ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել Կոլումբիայի ԱԳ նախարար, COP16-ի նախագահող Լաուրա Սարաբիան: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է կենսաբազմազանության ֆինանսավորման առկա մեխանիզմների արդյունավետության բարձրացման, դրանց փոխլրացման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ֆինանսավորման բարելավման հարցում միասնական ջանքերի գործադրումը՝ ուղղված կենսաբազմազանությանը համահունչ նորարարական ֆինանսական մեխանիզմների և ներառական ֆինանսական համակարգի մշակմանը: Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման կարևորությունը` կենսաբազմազանության դերի բարձրացման, այս ոլորտում հավակնությունների ընդլայնման և գործնական քայլերի խթանման հարցում: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ միջոցառումն իր ներդրումը կունենա COP17-ի ֆինանսավորման առաջնահերթությունների ձևավորման գործում:
20:58 - 01 հուլիսի, 2025
Կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստ

Կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստ

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողությունների շրջանակի ներքո հետագա համագործակցության հեռանկարները, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում կողմերի միջև շարունակական համագործակցության հնարավորությունները, Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի և ՀՀ համապատասխան կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել անվտանգային ոլորտի բարեփոխումներին, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
15:13 - 01 հուլիսի, 2025
Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը

Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև. «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Այս հանգրվանն ընդգծում է Եվրոպական միության հետ գործընկերությունը խորացնելու Հայաստանի անսասան հանձնառությունը, ինչպես նաև այն խաղաղությանը,  անվտանգությանն ու կայունությանը, ժողովրդավարական հիմնարար արժեքներին և օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին մեր միասնական հանձնառության արտահայտությունն է: Ինչպես գիտեք, ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ. այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը և ապագայի առանցքային ուղենիշը: Մեր հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային և տարածաշրջանային ինտենսիվ տրանֆորմացիայի ժամանակահատվածում: Ձևավորված անվտանգային ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում: Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, և այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են: Հայաստանը կարևորում է մեր ջանքերին աջակցելու հարցում ԵՄ փորձառությունը՝ միտված մեր քաղաքացիների կողմից վստահության ամրապնդմանը, ինչպես նաև դիմակայուն անվտանգային ոլորտի կառուցմանը: Մենք նաև տեսնում ենք առավել խորը համագործակցության հսկայական ներուժ Եվրոպական պետությունների, կայուն ժողովրդավարությունների հետ, որոնք տարածաշրջանային անվտանգության հարցում մեծ փորձ ունեն: Այդ նպատակով, մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր կապերը ԵՄ առանձին անդամ պետությունների հետ՝ հիմնելով նոր Ռազմավարական Գործընկերություններ: Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է: ԵՄ մշտադիտարկման առաքելությունը բավականին կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում: Ավելին, մենք շնորհակալ ենք 2024 թ.-ին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար և հոսով ենք ունենալ ձեր շարունակական աջակցությունը նաև 2025 թվականին՝ մեր դիմակայունությունն ավելի ամրապնդելու նպատակով: Մեր աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին: Մենք հավատում ենք, որ մեր մասնակցությունն այս ճգնաժամային գործողություններին կբարձրացնի Հայաստանի և ԵՄ ինստիտուտների փոխգործակցության մակարդակը և կմոտեցնի մեր մասնագիտական շրջանակներին՝ խթանելով համատեղ անվտանգային մշակույթ: Մեր համագործակցության հետագա խորացման և մեր անձնակազմերի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մենք ցանկանում ենք ուսումնասիրել Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները: Նմանատիպ համագործակցությունը կապահովի արժեքավոր վերապատրաստում և գիտելիքների փոխանակում՝ մեր անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագետների միջև խթանելով ավելի մեծ փոխըմբռնում և համագործակցության սիներգիա: Հարգելի՛ գործընկերներ,  Մի ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը դառնում է զենք, Հայաստանը շարունակում է վճռական մնալ ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությանը հակազդելու հանձնառության մեջ: Այս վնասակար գործողություններն ուղիղ սպառնալիք են մեր ժողովրդավարական հասարակությանը, դիմակայունությանը և ինքնիշխանությանը: Ուստի մենք ողջունում ենք ԵՄ աճող ներգրավվածությունն այս առանցքային նշանակություն ունեցող ոլորտում և հակված ենք միավորելու մեր ջանքերը: Ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ մեր համագործակցության ամրապնդումը  և մանիպուլյատիվ նարատիվների դեմ հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունն ուժեղացնելը ռազմավարական հրամայական է Հայաստանի և ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների հետ՝ բարձրացնելու մեդիագրագիտությունն ու հանրային իրազեկվածությունը և կառուցելու ինստիտուցիոնալ կարողություններ: Մենք նաև տեսնում ենք կիբեռանվտանգության ոլորտում, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և դիմակայության ամրապնդման նպատակով պլանավորման հարցերում համագործակցության ընդլայնման ավելացված արժեքը: Կիբեռ և հիբրիդային սպառնալիքները հայտնաբերելու, կանխելու և դրանց արձագանքելու հարցում Հայաստանի կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդի մեր համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ անվտանգության և ռազմավարական կանխատեսման սկզբունքների վրա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին նրանց ամուր ներգրավածության և աջակցության համար: Մենք վստահ ենք, որ այսօրվա խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ և ապագային միտված երկխոսություն, որը կբացի նոր, ռազմավարական էջ մեր համագործակցության մեջ: Շնորհակալություն»:
15:11 - 01 հուլիսի, 2025
Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Այս մասին ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։  Վերջինս այսօր ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստի ժամանակ ասել է․ «Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում»։ Միրզոյանը նշեց, որ ասուլիսին գալուց առաջ հասցրել է հպանցիկ ծանոթանալ «իր սիրելի գործընկեր» պարոն Լավրովի մեկնաբանության հետ։ «Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։  Միրզոյանն ընդգծեց, որ պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: «Կուզեի նույն կոչը անել նաև պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գրծընկերներին, մեդիա գործընկերներին։ [Նրանք] պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- ասաց Միրզոյանը։
13:06 - 30 հունիսի, 2025
ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան
 |1lurer.am|

ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այսօր ուրախ եմ, որ Կայա Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալից ձեռքբերում, առաջինը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամի կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը տեղի ունեցավ քիչ առաջ: Սա ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակն է, որը միևնույն ժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու՝ Հայաստանի ձգտումը և ցանկությունը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա թվարկեց մյուս երկու ձեռքբերումները: «Երկրորդ՝ այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը: Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը: Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը: Երրորդ՝ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը: Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ վերջին տարիներին Հայաստանի կողքին լինելու համար:
13:00 - 30 հունիսի, 2025
Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու քաղաքական կամք ունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վան Յիի միջև տեղի ունեցած հանդիպմանը շեշտվել է հայ-չինական հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվամիջոցը՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի միջև հունիսի 26-ին տեղի ունեցած հանդիպմանն արծարծված թեմաների վերաբերյալ։«Ուշադրության է արժանի այն, որ երկու կողմից էլ շեշտվեց հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը: Վերջին տարիներին էական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ տնտեսության, առևտրի և առանցքային այլ ոլորտներում: Հարաբերությունների ներկայիս բովանդակությունը և զարգացման դինամիկան թույլ է տալիս խոսել դրանք նոր մակարդակի բարձրացնելու մասին, և կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդպիսի քաղաքական կամք առկա է և աշխատանքներ տարվում են երկու կողմերում էլ»,-նկատել է Անի Բադալյանը: ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ՝ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունն, այդ թվում՝ այս այցի ժամանակ կայացած քննարկումները չեն սահմանափակվում միայն երկկողմ օրակարգով: «Դրանք, բնականորեն, ներառում են տարածաշրջանային թեմաները, ինչպես կանխատեսելիության, խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերն, այնպես էլ փոխկապակցվածության ընդլայնման առկա հնարավորությունները»,-շեշտել է Բադալյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:28 - 28 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարը ՇՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը ՇՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ դիրքորոշումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում ՀՀ մոտեցումները ևս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են ՇՀԿ ստեղծման հիմքում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անխախտելիություն։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել նաև ՇՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից։
10:37 - 27 հունիսի, 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նա հանդես է եկել ելույթով, որում նշել է.   «Այս հանդիպումը տեղի է ունենում գլոբալ անվտանգության ճարտարապետության աննախադեպ և խիստ մտահոգիչ վատթարացման ֆոնին, այդ թվում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում: Շարունակվող ճգնաժամերն ու հակամարտությունները, մեկտեղված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի մշտական խախտումներիհետ, քայքայում են այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության համակարգը։ Չափազանցություն չի լինի ասել, որ տարեցտարի աշխարհն աստիճանաբար մոտենում է անդառնալիության կետին։ Սակայն, բարեբախտաբար, մենք դեռևս չենք հատել այդ կրիտիկական շեմը, թեկուզ և քիչ ժամանակ է մնացել՝ գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու համար:   Այս տարի մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։ Դեկալոգը՝ իր հիմնարար սկզբունքներով, ինչպիսիք են տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխան հավասարությունը, սահմանների անխախտելիությունը, ուժի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը, ձևավորում է մեր ընդհանուր հանձնառությունների շրջանակը՝ ուղղորդելով միջպետական հարաբերությունների թերևս անկատար, սակայն քաղաքականապես պարտավորեցնող վարքագիծը։ Սակայն այսօր այս հիմնարար սկզբունքները համակարգված և միտումնավոր կերպով անտեսվում են։ Տասնամյակների ընթացքում ձևավորված այս կոնսենսուսային համակարգը մարտահրավերների է բախվում բազմաթիվ ուղղություններով։ Այս համատեքստում չափազանց կարևոր է վերահաստատել մեր հանձնառությունը հավաքական անվտանգության հիմք հանդիսացող սկզբունքներին և գործիքակազմին։   Հաշվի առնելով, որ ԱՎՏՀ-ն ընձեռում է կարևոր հնարավորություն՝ գնահատելու ԵԱՀԿ մասնակից պետությունների ջանքերը քաղաքական-ռազմական հարթությունում՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է ընձեռել սպառազինությունների վերահսկման ճարտարապետության առկա վիճակին։ Հայաստանը շարունակում է խորապես հավատալ, որ գործուն և վստահելի սպառազինությունների վերահսկման համակարգը կենսական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման, փոխադարձ վստահության ձևավորման և էսկալացիայի կանխարգելման համար։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ցուցաբերել է լիարժեք հավատարմություն սպառազինությունների վերահսկման ռեժիմի ներքո իր պարտավորություններին, ներառյալ՝ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում։ Սակայն մեր տարածաշրջանում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է՝ դրա հիմնական դրույթների համակարգային և զանգվածային խախտումների հետևանքով, ինչը, զուգորդվելով միջազգային հանրության կողմից նման խախտումների վաղ ազդանշանների ժամանակին հայտնաբերման և վերահաս էսկալացիան կանխելու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու անկարողության հետ, այս մեխանիզմները վերածել է ուժի կիրառման համար հարմար ծխածածկույթի։ Այնուամենայնիվ, Հայաստանը, հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև հարևանների միջև վստահության և վստահելիության ձևավորմանը, Ադրբեջանին է ներկայացրել գրավոր առաջարկ՝ ուղղված սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծմանը։ Մենք վստահ ենք, որ նման երկկողմ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր է խթանել թափանցիկությունը, կառուցել վստահություն և նվազեցնել սպառնալիքների ընկալման ռիսկերը։ Ի հավելումն, Հայաստանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի երկայնքով հրադադարի հնարավոր խախտումների անաչառ հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկով՝ հավելյալ ընդգծելով իր հանձնառությունը երկխոսությանը և լարվածության թուլացմանը։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ նման մեխանիզմները կարևոր են տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման համար, և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ներգրավվելու կենսական նշանակության այս հարցերի շուրջ բովանդակային երկխոսության մեջ։ Պարո՛ն նախագահող, Մինչ աշխարհը բախվում է հակամարտությունների կտրուկ աճի և անցնում է ժամանակակից պատմության ամենաանհանգիստ ժամանակաշրջաններից մեկը, Հայաստանը անդրդվելի է իր հանձնառության մեջ՝ հասնելու արդար և տևական խաղաղության Հարավային Կովկասում, որը վաղուց ճանաչվել է որպես ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը։ Իհարկե, մենք որևէ պատրանք չունենք առ այն, որ խաղաղությունը կարող է հեշտությամբ հաստատվել։ Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղության ուղին հենվում է հստակ և տրամաբանական բանաձևի վրա՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այս բանաձևը մեր տարածաշրջանին տալիս է իրական հնարավորություն՝ ճեղքելու թշնամանքի շղթան և կառուցելու ավելի կայուն ու համագործակցային ապագա։ Ավելի քան երեք տարի տևած հագեցած բանակցություններից հետո սույն թվականի մարտին արձանագրվել է մի շրջադարձային առաջընթաց՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Այս համաձայնագրի վերջնականացումը իրական առաջընթաց է՝ մի քայլ, որը ստեղծում է աննախադեպ հնարավորություն առաջ շարժվելու հակամարտությունների ժառանգությունից և ինստիտուցիոնալացնելու խաղաղությունը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս առումով Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ մենք չպետք է թույլ տանք այս պատմական պահի բացթողումը։ Այդ նպատակով է Հայաստանը առաջարկել խորհրդակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ, և, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է այդ ուղղությամբ իր ջանքերը: Սակայն, ինչպես ցանկացած երկկողմ խաղաղության համաձայնագրի դեպքում, դրա հաջողությունը կախված է երկու կողմերի անկեղծ հանձնառությունից։ Ի վերջո, ստորագրությունը սոսկ ձևականություն չէ. այն քաղաքական կամքի դրսևորում է և իրավական ու բարոյական պարտավորության հիմք։ Ցավոք, համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո Ադրբեջանը ներկայացրել է արհեստական նախապայմաններ․ մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, իսկ մյուսը՝ ՀՀ Սահմանադրության մեջ ենթադրյալ տարածքային հավակնությունների առկայության առնչությամբ։ Հատուկ անհրաժեշտություն չկա կրկին անդրադառնալ այս հարցերում Հայաստանի հայտնի դիրքորոշմանը։ Մենք արդեն մանրամասն և լիակատար թափանցիկությամբ ներկայացրել ենք մեր տեսակետները, այդ թվում՝ հենց այս հարթակում, մասնավորապես՝ այս տարվա մարտին մեր նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ամենակարճ ճանապարհն է պատասխանելու բոլոր հարցերին, հասցեագրելու առնչվող մտահոգությունները և հնարավոր խոչընդոտները։ Այն ներկայացնում է առաջին և ամենակարևոր քայլը՝ առճակատումը համագործակցության վերածելու ուղղությամբ։ Ավելին, Հայաստանը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի մինչ այժմ չիրացված ներուժը և կբացի հսկայական հնարավորություններ Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների բարեկեցության համար։ Սա նաև մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը ու կայուն զարգացմանը: Այս կապակցությամբ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ներուժ ունի դառնալու տարածաշրջանային համագործակցության հարթակ և ծառայելու որպես վստահության ձևավորման կարևոր միջոց, որը կարող է էական ներդրում ունենալ տևական խաղաղության հաստատման ջանքերում։ Հարգելի՛ գործընկերներ, Երկխոսության և բարեխիղճ ներգրավվածության հանդեպ անկեղծ հանձնառությունը խաղաղություն կառուցելու կարևոր հենքն է։ Այս առումով մտահոգիչ է, որ մենք շարունակում ենք լսել բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններ, որոնք պարունակում են բացահայտ սպառնալիքներ և տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող խոսույթի միջոցով։ Ցավոք, ԵԱՀԿ հարթակները ևս շահարկվում են այդ խոսույթը տարածելու նպատակով։ Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ բոլոր ջանքերը, այդ թվում՝ երկու կառավարությունների կողմից, պետք է ուղղված լինեն իրենց հասարակություններին ուղղորդելուն և քաջարելելուն՝ կենտրոնանալու տևական խաղաղության հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա։ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ևս մեկ անգամ դրսևորվում է մեր երկրի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկված քայլերով: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել ՀՀ վարչապետի վերջերս կատարած Թուրքիա այցը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կլինի էական երկկողմ առաջընթաց, այլև դրական ազդեցություն կունենա առավել լայն տարածաշրջանային խաղաղության օրակարգի վրա։ Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել մեր համոզմունքը, որ խաղաղությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև ռազմավարական անհրաժեշտություն։ ԵԱՀԿ-ն և իր մասնակից պետությունները պետք է շարունակեն վճռականորեն աջակցել այն գործընթացներին, որոնք նախընտրում են երկխոսությունը՝ բաժանման փոխարեն, և համագործակցությունը՝ հակամարտության փոխարեն։ Հայաստանը պատրաստ է կառուցողականորեն նպաստել այդ տեսլականի իրականացմանը։
20:40 - 26 հունիսի, 2025
ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան |armenpress.am|

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։  Կոստանյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն չեն ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։  «Նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում․ նրանց մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը»,-հայտնել է Վահան Կոստանյանը։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում կայացած նախարարական համաժողովի շրջանակներում ընդունված հռչակագիրը և Ադրբեջանի առաջարկությամբ ընդունված բանաձևերը՝ նշելով, որ դրանցում տեղ գտած ձևակերպումները հակասում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու տրամաբանությանը։ 
16:43 - 26 հունիսի, 2025
Թուրքիան կառուցողական է գնահատում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան |armenpress.am|

Թուրքիան կառուցողական է գնահատում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։  Նրա խոսքով՝ Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերը։ «Կարծում եմ՝ հանդիպման ժամանակ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Իսկ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3, եթե ոչ 3.5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-ընդգծել է Վահան Կոստանյանը։  Վերջինս նաև մանրամասնել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագին ներկայացրել է  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։   «Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը իր առաջարկներով կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ թուրքական կողմի արձագանքի մասին։ 
15:07 - 26 հունիսի, 2025
Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է, որ մի շարք հարցերում՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Ստամբուլում հունիսի 20-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև։  Կոստանյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛  Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։  «Արձանագրվել է, որ մի շարք թեմաների՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ, ծանոթ եք»,-նշել է Վահան Կոստանյանը։  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացեն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմն այդ պայմանավորվածության իրականացումը միշտ կապել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։ 
14:42 - 26 հունիսի, 2025