման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: «Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր օրենսդրական մեխանիզմներ և քաղաքականության գործիքներ՝ ապահովելու գենդերային հեռանկարների համակարգված ինտեգրումը կառավարման և քաղաքականության մշակման մեջ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։ Անդրադառնալով ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարարը շեշտել է Կանանց հարցերի խորհրդի, տարածաշրջանային մակարդակում գենդերային քաղաքականության իրականացման հանձնաժողովների, համայնքային մակարդակում կանանց և երիտասարդների խորհրդատվական մարմինների ու մի շարք այլ կառույցների գործունեության կարևորությունը։ Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով։
11:42 - 12 մարտի, 2025
Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO) նախագահ Մարիա Անդրիանի Կոստոպուլուի և ԵԽ Կանանց դեմ բռնության վարչության գործադիր քարտուղար Յոհաննա Նելլեսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության, պետությունների կողմից վերջիններիս տրամադրվող ծառայությունների ու ծրագրերի վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության վերջին լայնածավալ փոփոխություններին։ Փորձագիտական խմբի ներկայացուցիչները մանրամասնել են GREVIO-ի գործունեությունը՝ ներկայացնելով հիմնական գործառույթները, սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացվող ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները։ Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբը (GREVIO) անկախ փորձագիտական մարմին է, որը վերահսկում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) իրականացման գործընթացը:
12:20 - 11 մարտի, 2025