ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Ես իմ խոսքում չասացի՝ Հայաստանում ժողովրդավարությունը մարտահրավերներ չունի, ասացի ներքին սպառնալիքներ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից ոչ ժողովրդավարական պետություններ են, եւ արդյոք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար: «Այն առումով, որ ես Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ անշրջելի ներքին առումով, իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել: 2021թ․-ի մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։ Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։ Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաինայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանեւրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։
13:47 - 31 մայիսի, 2023
Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը
 |1lurer.am|

Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն հրավիրելով կառույցում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության վրա։ «Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության»,- գրել է Ժելդիբայը սոցցանցերում և ընդգծել, որ «պետության ղեկավարի հիմնական ուղերձն այն է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական հունով»։ «Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության բարելավման միջոցներից մեկը։ Այսինքն՝ ասոցիացիայի շրջանակներում ընդունված ցանկացած որոշում պետք է արդյունք բերի յուրաքանչյուր անհատ մասնակցի և, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիներին»,- հավելել է խոսնակը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ 2023 թվականին միությունը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը։
12:06 - 26 մայիսի, 2023
Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին
 |armenpress.am|

Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարկավոր է ձգտել նրան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հասնեն զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ, Պուտինը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի։ «Մենք համատեղ կձգտենք, որ մեր միության շրջանակներում հասնենք զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, այսօր մենք արձանագրել ենք, որ ՀՆԱ-ի աճն այնտեղ կազմել է 12 տոկոսից ավելի։ Սա շատ բարձր և լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ բոլոր 5 երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու նպատակով այցելում են Միության անդամ այլ երկիր, իրենց հարմարավետ զգան՝ ինչպես տանը։ Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։
17:33 - 25 մայիսի, 2023
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի կիրարկումը կնպաստի առևտրի համար փոխշահավետ պայմանների ձևավորմանը․ Փաշինյան
 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի կիրարկումը կնպաստի առևտրի համար փոխշահավետ պայմանների ձևավորմանը․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի պատեհաժամ կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում»,- ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց, որ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա խթանել Միության անդամ երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածներ։ «Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում դրանց համաչափ զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների այլ ոլորտներում լճացում կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Ուստի նախագծերի ընտրության փուլում կարևոր է մշակել այդ ռիսկերը վերացնող մեխանիզմներ, ինչը կտա մեզ երկարաժամկետ հեռանկար նման նախագծերի համար»,- հավելել է ՀՀ վարչապետը։ Նա  նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության կարևոր ասպեկտներից է պարենային անվտանգությունը, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան ցածրորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանմանը։ Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։ Փաշինյանն ակնհայտ է համարում այս ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ «Ուրախացնող է, որ, օգտագործելով փոխգործակցության տարբեր ձևաչափեր, 2022 թ-ին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Միությունից դուրս փոխշահավետ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին է վկայում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների և միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների վերաբերյալ զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը»,- նշեց նա։ Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը Միության անդամ երկրների համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում։ «Աշխատանքի շարունակությունը այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։ Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է գործառնականորեն ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- շեշտել է վարչապետը։ Նա ակնհայտ է համարում, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռնարկատերերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև։ Այս համատեքստում նա առանձնապես նշել է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության արդիական ոլորտները առավելագույնս ընդգրկող քննարկման թեմաներ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելուն ուղղված համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը։
17:08 - 25 մայիսի, 2023
Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

Հայաստանը տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի․ Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրումից։ Նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է քննարկել ինտեգրացիոն համագործակցության կոնկրետ հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն առաջ է ընթանում իսկապես բավականին հաջող»,- ասել է Պուտինը։ Նա մեջբերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը հիմնական շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ նախորդ տարեվերջին այն կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։ «Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, շատ լուրջ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում միության անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը։ «Այսօր մենք նախ պետք է նեղ ձևաչափով կարծիքներ փոխանակենք զարգացման հիմնական ուղղությունների, մեխանիզմների մասին, որոնք մենք օգտագործում ենք այդ զարգացման համար, իսկ հետո կշարունակենք մեր հանդիպումը ընդլայնված կազմով»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպմանը տեսակապով մասնակցելու են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև անձամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
15:31 - 25 մայիսի, 2023
Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև
 |panarmenian.net|

Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
13:45 - 25 մայիսի, 2023
ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2022 թվականին աճել է 15%-ով. Միշուստին
 |1lurer.am|

ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը 2022 թվականին աճել է 15%-ով. Միշուստին |1lurer.am|

1lurer.am: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ակտիվորեն ավելացնում են իրենց ապրանքաշրջանառությունը, միայն անցած տարի այն աճել է 15%-ով՝ մոտ 80 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Պետդումայի պատգամավորների հետ հանդիպմանը։ Միշուստինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ տարի միայն Հայաստանի հետ առևտուրն աճել է 83 տոկոսով։ Նա ասել է, որ հունիսին ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպումներ կունենան Սոչիում, որտեղ «մանրամասն կխոսեն ապագայի մասին»։ «Մենք կմտածենք համատեղ նախագծերի մասին, առաջին հերթին դրանք վերաբերում են արդյունաբերական և տնտեսական համագործակցությանը, բնակավայրերի համար ֆինանսական ենթակառուցվածքների կառուցման հետ կապված խնդիրներին, տնտեսական ինքնիշխանության հարցերին, այս ամենը մեր օրակարգում է»,- ասել է ՌԴ վարչապետը։
12:19 - 07 ապրիլի, 2023
Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին ապրանքներն ավելի արագ Ռուսաստան և Եվրոպա հասցնելու համար առևտրային միջանցք տրամադրել, որը կանցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով ։ «Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշվում է հարցման պատասխանում։ Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ թեև Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին կարող է միանալ դրան: Ինչ կտա ՄՏՄ-ն Երևանին Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը` համաձայն հանրապետության օրենսդրության: Երևանում վստահ են, որ ՄՏՄ-ի նախագծի իրագործումը կխթանի մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում: «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կարող է հաղորդել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը» -նշել են հարցման պատասխանում։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել էին նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի 6-րդ նիստին` 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ամրագրված է, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է: Իրանական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնեցնի համաձայնագրի վերջնական տարբերակը ՄՏՄ-ի մասնակից այն երկրների հետ, որոնք ներկա չէին հանդիպմանը և, պատասխանը ստանալուց հետո, արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:23 - 30 մարտի, 2023
Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

tert.am: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարցման հավելվածում, որը 2023 թվականի մարտի 16-ին ուղարկվել է դաշնակից պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։Փաստաթուղթը «Վեդոմոստիի» տրամադրության տակ է, դրա իսկությունը հաստատել են ԶԼՄ-ի աղբյուրները։ Մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։ Այնուհետև օպերատորները պետք է իջեցնեն միջազգային կապի սակագները և ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ կսահմանեն։
12:56 - 29 մարտի, 2023
 «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
 |news.am|

«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը |news.am|

news.am: «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։ Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ ««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչեւ մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ-ի՝ կաթնամթերք վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։ «Բացահայտված խախտումները վկայում են նաեւ կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ եւ վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»։ Գերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաեւ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։ Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։
12:50 - 29 մարտի, 2023
Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ճնշման ներքո․ ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ճնշման ներքո․ ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման ներքո։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան, Տաջիկստան) երկրները։«Որպես երկարաժամկետ դաշնակիցներ՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք Բելառուսը Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության  և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները։ Միաժամանակ մենք քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցների ու պետությունների կողմից մեր ռազմավարական գործընկերների վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին», -ասել է Գալուզինը։
12:11 - 01 մարտի, 2023
ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու կարգավիճակի վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու կարգավիճակի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուսումնասիրվել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը։ Դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունն ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի «ԵԱՏՄ անդամ երկրների տարածք ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին տեղեկատվություն» բաժնում։ Արդյունքում պարզվել է, որ որոշ ավտոմեքենաների դեպքում VIN նույնականացման համարներով տրանսպորտային միջոցներն առկա չեն վերոնշյալ կայքում։ Ելնելով վերոգրյալից՝ ՊԵԿ-ը դիմել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը՝ դիմումատուների կողմից ներկայացված, սակայն նշված կայքում բացակայող տրանսպորտային միջոցների տվյալները կայքի համապատասխան բաժնում տեղադրելու նպատակով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ը մշակվել է կայք, որի միջոցով VIN նույնականացման համարներով որոնմամբ հնարավոր է պարզել տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ բացթողնման ամսաթիվը։ Այս առումով հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում դեռևս 2020 թ.-տարեսկզբին ներմուծված 339 տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում: ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ չունեցող 339 տրանսպորտային միջոցների ցանկը զետեղված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Հետևաբար, ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը չկա ցանկում, ապա այն ավտոմատ ձեռք է բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ պաշտոնական գրություններով տեղեկացվել են նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին. բոլոր գործընթացները համապատասխանում են ԵԱՏՄ օրենսդրությանը:  Բացի այդ, ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը ս․թ․փետրվարի 9-ին իր պաշտոնական կայքէջում և տելեգրամյան ալիքում ևս մեկ անգամ վերահաստատել է վերոհիշյալ տեղեկատվությունը և ներկայացրել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման և էլեկտրոնային անձնագիր ստանալու համար անհրաժեշտ գործողությունները։ Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական հաղորդագրությամբ՝ հետևյալ հղմամբ:
14:53 - 10 փետրվարի, 2023
Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը. վարչապետն Ալմաթիում մասնակցել է թվային համաժողովի լիագումար նիստին

Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը. վարչապետն Ալմաթիում մասնակցել է թվային համաժողովի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը` առանձին տաղավարով: Համաժողովի բացմանը Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախական կողմին համաժողովի կազմակերպման համար, որը դարձել է թվայնացման խնդիրների և թվային զարգացման հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ։ Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։ Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։ Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ միասնական թվային տարածություն ձևավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին։ Այս համատեքստում, հատկապես արդիական է համարվում տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը: Գործընկերներ,Ալմաթիում 2021 թ.-ին կայացած համաժողովի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումից հետո մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։Նշեմ, որ մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը մենք արդեն ունեինք թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ, սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը։Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են.1. տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում2. հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում3. բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն:Միաժամանակ, բոլոր 3 ուղղությունները փոխկապակցված և փոխլրացնող են։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։ Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները։Մենք սկսել ենք ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է։Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։ Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։Հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն. իսկապես հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։ Իմ կարծիքով, չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ:Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։Համաժողովի հարգելի մասնակիցներ,Այսօր ես կցանկանայի մեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ արդիական թվային գործիքի վրա, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին համագործակցել մեր երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Խոսքն «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին է, որը մշակվել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից՝ Միխայիլ Միշուստինի գաղափարի իրականացման շրջանակում։«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին, և ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն։«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը։ Հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։ Հարթակը պարբերաբար կհագեցվի պետական և առևտրային այլ ծառայություններով։ Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ մեր ազգային տիրույթը հաշվի է առնում մեր շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։ Այսպիսով, մենք մշակում ենք «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը նոր հավելյալ արժեքով։ Հայաստանն ու Ռուսաստանը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցներն էին։ Մեր կապը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը և ազգային ծառայությունների առավելությունների ինտեգրման կուտակային ազդեցությունը: Եվ մենք սատարում ենք Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ մեր ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի։Շնորհակալություն ուշադրության համար»։ Վարչապետ Փաշինյանը և կառավարությունների մյուս ղեկավարները մրցանակներ են հանձնել նաև համաժողովում լավագույն աչքի ընկած մասնակիցներին:  
11:45 - 03 փետրվարի, 2023