Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|
armenpress.am: Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է, որ մի շարք հարցերում՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Ստամբուլում հունիսի 20-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև։
Կոստանյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող հարցեր։
«Արձանագրվել է, որ մի շարք թեմաների՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ, ծանոթ եք»,-նշել է Վահան Կոստանյանը։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացեն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմն այդ պայմանավորվածության իրականացումը միշտ կապել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։
14:42 - 26 հունիսի, 2025