ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

 |factor.am|

Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել |factor.am|

factor.am: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Դատախազության հայտարարության հետ կապված։ «Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Ըստ դատախազության, սա վկայում է այն մասին, որ Միքայել Սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ Գտնում ենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար, և ցանկացած ոք կարող է ինքուրույն հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․ – ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը. – արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ. – ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո): Մեր համոզմամբ ,Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025 թվականի հունիսի 4-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին։ Սրանով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ դատախազությունը և քննչական կոմիտեն Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացնում են գործընթաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»: Նշված «հանձնարարության» հիման վրա, մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցում «հանկարծակիորեն» հայտնաբերվում են հանցագործության հատկանիշներ, որոնք, ըստ դատախազության նախկինում տրված դիրքորոշման՝ առկա չեն եղել և 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, մեր գնահատմամբ՝ միայն մեկ նպատակով, որպեսզի Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և վերջինս կալանավորվի: Վերը նշված փաստարկի ճշմարտացիությունը ապացուցվում է նաև այն պարզ իրողությամբ, որ քննչական մարմինը, 2025թ. հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնելիս, հունիսի 21-ի հարցազրույցն է հիմք ընդունել քրեական հետապնդում հարուցելու համար: Կարծես, վարույթի հանրային մասնակիցները գիտեին, որ Միքայել Սրբազանը այնպիսի մի հայտարարություն էր կատարելու, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էր դառնալու: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:34 - 01 հուլիսի, 2025
Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
 |azatutyun.am|

Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չմանրամասնեց։ ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այս օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում: Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ, այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ: Հարցին, թե ո՞նրն է պատճառը, և ե՞րբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ դատախազը պետք է պատրաստվի: Երկու պատգամավորներն էլ միաձայն պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:
16:05 - 01 հուլիսի, 2025
Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա առիթով և դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիան հիմնականում իշխանության և լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է և դրա դեմ պայքարում կարևորել է պաշտոնյաների աշխատանքային պատշաճ պայմանների բարելավումն ու ապահովումը: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է հնարավորինս այդ խնդրին անդրադառնալ, մասնավորապես՝ դատական համակարգում աշխատավարձերի շատ էական, Հայաստանյան չափանիշներով բարձրացումներ են իրականացվել: «Մեր ընկալումն ի սկզբանե եղել է այն և ես ասել եմ, որ Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը և արդարադատությունն առավել հասանելի լինի: Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունն ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաև, որ դա պարզ գործընթաց չէ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա շարունակական գործընթաց է և կարևոր է ունենալ քաղաքական կամք՝ առկա խնդիրներին անդրադառնալու, հարցերի պատասխանները քաղաքական և իրավական առումով ձևակերպելու։ Երկրի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից հանրության, քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար. «Ես համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առջև խնդիր են դնում հանրությանն ավելի որակյալ ծառայություն մատուցելու, և այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունն արդարություն և արդարադատություն է: Եվ ես համոզված եմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ տրամաբանությամբ և այդ խոսույթով ու գաղափարաբանությամբ է ղեկավարում ՀՀ դատախազությունը»։
15:27 - 01 հուլիսի, 2025
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Դատախազների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ԴՄԱ փոխնագահը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Աննա Վարդապետյանը ողջունել է Գիորգի Գոգաձեին և բարձր գնահատել կայանալիք բարձրաստիճան Համաժողովին Դատախազների միջազգային ասոցիացիայի ներկայացվածությունը: Անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում և մայիսի 20-ին Երևանում Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու։ Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
19:10 - 30 հունիսի, 2025
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Մալթայի գլխավոր դատախազին

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Մալթայի գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մալթայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Աննա Վարդապետյանը ողջունել է մալթացի գործընկերոջը և նշել, որ ջերմ հիշողություններ ունի նախորդ տարի Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Մալթա կատարած այցից և դրան մեծապես նպաստել է Վիկտորիա Բութիջեյջի ջերմ ընդունելությունը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցությունը և համաժողովի շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումներն ու մասնագիտական նոր ծանոթությունները նպաստել են ՀՀ դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
18:21 - 30 հունիսի, 2025
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակությանը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովայի գլխավորությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Չեխիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Աննա Վարդապետյանը ողջունել է չեխ գործընկերներին, ընդգծել Յանա Զեզուլովայի ներդրումը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի ստեղծման աշխատանքներում և նշել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը: Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև գործում է 2009 թվականի մայիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանը Չեխիայի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Չեխիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Չեխիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Չեխ գործընկերները, ի թիվս այլնի, հետաքրքրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանում գործող օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից: Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
17:22 - 30 հունիսի, 2025
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալին

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշին։ Ալեքսանդրա Ռամուշը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Ավստիրայի միջև գործում է քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը կարգավորող լայն գործիքակազմ՝ ԵԽ «Հանձնման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» կոնվենցիա և այլն, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ փոխգործակցել միմյանց հետ: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Ավստրիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 80%-ը կատարելու համար և առաջարկել շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Ավստրիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ: Ալեքսանդրա Ռամուշը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել Ավստրիայի գլխավոր դատախազի ողջույններն ու բարեմաղթանքներն ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը: Այս համատեքստում Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ կարևորում է դատախազների անկախության վերաբերյալ հարցի քննարկումը Համաժողովի շրջանակներում, ներկայացրել է Ավստրիայում այս ուղղությամբ կատարվող աշխատանքները, հետաքրքրվել Հայաստանում դատախազների անկախության երաշխիքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից: Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:
13:04 - 30 հունիսի, 2025
Միքայել սրբազանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025թ․ հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչն է. Գլխավոր դատախազություն

Միքայել սրբազանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025թ․ հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչն է. Գլխավոր դատախազություն

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։ Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ: Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։ Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»։
10:09 - 28 հունիսի, 2025
Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
20:39 - 27 հունիսի, 2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
 |1lurer.am|

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել |1lurer.am|

1lurer.am: Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ «2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը)»,- հաստատեցին Դատախազությունից:
16:23 - 26 հունիսի, 2025
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 87 միլիոն 622 հազար դրամ. կնքվել է հաշտության համաձայնություն

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 87 միլիոն 622 հազար դրամ. կնքվել է հաշտության համաձայնություն

Դատախազության կնքած հաշտության համաձայնությամբ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:  «Գլխավոր դատախազությունն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում: 2025 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է վերոնշյալ հաշտության համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:  Դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ոսումնասիրություն՝ Սուրեն Պատվականի Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ: 2023 թվականի մարտի 22-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել է հայցադիմում՝ Սուրեն Ավագյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: 2025 թվականի հունիսի 23-ին ներկայացվել է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, համաձայն որի՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա՝  75 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել 347 հազար դրամ՝ որպես տրամադրված փոխառության չվերադարձրած մասի պահանջի իրավունք 19 միլիոն 985 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ: Նույն օրը պատասխանողները ներկայացրել են դիմում` վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու ցանկության վերաբերյալ՝ պարտավորվելով Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 87 միլիոն 622 հազար դրամ:
14:22 - 26 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն դոլարին համարժեք 400 մլն դրամ վնասը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն դոլարին համարժեք 400 մլն դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Մասնավորապես՝ Մ.Ղ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2013-2016 թվականներին, առանց կատարված գործարքների վերաբերյալ դուրս գրված հաշիվների, մեկ այլ կազմակերպության հաշվին փոխանցել է ընդհանուր 2 միլիարդ դրամ, որի հետևանքով ընդհանուր 400 միլիոն դրամ շահութահարկի գումար չվճարելու նպատակով՝ նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2013, 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի հունիսի 23-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը): Նախաքննության փուլում Մ.Ղ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը: 2025 թվականի հունիսի 23-ին դատախազի սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Մ.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ ոչ արդարացնող հիմքով»,- ասված է հաղորդագրությունում:
16:01 - 25 հունիսի, 2025
Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել
 |azatutyun.am|

Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել: Նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ հաստատելով «Ազատության» տեղեկությունները, որ Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին: Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Թեև 2019-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերաբացվեց, բայց ոչ սա, ոչ էլ դատախազի սպանությունը բացահայտված չեն։ Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեին, թե էժան գնով ձեռքբերված կայանի թանկարժեք խողովակներն ու սարքավորումները նախկին քաղաքապետի ու իր եղբոր կառուցած հիդրոկայանի համար են օգտագործվել։
13:25 - 24 հունիսի, 2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկակական անձի միջև 2005 թվականի հուլիսի 29-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
17:17 - 23 հունիսի, 2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,6 մլն դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Դատախազություն

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,6 մլն դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Դատախազություն

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
11:45 - 23 հունիսի, 2025